trash
ՏեքստԱպրիլ 3/2024

Աղբը՝ շատ, տուգանվողը՝ քիչ․ ո՞վ պիտի բռնի քաղաքը կեղտոտող ձեռքը

Երևանի փողոցները մաքրելու համար ամեն օր 450 հավաքարար է աշխատանքի դուրս գալիս։ Մարինան նրանցից մեկն է։ Նրան հանդիպեցինք Էրեբունի վարչական շրջանում։ Դժգոհում էր փողոցում թափված աղբից ու մարդկանց փնթիությունից․

«Ամեն օր մաքրում ենք, նույն վիճակն է, ամբողջ փողոցը աղբ է, ծառերի տակը մոխրաման են դարձրել: Նկատողություն, որ անում ենք, ասում են՝ ձեր գործն է, արեք, պարտավոր եք։ Մեր քաղաքն է, սիրում ենք, ամբողջ գիշեր մաքրում ենք։ Լուսադեմին նոր գնում ենք տուն։ Ինչ փորձանք ասես՝ կա․ շներն են հարձակվում, ավտոմեքենաներն են արագ քշում, սովորել ենք, բայց ժողովուրդը չի գնահատում մեր տանջանքը»։

Տոպրակներ, ծխախոտի մնացորդներ, շշեր, թղթեր․ ո՛չ քաղաքը մաքրողների աշխատանքը, ո՛չ օրենքով սահմանված տուգանքները բավարար չեն Երևանը մաքուր պահելու համար։ Տուգանքները, ինչպես հարկն է, չեն կիրառվում, և ոչ ոք աղբը նետող ձեռքը չի բռնում՝ լինի դա մեքենայի ու տան պատուհանից, թե ուղղակի փողոցում։

Օրենքը սահմանում է՝ չնախատեսված վայրում սպառման աղբ թափելու դեպքում նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով տուգանվում է ֆիզիկական, ութսունապատիկի չափով՝ իրավաբանական անձը։ Սահմանվում է նաև ծավալը՝ մինչև մեկ խորանարդ մետր. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրք, հոդված 43․1, մաս 3–րդ։

Երևանի քաղաքապետարանից փորձեցինք պարզել, թե վերջին երեք տարում աղբ թափելու վերաբերյալ քանի արձանագրություն է կազմվել։ Պարզվեց, որ վարչական պատասխանատվության ենթարկված իրավաբանական և ֆիզիկական անձանց միասնական տեղեկատվական բազա այս պահին գոյություն չունի, կատարվում են աշխատանքներ՝ առաջիկայում նման բազա ձևավորելու ուղղությամբ։

Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Միասնական բազան շուտով կստեղծվի, և կիմանանք, թե ինչ արձանագրություններ են կազմվել։ Ուզում ենք ներկայացնել օրենսդրական նախաձեռնություն՝ տուգանքի չափն ավելացնելու վերաբերյալ։ Մենք պարբերաբար լինում ենք վարչական շրջաններում և բնակչությանը հորդորում ենք աղբ թափել միայն դրա համար նախատեսված վայրերում։ Քաղաքի մաքրությունը ապահովելու հարցում մեզ օգնում են պարեկային ծառայությունը և քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումները»։

Երևանի վարչական շրջաններ հարցում ուղարկեցինք՝ պարզելու, թե 2021-2022 թվականներին քանի քաղաքացի է տուգանվել չնախատեսված վայրում աղբ թափելու համար։ Կազմված արձանագրությունների թվային պատկերը՝ ստորև.

Աղյուսակում ներկայացված չէ միայն պատկերը Աջափնյակ վարչական շրջանում։ Տեղեկատվություն ստանալու համար խորհուրդ տվեցին դիմել քաղաքապետարան։ Քաղաքապետարանից ասացին՝ տվյալները ամբողջացված չեն։

Երևանում մաքրության պահպանությանը հետևում է Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայությունը։

Մենք հարցում ուղարկեցինք Ներքին գործերի նախարարություն՝ ճշտելու, թե 2021-2023 թվականներին քանի քաղաքացի է տուգանվել չնախատեսված վայրում աղբ թափելու համար։ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետ Արթուր Անտոնյանը պատասխանեց, որ 2021-2022թթ․ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 43․1 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով վարչական պատասխանատվության ենթարկված անձանց վերաբերյալ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում տվյալներ չկան, իսկ միայն 2023 թվականի հունվար-հոկտեմբերին տուգանվել է ընդամենը երկու անձ՝ 20 000 դրամ։ Փաստորեն, 10 ամսվա ընթացքում Ոստիկանությունը Երևանում բռնացրել է ընդամենը երկու հոգու, որ չնախատեսված վայրում աղբ են թափել։

«Կարծում եմ՝ օրենքին հետևող չկա, անպատժելիության մթնոլորտ է, մարդիկ իրազեկված չեն։ Աղբամանների պակաս կա, ծխախոտի մնացորդները մարդիկ չգիտեն՝ ուր գցեն, շատ քիչ են փոքր աղբարկղերը, այգիներում՝ նույնպես»,- ասում է Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը:

«Քաղաքացիները հավուր պատշաճի տեղեկացված չեն աղբ թափելու հետևանքներին։ Կարծում եմ՝ կարելի է հանրային լսումներով կամ այլ եղանակով մարդկանց իրազեկել։ Տուգանքները կարելի է մեղմել, հատկապես առաջին անգամվա համար։ 5000 դրամ էլ լինի, մարդ անմիջապես կզգաստանա։ Մենք ավելի զգոն ու զգաստ ենք լինում, երբ խնդիրը հասնում է մեր գրպանին։ Կարող է լինել զգուշացում, որ առաջին անգամից հետո տուգանքները կխստացվեն։ Կոնկրետ առաջին անգամի համար սահմանված տուգանքի չափը բավական բարձր է»,- ասում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության նախկին անդամ Սոնա Աղեկյանը:

Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը հակառակ կարծիքն ունի՝ բարձր տուգանքները կօգնեն խնդրի լուծմանը։

«Միշտ կողմնակից եմ եղել, որ չնախատեսված վայրերում աղբ թափելու համար շատ խիստ տուգանքներ սահմանվեն, որովհետև միայն տուգանելով է ստացվում հասարակությանը կրթել: Քաղաքը վերածվել է աղբանոցի։ Կարող ենք ընդունել հազար օրենք, բայց եթե չկա վերահսկողություն, և տուգանքը չի կիրառվում, մենք չենք տեսնում տուգանքի և օրենքի ազդեցությունը։ Եթե ամրագոտիների հարցով մարդկանց չտուգանեին ու սահմանափակվեին միայն օրենք ընդունելով, մարդիկ ամրագոտիներ չէին կապի, չէին զգուշանա։ Մենք վերահսկողության խնդիր ունենք»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լևոն Լևոնյանի կարծիքով՝ հնարավոր չէ անընդհատ վերահսկողություն իրականացնել, հարկավոր է մանկուց երեխաներին սովորեցնել, որ քաղաքն աղտոտել չի կարելի.

«Պետք է երեխաներին օրինակ ծառայենք, աղբ չթափենք։ Աղբ թափող անձանց տուգանքներով կարող ենք վախեցնել, բայց հարկավոր է գիտակցությունը փոխել։ Քաղաքապետարանում աղբի տեսակավորման մրցույթ է անցկացվել, շուտով քաղաքի տարբեր հատվածներում աղբը տեսակավորող աղբամաններ կտեղադրվեն։ Դա ևս կնպաստի քաղաքացիների գիտակցության բարձրացմանը»։

Երևանի ավագանու անդամ մեր զրուցակիցները՝ իշխանությունից, թե ընդդիմությունից, թվարկում են քաղաքը աղբից մաքրելու հնարավոր եղանակները՝ այդպես էլ չնշելով, թե ինչ են իրենք անում, որ ցանկությունները գործողություն դառնան։

Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը վստահեցնում է՝ մինչև տարեվերջ կունենան աղբ թափելու համար կիրառված տուգանքների միասնական բազա: Շուտով կլինի նաև տուգանքների բարձրացում նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը։

Ե՛վ 2023–ի նոյեմբերին՝ մեր առաջին զրույցի ժամանակ, և՛ դրանից չորս ամիս անց՝ 2024-ի մարտին, քաղաքապետարանի պաշտոնյան նույն բանն է ասում՝ շուտով փոփոխություններ են լինելու:

Ինֆոգրաֆիկան՝ Սյուզաննա Օհանյանի

Հեղինակ՝

Ուսանողներ

Միքայել

Սարգսյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան

Դասախոսներ

Տիրայր

Մուրադյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան