Սուրենավանում շները չեն ստերջացվել․ համայնքում ավելի կարևոր խնդիրներ կան
Սուրենավանում՝ դպրոցի հարևան շենքերի բակում, աղբակույտեր են՝ կենցաղային իրեր, սննդի մնացորդներ, պլաստմասե տարաներ։ Այս տարածքում աղբամաններ չկան։ Սնունդ գտնելու հույսով շներն ու կատուները փորփրում, տարածում են աղբը։ Գարշահոտ է։
2023-ի դեկտեմբերի 6-ին այստեղ ողբերգական դեպք էր տեղի ունեցել․ տնից դպրոց գնալու ճանապարհին շները հարձակվել էին 7-ամյա Ալիկ Գրիգորյանի վրա, երեխան նրանցից փախել էր, ընկել ու մահացել։
Սուրենավանի յոթամյա բնակչի մահվան դեպքի փաստով քրեական վարույթ էր նախաձեռնվել։ Փետրվարի 12-ին կայացվել է քրեական վարույթը կարճելու որոշում՝ հաշվի առնելով, որ երեխայի մահը այլ անձի գործողությունների հետևանք չէ, և մահվան պատճառը դժբախտ պատահարն է։
Վարույթի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ պատշաճ կարգով չեն ձեռնարկվել անհրաժեշտ և հնարավոր միջոցառումներ՝ դպրոցի հետնամասում, հարակից բազմաբնակարան շենքերից կուտակվող աղբը կանոնավոր հեռացնելու կամ այդ հատվածում աղբի կուտակումը չթույլատրելու ուղղությամբ։ Քննիչը միջնորդագիր է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ բացթողումները վերացնելու, նշված ուղղություններով աշխատանքը կազմակերպելու և, վերահսկողության մեխանիզմները կատարելագործելու, իրենց գործառույթների կատարման մեջ թերացած անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։
Հայաստանում, ըստ ոստիկանության տվյալների, 2022-ին մարդկանց վրա շների հարձակման 133 դեպք է գրանցվել, 2023-ին՝ 134 դեպք։ Թվերը հունվարի 26–ին Ազգային ժողովում ներկայացրել է ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը՝ «Թափառող կենդանիների խնդիրը Հայաստանում և լուծման տարբերակները» թեմայով աշխատանքային քննարկման ընթացքում։
Քնարիկը Սուրենավան համայնքի բնակիչներից է: Թափառող շների խնդիրը սեփական մաշկի վրա է զգացել։ Մոտ մեկ տարի առաջ նրա վրա շուն է հարձակվել։
«Երեկոյան դուրս եկա աղբը թափելու, շունը հարձակվեց, կծեց ձախ ոտքս։ Այդ ժամին գյուղի բուժամբուլատորիան փակ էր, ինքս սպիրտով կծած տեղը մշակեցի։ Առավոտյան դիմեցի բուժամբուլատորիա և կատաղության դեմ պատվաստանյութ ստացա»,– պատմում է Քնարիկը։
Դեպքի մասին նա տեղեկացրել է Սուրենավանի վարչական ղեկավար Անի Վարդազարյանին։ Նրան սուրենավանցիները բազմիցս են ասել, որ բնակիչներին և հատկապես աղբակույտերի մոտով դպրոց հաճախող երեխաներին շներից պաշտպանելու կարիք կա։
Վարչական շրջանի ղեկավար Անի Վարդազարյանը մեզ հետ զրույցում հաստատեց՝ բողոքներն ստացել է ու անձամբ է խնդիրը ներկայացրել Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանին։
Առողջապահության նախարարությունը առանձին վիճակագրություն չի վարում շների հարձակումներից տուժած քաղաքացիներին կատաղության դեմ պատվաստելու վերաբերյալ։ Նրանց տվյալները ներառում են ընդհանրապես կենդանիներից տուժելու և պատվաստվելու դեպքերը։ Նախարարությունից մեզ փոխանցեցին, որ կենդանիների հարձակումների հետևանքները կանխարգելելու նպատակով 2023-ին Հայաստանում իրականացվել է 22,416 դեղաչափ պատվաստում։ Ամենաշատ պատվաստումները կատարվել են Երևանում՝ 8079։ Հաջորդը Շիրակի մարզն է՝ 2249: Լոռու մարզում արվել է 2184, Արմավիրում՝ 2069, Արարատում՝ 2045 պատվաստում։
Սուրենավանում թափառող շները շատ են, որովհետև գյուղում աղբամաններ չկան, և բնակիչներն աղբը թափում են դրա համար չնախատեսված վայրում։ Արարատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Հակոբյանը մեզ ասաց, որ աղբամաններ չկան, որովհետև չունեն աղբամանը բարձրացնող-դատարկող հատուկ մեքենա, բայց և վստահեցրեց, որ համայնքում շաբաթը երկու անգամ՝ չորեքշաբթի ու կիրակի օրերին, աղբահանություն է կատարվում։
«Խնդիրը բազմաբնակարան շենքերի բակում է, բնակիչները ճիշտ չեն կազմակերպում իրենց աղբահանությունը։ Թող աղբահանության գումարները մուծեն, նոր բողոքեն։ Մենք մրցույթի ենք մասնակցել ու մեքենաների ենք սպասում։ Երբ դրանք տեղ հասնեն, աղբամանները կտեղադրվեն»։
Արսեն Հակոբյանը, սակայն, չի կարծում, որ հենց աղբամանները տեղադրեն, շները կքչանան։ «Արարատ քաղաքում որ աղբամաններ կան, շուն չկա՞»,— նշեց համայնքի ղեկավարի առաջին տեղակալը։
Արսեն Հակոբյանը չհիշեց դեպք, որ բնակիչները բողոքեն թափառող շներից։ Ասաց՝ ինքն անձամբ շրջայցերի ժամանակ թափառող շներ գրեթե չի տեսել։ Գիտի, որ թափառող շները անհանգստացնում են բնակիչներին, բայց կարծում է, որ դա չէ ամենակարևորը։ Համայնքում ջրի ու գազի խնդիր կա, և չեն կարող շատ գումար ներդնել շների դեմ պայքարում։
«Այդպես համայնքի բյուջեում գումար չի մնա»,— նեղսրտեց Հակոբյանը։ Տեղեկացրեց՝ բացի ստերջացումից, թափառող շներին վերաբերող ուրիշ ծրագիր այս պահին չկա։
2023-ին Արարատ համայնքում ստերջացվել է 200 շուն։ Ստերջացումն արվել է Արարատ քաղաքում, նաև Ավշար, Նոյակերտ և Արարատ գյուղերում՝ մասնակիորեն։ Արսեն Հակոբյանն ասում է, որ համայնքների խոշորացումից հետո առաջին անգամ է հայտարարվել մրցույթ՝ թափառող շների ստերջացման ծառայության համար։ Երկու անգամ որևէ կազմակերպություն մրցույթի չի մասնակցել։ Երրորդ անգամ հայտարարված մրցույթին միայն մեկ հայտ է եղել՝ «Միշա Այվազյան» ԱՁ-ի կողմից։ Մրցույթում հաղթելուց հետո ԱՁ-ի հետ կնքվել է պայմանագիր։
Թափառող շների ստերջացման գործընթացը վերահսկել է համայնքապետարանը։ Համաձայն համայնքապետի առաջին տեղակալի՝ «Շներին ստերջացնելու համար «Միշա Ավյազյանի» աշխատակիցները գնացել են Արարատ քաղաք և գյուղեր, զանգահարել են մեզ։ Մեր աշխատակիցների վերահսկողությամբ բռնել են շներին ու տարել համապատասխան վայրում ստերջացրել են։ Դա եղել է 2023-ի հունիս-հոկտեմբերին»։
Խոսեցինք նաև անհատ ձեռնարկատեր Միշա Այվազյանի հետ։ Արսեն Հակոբյանի ասածին նա ընդամենը մեկ բան ավելացրեց՝ շներին բռնելու պահին համայնքապետարանի աշխատակիցները ուղղակի հաշվել են, թե քանի շուն են տանում ստերջացման։ Այվազյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին ԱՁ-ն չի գործում։
2023-ին Արարատում համայնքի բյուջեից 5 մլն դրամ է տրամադրվել շների ստերջացման համար, բայց Սուրենավանում ոչ մի շուն չի ստերջացվել։
«Համայնքներում կատարվում են տարբեր ծախսատարության աշխատանքներ, և մենք չենք կարող համաչափ բաշխում իրականացել»,— նշում է Արարատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Հակոբյանը։
Այսօր Սուրենավանում աղբը էլի կուտակվում է դպրոցի ճանապարհին, շներն աղբը փորփրում են, ու կա վտանգ, որ կարող են հարձակվել մարդկանց վրա։ Ու այս ամենի մասին գիտեն տեղական իշխանությունները Սուրենավանում և Արարատ համայնքում։
Հ.Գ․ Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանի փոխանցմամբ՝ նորից մրցույթ է հայտարարվել, և Սուրենավան համայնքը ներառված է շների ստերջացման այս տարվա ծրագրում։
Հեղինակներ՝
Ուսանողներ
Ալիսա
Հարությունյան
Ուսանողներ
Վարդան
Սահակյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Էդիկ
Բաղդասարյան
Դասախոսներ
Տիրայր
Մուրադյան
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան
Թիմ՝
Թիմ
Հարություն
Մանսուրյան