Տեղի գնումները՝ համայնքի ղեկավարի կնոջից, քեռուց ու քեռակնոջից
2022-ին Սյունիքի մարզի Տեղ համայնքը մանկապարտեզներին սնունդ մատակարարելու պայմանագրեր է կնքել «Կարմեն Մալյան» ԱՁ-ի հետ։ Կարմեն Մալյանը Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի կինն է, ԱՁ–ն պատկանում է նրան։ Տեղի թիվ 1 մանկապարտեզի համար կնքվել է 5,7 մլն դրամի, թիվ 2-ի համար՝ 1,5 մլն դրամի պայմանագիր։ Մենք ուսումնասիրել ենք Տեղի համայնքապետարանի կարիքների համար վերջին չորս տարում կնքված գնումների պայմանագրերը։
Տեղ համայնքի կազմում ներառված են Կոռնիձոր, Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Վաղատուր և Քարաշեն գյուղերը։ Կենտրոնը Տեղ գյուղն է։
Կոռնիձոր բնակավայրի մանկապարտեզի սննդի մատակարարման պայմանագիրը համայնքապետարանի պաշտոնական կայքի գնումների բաժնում չկա։
Հատկանշական է, որ 2020 և 2021 թվականներին Տեղի թիվ 1 մանկապարտեզի համար կնքված սննդի մատակարարման պայմանագրի գումարը 2,5 անգամ պակաս է եղել։ Իսկ Կոռնիձորի 1 և Տեղի 2 մանկապարտեզների սննդի համար հատկացված ընդհանուր գումարը եղել է անփոփոխ՝ գրեթե 5 մլն դրամ։ Համայքապետի տեղակալ Արամ Միրզոյանն այս հանգամանքը բացատրեց սննդատեսակների ավելացմամբ։
«Առաջ ճաշացանկում կաթնաշոռ, տավարի միս չկար։ 2022-ից այս մթերքները ավելացել են։ Դրա համարել ավելացել է նաև պայմանագրի գումարը»,— ասաց Միրզոյանը։
Մանկապարտեզներ հաճախող երեխաների թիվը վերջին տարիներին էապես չի փոխվել։ 2023-ի սեպտեմբերին՝ արցախցիների տեղահանումից հետո, մանկապարտեզ հաճախողների թիվն ավելացել է ընդամենը 7-ով։
Տեղ համայնքում մինչև 2022-ի սկիզբը գործել է 3 մանկապարտեզ` երկուսը՝ Տեղ գյուղում, մեկը՝ Կոռնիձորում։ 2022-ի սկզբին Տեղի երկու մանկապարտեզները միավորվել են։ 2023-ին Տեղ համայնքում մանկապարտեզ է հաճախել 150 երեխա։
2023-ին Կոռնիձորի և Տեղի թիվ 1 մանկապարտեզների համար սննդի մատակարարման պայմանագրեր են կնքվել «Միշա Քոչարյան» ԱՁ-ի հետ։ Միշա Քոչարյանը համայնքապետարանի գլխավոր մասնագետ, հաշվապահ Աստղիկ Ղարագյոզյանի ամուսինն է։ Այս ԱՁ-ն գրանցվել է պայմանագրերի կնքումից ամիսներ առաջ՝ 2022-ի օգոստոսին։
Մանկապարտեզները սննդով ապահովելու համար Տեղ համայնքը ամեն տարի իրականացնում է գնանշման հարցում։ Գնումները կատարվել են ՀՀ գնումների մասին օրենքով սահմանված գնանշման ընթացակարգով։
«Ինչո՞ւ է մանկապարտեզների սննդի մատակարարման համար 2022-ին համայնքապետը գնանշման հարցումն ուղարկել իր կնոջը պատկանող ԱՁ-ին»,— հարցն ուղղեցինք Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլուցին։ Համայնքապետը պատասխանեց. «Մենք ոչ ոքի չենք դիմել։ Եթե ուրիշ մասնակից լիներ, ուրիշը կշահեր»։ Մեր դիտարկմանը, թե այստեղ շահերի բախում կա, Ղուլունցը հակադարձեց. «Եթե ուրիշ մասնակից չկար, ի՞նչ անեինք, թողնեինք մանկապարտեզն առանց սննդի՞»։
Սա միակ դեպքը չէ, երբ Ղուլունցը պայմանագրեր է կնքել իր հետ փոխկապակցված անձանց հետ։ Համայնքի կարիքների համար 2023-ին ձեռք է բերվել 2,2 մլն դրամի սեղմված բնական գազ։ Գնումը կատարվել է «Զանգեզուր գազ» ՍՊԸ-ից։ Այս ընկերության 50% մասնաբաժինը պատկանում է համայնքապետի քեռուն՝ Մարտունիկ Պողոսյանին, իսկ մյուս 50%-ը քեռու կնոջը՝ Նազիկ Սեդրակյանին։ «Զանգեզուր գազ» ՍՊԸ-ից սեղմված բնական գազ ձեռք է բերվել նաև 2022-ին՝ 2,1 մլն դրամի։
Դավիթ Ղուլուցը շահերի բախում չի տեսնում նաև այս դեպքում. «Ես նորից եմ ասում, ինձ հետ ընդհանրապես փոխկապակցված ոչ մի բան չկա։ Ի՞նչ խնդիր եք այստեղ տեսնում, չեմ հասկանում։ Եթե 300 մետր հեռավորության վրա համայնքին մոտիկ այլ գազալցակայան չկա, գնանք Գորիսից գնե՞նք, եթե մանավանդ ճշտել ենք, որ նույն գներն են»։
Հարցրեցինք՝ Քարաշեն բնակավայրում չկա՞ գազալցակայան,Ղուլունցը հակադարձեց. «Քարաշենինն էլ 6 կիլոմետրի վրա է»։
Ընտանիքի անդամից համայնքի կարիքների համար գնումներ կատարելը նորություն չէ Տեղում։ Ղուլունցից առաջ համայնքապետի պաշտոնը զբաղեցնող Ներսես Շադունցի պաշտոնավարման ժամանակ էլ մրցույթներում շահել են նրան փոխկապակցված անձինք։ Մասնավորապես, 2020 և 2021 թվականներին մանկապարտեզներին սննդի մատակարարման համար գնանշման հարցումներ են ուղարկվել Շադունցի կնոջ` Մարիամ Մանուկյանի անունով գրանցված ԱՁ-ին։
Դավիթ Ղուլունցը Տեղ համայնքի ղեկավար է ընտրվել 2021-ի հոկտեմբերի 17-ին։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, Սյունիքի նախկին մարզպետ, այժմ Պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին է։
Այսպիսով, համայնքապետի փոփոխությունից հետո փոխվել է նաև մանկապարտեզների սննդի մատակարարը։ Ենթադրաբար, այս «իրավունքը» Տեղի համայնքապետներն իրենց պաշտոնական աթոռի հետ փոխանցում են մեկը մյուսին։
Գլխավոր լուսանկարը՝ Դավիթ Ղուլունցի ֆեյսբուքյան էջից
Հեղինակ՝
Ուսանողներ
Արմեն
Ղազարյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Էդիկ
Բաղդասարյան
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան
Դասախոսներ
Տիրայր
Մուրադյան
Թիմ՝
Թիմ
Հարություն
Մանսուրյան