Ստեփանակերտի շուկան գունաթափվել է
Արցախի փաստացի շրջափակման սկզբից 220 օր անց «Հաբ Արցախ»–ի և Հետք Մեդիա Գործարանի համագործակցությամբ իրականացվող Media+ ծրագրի մասնակիցները նկարագրում են Ստեփանակերտի հայտնի շուկան, որտեղ պակասել են գույները, մարդիկ, առևտուրը։
Այնքան լուռ էր շուկայում, նստած քնել էի
«Սօր եղանակը յաման լավ ա»։ Այսօր եղանակը շատ լավ է։
«Էնա մեր թաղեն օվաշնոյմը մին քանե արև տարած լոբի կա»։ Մեր բակի բանջարեղենի խանութում մի քանի թոշնած լոբի կա։
«Մեր թաղե բուտկմն էլ ծու ա իլալ»։ Մեր բակի խանութում էլ ձու կար։
«Աշկըդ լուս, տըղեդ տընես ըն բանակ»։ Աչքդ լույս, տղայիդ բանակ են տանում։


Ստեփանակերտի կենտրոնական շուկա տանող ճանապարհի ամենօրյա խոսակցություններն են՝ կիսատ-պռատ տեղեկություններ քաղաքի խանութներից, իրավիճակից։
Շուկա չմտած՝ փչում է առավոտը մոտակա գյուղերից բերված ու դեռ չվաճառված մսի հոտը։
Շրջափակումից հետո վաճառողների տեղերն են միայն, որ չեն փոխվել․ աջ և ձախ կողմերում կարկանդակ ու ժենգյալով հաց թխողներն են՝ կտրոնով գնած կարտոֆիլով, գյուղերից մի կերպ հասած կանաչեղենով ու հիմնադրամի հատկացրած մի քանի ձեթով ու կընդըմընդ (հատուկենտ) հաճախորդով։

«Էէէ, մատաղանիմ, կօզի կլիենտ չօնիք, մինա դե, կյամ ըք ստղ էլա, ուրուր բարևում, մին էրկուն պիրաշկի թխում, էնքան սպասում վեր մինը առնե»։
«Էհ, չնայած հաճախորդ չունենք, միևնույնն է, գալիս ենք, իրար բարևում, մի քանի կարկանդակ թխում ու ժամերով առնողին սպասում»։
Աջ կողմում պատրաստողն արագ-արագ խմորն է բացում, ուզում է մի քանիսն էլ հասցնել, քանի լույսերը չեն անջատել։
«Էս դոնմը քեցալ ըք վեր հիմնադրաման ծեթը ստանաք, տվալ չըն․ էս վերջին դնումեն փիսն կապալ։ Դե էնա հալամ օնիմ, տըսնաք լի հինչ ա տըռնում»։
«Այս անգամ գնացել ենք հիմնադրամ ձեթ ստանալու, չեն տվել․ այս անգամ ավելի լուրջ է։ Դեռ ունեմ, սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի»:
Առջևում պատվավոր տեղերն են զբաղեցնում թթու դրած սխտորը, նեխուրը, ճավիկը, հոնը, չորացրած ախտաները (կորիզով չիր), իսկ մեջտեղում պարապ նստած վաճառողուհին է։

«Մինչև բլոկադան Հայաստանա մխելա կլիենտներ ա իլալ․ սոտ կինի լի վեր ասիմ արտասահմանա, մհենգ տեղաշարժ չկա է, մըռած վիճակ ա։ Մին քանե օր առաջ էնքան սաս-սամուր չի իլալ, քունավմ ընցալ տըղս նստած»։
«Մինչև շրջափակումը արտասահմանից՝ չէ, բայց Հայաստանից շատ հաճախորդներ եմ ունեցել։ Հիմա շարժ չկա, մեռած վիճակ։ Մի քանի օր առաջ այնքան լուռ էր շուկայում, նստած քնել եմ»:
Շուկայում պարապությունից քնող տիկինը հիշում է՝ պատերազմից առաջ ինչպես էին որոշում հաճախորդների՝ շուկա գալու ժամը։ Ասում է․ այստեղից նայում էինք Շուշիից իջնող ավտոբուսներին ու ասում՝ մեկ ժամից զբոսաշրջիկները շուկայում են լինելու։
Մի քիչ ավելի ներքև՝ մսի սառնարանում երկու խոզի բուդ է միայն, հետո 4–5 դդում, կես պարկ լոբի ու մի քանի փունջ կանաչի։
«Սօրե ըն պերալ, ժամուկես առաջ։ Լավն ա, մատաղանիմ, երկալ», – վստահեցնում է վաճառողը ուրիշ տարբերակ չունեցող գնորդին։
Այս ամառ իրար վրա դարսած տուփերում լոլիկ, վարունգ, տաքդեղ, սմբուկ չշարվեցին։ Անգամ սոխ չկա։ Դատարկ են նաև մրգի արկղերը։


Շուկան լցված է ժենգյալի հոտով, դանակի ու կտրտվող կանաչիի ձայն է լսվում։
«Ես էլ ում է թայդի․ էսա լհա մին լուսը անջատելու ըն, հսցնելու չըմ»։
«Ես էլ եմ շտապում․ լույսը անջատելու են, չեմ հասցնելու»։
Սոխը, բազուկի թևերը, կնձմնձուկն ու մի քանի թառամած կանաչիներ մեծ-փոքր կտրտում ու թասի մեջ է լցնում ժպտերես Արփենյան։ Երեք ժենգյալով հացը փաթաթում է A4 ֆորմատի թղթով, տալիս համագյուղացի հաճախորդին ու կատակում․ «Վերջին ցելոֆանս քեզ ըմ տամ, Արմեն»։
Ով ինչ հասցրեց, արեց, ու շուկայում լույսն անջատվեց։ Արևի շողերը շուկայի մեջ են, ու սեղաններին շարված ապրանքը ախորժելի ու գրավիչ է թվում։
Շուկայի դարպասների մոտ ձմերուկ է շարված, մայթերին՝ բանանի տուփերում կարտոֆիլ՝ 750 դրամ, լոբի՝ 1600 դրամ, ու մարդիկ՝ մտահոգ և անուրախ։
Անի Աբաղյան
* * *


Այսօր Ստեփանակերտի շուկայի միակ գունավոր անկյունը պահածոների վաճառքի հատվածն է։ Յուրահատուկ թթուներ՝ ավանդական պոմիդոր-վարունգից մինչև խնջլոզ, հոն ու զկեռ։

Սարերից հավաքված թեյախոտերն ու չորացրած ծաղիկները Արցախի բնության բույրն են բերում շուկա։ Թեյի սիրահար մի այցելու դրանց բանաստեղծություն է նվիրել:

Սա Ստեփանակերտի շուկայում միակ բանաստեղծությունը չէ՝ ի տես ամենքի։ Կա նաև բանաստեղծություն՝ շրջափակման մասին, գրված վերջին ամիսներին։

Միակ բանը, որ շուկայում չի փոխվել, ժենգյալով հացի հոտն է։ Ժենգյալով հացը թխող կանայք են դեռ պահում շուկայի երբեմնի համն ու հոտը:


Ձմռանը նրանք հաց են թխում անգամ ձյան տակից հանած կանաչիներով, իսկ շրջափակման մեջ այս կանայք կարտոֆիլով կարկանդակ են պատրաստում՝ առանց կարտոֆիլի, ձեռքի տակ եղած ձավերեղենով, միայն թե՝ շուկայի շունչը չկտրվի:
Սիրանուշ Սարգսյան
* * *
Ստեփանակերտ մտնող ամեն մարդ, քաղաքի շունչն զգալու համար, ուզում է մտնել շուկա և համտեսել տեղում պատրաստվող ժենգյալով հացը, շրջել, զրուցել վաճառողների հետ, փորձել ապրանքը։

Շրջափակման մեջ էլ շուկան փորձում է պահել կոլորիտը։
Շուկա մտնելուն պես աչքի է զարնում «Ցելոֆան բերեք ձեզ հետ» գրությունը՝ ստվարաթղթի վրա։ Այս սեղանին տեղական լոբի, սխտոր, խոտաբույսեր են վաճառում։


Թթվի գրգռող հոտը կպնում է քթիդ, աչքերդ պայծառանում են՝ տեսնելով բազմերանգ թթուները։
Շուկայում հագուստ ու կոշիկ են վաճառում, իսկ դրանցից հետո նստած են ժենգյալով հաց ու կարկանդակ թխող տատիկները։ Պարապ են նստած, որովհետև չկան զբոսաշրջիկներ, որոնց կարելի է զարմացնել վարժ աշխատանքով։ Շուկային գույն են տալիս չրերը, չորացրած ծաղիկներն ու կանաչիները։
«Տեղական հավեր» պաստառի տակ մնացել են դատարկ վանդակները։

Շուկայի ներսում՝ կապտավուն դարպասներից հետո, համատարած դատարկություն է, մինչդեռ մի ժամանակ այստեղ ամեն գույնի ու համի միրգ ու բանջարեղեն կար։

Շուկան առաջվանը չէ։
Նանե Սարգսյան
* * *

Երբեմնի անունից ու բովանդակությունից գրեթե ոչինչ չի մնացել։ Ամենուրեք դատարկ արկղեր են ու քամուց ճախրող տոպրակներ։ Բայց մի ժամանակ այստեղ կյանքը եռում էր, օրվա մեջ հարյուրավոր մարդիկ էին ելումուտ անում։ Հիմա միայն հուսահատ դեմքեր են, որոնք եկել են ինչ-որ բան գտնելու ակնկալիքով։

Ստեփանակերտի «Հռոմն ընկել է»։
Հայկ Հարությունյան
* * *
Ստեփանակերտի շուկան հիմա նման է մի աղքատ, սիրտը բաց արցախցու, որը, եթե լեզու ունենար, կասեր՝ դիմացե՛ք, ամեն ինչի վերջը մի օր կգա։

Եթե առավոտ շուտ շուկայում հերթ կանգնես ու դիմանաս հրմշտոցին, գուցե կարողանաս բանջարեղեն ու միրգ գնել տեղական արտադրողից: Բանջարեղենի ու մսի համարյա բոլոր խանութները շուկայում փակ են: Ամենուր դատարկ արկղեր են:


Շուկայում շատ ապրանք չկա, բայց ժողովուրդը եղածի մեջ էլ մի բան գտնում է: Նվազել է եռուզեռը: Ցանկացած լուր, սովորաբար, առաջինը շուկայում է շրջանառվում, բայց այս օրերին շուկան լուռ է:
Տաթև Հակոբյան
* * *
Ստեփանակերտի շուկան մի փոքրիկ արցախյան գյուղ է հիշեցնում, որտեղ կհանդիպեք տարբեր բարբառներով խոսող վաճառողների և գնորդների։



Դժվար է դիմանալ ժենգյալով հացի և կարկանդակի անուշ բույրին ու ներս չմտնել շուկա։
Այստեղ արցախցու քրտնաջան աշխատանքի պտուղներն են՝ թթուներ, մուրաբաներ, թեյեր, ու իրենց ապրանքը գովաբանող վաճառողներ։
Բարձր խոսող, իրար հետ վիճող մարդիկ նույնպես կան մեր քաղաքի շուկայում:

Շուկայի հագուստի խանութում վաղուց կախված ու արդեն փոշոտված շորեր են։
Աջ կողմում լավաշի արտադրամասն է․ գազ չլինելու պատճառով չի գործում: Դատարկ է շուկայի ներքևի մասը: Հայաստանից միրգ և բանջարեղեն չի բերվում, և շուկայում վաճառվում է Արցախի գյուղերում աճեցված ապրանքը։ Ասկերանից վարունգ ու կարտոֆիլ են բերել։ Մարդիկ հերթ են խախտում, իրար հրմշտում, վիրավորում, որ դատարկաձեռն տուն չգնան․ մթերքը ոչ բոլորին է բավարարում:
Բայց Ստեփանակերտի գրեթե դատարկ շուկայի մեջ մնացել է ամենակարևորը՝ արցախցու ապրեցնող ժպիտը։
Վիկա Աբգարյան
* * *

Շուկայի դարպասների կողքի բանկոմատը չի գործում։ Առևտուրը շուկայում լավ էր, երբ զբոսաշրջիկներ էին գալիս Արցախ։
Ժենգյալով հաց ու կարկանդակ թխողները քչացել են։ Տաղավարները կիսադատարկ են, դեմքերը՝ տխուր։ Տիկին Լեսմոնյան ասում է՝ առևտուրը քիչ է, օրվա գումարը ծախսում են խիստ անհրաժեշտ ապրանքների համար։

Ներդրումային հիմնադրամը շրջափակման առաջին ամիսներին ալյուր ու ձեթ է տվել, այսօր չի տալիս։ Ձմռանը երբ կարտոֆիլ չեն գտել, փոշին են օգտագործել։ Հիմա էլ ձեթն է վերջանալու վրա։

Ժենգյալով հացն ու կարկանդակները սովորաբար էլեկտրական
տաքացուցիչի վրա են թխել, բայց հովհարային անջատումների պատճառով
ստիպված գազի բալոն են օգտագործում։ Գազի բալոն լիցքավորելն էլ է խնդիր։

Ռիման շուկայում, ծաղկամանների մեջ, փոքրիկ «բանջարանոց» է ստեղծել՝ բանջարեղենի սածիլներ է վաճառում։ Վաճառքից դժգոհ չէ, բայց մտահոգ է, որովհետև սածիլ տնկելու սեզոնը շուտով կավարտվի։

Կան մարդիկ, որոնք շուկա են գալիս ժամանակ անցկացնելու՝ թոշակառու պապիկները։ Նարդի, խաղաքարտեր, շաշկի․ նրանց մեծ մասը հենց այսպես է անցկացնում օրը։ Ասում են․ «Լույսը, որ անջատում են, ինչո՞վ զբաղվենք տանը»։

Շուկայում թարմ բանջարեղեն էլ կա՝ լոբի, կարտոֆիլ, մի քանի դդմիկ։ Գները՝ 1300-1600, 500 և 1000 դրամ։ Անցյալ տարի լոբին արժեր 700-800, կարտոֆիլը՝ 150-200, դդմիկը՝ 100-150 դրամ։
Շուկայի կենտրոնում մսագործների տաղավարներն են։ Գառան մսի տաղավարում միայն վերևում կախված «Գառան միս» պաստառն է մնացել։
Ահա տիկին Էլլայի հայտնի տաղավարը․ փնտրեք Google-ում, և շուկայի առաջին նկարները, որ կհայտնվեն, հաստատ նրա՝ իդեալական շարված տաղավարից կլինեն։ Ասում է՝ շուկա մտնող լրագրողները առաջինը իր տաղավարն են փնտրում։
Էլլան Չայլու գյուղից է։ Առաջին պատերազմից հետո են եկել Ստեփանակերտ։ Ամուսինն աշխատանքի է անցել բանակում, ինքը՝ շուկայում։

— Այն տարիներին շուկայում կյանքը եռում էր, հեշտ էր օրվա հացը վաստակել։ Պետությունն ի վիճակի չէր փախստականներին օգնել, մենք էինք մեր գլխի ճարը տեսնում։ Բայց չեմ բողոքում, լավ ենք ապրել այդ 30 տարիներին,— ասում է տիկին Էլլան։
Ներքևում տիկին Ռիմայի և Զեմֆիրայի կրպակն է, որը հայտնի էր հատկապես 2000-ականների սկզբին։ Ասում են՝ նրանց փոքրիկ կրպակում կարելի էր գտնել ամեն ինչ՝ թարմ թխված հացից մինչև ամենահազվագյուտ կոնֆետներ։ Գներն էլ ամենահարմարն են եղել՝ Ռիման մանրածախ կրպակում մեծածախի գնով է ապրանքները վաճառել։

Հիմա կրպակում միայն մի քանի արկղ կոնֆետ ու մի քանի կիլոգրամ նպարեղեն է մնացել։
Սյուզաննա Մարգարյան
* * *
Կիսադատարկ շուկայում բանան կտեսնեք միայն արկղերի վրա՝ նկարված։

Հուլիսի 8․ շուկան մի փոքր աշխուժացավ։ Արցախի պետնախարարի հրամանով շրջկենտրոններից և գյուղերից բերված մթերքն այսուհետ վաճառվելու է միայն շուկայում․ նպատակը թանկացումների դեմն առնելն է։ Պետնախարարի որոշումը կգործի, քանի դեռ կա վառելիք, և մթերքը տեղափոխելու հնարավորություն։

Հուլիսի 11․ շուկայում սպառվում է միայն տեղական մթերքը` աստղաբաշխական գներով։ Տրամադրությունը շուկայում օրվա պես սառն է։ Կատակ ու բարձր խոսակցություններ չեք լսի։ Վաճառողները դժգոհում են առանց տոպրակ գնորդներից, գնորդները դժգոհ են գներից։
Մեղրը մի քանի ամիս առաջ 7-8 հազար դրամ է, հիմա՝ ամենաէժանը՝ 10 հազար։


Կարտոֆիլը, լոբին, ձմերուկը, մանր խնձորը, դդումն ու կանաչին մրցակցությունից դուրս են մնացել։
Անուշ Պետրոսյան
Դասախոսներ՝
Մարիամ Բարսեղյան, «Լրագրության հիմունքներ և գրելու հմտություններ» առարկայի դասախոս
Արեգ Բալայան, «Ֆոտոլրագրություն» առարկայի դասախոս
Հեղինակ՝
Ուսանողներ
MEDIA+
ծրագիր