Ֆոտո պատմությունՀոկտեմբեր 11/2024

Ժպտացող աչքերով 79-ամյա ճանապարհորդը. «Ապրեք լիարժեք»

«Մի անգամ տնից դուրս էինք եկել, տեղ էինք գնում։ Իմ հագը՝ լրիվ իմ կարածը, տղայիս հագը՝ լրիվ իմ կարածը. կոստյում, շալվար ու պայուսակ էի կարել իրան։ Ասում եմ. «Արտա՛շ, որ կոշիկ կարել էլ սովորեի, ոտքից գլուխ իմ կարածը կլիներ»,— ծիծաղելով և ռուսերենի առոգանությամբ պատմում է 79-ամյա Սվետլանա Մաղաքյանը։

Picsart_24-10-11_16-03-07-725.jpg

Արդեն 4 տարի՝ նա հաճախում է «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա»։ Տարեկիցների հետ հետաքրքիր ժամանակ է անցկացնում՝ երգում են, պարում, նկարում, ասեղնագործում։

Սվետլանան նախ կարպետագործության խմբակ է հաճախել, հետո զգացել է, որ ասեղնագործությունն է իրենը։ Ասում է․ «Մարաշի ասեղնագործությունն ինձ ավելի մոտ է, որովհետև մաթեմատիկայի հետ է կապված: Պետք է շատ ուշադիր, հաշվելով աշխատես»: Խումբը փոխել ու սկսել է ասեղնագործել՝ «հաշվելով»։

IMG-20241008-WA0000.jpg
Լուսանկարները՝ «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի» արխիվից
IMG-20241008-WA0002.jpg

Դպրոցում մաթեմատիկա ու ֆիզիկան էր սիրում։ Հիշում է․

«Գծագրության ժամին գնացել էինք «ՀայԷլեկտրո» գործարան՝ պրակտիկայի: Էդտեղ մի ինժեներ էր մեզ դաս տալիս։ Մի օր հանձնարարեց ստանալ մեքենայի 3D պատկերը՝ կտրվածքով, որ երևա, թե մեջն ինչ կա: Երբ վերջացրի, հարցրեց՝ «դու մեծ քույր–եղբայր ունե՞ս», ասի՝ չէ։ «Իսկ Պոլիտեխնիկում սովորած հարևա՞ն»․ դարձյալ՝ չէ։ «Բա ինքնուրո՞ւյն ես արել», ասացի՝ այո՛, ինքնուրույն եմ արել: Զարմացել էր»:

Ասում է՝ ճշգրիտ առարկաների հանդեպ սերն իրեն փոխանցվել է ծնողներից. հայրը՝ 4–րդ դասարանի կրթությամբ, գլխավոր մեխանիկ է աշխատել, մայրը քիմիկ է եղել:

Ավարտել է Պոլիտեխնիկը։ Ինժեներ է աշխատել: Հենց աշխատավայրում էլ հանդիպել է ապագա ամուսնուն.

«Հաստոցների արտադրման գործարանում եմ ծանոթացել Ռոբերտի հետ: Սկզբում սեր չկար, հրապուրանք էր, բայց արդեն 25 տարեկան էի, ամուսնանալուս տարիքն էր վաղուց։ Էդպես ամուսնացանք»։

3 երեխա են ունեցել՝ 2 աղջիկ, 1 տղա: 1975-ին ավագ դուստրը առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, ամուսինն ասել է՝ գործից դուրս արի։

«8 տարի տանն եմ եղել: 1983-ին վերադարձա նույն ոլորտ՝ ինժեներիա, ու աշխատեցի մինչև Սովետի փլուզումը: Դրանից հետո որոշ ժամանակ գումար եմ վաստակել տնային տարբեր գործեր անելով. հիմնականը մաքրությունն էր»։

2007-ին ընտանիքով տեղափոխվել են Ռուսաստան՝ Մոսկվայի մարզի Կոլոմնա քաղաք։ Այնտեղ է առաջին անգամ հաճախել զբաղվածության կենտրոն ու մասնակցել ասմունքի, պարի, թատերական խմբակների։ Իր սիրած թատերական խմբակում տղամարդու դեր է խաղացել։ Հիշում է՝ «Կերպարը կնոջը հնազանդվող, «պոդկոբլուչնիկ» մարդ էր: Կինը կարողանում էր նրան բռի մեջ պահել, բայց տղամարդկային արյունը եռում էր նրա մեջ: Էդ դերն էնքան լավ էր ստացվել, որ դահլիճից մի կին մոտեցավ ու ասաց՝ «Ա՜յ, եթե դու էդպիսի տղամարդ լինեիր, ես կսիրահարվեի քեզ»:

Սվետլանայի ամուսինը մահացել է 2011-ին։ Բոլոր զավակներն ամուսնացած են, ունի 5 թոռ, 1 ծոռ: Մեծ աղջիկը Ռուսաստանում է գտել երկրորդ կեսին, միջնեկը Հայաստանում է: Ինքն ապրում է տղայի, հարսի և երկու թոռների հետ։

«Թոռնուհուս դասերով եմ զբաղվում, հետո վազում ենք պարապմունքներին: Երբ տանն ենք, սիրում ենք պլաստիլինով ինչ-որ բաներ սարքել: Մի անգամ լոբիով, գարոխով, ընդեղենով մանդալա (սիմետրիկ պատկերներ) ենք սարքել: Ինքն էլ ինձ նման լավ ֆանտազիա ունի»:

Հարցից՝ սիրո՞ւմ եք ճանապարհորդել, աչքերը փայլում են։ Ավելի հաճախ շրջագայում է ընկերուհու հետ, որին ճանաչում է գործարանից՝ արդեն 50 տարի։

«Էս տարի 2 օրով գնացել ենք Տաթև, Նորավանք, հետո Սևանի շուրջբոլորն ենք պտտվել՝ եկեղեցիներ մտնելով։ Մի քանի օր առաջ էլ գնացինք Աշտարակ՝ բացօթյա «Ցանկապատ» ներկայացումը դիտելու»:

Picsart_24-10-11_16-01-20-581.jpg

Երիտասարդներին Սվետլանա տատիկը մեկ խորհուրդ է տալիս՝ լիարժեք ապրեք։

«Մի՛ ասեք՝ լա՜վ, հետո կանեմ, հետո կապրեմ: Հիմա՛, միայն հիմա: Հետո պահն անցնում է, ասում ես՝ էշի՛ գլուխ, ինչի՞ ժամանակին չարեցի: Սիրո՞ւմ ես, լիարժե՛ք սիրիր, ուրախանո՞ւմ ես, լիարժե՛ք ուրախացիր: Ամեն ինչ լիարժեք զգա, որ հետո չփոշմանես»:

Հեղինակ՝

Ուսանողներ

Սեդա

Կյուրեղյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Վահան

Ստեփանյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան