ՏեքստՓետրվար 13/2023

Մեծ եղեռնի քարտեզը կապ չունի վերջին երկրաշարժերի հետ

Տնտեսագետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Թաթուլ Մանասերյանը փետրվարի 11-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել, որը կեղծ է։

Մանասերյանը միակը չէ, որը սոցցանցում տեղադրել է իրար կից երկու քարտեզները, սակայն նրա հրապարակումը բավականին մեծ արձագանք է ստացել, այդ իսկ պատճառով անդրադառնում ենք հենց Մանասերյանի գրառմանը:

Գրառման մեջ Մանասերյանը նշել է, որ առաջինը «Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի ցնցումների ու ավերածությունների քարտեզն է», իսկ երկրորդը՝ «Հայոց Մեծ Եղեռնի»։

Սքրինշոթ.png
Թաթուլ Մանասերյանի ֆեյսբուքյան հրապարակումը

«Աստծո ճանապարհներն, իրոք, անմեկնելի են»,— գրել է հանրային գործիչը, ինչը ոգևորել է այլ օգտատերերի, որոնք ևս նման մեկնաբանություններ են արել ու Մանասերյանի էջից տարածել են նույն գրառումը։

Իրականում Թաթուլ Մանասերյանի ներկայացրածը «ֆեյք» է:

Քարտեզի նկարները բեռնելով, օրինակ, «Yandex» որոնողական համակարգում՝ տեսնում ենք, որ երկուսն էլ Մեծ եղեռնի ծավալները բնութագրող քարտեզներ են։

Յանդեքսի սքրինշոթ.png
«Yandex»-ի որոնման արդյունքները

Թաթուլ Մանասերյանի տեղադրած առաջին քարտեզում ռուսերեն գրություններ կան, սակայն օրիգինալ տարբերակը հայերեն նշումներով քարտեզն է։ Մանասերյանի տարածած տարբերակում նշումների հատվածը մասամբ կտրված է (տես ստորև՝ քարտեզի ներքևի աջ մասում):

Ընդգծված քարտեզ.png

Բնօրինակում՝ հայերեն նշումներով քարտեզում (Մեծ եղեռնի սխեմատիկ քարտեզ), կարելի է տեսնել, թե ինչ են նշանակում մեծ ու փոքր կարմիր շրջանակները: Դրանց չափերը համեմատական են Մեծ եղեռնի ժամանակ սպանվածների ու բռնագաղթածների քանակին:

Բնօրինակ քարտեզ.png

Վերը ցուցադրված քարտեզն առկա է համացանցում, սակայն այն կարելի է գտնել նաև Հայկական սովետական հանրագիտարանի 7-րդ հատորում, որը հրատարակվել է 1981-ին: Հենց դա էլ կարող ենք համարել քարտեզի սկզբնաղբյուր:

Մանասերյանի գրառման մեջ ներկայացված երկրորդ քարտեզը նույնպես ցույց է տալիս Մեծ եղեռնի ժամանակ ջարդերի ծավալներն ըստ բնակավայրերի: Այս քարտեզի առումով նրա պնդումը ճիշտ է:

Սակայն այս դեպքում ևս քարտեզին կից նշումները կտրված են, այնինչ օրիգինալը կրկին կարելի է գտնել հետադարձ որոնման միջոցով: Անգլերեն նշումներով քարտեզն առկա է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում:

4.png

Թանգարան-ինստիտուտի կայքում ասվում է, որ 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության այս քարտեզը կազմվել է «Ամերիկայի Հայկական Ազգային Համագումարի» (Armenian National Committee of America, ANCA) կողմից, սակայն ANCA-ն իրականում Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն է: Քարտեզը կազմվել է 2004-ին:

Այսպիսով՝ Թաթուլ Մանասերյանի տարածած գրառման մեջ երկու քարտեզներից մեկն ընդհանրապես կապ չունի Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած վերջին երկրաշարժերի հետ, ինչպես նա է պնդել: Թե՛ դա, թե՛ երկրորդը Մեծ եղեռնի քարտեզներ են: Այսինքն՝ դա կեղծ լուր է Հայոց ցեղասպանության, վերջին երկրաշարժերի և աստվածային արդարադատության գոյություն չունեցող աշխարհագրական կապի մասին:

Հեղինակ՝

Ուսանողներ

Սերինե

Աղաբեկյան

Դասախոս՝

Դասախոսներ

Վահե

Սարուխանյան