Հագուստի արտադրության ներուժն ու խոչընդոտները Հայաստանում
2021 թվականին Հայաստանում մոտ 41 մլրդ դրամի հագուստ է արտադրվել արտադրամասերի կողմից։ Վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ 2020 թվականի համադրելի գներով համեմատությամբ՝ հագուստի արտադրության ծավալներն աճել են 25%-ով։
Հագուստի արտադրությունը ընդհանուր տեքստիլ արդյունաբերության մի ենթաճյուղն է։ Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ Հայաստանում հագուստի արտադրության մասնաբաժինը կազմում է տեքստիլ արդյունաբերության մոտ 90%-ը։ Դա է պատճառը, որ Հայաստանում տեքստիլի մասին խոսելիս, ինչպես նաև այս հոդվածում, նկատի ունենք մեծամասամբ հենց հագուստի արտադրությունը։
Հագուստի արտադրության ծավալները Հայաստանում վերջին տասը տարվա ընթացքում աստիճանաբար ավելացել են: Եթե 2012 թվականին ընթացիկ գներով Հայաստանում արտադրվել է ընդամենը 5 միլիարդ դրամի հագուստ, ապա 2021-ին՝ ութ անգամ ավելի շատ: 2021 թվականին հագուստի արտադրության տեսակարար կշիռը Հայաստանի մշակող արդյունաբերության մեջ կազմել է 2.7%:
2021 թվականին, բացի հագուստը, արտադրվել են մոտ 2 մլրդ դրամի մանածագործական իրեր։
Միևնույն ժամանակ, Հայաստանը շարունակում է մեծ քանակությամբ հագուստ ներկրել։ Ըստ փորձագետների՝ ոլորտը զարգանալու մեծ ներուժ ունի, սակայն դեռ բազմաթիվ խոչընդոտներ կան։
Թուրքական հագուստի ներկայությունը, աշխատուժի պակասն ու այլ գործոններ՝ հայկական արտադրության խոչընդոտ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նկատում է, որ Հայաստանում տեքստիլ արտադրության զարգացմանը մշտապես խոչընդոտել է ներկրվող` գլխավորապես թուրքական տեքստիլը։
«Տարիներ շարունակ թուրքական տեքստիլ արտադրանքը գին-որակ հարաբերակցությամբ գերազանցել է հայկականին ու խոշոր վնաս հասցրել տեղական արտադրողներին»,- նշում է տնտեսագետը։
Թուրքական ապրանքների ներկրման արգելքի մասին կառավարության որոշումը, որը մեկ տարվա ուժ ունեցավ, ըստ Պարսյանի, 2020 թվականին որոշակի դրական ազդեցություն է ունեցել հայկական հագուստի արտադրության վրա։
Մաքսային ծառայության տվյալները վկայում են, որ հագուստի տեսակները Թուրքիայից Հայաստան ներմուծվող ապրանքների կազմում «պատվավոր» առաջին տասնյակում են։
կարդացեք նաև
2021 թվականին, երբ թուրքական ապրանքների ներկրման արգելքը գործում էր, հայաստանյան խանութներում դեռևս կարելի էր գնել թուրքական հագուստ։ Վաճառողները պնդում էին, որ դրանք նախկինում ներկրվածներն են, սակայն, ըստ Սուրեն Պարսյանի տեղեկությունների, շարունակվել է զարտուղի ճանապարհով ներմուծվել։
«Թուրքական տեքստիլի փոխարինման քաղաքականությունը, ըստ տնտեսագետի, պետք է պահպանվի։ Հայաստանը պետք է տեղում արտադրի, ոչ թե գնի Թուրքիայից։ Կառավարությունը պետք է աջակցություն տրամադրի տեքստիլ արտադրողներին, քանի որ թուրքական ապրանքներն էժան են նաև այն պատճառով, որ էներգակիրներն են էժան»,- ասում է տնտեսագետը։
Հայաստանում գործող «Ջի Տեքս» կտորի արտադրամասը վերջին երկու տարիներին սկսել է ավելի շատ կտոր արտադրել։ Արտադրում են բամբակյա և կիսաբամբակյա կտորեղեն, որը մատակարարում են նաև այլ արտադրողների։ Ընկերությունը հայտնի է նաև կտորե տոպրակների և պայուսակների արտադրությամբ։
Արտադրամասի տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը կարծում է, որ հիմա, երբ Թուրքիայից ներմուծման արգելքը հանվել է, իրենց արտադրանքի նկատմամբ տեղական պահանաջարկը կարող է նվազել։
«Չենք արտահանում կտոր և նպատակ չունենք արտահանելու, քանի որ արտադրամասի տեխնոլոգիան չի բավականացնում կտորի վերջնամշակում ստանալու համար»,- ասում է Խաչատրյանը։
Ըստ նրա՝ այսօր տեքստիլի ոլորտում աշխատուժի լուրջ խնդիր կա, որը ոլորտի զարգացման առաջնային խոչընդոտներից է. «Մանավանդ երիտասարդները չեն հետաքրքրվում տեքստիլի ոլորտով։ Միայն մենք ենք՝ թոշակառուներս»։
Վերջին երկու տարիներին արտադրանքի աճ է գրանցել նաև «Ալեքս տեքստիլ» ընկերությունը։
Ընկերության արտադրության պետ Ժորա Մովսիսյանն ասում է, որ 2020 թվականին 44-օրյա պատերազմն ու համավարակը արտադրության վրա էական վատ ազդեցություն չեն ունեցել։
Ինչ վերաբերում է Թուրքիայից ներկրումների արգելքին, Մովսիսյանը նկատում է, որ ներկրման արգելքը հումքի համար չի գործել, հետևաբար տեղական արտադրողները կարողացել են հումք ներկրել ու այդ առումով չեն տուժել։
«Թուրքական ապրանք ներկրելու արգելքը հիմնականում վատ է ազդել այն տնտեսվարողների վրա, որոնք արդեն պատրաստի իրեր էին ներկրում ու վաճառում։ Մեզ վրա չի ազդել, որովհետև մենք հումքի մեծ մասը ներկրում ենք Ուզբեկստանից»,- ասում է արտադրության պետը։
Տեղի փոքր շուկան նույնպես զարգացման խոչընդոտ է հանդիսանում արտադրողների համար։ Այդ է պատճառը, որ ընկերությունները ձգտում են արտահանման հնարավորություններ ստեղծել։
«Ալեքս տեքստիլ» ընկերությունն իր արտադրանքի միայն 5%-ն է իրացնում ներքին շուկայում։ Ժորա Մովսիսյանը հավաստում է, որ տեղական սպառողական շուկան շատ փոքր է և ի զորու չէ այդքան արտադրանք սպառել։
«Այս պահին մեր հիմնական թիրախային շուկան Ռուսաստանն է»,- նշում է նա։
2021 թվականին Հայաստան է ներմուծվել 149, արտահանվել` 179 մլն դոլարի հագուստ
Հայաստանից արտահանվող հագուստի մի մասը արտասահմանյան պատվերների հիման վրա են։
Մաքսային ծառայության տվյալներով՝ 2021 թվականին Հայաստան է ներմուծվել է 149 մլն դոլարի (շուրջ 75 մլրդ դրամ) պատրաստի հագուստ, որը 2020 թվականի համեմատ աճել է 17.5%-ով:
Մեր ուսումնասիրության համար դիտարկել ենք հագուստ ապրանքախմբին վերաբերող բոլոր տեսակները՝ սկսած գուլպաներից մինչև բաճկոններ։ Դրանք դասակարգվում են մաքսային տարբեր ծածկագրերով, սակայն ընդհանրական պատկեր ստանալու համար գումարվել են բոլորի արժեքները։
Այդպիսով, վերջին հինգ տարիներին ներմուծված հագուստի ամենամեծ ծավալը գրանցվել է 2018 թվականին, ամենափոքրը՝ 2020 թվականին։
2020 թվականի անկումը, ենթադրվում է, պայմանավորված է եղել աշխարհում համավարակի տարածման և տեղական պահանջարկի անկմամբ։ Հաջորդ տարի հագուստի ներմուծման ծավալներն աճել են։
Վերջին տարիներին Հայաստան հագուստ է ներմուծվում մեծամասամբ Թուրքիայից, Ռուսաստանից ու Չինաստանից, ինչպես նաև՝ Իտալիայից, Բանգլադեշից, Վրաստանից, Ֆրանսիայից և այլ երկրներից։
Բացի պատրաստի հագուստից՝ Հայաստանը նաև հումք և հագուստի պարագաներ է ներմուծում, քանի որ արտադրության համար անհրաժեշտ հումքը տեղական շուկան չի բավարարում։ Ներմուծվում են տարատեսակ գործվածքներ, թելեր և պարագաներ։
Տեքստիլի ոլորտում գործող հայկական արտադրամասերի մի մասն աշխատում է հիմնականում արտասահմանից ստացվող պատվերների հիման վրա։ Սա նշանակում է, որ Հայաստանում հագուստի արտադրության ծավալների վրա դրական ազդեցություն են ունեցել ոչ միայն ներքին շուկայի պահանջարկը, թուրքական ապրանքների արգելքը, այլև՝ արտասահմանից ստացվող պատվերները։
Վանաձորում գործող «Գլորիա» կարի ֆաբրիկան մեծամասամբ պատվերներ է ստանում Գերմանիայից և Իտալիայից, որոնց հիման վրա էլ հագուստ է արտադրում ու արտահանում նշված երկրներ:
Եվրոպայից պատվերներ ստացող արտադրամասերի համար 2021 թվականից նոր խոչընդոտներ են ի հայտ եկել։ 2022 թվականից Հայաստանում արտադրված ապրանքները այլևս չեն կարողանալու արտոնյալ պայմաններով մուտք գործել Եվրամիության երկրներ: Հայաստանը զրկվում է դեպի ԵՄ արտահանման Արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP+):
2009 թվականից սկսած այս համակարգի շրջանակներում հայկական ապրանքները Եվրամիություն են մուտք գործել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով: Եվ հիմա, երբ այդ հնարավորությունը վերանում է, որոշ արտադրողներ, ինչպես Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան, հարվածի տակ են հայտնվում:
«Գլորիայի» սեփականատեր ու տնօրեն Բագրատ Դարբինյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ չի ցանկանում մանրամասնել, թե ինչ վիճակում է այսօր կարի ֆաբրիկան և արդյոք խնդրին դիմակայելու լուծումներ գտել է։
Այդպիսով, Հայաստանը ոչ միայն ներկրում է հագուստ, այլև՝ արտահանում։
Արտահանման առաջատար շուկաներն են Ռուսաստանը, Իտալիան, և Գերմանիան, այլ երկրների թվում են՝ Ֆրանսիան, Չեխիան, Լեհաստանն, ԱՄՆ-ն, Վրաստանը, Էստոնիան և այլն։
2021 թվականին Հայաստանից արտահանվել է 179 մլն դոլարի (շուրջ 90 մլրդ դրամ) հագուստ, որը 2020-ի համեմատ աճել է 38%-ով։
Էկոնոմիկայի նախարարությունից ստացված տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանից արտահանված հագուստի առնվազն կեսը արտասահմանից ստացվող պատվերների հիման վրա են, որոնց համար անհրաժեշտ հումքն ու պարագաները ևս ստացվում են դրսից։
Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ Հայաստանի տեքստիլի և հագուստի արտադրության ոլորտում ներկայում ներգրավված է 201 ձեռնարկություն, որոնց թիվը շարունակաբար աճում է 2012 թվականից:
2020 թվականի տվյալներով՝ ոլորտում աշխատել է ավելի քան 8 հազար մարդ, որը 1.5 անգամ ավելի շատ է, քան 2017 թվականին։
«Տեքստիլի և հագուստի արդյունաբերությունը արտահանմանն ուղղված 11 ռազմավարական ոլորտներից մեկն է և հանդիսանում է երկրում զբաղվածության կարևոր աղբյուր: Ոլորտն այսօր ունի զարգացման բարձր ներուժ, ուստի նախարարությունը նախատեսում է աջակցման տարաբնույթ գործիքակազմով խթանել ոլորտի զարգացումը»,- Հետք Մեդիա Գործարանի հարցմանն ի պատասխան նշել են նախարարությունից:
Հարցին, թե ինչպես է պատրաստվում կառավարությունը խթանել հագուստի արտադրությունը, նախարարությունից պատասխանել են, որ 2022 թվականի հունվարից իրականացնում են Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացման վերլուծություն` խնդիրները վերհանելու և համապատասխան լուծումներ առաջադրելու ուղղությամբ, սակայն ոլորտը խթնելու ծրագիրը դեռևս պատրաստ չէ։
Նախարարության ներկայացուցիչները տեքստիլ ընկերություններ այցերի ընթացքում վերջիններիս մոտ նկատել են սեփական ապրանքանիշը ստեղծելու և զարգացնելու դրական միտում։
Միևնույն ժամանակ, ընկերությունների խնդիրների շարքում առաջնային խնդիր է մնում ոլորտի նեղ մասնագետների՝ կարի օպերատորիների, տեխնոլոգների, նախագծողների և սարքավորումների ինժեներների պակասը։
Հեղինակներ՝
Ուսանողներ
Լուսինե
Գրիգորյան
Ուսանողներ
Լիանա
Խաչատուրյան
Ուսանողներ
Մարգարիտա
Հարությունյան
Ուսանողներ
Հասմիկ
Ստեփանյան
Ուսանողներ
Ռուզաննա
Աբրահամյան
Ուսանողներ
Եվա
Հարությունյան
Դասախոս՝
Դասախոսներ
Սեդա
Հերգնյան