Թումանյանի թանգարանը՝ աղբավայր բաց երկնքի տակ
Հովհաննես Թումանյանի թանգարանից քամոտ եղանակին, ուժեղ փոշի է բարձրանում։ Շենքի հարևանությամբ բնակվողները դժգոհում են փոշուց, շինարարական աղբից, որը երկու տարի չի հեռացվում թանգարանի տարածքից։ Թանգարանը Երևանի կենտրոնում է՝ Մոսկովյան 40 հասցեում։
Գլխավոր մասնաշենքը 2023-ի նոյեմբերից կողպված է, իսկ երկրորդը՝ կիսաքանդ վիճակում է։ Թանգարանի ցուցանմուշները անժամկետ «ապաստանել են» այլ թանգարաններում։
Թումանյանի թանգարանի երկրորդ մասնաշենքի վերակառուցման փաստաթղթերում առկա են չհստակեցված կետեր՝ կապված գործընթացի տարբեր փուլերում բացթողումների հետ։

Վերակառուցման ձախողված փորձ
Թումանյանի թանգարանը վերակառուցելու և թանգարան-ինստիտուտ դարձնելու գաղափարը ծնվել է նախորդ տասնամյակում, բայց Թանգարանի տնօրինությունը նախ որոշել է շենքային պայմանները բարելավել՝ սեյսմիկ և կառուցվածքային պահանջներին համապատասխանեցնել և 2019-ին դիմել է ԿԳՄՍ նախարարություն։

Սեյսմիկ փորձաքննությունն իրականացրել է «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ն։ Փորձաքննութան եզրակացությունները ձեռք է բերել նախագծող «Էմ Ջի Դիզայն» ընկերությունը, որն ընտրվել է «Հովհաննես Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված մրցույթի արդյունքում։ Այդ շրջանում թանգարանը բնականոն գործել է։ Նախկին տնօրեն Անի Եղիազարյան ասում է, որ սեյսմիկ ուսումնասիրությունների ընթացքում բանավոր դիմել է նախագծող կազմակերպությանը․
«էդ պատի մի կողմում «Լոռվա ձոր» պատկերն էր, մյուս կողմում՝ պատի ողջ երկայնքով, վերից վար շարված դարակները։ Էդ ժամանակ թանգարանն իր բնական ռիթմով աշխատում էր։ Խնդիրն այն էր, որ «Լոռվա ձոր» պատկերը Թումանյանի աղջկա՝ Թամարի մտահղացումն էր եղել, երբ ինքը դեռ տնօրեն էր։ Իմ խնդրանքն էր եղել, որ եթե հնարավոր է, այդ հատվածի համար այլ ինժեներական լուծումներ գտնեն ու այդ հատվածը պահպանեն»։
Ի սկզբանե՝ նախագծով նախատեսված է եղել շենքի ամրակայում, սակայն նոյեմբերին, քանդման աշխատանքների ընթացքում, պարզվել է, որ պատը հնարավոր չի լինի պահպանել։ Բացի այդ, նախկին տնօրենի խոսքով՝ հաշվարկների ընթացքում պարզվել է, որ ամրակայումը նախատեսվածից ավելի ֆինանսներ է պահանջում, և շենքն ամբողջությամբ քանդելն ու նորից կառուցելն ավելի ձեռնտու կլինի։

Փաստորեն՝ առաջին նախագիծը կազմվել է առանց դարակների պատը ուսումնասիրելու, ու դա էլ դարձել է այս ձգձգումների պատճառը։ Հետք Մեդիա Գործարանը հարցրել է ԿԳՄՍ նախարարությանը, թե ինչո՞ւ պատշաճ ուսումնասիրություն իրականացնելու համար գրադարանի չկազմաքանդվող դարակները չեն հեռացվել, ինչին ի պատասխան նախարարությունից նշել են․
«1-ին նախագիծը կազմելու ժամանակ շենքի տեխնիկական վիճակի եզրակացություն իրականացնելու ժամանակահատվածում Թումանյանի թանգարանը գործում էր և գրությամբ նշված հատվածը հանդիսանում էր Հ. Թումանյանի անձնական գրապահոցի հատվածը, որի ցուցանմուշներն այդ ընթացքում հնարավոր չի եղել տեղաշարժել: Գրապահոցի տեղափոխումը հնարավոր է եղել միայն շինարարական աշխատանքների մեկնարկի ժամանակ»:
Պատճառի մասին չի խոսել նաև նախագծող «Էմ Ջի դիզայն» ընկերությունը։

2023-ի օգոստոսին «Էմ Ջի Դիզայն» ՍՊԸ-ն մշակել է նախագիծ, որն անցել է անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը։ Նախարարությունն իրականացրել է շինկազմակերպության ընտրության մրցույթը․ ընտրվել է «Կիր Քար» ՍՊԸ-ն։ Նախատեսվել է շինաշխատանքներն ավարտել 2026-ին՝ 31 ամսվա ընթացքում։
2023-ի սեպտեմբերին թանգարանում սկսվել են քանդման աշխատանքները։ Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ նոյեմբերին, չկազմաքանդվող դարակները հեռացնելու ընթացքում, բացահայտվել է, որ շենքի հարավարևմտյան պատին տեղադրված երկաթբետոնե միջադիրները (հենասյուները/բալկաները) նոսր են, իսկ որոշ հատվածներում՝ ընդհանրապես բացակայում են։ Դա անհնար է դարձրել նախագծով նախատեսված երկրորդ մասնաշենքի վերակառուցումն ու դրա վրա ևս երկու հարկի ավելացումը։ Քաղաքաշինության կոմիտեի 2023-ի նոյեմբերի 7-ի տեխնիկական եզրակացությունը փաստել է, որ շենքի կառուցվածքների ուժեղացումը նպատակահարմար չէ։ Առաջարկվել է ամբողջությամբ քանդել բոլոր պատերը և «տեղում իրականացնել նոր երկհարկանի շինություն՝ ըստ նախագծային ճարտարապետական սխեմայի»։

Այս փուլից սկսած՝ շինարարական աշխատանքները կասեցվել են, իսկ պետական ֆինանսավորումը՝ զգալիորեն կրճատվել։ «Կիր Քար» ՍՊԸ-ի 2023-ի բյուջեն, որը նախատեսված էր շենքի կառուցման և տեխնիկական ապահովման համար, 191 միլիոն դրամից նվազեցվել է մինչև 20 միլիոն։ Նույն կերպ կրճատվել է նախագծող և հեղինակային հսկողություն իրականացնող «Էմ Ջի Դիզայն» ընկերության բյուջեն՝ 1 միլիոնից դարձել է 120 հազար դրամ։
Շենքի ճակատագիրը՝ սպասման ռեժիմում
ԿԳՄՍ նախարարությունը նախագծող «Էմ ջի դիզայն» ՍՊԸ-ի հետ վերջին պայմանագիրը կնքել է 2024-ի դեկտեմբերի 20-ին՝ 1.3 միլիոն դրամ արժողությամբ։ Դրանով նախատեսվող նախագծահաշվային աշխատանքները պետք է ավարտվեին 2024-ի դեկտեմբերի 30-ին։
Նախարարությունը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ 2025-ի հունվարի 24-ին այդ լրամշակված փաստաթղթերը համալիր փորձաքննության նպատակով ներկայացվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտե։ Կոմիտեում որոշել են, որ չորսհարկանի նոր շենք կառուցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել նոր նախագծման թույլտվություն (թույլտվությունը տրամադրվում է համայնքի ղեկավարի որոշմամբ)։
Այս նպատակով ԿԳՄՍ նախարարությունը դիմել է Երևանի քաղաքապետարան։ 2025-ի մարտի 25-ին տեղի է ունեցել հանդիպում՝ նախարարության, քաղաքապետարանի և թանգարանի ներկա տնօրեն Լուսինե Ղարախանյանի (այս պաշտոնում է 2024-ից մինչ օրս) մասնակցությամբ։ Ղարախանյանն ասում է․
«Քննարկվել է փաստաթղթերի թարմացման հարցը։ Անհրաժեշտություն կար դրանցից որոշները առցանց դարձնել։ Դրանք եղել են փորձաքննությանը, գրանցմանը և այլ հարցերի վերաբերող փաստաթղթեր»։
Նրա խոսքով՝ վերջին անգամ երկրորդ մասնաշենքի տարածք այս տարվա ապրիլին ԿԳՄՍ նախարարության կազմակերպատնտեսական վարչությունից են այցելել։
Նախարարությունից պատասխանեցին՝ իրականացրել են պարզ փորձաքննության մրցույթը, որի հաղթող է ճանաչվել «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ն։ Բայց շինարարությունը դեռևս կասեցված է․
«Վերսկսելու համար անհրաժեշտ է ստանալ նոր շինարարության թույլտվություն, որի համար պետք է իրականացվեն օրենքով սահմանված ընթացակարգերը՝ նոր նախագծման թույլտվության ձեռքբերում, որն արդեն արվել է, նոր պարզ փորձաքննության, նոր ՇՄԱԳ փորձաքննության, համալիր փորձաքննության եզրակացությունների ձեռք բերում, շինարարության թույլտվության ստացում»,— նշեցին նախարարությունից:
Ցուցանմուշներն ու անձնակազմը տարբեր հասցեներում
Հովհաննես Թումանյանի թանգարանն ունի ավելի քան 17 հազար ցուցանմուշ։ Վերանորոգումն սկսելիս դրանք դուրս են բերվել թանգարանից և ըստ պայմանագրերի՝ «վերադառնալու են» 2026-ին։ Ցուցանմուշներից 167-ը, հիմնականում՝ «Վերնատան» գույքը, նախկին տնօրեն Անի Եղիազարյանի ջանքերով ժամանակավորապես տեղափոխվել են «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարան։
Գրքերը տարվել են Մատենադարան, տնտեսական գույքը՝ Ազգային արխիվ, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղ։ Թումանյանի թանգարանի գլխավոր մասնաշենքի նկուղում է այն գույքը, որին խոնավանալու կամ քայքայման վտանգ չի սպառնում ՝ արձաններ, քանդակներ։ Տնօրեն Լուսինե Ղարախանյանն ասում է՝ թանգարանների հետ կնքված պայմանագրերի ժամկետները երկարաձգվելու են մինչև Թումանյանի թանգարանի վերակառուցումն ու հանձնումը։

Ժամանակավոր հյուրընկալություն՝ ձգձգվող ժամկետներով
Թումանյանի թանգարանն այսօր գործում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում։ Այստեղ են կազմակերպվում ցուցադրությունները, այստեղ են աշխատում թանգարանի 18 աշխատակից։

Դավիթ Մաթևոսյանը՝ «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրենը, նշում է, որ 2023-ի օգոստոսին թանգարանի հետ կնքվել է 6-ամսյա պայմանագիր։ Ըստ այդ պայմանագրի՝ թանգարանի գույքի մի մասը անհատույց հանձնվել է իրենց՝ մշակութային կենտրոնին՝ մինչև 2023-ի դեկտեմբերի 31-ը։ Սակայն նախագծման աշխատանքները ձգվել են, տեղափոխությունը դարձել է անհնար, ու երեք-երեք ամսով պայմանագրի ժամկետը երկարեցվել է՝ արդեն նոր տնօրեն Լուսինե Ղարախանյանի ստորագրությամբ։ Մաթևոսյանն ընդգծում է, որ հիմնադրամն էլ է շահագրգռված շինարարության արագ վերսկսմամբ։
Նոր թանգարան՝ հին հույսերով
Բացի երկրորդ մասնաշենքի հետ կապված խնդիրներից, կողպված է թանգարանի՝ ճարտարապետական արժեք համարվող գլխավոր մասնաշենքը, քանի որ այնտեղ էլ նախատեսվում են վերականգնողական աշխատանքներ։ Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ մեր հարցմանն ուղղված պատասխանի՝
«Նախագծով նախատեսված է նաև գոյություն ունեցող համալիրի գլխավոր մասնաշենքի նորոգում։ Շինարարության սկզբից աշխատանքները ծավալվել են դեռևս միայն N2 մասնաշենքում, որտեղ ընթացել են քանդման աշխատանքներ»։

Տնօրեն Լուսինե Ղարախանյանն ասում է, որ շենքի վերջնական կառուցումից հետո նպատակ ունեն թանգարանը վերածելու թանգարան-ինստիտուտի․
«Հիմա սկսել ենք աշխատել թանգարանի կադրերի վրա՝ համալրել աշխատակազմը աստիճան և կոչում ունեցող մասնագետներով, ինչպես նաև ընդլայնել գիտական աշխատանքների ծավալը»։

Թե երբ կավարտվեն շինաշխատանքները Թումանյանի թանգարանում, անորոշ է։ Ակնհայտ է, որ նախատեսված ժամկետը՝ 31 ամիս, չի պահպանվելու, նոր ժամկետներ չեն նշվում։ Ավելին՝ նոր շինկազմակերպության համար դեռ մրցույթ չի անցկացվել։ Հստակ է մեկ բան․ ոլորտի համակարգային խնդիրներից բացի թանգարանի վերակառուցմանն ու գործարկմանը խոչընդոտում են նաև ժամանակին հավուր պատշաճի չարված, անփույթ ուսումնասիրությունները։
Հեղինակ՝
Ուսանողներ
Սեդա
Կյուրեղյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Էդիկ
Բաղդասարյան
Դասախոսներ
Տիրայր
Մուրադյան
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան
Թիմ՝
Թիմ
Հարություն
Մանսուրյան