telegram-traps
Long ReadՀունիս 7/2023

Թմրամիջոցների տելեգրամյան թակարդներ՝ անչափահասների համար

Մեր քաղաքի շենքերին, անցումների ու դալանների պատերին հայտնվել են գրություններ, որոնք հասանելիությամբ և մատչելիությամբ կարող են գրավել հատկապես անչափահասներին։ Հիմնականում սևատառ այս գրվածքները «Տելեգրամ» հավելվածի տարբեր ալիքների հասցեներ են: Ընդամենը հեռախոսով անունը հավաքելով կամ QR–կոդի օգնությամբ՝ այդ ալիքներով կարելի է թմրանյութ պատվիրել։

Պատվերի գրանցումից մինչև վաճառք և ապրանքի փոխանցում կազմակերպվում են առցանց․ անհայտ են մնում և՛ վաճառողը, և՛ գնորդը։

Տելեգրամյան ալիքների հասցեներ՝ Երևանի կենտրոնում

2-min-min.jpg
Բժշկական համալսարան
3-min-min.jpg
ԲՊՀ-ի դալան
4-min-min.jpg
Աբովյան փողոց
5-min-min.jpg
Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն
6-min-min (1).jpeg
Չեխովի դպրոցի կողքի պատին

Թմրանյութ գնած անչափահասի մասին պատմել է հայրը. հոր և որդու անունները փոխված են։

Հայկն անչափահաս է` 17 տարեկան։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնից զանգել են ծնողներին, թե եկեք, ձեր տղան այստեղ է։

Հայրը՝ Արմենը, պատմում է․ «Մտածեցի՝ էլի կռիվ է արել, իր իրավունքներն է պաշտպանել կամ դանակ է եղել մոտը։ Գնացի, տեսա… Շոկ էր, չէի սպասում»։

Ոստիկանները Հայկին ձերբակալել են հենց թմրամիջոցը վերցնելու պահին: Հայրն ասում է՝ մայկան ճղված էր. «Փորձել էր փախնել։ Ասի՝ այ էդ ճղված մայկայով ինն ամիս ման կգաս»։

Հայկը և ընկերը թմրանյութ են պատվիրել ու գնացել են Մոնումենտ՝ վերցնելու։

Հարցաքննությունից հետո քննիչն ասել է, որ օրենքով Հայկին պետք է ուղարկեն Կախվածությունների բուժման ազգային կենտրոն՝ ստուգման, բայց քանի որ անչափահաս է, կարող է հրաժարվել։

Քննիչի հարցին՝ «Հրաժարվում ես, չէ՞», Հայկը պատասխանել է՝ այո՛։

Արմենը որդուն ստուգման ուղարկելուն կողմ է եղել, վստահ՝ որ նա թմրանյութ չի օգտագործում, բայց երբ տղան հրաժարվել է, ինքը չի պնդել։ «Վստահությունս դրանից մի քիչ թուլացավ։ Ոստիկաններն էլ մոտեցան, թե տղադ էդ խոտը շալվարի ծալքի տակ էր պահել, հազիվ գտանք»։

Հայկի ծնողները երբեք ոչ մի կասկածելի բան չեն նկատել։ Իմացել են միայն, որ տղան սկսել է դեղին Մալբորո ծխել։ Թմրանյութի մասին չեն մտածել: Հիմա էլ մտածում են, որ գուցե իր համար չի վերցրել։

Կատարվածից հետո է հայրը հասկացել՝ որտեղից է ամեն ինչ սկսվել։

«Ես տղաներիս ամեն օր հազար դրամ էի տալիս՝ ձեռքի փող։ Մի օր մեծ տղաս եկավ, թե՝ կլինի՞ միանգամից մի ամսվա փողը տաս։ Հենց էդ բռնվելու օրը փոքրս էլ նույնն ասաց։ Ես էլ հանեցի երեսուն հազար դրամ տվի՝ չիմանալով, որ ֆինանսավորում եմ թմրանյութ ու Մալբորո առնելը»։

Արմենը մեծ որդու մոտ մարիխուանա տեսակի թմրանյութ է գտել, բայց տղան հորն ասել է՝ վնասակար չէ։ Փոքր որդին էլ գիտեր, որ եղբայրը թմրանյութ է օգտագործում։

«Փոքրը լիքը բաներում նմանակում է մեծին՝ խոսելու ձևը, շարժումները, նույն սիգարետն է առնում ու ծխում»,— ասում է հայրը։

Հոր խոսքով՝ որդին ուղղակի ուզել է փորձել, քանի որ շրջապատում շատերը դրանից են խոսել․ «Մի հետաքրքիր բան էլ կա․ էդ էն քանակով են ծախում, որ քրեականի տակ չգնա, եթե բռնվի, վարչականով պրծնի: Ոստիկանն ասաց՝ կես գրամ է եղել»։

Քննիչը տեղեկացրել է, որ կարող է՝ մինչև 400 հազար դրամ տուգանք վճարելու կարիք լինի։ Հայկը դրանից նեղվել է, հիմա գործ է փնտրում։ Նրա հեռախոսը դեռ ոստիկանների մոտ է։ Տղան հորը պատմել է․ «Տեսել եմ Տելեգրամում, QR կոդը վերցրեցի, գրեցի, իրենք կայք ուղարկեցին ոնց որ թե, հետո էդ կայքով գրեցի, պատասխանեցին, դաժե խոսել եմ հետները ձայնով, հետո պայմանավորվել ենք…»։

«Փողը Telcell-ով փոխանցել է իրենց տված հաշվեհամարին, չգիտի էլ՝ ում։ Հետո տեղը նշել են, թե գնա էստեղից վերցրու, ու լրիվ՝ Տելեգրամով»,— պատմում է հայրը։

Արմենն ասում է՝ ոստիկանները միայն բողոքում են, թե օգտագործողները շատացել են, բայց թմրանյութեր տարածողներին և վաճառողներին չեն բռնում.

«Ինձ թվում է, թե ոստիկաններն են դրել ու հետո բռնել, որ ցույց տան՝ գործ են անում։ Թե չէ, հո պատահական էդ կողմերում չէին, տեսան, բռնեցին։ Ինձ հետաքրքիր է, թե ոնց են իմացել ու բռնել»,— ասում է Արմենը։

Գրություն.jpeg

Երևանում կան բակեր, որտեղ, բնակիչների խոսքով, թմրանյութ է իրացվում։ Այդ բակերից մեկը Կոմիտաս 63 հասցեում է։ Ասում են՝ օրվա տարբեր ժամերի անծանոթ մարդիկ են գալիս, ու հայտնի չէ՝ ինչու, փորում են հողը։

Բակի շենքերից մեկի պատին տելեգրամյան ալիքի հասցե կա։ Բակում նաև մանկապարտեզ կա, որի տարածքում հողը տեղ-տեղ փորված է, գետնին կաթուցիչներ են գցված։

Բողոքներից հետո գնացել էինք այդ բակ։ «Նարկոտի՞կ եք ման գալիս»,— հարցնում է մեզ մոտեցած մի տղամարդ։ Մեր բացասական պատասխանից հետո ավելացնում է․ «Դրանց հերը պիտի անիծել»։ Մոտենում է մեկ ուրիշը, ներկայանում է՝ Հակոբ, ու հետաքրքրվում, թե ինչ ենք անում։ Ասում ենք, որ լրագրող ենք, ունենք տեղեկություն, որ այս բակում ինչ-որ մարդիկ թմրանյութ են փոխանցում իրար։ Հակոբը պատմեց, որ հատկապես առավոտներն են իրենց բակում անծանոթներ հայտնվում։ Հավաքված բնակիչներն ասում էին, որ պետք է տեսախցիկ տեղադրել ու հետևել, թե ով է մտնում բակ ու դուրս գալիս։

Տելեգրամյան ալիքները նպաստում են անչափահասների շրջանում թմրանյութերի տարածմանը։ Դրանց միջոցով նաև նկարներով կարելի է գտնել թաքցված թմրանյութը։

2018 թվականին Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում՝ ԿԲԱԿ-ում, հաշվառվել է 16-17 տարեկան 6, 2019թ.՝ 8 տղա։ Յոթը եղել է 16-17, մեկը՝ մինչև 14 տարեկան։ 2020 թվականին հաշվառվել է 6 տղա, 2021թ․՝ 6 անչափահաս՝ 5 տղա և մեկ 15 տարեկան աղջիկ։ 2022-ին կենտրոնում հաշվառված է եղել 6 անչափահաս․ 5 տղա և 1 աղջիկ։ Նույն ժամանակահատվածում խորհրդատվության նպատակով կենտրոն է դիմել հինգ անչափահաս՝ առանց անձը հաստատող փաստաթղթի։ Այդ ընթացքում բուժման նպատակով «ԿԲԱԿ» ՓԲԸ անչափահաս չի դիմել։

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանի խոսքով, թմրանյութերից կախվածությունը խրոնիկական հիվանդություն է, ու պետք է համադրել դեղորայքային բուժումն ու հոգեբանականը։

«Թմրանյութ օգտագործողների թիվը գնալով շատանում ու երիտասարդանում է»,— ասում է Նազինյանը։ «Անչափահասների ու մեծահասակների բուժման միջև էական տարբերությունը, իհարկե, դեղորայքն է։ Եվ, բնականաբար, անչափահասների հետ շատ ավելի զգույշ ենք, հատուկ վերաբերմունք ենք ցուցաբերում»։

Նազինյանի խոսքով՝ կենտրոնում ամեն ինչ արվում է, որ բուժառուն ազատվի կախվածությունից ու թմրանյութերին չվերադառնա, բայց «պատմությունները տարբեր են լինում՝ կախված անհատից և շրջապատից»։

ՀՀ գլխավոր դատախազության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածով (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը), հարուցվել է՝ 2019-ին՝ 379 քրեական գործ, 95 գործ ուղարկվել է դատարան՝ 133 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ։

2020-ին՝ 501 քրեական գործ, 104 գործ ուղարկվել է դատարան՝ 149 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ։

2021-ին՝ 485 քրեական գործ, 107 գործ ուղարկվել է դատարան՝ 150 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ։

2022-ի միայն 1-ին կիսամյակում՝ 434 քրեական գործ, 90 գործ ուղարկվել է դատարան՝ 128 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ։ Երկրորդ կիսամյակի տվյալները, ըստ դատախազության, հաշվառված չեն։

ՀՀ գլխավոր դատախազությունը տելեգրամով թմրանյութերի ապօրինի իրացման վերաբերյալ առանձին հաշվառում չի իրականացնում։

Համաձայն դատախազության գործունեության 2022թ. տարեկան զեկույցի, աճել են թմրամիջոցների շրջանառության դեպքերը (2021թ․ 974, 2022թ․ 1717). դրանցից` իրացնելու նպատակով (2021թ.` 529, 2022թ․՝ 1031):

«Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունում 2022թ․ հունվարի 1-ի դրությամբ «թմրամոլ» ախտորոշմամբ հաշվառված է եղել 7570 անձ, 2021թ․ հունվարի 1-ի դրությամբ՝ 7392, 2020թ․ հունվարի 1-ի դրությամբ' 7209, 2019թ․ հունվարի 1-ի դրությամբ՝ 6951, 2018թ․ հունվարի 1-ի դրությամբ՝ 6572:

Հաշվի առնելով բուժում ստացած անձանց հաշվառումից հանելու հանգամանքը` կարելի է արձանագրել, որ վերջին 5 տարում թմրամոլ անձանց թվի կայուն աճ է գրանցվել։

Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարող «Միասին կարող ենք» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Երեմյանը նշում է, որ համագործակցելով իրավապահ համակարգի հետ, հետևում են թմրանյութերի օնլայն խանութների գործունեությանը, որոնց թիվը, նույնպես անընդհատ աճում է։ Ռուզաննա Երեմյանի խոսքով՝ մինչև 2018-ը թմրանյութերի բիզնեսը ավելի «թափանցիկ» էր։

«Կոնկրետ թաղերով գիտեինք՝ ով է վաճառում, ինչքան։ Իրենք մտան համացանց, բախվեցինք լուրջ խնդիրների։ Ոստիկանությունը չի կարող խնդիրը մենակ լուծել, 4 հազար նարկոշոփ վերահսկել, տելեգրամ հարթակն էլ համագործակցության չի գնում»,— ասում է Ռուզաննա Երեմյանը։

Պատկերը կարող էր փոխվել ճիշտ իրազեկման միջոցով, բայց այսօր դրա ուղղությամբ արդյունավետ քայլեր չեն իրականացվում․ «Երբեմն երկու ոստիկան՝ կյանքում աշակերտների հետ չաշխատած, գալիս են դպրոց ու սկսում իրենց 30 տարվա գիտելիքներով ինչ-որ բան սովորեցնել նոր սերնդին։ Հաճախ դա հակառակ էֆեկտ է թողնում․ երեխա կա՝ դրա մասին չգիտի, լսում է ոստիկանին ու մտածում՝ հլը, սպասի, տեսնեմ՝ էս ինչ ա»,— նկատում է Ռուզաննա Երեմյանը։

ՀԿ-ի ղեկավարը դպրոցում թմրանյութ օգտագործելու դեպքերից է պատմում․ «Կաթուցիչը հանել էին դպրոցի զուգարաններից, ու տնօրենը, փոխանակ առաջինը բարձրաձայնի, որ նման միջադեպ է եղել ու խոսի երեխաների ծնողների հետ, կոծկել էր»։

Ռուզաննա Երեմյանը հիշեցնում է, որ կախվածությունը ժառանգաբար փոխանցվող հիվանդություն է ու մի քանի դիտարկում է անում․ «Ծնողը հաճախ նախընտրում է գաղտնի հանձնել թեստը՝ առանց գրանցվելու։ Վճարում է ու հանձնում երեխայի անալիզները, որովհետև էդ երեխան անչափահաս է»։

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնից բացի, կան խնդրով զբաղվող մասնավոր կլինիկաներ։

Ռուզաննա Երեմյանը պատմում է․ «Այդպիսի մի կլինիկայում 2 տարի առաջ 18 տարեկան աղջիկը մահացել էր գերդոզավորումից։ Հորն ասացի՝ արի մամուլի ասուլիս հրավիրենք, որպես էդ խնդիրը ունեցող երեխայի ծնող՝ պատմի էս դժբախտության մասին։ Ասաց՝ գամ, պատմեմ, բայց հետո կգնամ՝ ինքնասպան կլինեմ։ Հարևանները գիտեին, թե սրտի խնդիր է ունեցել երեխան։ Եթե բոլորս չվախենանք ու խոսենք խնդրի մասին գուցե մի օր կարողանանք դա լուծել»,— ասում է Ռուզաննա Երեմյանը։

Երևանում դպրոցականների շրջանում թմրանյութերի տարածվածության մասին զրուցել ենք քաղաքապետարանի կրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանի հետ։ Նա ասում է՝ իր կարճատև պաշտոնավարման ընթացքում՝ վերջին մեկ տարում, չի լսել, որ մայրաքաղաքի որևէ դպրոցում թմրանյութ օգտագործելու դեպք գրանցվի։ Պաշտոնական ինֆորմացիա նման դեպքերի վերաբերյալ չկա, բայց դրանց հավանականությունը Մարգարիտա Խաչատրյանը չի բացառում։ Նկատում է՝ աշակերտների և ուսուցիչների միջև տարիքային տարբերությունը հաճախ թույլ չի տալիս, որ ուսուցիչները պատկերացում ունենան նման վտանգների մասին։

Դպրոցների պատերին հայտնվող տելեգրամյան հասցեների մասին քաղաքապետարանի պաշտոնյան տեղյակ է․ պատահում է՝ ահազանգում են, պատահում է՝ իրենք են նկատում և տեղում մաքրում։ Բայց դա, նրա բնորոշմամբ, դրվագային լուծում է։

«Փոքր հրդեհը տեսանք, հանգցնում ենք, բայց որ հատուկ շրջենք, տեսնենք՝ որտեղ ինչ կա, ու վերացնենք, դա արդեն մեր լիազորությունների ու ռեսուրսների շրջանակում չէ»,— ասում է Մարգարիտ Խաչատրյանը։

ՀՀ ներքին գործերի նախարարությունից մեզ հայտնեցին, որ 2018 և 2020 թվականներին անչափահասների կողմից թմրամիջոց օգտագործելու դեպք չի արձանագրվել, 2019-ին արձանագրվել է 3 դեպք, 2021-ին՝ 2, իսկ 2022-ին՝ 3 դեպք:

Անչափահասների շրջանում թմրամիջոցներ օգտագործելու համար վարչական պատասխանատվություն կիրառելու դեպքերը՝ 2018-2022թթ․

Բոլոր անչափահասները արական սեռի են։

Անչափահասների շրջանում տարածված են հատկապես ամֆետամին տեսակի թմրամիջոցները, որոնք հոգեխթանիչ են. կարճ ժամանակում առաջացնում են կախվածություն։

Չնայած անչափահասների շրջանում թմրանյութերի տարածումը կանխարգելող պատկան մարմինների աշխատանքներին, դրանց շրջանառությունն օր-օրի աճում է։ Ծնողների անտեղյակությունը, որոշ դեպքերում էլ արձանագրված փաստի հերքումը խնդրի լուծմանը չեն նպաստում, փոխարենը՝ ավելանում են տելեգրամյան հասցեները շենքերի պատերին։

Գլխավոր լուսանկարը՝ Գառնիկ Ստեփանյանի

Հեղինակներ՝

Ուսանողներ

Աշոտ

Ստեփանյան

Ուսանողներ

Մարիամ

Ստեփանյան

Ուսանողներ

Սերինե

Աղաբեկյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան

Դասախոսներ

Տիրայր

Մուրադյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան