sokrat-petrosyan
ՏեքստՕգոստոս 11/2023

Գիտեի, որ դիրքը և ընկած տղերքը մնացել են հակառակորդի վերահսկողության տակ. զոհված զինծառայողի հայր

2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին Հայաստանի մի շարք բնակավայրերի ուղղությամբ։ Շարքային Սոկրատ Պետրոսյանը Կապանի 102 դիրքում էր։ Սոկրատը ծառայության էր անցել 2022-ի հունվարի 13-ին՝ Սյունիքի մարզի Խնձորեսկի զորամասում, 4 ամիս հետո տեղափոխվել էր Զանգեր, այնուհետև՝ Սև լիճ։

«Երդման արարողությանը Խնձորեսկում էր, գնացինք։ Հետո Զանգեր էլ գնացինք՝ 2-3 անգամ։ Ասում էր՝ ամեն ինչ լավ է, ոչ մի բան չէր պատմում ծառայությունից։ Միշտ ասում էր՝ դուք հանգիստ եղեք, ոչ մի խնդիր չկա», - պատմում է Սոկրատի մայրը՝ Անյուտա Շավարշյանը։

Հունիսի 25-ին Սոկրատը 12 օրով արձակուրդ է եկել տուն՝ Կաքավաձոր, երբ վերադարձել է ծառայության, 50 օրով ուղարկել են Երևան՝ Ռազմական ոստիկանություն։ Ծնողները մինչ օրս չգիտեն, թե ինչի համար։

«Հուլիսի 4-ին գնաց զորամաս, 7-ին բերեցին քաղաք՝ Ռազմական ոստիկանություն, էդտեղ մնաց 50 օր։ Չէր ասում, թե ինչի են տարել, վստահեցնում էր, որ ամեն ինչ նորմալ է, ես էլ շատ հարցեր չէի տալիս, հավատում էի տղայիս»,— ասում է Սոկրատի հայրը՝ Աշիկ Պետրոսյանը։

Ռազմական ոստիկանությունից Սոկրատին տարել են Կապանի զորամաս, 13 օր զորամասում մնալուց հետո՝ սեպտեմբերի 9-ին, բարձրացել է Կապանի 102 դիրք։

Սոկրատը ծառայության մասին շատ չի խոսել։

«Ամեն օր զանգում էր, օր կար՝ 2-3 անգամ, գիտեր, որ անհանգստանում ենք։ Ամեն անգամ ասում էր՝ բան չմնաց, մի՛ նեղվի։ Բայց մենք ծնող ենք, նեղվում էինք, ինքը մեզնից հեռու էր, սահմաններն անհանգիստ էին։ Որ զանգում էր, պիտի բոլորիս հետ խոսեր, սկզբից մեծ քրոջը հարցնում էր՝ մաման, պապան ո՞նց են, հո հիվանդ չե՞ն, փոքր քրոջը՝ Լիլիթին, հարցնում էր՝ լավ ես սովորում դասերդ, չէ՞։ Հետո ինձ հետ, ամուսնուս հետ էր խոսում, եթե տանն էր լինում»,— հիշում է Սոկրատի մայրը։

custom_resized_fed89730-f70d-4b2f-9783-8d3d3131c5b9.jpg
Լիլիթը (ձախից) և Ռուզաննան (աջից)

«Բոյով էր, թիկնեղ, ուժեղ, գոլապահի բոլոր տվյալներին համապատասխանում էր։ «Միկա» ֆուտբոլային թիմում 3 տարի գոլապահ էր, մի անգամ էլ ճանաչվեց լավագույն ֆուտբոլիստ։ Կաքավաձորից ամեն օր ֆուտբոլի համար քաղաք էր գնում–գալիս, սկզբում հայրն էր տանում, հետո արդեն մենակ էր գնում։ Ես իրեն վստահում էի, գիտեի, որ կարող է գնա-գա, և ոչ մի խնդիր չլինի»,— շարունակում է մայրը։ Հիշում է, որ տղան ուզում էր դարպասապահի կարիերան համատեղել ուսման հետ. «Սիրած աղջիկ ուներ, իր դասընկերուհին էր, փոքրուց շատ կապված էին, միշտ միասին էին։ Ասում էր՝ բանակից գամ, ընկերուհուս հետ կգնանք Երևան սովորելու, ամեն ինչ միասին կանենք»։

Ծնողների հետ Սոկրատը վերջին անգամ խոսել է սեպտեմբերի 12-ի երեկոյան։

«Զանգեց, ասաց ամեն ինչ նորմալ ա, քնեք, առավոտյան 9-ին կզանգեմ»,— ասում է մայրը։

Սեպտեմբերի 12-ի ուշ երեկոյան Սոկրատը ընկերուհու հետ է խոսել. «Ընկերուհին ասաց, որ ժամը 10-ին, հետը խոսելիս, Սոկրատն իր ասածները գրեթե չէր լսում, խառն էր, ինչ-որ ձայներ էին գալիս կողքից։ Կարծես խառնաշփոթ լիներ։ Մի քանի րոպե անց՝ 10:40-ի մոտ, արդեն անհասանելի է եղել, էլ կապ չի եղել հետը»,— պատմում է մայրը։

Հակառակորդի հարձակման մասին ամուսիններն իմացել են առավոտյան՝ հեռուստացույցից։

«Առավոտ շուտ լուրերը միացրինք, տեսանք, որ կռիվ ա, ու հենց Ներքին Հանդ անունը տվեցին, խառնվեցինք իրար: Ի՞նչ անենք, գոռում ենք, լացում ենք, ասում էի՝ տղաս առաջին գիծ է։ Ռուզաննան՝ մեծ աջիկս, ավելի շուտ էր իմացել, զանգել էր արդեն մի քանի անգամ, ասաց՝ մա՛մ, ապերն անհասանելի է»,— հիշում է Անյուտա Շավարշյանը։

Որդուց լուր չստանալով՝ Սոկրատի հայրը նույն օրը՝ սեպտեմբերի 13-ին, այլ զինվորների հարազատների հետ գնացել է Կապան։

«Հասանք տեղ, դե, մյուս ծնողները գիտեին՝ իրենց երեխեքը որտեղ էին, ես ոչ մի բան չգիտեի, գիտեի, որ պալատկեքի տակ են, 3-րդ գումարտակ էր ասում տղաս»։

Զորամասում հայրը ոչ մի սպայի չի տեսել, ոչ ոք չի պատասխանել նրա հարցերին։ Հայրը դիրքեր գնացող-եկողներից ու վիրավորված զինծառայողներից է տեղեկություններ իմացել։

«Հենց մտանք Կապան, էնտեղ պալատկեք կային, հարցրինք, ասին՝ ոչ մի բան չկա։ Զինվորները դուրսն էին։ Հետո գնացինք մի տեղ ՝ գունդ էր կոչվում, ասի՝ ծնող եմ, ի՞նչ խաբար կա։ Մի զինվորական էր հերթապահ, ասաց անուն-ազգանուն ասա, ասի, նա թե՝ չկա զոհվածների ցուցակում, ասի՝ բա ո՞ւմ դիմեմ, ո՞վ կա, ասաց՝ մարդ չկա, ես մենակ եմ, խորհուրդ տվեց՝ գնամ Կապանի կենտրոնական հիվանդանոց։ Գնացինք, էնտեղ վիրավորների էին բերում, մի երկու սպա կար, նայեցի, երեխի անունը չկար վիրավորների մեջ։ Երկու օր մնացինք, էլի վիրավորների էին բերում, 102 պոստից ոչ մի լուր չկար, հետո իմացանք, որ այդ դիրքից մեկին գերեվարել են, մեկն էլ հասցրել է փրկվել»,— պատմում է հայրը։

Երեք օր Կապանի հիվանդանոցում մնալուց հետո հայրը վերադարձել է տուն՝ ԴՆԹ թեստ հանձնելու։ Նրա եղբայրն ու աներորդին մնացել են Կապանում։

«Ես արդեն Կապանից գիտեի, որ երեխաս չկա։ Նաև գիտեի, որ այդ դիրքն ու ընկած տղերքը մնացել են հակառակորդի վերահսկողության տակ»,— ասում է Աշիկ Պետրոսյանը։

Կապանից վերադառնալիս՝ հայրը բոլոր դիահերձարաններով անցել է, ոչ մի տեղ չի գտել որդուն։

«Մտանք Վեդիի դիահերձարան, միայն քաղաքացիական անձինք էին այդ օրը, 2 օր հետո զանգին, ասին, որ Վեդիի դիահերձարանում զինվոր կա»։

Սեպտեմբերի 20-ին ծնողները գնացել են Վեդիի դիահերձարան, Սոկրատի դին ճանաչելի է եղել։

«Մտանք, ասի, որ էս իմ տղան ա, ճիշտ է՝ մի քիչ սևացած էր, էդտեղի աշխատողները հարցրին՝ հաստա՞տ, ասի՝ հաստատ։ Ասի՝ բարձրացրեք, տեսնեմ, տեսա շռամը, իմ բալեն էր։ Աջ թևին սպի ուներ»։

sokrat1 (2).jpg

Սոկրատի հուղարկավորությունից հետո նրա ընտանիքին զորամասից մի գնդապետ ու երկու զինվոր են այցելել։

«Գնացինք գերեզմաններ, խունկ ծխեցինք, մի հատ էլ տեր հայր կար, Կապանի հիվանդանոցի դիմաց տեսել էի իրեն, հանեց մի հատ «Մարտական խաչ» շքանշան տվեց, ասաց՝ ես ու ինքը իրար հետ ենք գնացել Կապան, ես էլ էի 15 օր այնտեղ»։

Ընտանիքը տեղյակ չէ՝ Քննչական կոմիտեում քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ։

«Հուղարկավորությունից մեկ ամիս անց՝ մեկը զանգեց, թե՝ ուզում եմ հանդիպել, ես քննիչ եմ։ Ասի՝ ի՞նչ հարցով է, պատասխանեց՝ չեմ կարող ասել, արի Երևան։ Նեղվեցի՝ հիմա ես իմ վիշտը թողնեմ–գա՞մ, ի՞նչ ես խոսում։ Ասաց՝ հետո կզանգեմ, ու էլ ոչ մի զանգ չի եղել»,— ասում է Աշիկ Պետրոսյանը։

Հեղինակներ՝

Ուսանողներ

Անահիտ

Սվարյան

Ուսանողներ

Մարիամ

Ստեփանյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան