spitak
ՏեքստՄայիս 28/2025

Պաշտոնական անորոշության դեղին լույսը

Քաղաքը, որտեղ 13 հազար մարդ է բնակվում, ունի ընդամենը մեկ լուսացույց՝ թարթող դեղին լույսով։ Լուսացույցը Սպիտակով անցնող Մ3 միջպետական ճանապարհի վրա է՝ Սուրեն Ավետիսյան փողոցում, որը, սովորաբար, ծանրաբեռնված է։

Սպիտակում լուսացույցների պակասն զգացվում է հատկապես բանուկ խաչմերուկներն անցնելիս։ Վարորդներն ազդանշաններ տալով են կազմակերպում երթևեկությունը, բայց դրանից փողոցն անվտանգ չի դառնում։ Սպիտակցի Մելսիդա Ավետիսյանի խոսքով՝ երթևեկելի մասը ոտքով հատելը իսկական փորձություն է, որի միջով իրենք անցնում են ամեն օր։

«Ճանապարհի անվտանգությունը կախված է վարորդի բարեսրտությունից՝ կզիջի՞, թե՞ ոչ։ Հետիոտնային անցումներն էլ անվտանգ չեն, որովհետև կարգավորող լուսացույցներով չի կարգավորվում: Ես Սպիտակի կենտրոնում եմ դպրոց գնացել, այն ժամանակ՝ 2000-ականներին, ավելի վատ էր վիճակը։ Այսօր հետիոտնային անցման գծանշումներ կան, ու վարորդները գոնե էդտեղ զիջում են։ Սեպտեմբերի առաջին 2 շաբաթը ոստիկանները հսկում էին խաչմերուկները, հետո աշակերտներին թողնում բախտի քմահաճույքին: Ծնողներն ստիպված ուղեկցում են երեխաներին»,— պատմում է Մելսիդա Ավետիսյանը։

zoom

Լուսացույցների բացակայությունը դժվարացնում է նաև վարորդների գործը՝ անընդհատ վթարային իրավիճակներ ստեղծելով։

«Լուսացույց չունենք, ու դա խանգարում է երթևեկության նորմալ կազմակերպմանը։ Համայնքապետարան չենք դիմել, բայց միայն ուրախ կլինենք, եթե տեղադրեն»,— ասաց ներկայանալ չցանկացող մի վարորդ։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 1-ից 2024 թվականի հոկտեմբերի 1-ը Սպիտակում տեղի է ունեցել 278 ՃՏՊ, 43-ը՝ մահվան ելքով, իսկ 570 մարդ ստացել է մարմնական վնասվածք։

Նախարարությունը վթարների և վերաերթերի հանգամանքների վերաբերյալ առավել մանրամասն վիճակագրություն չի վարում։ Մեր գրավոր հարցմանը պատասխանել են, որ բնակավայրի վարչական տարածքում գրանցված ՃՏՊ-ների վայրերի և հետիոտնային անցումների վրա տեղի ունեցած վրաերթերի ճշգրիտ հասցեները չեն կարող տրամադրել՝ վիճակագրություն չվարելու պատճառով։ Սպիտակում գրանցված ՃՏՊ-երի մասին առավել մանրամասն՝ ինֆոգրաֆիկայում։

Սակայն վթարների և վերաերթերի մասին հրապարակումներով հայտնի shamshyan.com կայքում Սպիտակում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների մասին հրապարակումները շատ են։ Ըստ կայքի տվյալների, պատահարները հիմնականում գրանցվել են Սպիտակի Սուրեն Ավետիսյան և Ալեք Մանուկյան փողոցների հատման մասում։ Այդ խաչմերուկը հարակից է Սուրեն Ավետիսյանի անվան հրապարակին, Սպիտակի մշակույթի տանը։ Խաչմերուկում են գտնվում նաև «Հայփոստի» և երկու բանկի մասնաճյուղեր։ Այսինքն՝ վթարներով հայտնի խաչմերուկը քաղաքի կենտրոնում է՝ մարդաշատ վայրում։

Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը (ՔՊ) վթարների պատճառը համարում է քաղաքի վերանորոգված ճանապարհները։

«Եթե ունենայինք քանդված ու խորդուբորդ ճանապարհներ, վարորդները ավելի զգույշ կլինեին։ Այդ դեպքում էլ վթարները վատ ճանապարհների պատճառով էին լինելու։ Մեր համայնքը հակված է ճանապարհաշինության, որ մաքուր ու գեղեցիկ երթևեկեն կամ քայլեն մեր սիրելի բնակիչները»,— ասաց համայնքի ղեկավարը։

Նա զարմացել էր ՆԳՆ-ի վիճակագրությունից, թե 5 տարում Սպիտակում վթարից 43 մարդ է մահացել։

zoom

Հարցին՝ կնվազեին վթարները, եթե ճանապարհներին լուսացույցներ լինեին, քաղաքապետը պատասխանեց.

«Քաղաքի ներսում՝ Սպիտակում, մենք լուսացույցի կարիք ունեցող վտանգավոր խաչմերուկներ, ճանապարհներ չունենք, բայց քաղաքից դուրս կան համայնքային ճանապարհներ, որտեղ լուսացույցն անհրաժեշտություն է։ Լուսացույց կա Մ3 մայրուղու վրա, բայց մենք չենք որոշողը, ճանապարհային դեպարտամենտն է որոշում, թե իրենց սպասարկման տարածքում որտեղ պետք է այդ լուսացույցը դրվի։ Դա մեր դաշտում չէ, որ որոշենք, բերենք մայրուղու վրա դնենք»։

Սուրեն Ավետիսյան փողոցի մասին էլ ասաց.

«Այդ փողոցը Մ3 միջպետական մայրուղու հատված է, և մեր սպասարկման տիրույթում չէ։ Մայրուղիները, ընդհանրապես, համայնքի սպասարկման տարածք չեն»։

Համայնքի ավագանու անդամ Սասուն Ասատրյանը (ՀՅԴ) այլ բան էր ասում.

«Լուսացույցի տեղադրումը մեր իրավասության շրջանակում է, որովհետև ճանապարհը պատկանում է համայնքին, բայց ճանապարհային ոստիկանության հետ պիտի հասկանանք, թե որտեղ է պետք լուսացույց դնել: Սուրեն Ավետիսյան-Ալեք Մանուկյան խաչմերուկը քաղաքի ամենախիտ հատվածն է, որ լուսացույց դրվի, ավելի կանոնակարգված կլինի»։

zoom

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ գործող «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից մեզ հայտնեցին, որ լուսացույցների տեղադրմամբ դեպարտամենտը չի զբաղվում, և այդ գործառույթը իրականացնում են համայնքները՝ համայնքապետարանների միջոցով։ Նման պատասխան ստացանք նաև Ներքին գործերի նախարարությունից՝ լուսացույցների տեղադրման լիազորություն նախարարությունը չունի։ Հարցին՝ այդ դեպքում ո՞ր կառույցին է վերապահված լիազորությունը, ՆԳՆ-ից պատասխանեցին․ «Լուսացույցների տեղադրմամբ զբաղվում են համայնքները»։

2022-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ կառավարությունում ստեղծվել է ճանապարհային անվտանգության մակարդակի բարելավման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով, որը համակարգում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Փոխվարչապետի գրասենյակից գրավոր հարցմամբ տեղեկացանք, որ հանձնաժողովը շուրջ 3 տարում ընդամենը 5 նիստ է անցկացրել։ Դրանցից մեկի ընթացքում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ազգային նորարարական կենտրոնը (SDG Innovation Lab) ներկայացրել է ՃՏՊ-ների տվյալների հաշվառման և կառավարման նոր համակարգը և վերլուծական նոր գործիքներ։ ՏԿԵ նախարարությունից ստացված պատասխանում փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը մանրամասն նկարագրել է գործիքների առավելությունները, բայց որևէ տեղեկատվություն չի տրամադրել համակարգի ներդրման մասին։ Հանձնաժողովում քննարկվել է նաև ՏԿԵ նախարարության առաջարկությունը՝ անվտանգության ռիսկերը վեր հանելու նպատակով, ըստ անվտանգության մակարդակի, վարկանիշավորել ճանապարհները։

Տվյալների բացակայության պատճառով չկարողացանք պարզել խաչմերուկների կարգավորումների և չեղած լուսացույցների պատճառահետևանքային կապը Սպիտակի վթարների ու վրաերթերի հետ։ Սակայն այն փաստը, որ նույնիսկ քաղաքի միակ լուսացույցի պարզ հարցը տարիներով չի լուծվում, վկայում է՝ կառավարման այս անորոշության մեջ համակարգային փոփոխությունները սարերի հետևում են։

Սակայն եթե նման մանր խնդիրները տարիներով չեն լուծվում, ապա ճանապարհային անվտանգության համակարգային բարեփոխումները շատ ավելի հեռավոր ապագայի հարց են։

Լուսանկարները՝ Սեդա Գրիգորյանի

zoom

Հեղինակ՝

Ուսանողներ

Ստելլա

Կիրակոսյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան

Դասախոսներ

Տիրայր

Մուրադյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան