tavush-gas-stations
Long ReadՀունիս 18/2023

Տավուշի մարզի 14 ստուգված գազալցակայանից 13-ը խախտումով է աշխատում

2021-ի հունվարից մինչև 2022-ի սեպտեմբեր Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (ՔՏՀԱՏՄ) ստուգումներ է անցկացրել Տավուշի մարզի 14 գազալցակայաններում ու արձանագրել, որ դրանցից միայն մեկն է աշխատում առանց խախտումների։

Խախտում չունենալը ճիշտ աշխատանքի երաշխիք չէ

Գազալցակայաններում ամենահաճախ հանդիպող խախտումներից մեկը հրշեջ հիդրանտների կամ 100 մ3 տարողությամբ ջրավազանի բացակայությունն է․ ստուգված 14 գազալցակայաններից 5-ում չի եղել ո՛չ հիդրանտ, ո՛չ ջրավազան։

Հրշեջ հիդրանտը ջրի բաց աղբյուր է, որը միացված է քաղաքային ջրամատակարարմանը, այն օգտագործվում է հրդեհների ժամանակ՝ ջուր ապահովելու համար։ Տավուշի մարզում հաճախ հիդրանտի դեր են կատարում գազալցակայանների մոտ գտնվող գետերն ու աղբյուրները։

2 Large.png
Հրշեջ հիդրանտ
5 Large.png
Հրշեջ հիդրանտ։ Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի կայքից

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ Նարեկ Սաֆարյանը, հիդրանտի բացակայությունից բացի, հիդրանտի կառուցման գործընթացում է խնդիր տեսնում։

Ըստ նրա, նույնիսկ գոյություն ունեցող որոշ հիդրանտների հնարավոր չէ հրշեջ մեքենաների ջուր ընդունող սարքավորումներ միացնել։

«Մեր մեքենաների ջուր ընդունող սարքերը հիմնականում ռուսական արտադրության են, և դրանց գլխիկները նախատեսված են մոսկովյան հիդրանտների համար։ Սակայն Հայաստանում կառուցվող հիդրանտները թբիլիսյան տիպի են, և սարքերի անհամապատասխանության պատճառով հիդրանտը դառնում է ոչ պիտանի։ Ստիպված մենք ենք փոխում գոյություն ունեցող հիդրանտների գլխիկները՝ հարմարեցնելով մեր սարքերին»։

Նարեկ Սաֆարյանը նշում է, որ լավ կլինի, եթե ջրագծի վրա հիդրանտ կառուցողները խորհրդակցեն իրենց հետ։

Հրշեջ հիդրանտի և ՆԳՆ փրկարար ծառայության տեխնիկական միջոցների անհամապատասխանության, հիդրանտի տեսակի և տեղակայման վայրի վերաբերյալ հարցում ուղարկեցինք Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային պաշտպանության տեսչական մարմին։ Հարցմանը պատասխանեց ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը։

«Համաձայն գործող նորմատիվ իրավական ակտերի՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի վերահսկողության տիրույթում միայն օբյեկտներում հրշեջ հիդրանտների առկայության ստուգումն է։ Հրշեջ հիդրանտների տեղակայման հարցի առնչությամբ տեղեկացնում եմ, որ հիդրանտները պետք է տեղակայված լինեն գազալցակայանի տարողություններից 40 մետրից ոչ պակաս հեռավորության վրա»,— նշված է պատասխանում։

Տեսչական մարմինը, սակայն, չի պատասխանել մեր հարցին՝ թե որ պետական մարմինն է զբաղվում հիդրանտների և Փրկարար ծառայության տեխնիկական միջոցների անհամապատասխանության խնդրով։ Հիդրանտի տեխնիկական չափորոշիչների վերաբերյալ որևէ փաստաթուղթ չկա։

Ստացվում է, որ տեսչական մարմինը ստուգում է միայն հիդրանտի առկայությունը, բայց չեն կարող ասել, թե գործնականում ինչպես դրանք կաշխատեն և Տավուշի մարզի հիդրանտ կամ ջրավազան ունեցող 9 գազալցակայանում տեղադրված հիդրանտներից քանիսը հնարավոր կլինի միացնել հրշեջ մեքենաների ջրընդունիչ սարքերին։

Չստուգված և ստուգված գազալցակայանները և դրանց սեփականատերերը

Տավուշի մարզի որոշ գազալցակայաններում տեսչական մարմնի հայտնաբերած խախտումները վերացնելու համար պետք է քանդել և վերակառուցել գազալցակայանները, քանի որ դրանք կառուցվել են քաղաքաշինական խախտումներով։

Ըստ ԱԻՆ-ի տվյալների (տվյալները տրամադրելու ժամանակ նախարարությունը դեռ չէր լուծարվել)՝ Տավուշի մարզում գործում է 27 գազալցակայան։ Դրանց գտնվելու վայրի և կազմակերպաիրավական ձևերի վերաբերյալ (ՍՊԸ, ՓԲԸ, ԱԶ և այլն), ԱԻՆ-ը մեզ տեղեկություն չտրամադրեց։

Տվյալները մենք հավաքել ենք Տավուշի մարզպետարանից, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից, ինչպես նաև Տավուշի մարզ կատարած մեր այցի ընթացքում։

Իջևան համայնքի Սարիգյուղի բնակավայրում գործող գազալցակայանում, որը պատկանում է «Տիգգազ» ՍՊԸ–ին, 2021-2022-ի հունվար-սեպտեմբերին տեսչական մարմինը ստուգումներ չի անցկացրել։

Անզեն աչքով նկատելի է, թե ինչ խախտումներով է աշխատում գազալցակայանը։ Մեր դիտարկումներով պարզել ենք՝

  • գազալցավորման սյունակներից մինչև սպասասրահ սահմանված առնվազն 20 մետրի փոխարեն 15մ է,
  • գազի կուտակիչների տեղամասից մինչև սպասասրահ սահմանված առնվազն 35մ-ի փոխարեն հեռավորությունը 20մ է։
3.png
1.png

«Արթ-Վարդ» ՍՊԸ-ի գազալցակայանը Գանձաքար գյուղում է։ Տեսչական մարմինը 2022-ի օգոստոսի 9-ին հայտնաբերել է 10 խախտում։ Գազալցակայանի տնօրենի հետ խոսել չհաջողվեց, իսկ աշխատակիցն ասաց, որ իրենք տեղյակ են խնդիրներից։ «Արթ-Վարդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015-ին, 100% բաժնեմասը պատկանել է Ազատ Սաշայի Դովլաթբեկյանին, իսկ 2019-ին 100% բաժնեմասը փոխանցվել է Կարեն Հակոբյանին։ Մինչ գյուղի՝ Իջևան համայնքի կազմի մեջ մտնելը, Կարեն Հակոբյանը եղել է Գանձաքարի ավագանու անդամ, իսկ 2020-ին Վարդգես Սաշայի Դովլաթբեկյանը ընտրվել է Գանձաքարի ղեկավար։

4.png
Լուսանկարում՝ «Արթ-Վարդ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանը

Լուսանկարում՝ գազալցակայանի վերևով էլեկտրալարեր են անցնում, իսկ ԱԳԼՃԿ-ի տարածքում շինությունների միջև սահմանված նվազագույն միջտարածությունները պահպանված չեն։ Գազալցակայանում բացակայում է հրշեջ հիդրանտը։

Տեսչական մարմնին խնդրեցինք պարզաբանել, թե ինչու չի դադարեցվում այս գազալցակայանի աշխատանքը, և ինչպես պետք է շտկել առկա քաղաքաշինական խախտումները։ Մեզ պատասխանեց ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը․

«Եթե ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համադրությամբ պարզվում է, որ առկա է հրդեհի առաջացման ուղղակի սպառնալիք, և դրա արդյունքում՝ մարդկանց անվտանգությանը սպառնացող ռիսկ, ապա կարող է կայացվել տվյալ օբյեկտի գործունեությունը մասնակի կամ ամբողջությամբ դադարեցնելու որոշում»։

«Արթ-Վարդ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում տեսչական մարմնի հայտնաբերած 10 խախտումները՝ հղմամբ։

«Մանարս» ՍՊԸ-ն, ըստ տեսչական մարմնի, ունի քաղաքաշինական 5 խախտում։ Արձանագրվել է, որ այլ շինություններին գազալցակայանը սահմանված հեռավորությունից ավելի մոտ է, և պահպանված չէ օբյեկտին պատկանող շենքերի միջև տարածությունը։ «Մանարս» ՍՊԸ-ն գազալցակայանը շահագործում է 2018-ի օգոստոսի 18-ից։ Տեսչական մարմինը ստուգումները անցկացրել է 2021-ի հունիսի 2-ին և 3-ին։ «ՄԱՆԱՐՍ» ՍՊԸ-ն՝ ըստ դատարանի որոշման, սնանկ է ճանաչվել։ Գազալցակայանը չի գործում, բայց ոչ այն պատճառով, որ խախտումներ են արձանագրվել, այլ քանի որ 2021-ի նոյեմբերի 24-ին ՊԵԿ-ը ՀՀ սնանկության դատարան դիմում է ներկայացրել ընդդեմ «ՄԱՆԱՐՍ» ՍՊԸ-ի, որը, ըստ դատարանի 17.05.2022-ի որոշման, դրամական պարտավորություններ ունի ՊԵԿ-ի նկատմամբ։

Ինչո՞ւ է գազալցակայանը գործում, եթե հայտնաբերվել են քաղաքաշինական նորմերի խախտումներ։ Ըստ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանի՝ աշխատելու թույլտվությունը համայնքի ղեկավարն է տալիս։

«Սահմանին-2» ՍՊԸ-ն, ըստ տեսչական մարմնի, ունի 4 խախտում, որոնք հիմնականում տեխնիկական են։ Ընկերությունը հիմնադրվել է 2019-ի մայիսի 31-ին։ 100% բաժնեմասը պատկանել է Արմեն Ռաֆիկի Ստեփանյանին, իսկ 2022-ի հունիսի 29-ից՝ Նահապետ Բագրատի Գևորգյանին։ 2003 և 2007 թվականներին նա ընտրվել է ԱԺ պատգամավոր՝ ՀՀԿ-ից։ «Սահմանին-2» ՍՊԸ-ն ունի քաղաքաշինական խախտում, իսկ նման խախտումների պատճառն օբյեկտի սխալ նախագծումն ու շինարարությունն է։ Օբյեկտի շահագործման ընթացքում Քաջիկ Գևորգյանը՝ Նահապետ Գևորգյանի որդին, եղել է ԱԺ պատգամավոր՝ ԱԺ 7-րդ գումարում, ԲՀԿ։ Հայր և որդի Գևորգյանները միասին ունեն գրեթե երկու տասնյակ ՍՊԸ-ներ, որոնց մեծ մասի տնօրենը Արմեն Ստեփանյանն է։

«Սահմանին-1» ՍՊԸ-ն գազալցակայան է շահագործում Տավուշի մարզի Պտղավան համայնքում։ 2021-2022-ի հունվար-սեպտեմբերին գազալցակայանում ստուգումներ չեն անցկացվել։ Այս գազալցակայանը նույնպես սկզբում պատկանել է Արմեն Ստեփանյանին, իսկ 2022-ի հունիսի 23-ին բաժնետոմսերը ամբողջությամբ փոխանցվել են Նահապետ Գևորգյանին։

«Ատ գազ» ՍՊԸ-ում տեսչական մարմինը հայտնաբերել է 5 խախտում, այդ թվում՝ հրշեջ հիդրանտի բացակայություն։ Ընկերությունը հիմնադրվել է 2016-ի հուլիսի 20-ին։ 50%–ի բաժնետեր է եղել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի որդին՝ Աշոտ Աբովյանը։ Մյուս 50%-ի բաժնետերը Տիգրան Վարդանյանն է։ Աշոտ Աբովյանի բաժնետոմսերը ընկերության հիմնադրման նույն օրը փոխանցվել են «Ա.Ա.Հ. Ավտոգազ» ՍՊԸ-ին, որի 100% բաժնետերը Հովսեփ Ջիլավյանն է, բնակության հասցեն՝ Կողբ գյուղ։ Նույն գյուղում են գրանցված Հովիկ Աբովյանը և նրա որդին՝ Աշոտ Աբովյանը։

«Առամնա» ՍՊԸ-ում՝ հիմնադրված 2020-ի մայիսի 10-ին, հայտնաբերվել է 4 խախտում։ 2016-ին 50% բաժնեմասը պատկանել է նախկին մարզպետ Հովիկ Աբովյանին, 50%-ը՝ «Ա.Ա.Հ. Ավտոգազ» ՍՊԸ-ին։

«Ա-տեգ» ՍՊԸ-ն մինչ 2015 թվականը պատկանել է 3 անձի։ Նույն թվականին նրանց բաժնեմասերն ամբողջությամբ անցել են Աշոտ Աբովյանին, որը սեփականատեր է եղել մինչ 2019 թվականը։ Ըստ տեսչական մարմնի՝ նշված ՍՊԸ-ում հայտնաբերվել է 2 խախտում, որոնցից մեկը հրշեջ հիդրանտի բացակայությունն է։

Հովիկ Աբովյանը և նրա որդին՝ Աշոտ Աբովյանը, նշված ՍՊԸ-ների առք ու վաճառքով զբաղվել են հիմնականում Հովիկ Աբովյանի՝ Տավուշի մարզպետ եղած ժամանակահատվածում։

Ստորև ներկայացված ՍՊԸ-ներում տեսչական մարմինը նույնպես խախտումներ է արձանագրել։

«Սպեց-1» ՍՊԸ, «Աստրոն» ՍՊԸ, «Դիալոգ-մ» ՍՊԸ, «Վիցի գրուպ» ՍՊԸ, «Ամուր սահման» ՍՊԸ, «Դան որդիներ» ՍՊԸ, «Մանարս» ՍՊԸ։

«Աթո Ցլիկ Ամրամ» ՍՊԸ-ն 14 գազալցակայաններից միակն է, որը, ըստ տեսչական մարմնի, խախտում չունի։

Տավուշի մարզի այս գազալցակայանները շարունակում են աշխատել խախտումներով և դրանցից միայն մեկն է փակվել, բայց ոչ խախտումների պատճառով։ Տեսչական մարմնից ասում են, որ օբյեկտի գործունեության դադարեցման մասին որոշում է կայացվում, երբ առկա է հրդեհների առաջացման ուղղակի սպառնալիք և դրա արդյունքում մարդկանց անվտանգությանը սպառնացող ռիսկ, իսկ այս իրավիճակում տեսնում ենք մինչ 10 խախտում ունեցող գազալցակայաններ։ Գազալցակայաններում արձանագրված խախտումների շտկումը որոշ դեպքերում պահանջում է գազալցակայանների շահագործման առժամանակ դադարեցում։

Գլխավոր լուսանկարը՝ Աստղիկ Հովհաննեսովի

Հեղինակներ՝

Ուսանողներ

Արծվիկ

Դավթյան

Ուսանողներ

Արեն

Նազարյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան

Դասախոսներ

Տիրայր

Մուրադյան