subsidy-programs
Long ReadՕգոստոս 21/2024

Սուբվենցիոն ծրագրերի վառ վիճակագրության ստվերոտ կողմերը

Սուբվենցիոն ծրագրեր. այս բառակապակցությունն ամեն օր կրկնում են մարզպետներն ու նախարարները, լրագրողներն ու տնտեսագետները, «փաստում են», «մատնանշում», որ սա է այն գործուն մեխանիզմը, որ արդյունավետ է դարձնում կառավարության ներդրումային քաղաքականությունը և «լավարկում է» համայնքների կյանքը։

Միայն 2024-ի հուլիս-օգոստոսին վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է սուբվենցիոն ծրագրերի մասին պատմող 25 տեսանյութ, որտեղ երկրի ղեկավարն այցելում է համայնքներ՝ Սևքարի գյուղամիջյան պուրակից մինչև Փշատավանի մսուր-մանկապարտեզ, անձամբ ստուգում է կատարված աշխատանքների որակը, հարցուփորձ է անում, խորհուրդներ է տալիս՝ ինչ ու ոնց անել, և, որպես կանոն, լսում է բնակիչների երախտագիտական խոսքերը, ծափն ու ծիծաղը։

Օգոստոսի 2-ին Տավուշի մարզի Բաղանիս գյուղի բնակիչների հետ հանդիպման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բառացի ասաց.

«Իհարկե, էս սուբվենցիոն ծրագրերը շատ լավ են: Ես ուրախ եմ։ Էս սուբվենցիոն ծրագրերը, պարզ ա, ոչ մի անթերի ծրագիր չկա, բայց հիմա սուբվենցիոն ծրագրերը մեզ ինչ հնարավորություն է տվել, որը մեզ համար շատ կարևոր է։ Գործնականում այնպիսի բնակավայր չկա, որտեղ կառավարությունը իրա մի գործ արած չլնի, այսինքն՝ առնվազն ինչ-որ մի էդ, թեկուզ պուճուր, բայց ինչ-որ մի բան համայնքի հետ համատեղ արել ենք։ Բայց հիմի էն օրը քննարկում ենք, ասում ենք՝ սուբվենցիոն ծրագրերն էլ ո՞նց մտածենք, որ մի քիչ ավելի զարգացման տրամաբանության մեջ դնենք, ու հիմա էս համայնքային, մարզային շրջայցերը ինձ բերել են էն եզրակացության, որ մենք հմի պտի ավելի շատ կենտրոնանանք ջրի խնդիրների վրա»։

Վարչապետի տեքստի վիզուալացումը կատարվել է Word Cloud-ի միջոցով

Չվիճարկելով կառավարության պնդումը, որ սուբվենցիոն ծրագրերը արդյունավետ են համայնքային զարգացման համար՝ մենք, այնուամենայնիվ, փորձեցինք հասկանալ, թե ինչպես է գործում այդ ծրագրերի մեխանիզմը՝ ով և ինչի համար է պատասխանատու աշխատանքների ընթացքում, և ինչ է լինում, երբ որևէ բան պլանավորվածի պես չի գնում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (ՏԿԵՆ) Գնել Սանոսյանը 2024 թվականի օգոստոսի 8-ին կայացած կառավարության նիստում հայտնեց, որ 2024 թվականին կառավարությունը արդեն 13 միլիարդ 730 միլիոն դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի համար։

Ըստ ՏԿԵՆ նախարարի՝ 2018 թվականին կառավարությունը ֆինանսավորել է 3,6 միլիարդ դրամի ծրագիր, իսկ 2023-ին ֆինանսավորման թիվը հասել է 58 միլիարդի։

Իրականացված սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման ծավալները հստակեցնելու համար մայիսին գրավոր հարցմամբ դիմել էինք ՏԿԵՆ-ին։ Նպատակ ունենալով պարզել, թե հավանության արժանացած որ ծրագրերի համար կառավարությունը չի վճարել իր մասնաբաժինը, որովհետև արձանագվել են թերություններ։ Սակայն ծրագրերը հաստատող և վերահսկող կառույցը չկարողացավ մեզ հստակ տեղեկատվություն տալ։ Ուղղորդեց տվյալները փնտրել նախարարության կայքում, որտեղ իրականացված և վճարված ծրագրերի վերաբերյալ առկա վերջին տվյալները վերաբերում են 2020 թվականին, դրան հաջորդող տարիների համար առկա է միայն հաստատված ծրագրերի ցանկը։ Թե դրանցից քանիսն է իրականացվել առանց թերությունների, սահմանված ժամկետներում և քանիսի համար է վճարել կառավարությունը, նախարարությունը վիճակագրություն չի վարում։ Նախարարությունից մեզ առաջարկեցին ամբողջական տեղեկատվություն ստանալու համար դիմել համայնքներին։

Մինչ համայնքներին դիմելը ուսումնասիրեցինք նաև ՏԿԵՆ-ի տվյալները։ 2018 թվականին իրականացված ծրագրերի համար միայն կառավարությունը հատկացրել էր 1 միլիարդ 621 միլիոն դրամ (մնացած մասը համայնքների ներդրումներն են)։

Յոթ տասնյակ համայնքներին առանձին հարցումներ չուղարկելու համար դիմեցինք մարզպետարաններին՝ ակնկակելով, որ գուցե նրանք տեղեկատվության տիրապետեն։ Որոշ մարզպետարաններ ևս վիճակագրություն չունեին, նրանց մի մասը կրկնեց ՏԿԵՆ-ի առաջարկը՝ դիմեք համայքներին, մի մասը փոխանցեց հաստատված ծրագրերի ցանկը, և միայն Վայոց ձորի և Կոտայքի մարզպետարաններից հաջողվեց ստանալ ամբողջական տեղեկատվություն իրականացված ծրագրերի, դրանց կապալառուների, արժեքների, արձանագրված թերությունների և առկա կարգավիճակի մասին։

Վայոց ձորի մարզպետարանի փոխանցած տվյալների համաձայն՝ 2020 թվականին հաստատված 19 սուբվենցիոն ծրագրերից 3-ում ի հայտ են եկել այնպիսի թերություններ, որ մի դեպքում պետությունը չի վճարել կատարված աշխատանքների համար, իսկ մյուս 2-ը դարձել են դատական գործընթացի պատճառ։ Խնդիրներն ի հայտ են եկել կա՛մ աշխատանքների ավարտին, կա՛մ մեկ-երկու տարի անց։

2021 թվականին սուբվենցիոն ծրագրի շրջանակում Ջերմուկ քաղաքում կառուցվել է 300 ԿՎ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 85 միլիոն դրամ, որի 70%-ը՝ 60 միլիոնը, վճարել է կառավարությունը, մյուս մասը՝ համայնքը։ Նախատեսված էր, որ կայանի գործարկմամբ համայնքը կարող էր տարեկան 7-8 միլիոն դրամ խնայել։ Սակայն Ջերմուկի ճոպանուղու հարևանությամբ՝ սարի գագաթին կառուցված կայանը ձյան պատճառով փլուզվել է և այժմ չի գործում։

Կայանը նախագծել է «Գլոբալ պրոեկտ» ՍՊԸ-ն, ինչի համար համայնքը ընկերությանը վճարել է 1 միլիոն 100 հազար դրամ։ Նույն ընկերությանը համայնքը վճարել է 743 հազար դրամ՝ կառուցման ընթացքում հեղինակային հսկողություն իրականացնելու համար։

Ջերմուկի համայնքապետարանը կապալառուին ընտրել է հրատապ բաց մրցույթով։ Մրցույթին մասնակցել է 3 ընկերություն, որոնցից «Արմեն-Մար» ՍՊԸ-ն առաջարկել է ամենացածր գինը՝ 82 միլիոն դրամ, որի հետ էլ կնքվել է պայմանագիրը։

1 միլիոն 383 հազար դրամով էլ «Պռոշաբերդշին» ՍՊԸ-ն պարտավորվել է ամենօրյա ռեժիմով տեխնիկական հսկողություն իրականացնել շինարարական աշխատանքների ընթացքում։

Կայանի կառուցման աշխատանքներն ավարտվել են 2021 թվականին, և քանի որ ստուգող հանձնաժողովը թերություններ չի հայտնաբերել, աշխատանքն ընդունվել է, կապալառուին վճարվել է պայմանագրով նախատեսված ամբողջ գումարը։

Շահագործվելուց կարճ ժամանակ անց կայանը մասնակի փլուզվել է, որի պատճառով մինչ օրս չի շահագործվում։ Փլուզումը պատճառ է դարձել նաև դատական գործընթացի։ Ջերմուկի համայնքապետարանը փլուզման համար մեղադրում է կապալառուին, կապալառուն՝ համայնքին։ Արդեն երկու տարի է գործը քննվում է դատարանում։

Խոսելով բոլոր պատասխանատուների հետ՝ փորձեցինք հասկանալ՝ այս շղթայի որ օղակի թերացումն է հանգեցրել հանրային միջոցների վատնման, և ինչու չի գործում կայանը։

Կայանն առաջին անգամ վնասվել է մինչև շինարարական աշխատանքների ընդունումը՝ 2020-2021-ի ձմռանը. պատճառը ձյան առատ տեղումներն էին։ Համայնքը դիմել է «Արմեն-Մար» ՍՊԸ-ին՝ երաշխիքային սպասարկման շրջանակում վնասի վերականգնման համար։

1 ՖՎ Արմեն-Մար.jpeg
Ջերմուկ քաղաքի ֆոտովոլտային կայանը՝ 31.03.22,
Լուսանկարները՝ Համլետ Ավետիսյանի արխիվից

Ընկերությունը վերանորոգել է վնասված վահանակները։ Փոխտնօրեն Համլետ Ավետիսյանի խոսքով՝ իրենք նաև զգուշացրել են համայնքին, որ հետագա տեղումները կրկին կարող են վնասել կայանը։ Առաջարկել են կայանի ներքևի հատվածում հողը փորել, որ ձյունը չկուտակվի վահանակների վրա, գա թափվի փոսը։

Ըստ Համլետ Ավետիսյանի՝ համայնքը որևէ գործողություն չի ձեռնարկել, հողը չի փորել՝ փլուզման պատճառը համարելով վատ իրականացված եռակցման աշխատանքը։

Ջերմուկի համայնքապետարանից էլ հակադարձում են, որ կապալառուի հետ որևէ համաձայնության չեն եկել, և եթե կայանը կառուցվեր նախագծի համաձայն, հող փորելու կարիք չէր լինի, և կայանը կդիմանար ձյան ծանրությանը։

Նախագծող «Գլոբալ Պրոեկտ» ՍՊԸ-ն շինարարության ամբողջ ընթացքում իրականացրել է հեղինակային հսկողություն. պարբերաբար պատվիրատուին և կապալառուին է ուղարկել թերությունների և նախագծային շեղումների վերաբերյալ իր դիտարկումները։ Հիշեցնենք, որ այդ աշխատանքի համար «Գլոբալ Պրոեկտը» առանձին է վճարվել՝ 743 հազար դրամ։

Կայանի ընդունում-հանձնումից մոտ մեկ տարի անց այն փլուզվել է։ Համայնքը կրկին դիմել է կապալառուին՝ թերությունների վերացման և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար։ Այս անգամ ընկերությունը հրաժարվել է վերանորոգել, համարել է, որ վնասը իր մեղքով չի եղել։ Ջերմուկի համայնքապետարանը 2022 թվականի դեկտեմբերի 5-ին դիմել է դատարան՝ պարտավորեցնելու «Արմեն-Մար» ՍՊԸ-ին կատարել պայմանագրային պարտավորությունները։

Ջերմուկի համայնքապետարանը մինչ այդ դիմել է նաև «Փ․ Աբաջյան» փորձագիտական ընկերությանը, որի կողմից տրված տեխնիկական եզրակացության համաձայն՝ փլուզման պատճառը եռակցման կարանների անհամապատասխանությունն է ՀՀ տարածքում գործող շինարարական նորմերին։

1 Ջերմուկ.jpeg
Ջերմուկ քաղաքի ֆոտովոլտային կայանը՝ 01.07.22,
Լուսանկարները՝ Ջերմուկի համայնքապետարանից

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում շինարարական աշխատանքների համար պարտադիր սահմանվում է նաև տեխհսկողության ծառայություն։ Մրցույթով ընտրվում է լիցենզավորված կազմակերպություն, որը շինարարության ողջ ընթացքում պարտավորվում է ամենօրյա վերահսկողություն իրականացնել. լուսանկարել ընթացիկ աշխատանքները, արձանագրել թերությունները՝ տալով դրանց հիմնավորումներ, հետևել, որ թերություններն արագ վերացվեն։

Ֆոտովոլտային կայանի կառուցման ընթացքում տեխհոսկողություն իրականացրել է «Պռոշաբերդշին» ՍՊԸ-ն։ Ընկերությունից փորձեցինք ճշտել՝ ի՞նչ թերություններ է արձանագրել աշխատանքների ընթացքում, ունի՞ լուսանկարներ, ինչպե՞ս է իրականցվել վերջնական հանձնում-ընդունումը։ Մեր գրավոր հարցումը մնաց անպատասխան, հեռախոսազանգով ընկերության տնօրեն Կարապետ Մովսիսյանը հայտնեց, որ տեխհսկող աշխատակիցն այլևս ընկերությունում չի աշխատում, իրենք էլ գործի մանրամասներին չեն տիրապետում։

Վայոց ձորի մարզպետարանից հայտնում են, որ ընդունում-հանձնումն իրականացնում են՝ հիմք ընդունելով տեխհսկող կազմակերպության (ֆոտովոլտային կայանի դեպքում՝ «Պռոշաբերդշին» ՍՊԸ-ի) վերջնական եզրակացությունը, քանի որ հենց նրանք են ոլորտի մասնագետները։

«Մարզպետարանում գոյություն ունի մշտադիտարկման խումբ, որը աշխատանքային պրոցեսում գոնե 2 անգամ լինում է տվյալ օբյեկտում, իսկ ընդունման փուլում համայնքի կողմից վարձված, տեխհսկողություն իրականացնող կազմակերպությունը վերջին կատարողականը ստորագրում է և ասում է՝ աշխատանքներն ավարտված են, համայնքն էլ ընդունման-հանձնման գործընթաց է կազմակերպում։ Ընդունող հանձնաժողովի կազմում (հեղ.) լինում են համայնքի ներկայացուցիչները, շինարարական կազմակերպությունը, տեխհսկողություն իրականացնող կազմակերպությունը, Քաղաքաշինության պետական տեսչությունը, ավագանու անդամներ։ Գումար լինելու դեպքում համայնքը կարող է անկախ փորձագետների հրավիրել, բայց դա բավականին թանկ է։ Հանձնաժողովն ուսումնասիրում է, ակնադիտական ուսումնասիրություն է անում, նաև՝ փաստաթղթային։ Մենք առաջինը վճարել ենք տեխհսկողին՝ իր վերջնական ստորագրության, կնիքի հիման վրա ենք ընդունում, եթե ակնադիտական ոչ մի բան չենք տեսել։ Մրցույթի ամբողջ ընթացքը, փաստաթղթաշրջանառության ամբողջ ճանապարհը մենք ենք ստուգում»,- մանրամասնում է Վայոց ձորի մարզի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Արամ Կոստանյանը։

Կոստանյան.jpeg
Արամ Կոստանյան, Վայոց ձորի մարզի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ

Այսինքն՝ համայնքը վարձում է մասնագետի, որը կերաշխավորի աշխատանքի որակը, իսկ ինքը ստուգում է միայն փաստաթղթերի համապատասխանությունը, վերջում էլ նայում է՝ կա արդյոք նկատելի թերություն։ Կայանի դեպքում՝ «Պռոշաբերդշինի» տրամադրած կատարողականն է հիմք հանդիսացել, որ ընդունող հանձնաժողովը թերություններ չի արձանագրել և վճարել է կապալառուին։ Բայց կայանի փլուզումից հետո «Պռոշաբերդշինին» պատասխանատվության չեն կանչել, այն որևէ կերպ ներգրավված չէ դատական գործընթացում։

Շահագործման հանձնելուց երեք տարի անց կայանն այս տեսքն ունի։ Թույլ միացումներից վթարները կանխելու համար այն անջատել են։ Մենք ուզում էինք մեր աչքով տեսնել կայանը, բայց Պաշտպանության նախարարությունը թույլ չտվեց մեզ բարձրանալ տարածք՝ նշելով, որ այն հակառակորդի կողմից դիտարկվող գոտում է։

Առաջին ատյանի դատարանը վճռել է հօգուտ համայնքի, պարտադրելով կապալառուին իրականացնել վերանորոգման աշխատանքներ։ «Արմեն-Մար» ՍՊԸ-ն դիմել է Վերաքննիչ դատարան, որտեղ գործն այս պահին քննվում է գրավոր ընթացակարգով։ Կապալառուն չի ժխտում, որ եռակցման աշխատանքները ունեն թերություններ, բայց համոզված է, որ կայանի ներկայիս վիճակի պատճառը նաև համայնքապետարանի անգործությունն է։

«Ես դատարանում էլ եմ ասել՝ եռակցման հետ կապված ինչ-որ խնդիր առաջացել է, ամեն ինչ կվերանորոգեմ, բայց վերանորոգումից հետո ես վստահ եմ, որ արևային կայանը նույն ձև փլուզվելու է։ Եթե նույնիսկ երկաթը դիմանա, արևային վահանակը չի դիմանա (ձյան տեղումներին՝ խմբ.)։ Արևային վահանակը մի հատ բարակ շերտ ունի իր վրա, մեջտեղի հատվածում, եթե ես 2 կգ-ով սեղմեմ ինքը մեջտեղից կոտրվելու է։ Ես դատարանում ներկայացրել եմ, որ համայնքապետի հետ կարող ենք համաձայնության գալ, որ տեղափոխություն իրականացվի։ Իրենք սկզբում չհամաձայնեցին տեղափոխությանը, որովհետև սուբվենցիոն ծրագրի շրջանակներում է կառուցվել, ու ես իրավունք չունեմ կոորդինացված տեղափոխություն իրականացնել։ Դա տրամաբանության մեջ է, բայց քանի որ արդեն 3 տարին լրացել է, 3 տարի լրանալուց հետո ես իրավունք ունեի արևային կայանը վերցնելու և տեղափոխություն իրականացնելու»,- պատմում է «Արմեն-Մար» ՍՊԸ-ի փոխտնօրեն Համլետ Ավետիսյանը։ Նա պնդում է որ դատավարությանը զուգահեռ իրենք համայնքին առաջարկել են սեփական միջոցներով կայանը մեկ այլ վայր տեղափոխել, որտեղ այն լիարժեք կգործի։

Համայնքապետարանը հակադարձում է՝ տեղափոխման վերաբերյալ առաջարկ չի ստացել։ Նաև պնդում է՝ կայանի տեղափոխումն անհնար է, քանի որ այն կառուցվել է սուբվենցիոն ծրագրով, պետական բյուջեի համաֆինանսավորմամբ, ինչպես նաև ենթադրում է մեծ ծախսեր և լրացուցիչ շինարարական աշխատանք։

Վայոց ձորի մարզի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Արամ Կոստանյանը վստահեցնում է՝ սուբվենցիոն ծրագրերը մեծ հնարավորություններ են ստեղծում համայնքների համար և խթանում են դրանց զարգացումը՝ չնայած լինում են նաև թերացումներ, որոնց հիմնական պատճառը նեղ մասնագետների և որակյալ աշխատուժի պակասն է։ Իրականացվող ծրագրերը բազմաշերտ են, և երբեմն բարդ է մասնագետներ գտնել, որ կարողանան վերահսկել աշխատանքների իրականացման գործընթացը։ Իսկ լրացուցիչ փորձաքննությունները հավելյալ ֆինանսական միջոցներ են պահանջում։

«Եթե ծրագիրը ծավալով փոքր է, մենք չենք կարող հավելյալ գումար վճարել փորձաքննության կամ անկախ փորձագետի ծառայության համար, քանի որ թանկ է։ Բացի այդ, անորակ աշխատանքները համընդհանուր տենդենց չունեն։ Քանի որ նմանատիպ 100 դեպքից մի դեպքում է անորակ արձանագրվում, էս պարագայում արդեն դրա իմաստը կորում է, ավելի շատ ծախսով մենք ավելի քիչ հարց ենք լուծում»,- նշում է Արամ Կոստանյանը։

Իրականում, 100-ից 1 ասվածն ընդամենը գեղեցիկ խոսք է. 2020 թվականի Վայոց ձորում հաստատված 19 ծրագրերից 3-ի դեպքում խնդիր է եղել։ Մշտադիտարկման հանձնաժողովն էական թերություններ է արձանագրել Մարտիրոս բնակավայրի խմելու ջրագծի և օրական կարգավորող ջրավազանի կառուցման աշխատանքներում, և ենթածրագրի այդ մասնաբաժինը պետությունը չի վճարել:

Հարթ չեն ընթացել նաև «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մասնաշենքի մասնակի վերանորոգման աշխատանքները։ Մանկապարտեզի նորոգման համար «ԱԳԼ Գրուպ» ՍՊԸ-ին վճարվել է 9 միլիոն 270 հազար դրամ, որի 70%-ը՝ 6.5 միլիոնը վճարել է կառավարությունը։

«Մշտադիտարկման հանձնաժողովը երաշխիքային ժամկետում հայտնաբերել է թերություններ: Շինարարը չի վերականգնել: Համայնքը դիմել է դատարան: Դատարանի որոշումով շինարարը 2023 թվականին վերացրել է հայտնաբերված թերությունները»,- տեղեկացնում են մարզպետարանից։ Մինչդեռ Ջերմուկի համայնքապետարանից պատասխանեցին, որ դատարանի վճռի կայացումից հետո կապալառուն թերությունները չի վերացրել։

Մանկապարտեզ կատարած մեր այցի ժամանակ նկատեցինք, որ թերությունները, մեղմ ասած, թերի են վերացվել. պատերը խոնավությունից ճաքած են, արտաքին պատերի ներկը՝ թափված։

2020-ին հաստատված և դրանից հետո իրականացված ծրագրերում խնդիրներն ու թերություններն ի հայտ են եկել մեկ տարվա ընթացքում, սակայն մոտ երեք տարի է՝ լուծում չեն գտնում։ Երեք տարի անց պարզ չէ նաև պատճառահետևանքային կապը՝ ով և ինչպես է վերահսկել սուբվենցիոն ծրագրերի իրականացումը, մեխանիզմի որ օղակներն են թերացել, և ինչ է արվել բացթողումները շտկելու համար։ Բայց պարզ է, որ սուբվենցիոն ծրագրերը թույլ են տալիս կառավարությանը աննախադեպ ներդրումների ճոխ վիճակագրություն ներկայացնել։

Սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ ևս մեկ վիճակագրություն՝ դատախազությունից։ 2020-2023 մարզերում իրականացված սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ քննվում է 16 վարույթ։ Թե կոնկրետ ինչ չարաշահումների վերաբերյալ են քրեական վարույթները, դատախազությունը չի մանրամասնում։

Գլխավոր լուսանկարը հեղինակային խճանկար է, որտեղ Ջերմուկի ֆոտովոլտային կայանի լուսանկարն է (29.04.24) և Նիկոլ Փաշինյանի 2024-ի հունվարի 3-ի Վանաձոր կատարած այցից մեջբերում՝ վարչապետը ստուգում էր Վանաձորի թիվ 27 և թիվ 23 հիմնական դպրոցներում նորակառույց մարզադահլիճների պայմանները և 2024-ի հունվարի 3֊ին Նիկոլ Փաշինյանի գնահատականն է՝ Վանաձորի դպրոցի նորակառույց մարզադահլիճը ստուգելուց հետո։


Սույն նյութը իրականացվել է «Ուսանողական լրագրողական հետաքննություններ» ծրագրի շրջանակում «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության կողմից՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Սույն նյութի մեջ արտահայտված կարծիքների և դիրքորոշումների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և նրա աշխատակիցների տեսակետների հետ պարտադիր չէ։

Նաուման.png

Հեղինակ՝

Ուսանողներ

Սյուզաննա

Օհանյան

Դասախոս՝

Դասախոսներ

Տիրայր

Մուրադյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան