Արգելքի հակառակ էֆեկտը․ Թուրքիայից ներմուծման ծավալն աճել է
Հայկական շուկան ողողված է թուրքական արտադրանքով՝ սննդից մինչև կենցաղային ապրանքներ։ 2021 թվականին սահմանված թուրքական ապրանքների ներմուծման մեկամյա արգելքը որևէ ազդեցություն կարծես չի ունեցել։ Ավելին՝ դրանից հետո Հայաստանն ավելի շատ թուրքական ապրանք է ներմուծվել։ Ինչո՞ւ տեղական կամ այլ երկրներից ներմուծված ապրանքները չփոխարինեցին թուրքականին, և ինչպե՞ս է թուրքական ապրանքների հոսքը ազդում հայ արտադրողների վրա։ Հետք Մեդիա Գործարանի ուսանողները փորձել են գտնել այս հարցերի պատասխանները։
Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2023 թվականին Թուրքիայից Հայաստան է ներմուծվել մոտ 304 մլն դոլարի ապրանք՝ նախորդ տարվա համեմատ 15%-ով ավելի։
Հայաստան ներկրվող ապրանքների կազմում թուրքական արտադրանքի տեսակարար կշիռը, վերջին տասը տարիներին, բացառությամբ 2021-ի, 3-6%-ի շրջակայքում է եղել։ Այս ցուցանիշով Թուրքիան 4-5-րդ տեղերում է։
Վերջին տասը տարում Թուրքիայից Հայաստան ներմուծման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2023 թվականին, ամենացածրը՝ 2021-ին։ Նվազումը պայմանավորված էր թուրքական ծագման ապրանքների՝ Հայաստան ներմուծման արգելքով՝ սահմանված կառավարության կողմից։
Մեկ տարի անց, սակայն, երբ արգելքը հանվեց, թուրքական ապրանքների հոսքը մեր երկիր ավելի մեծացավ։
Ցամաքային փակ սահմանը չի խանգարել, որ Հայաստանը գրեթե երեք տասնամյակ Թուրքիայից տարատեսակ ապրանքներ ներկրի՝ հիմնականում Վրաստանի տարածքով։
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը իբրև պատասխան՝ Արցախում 44-օրյա պատերազմում Թուրքիայի մասնակցության
Թուրքիայի բացահայտ աջակցությունը Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ժամանակ՝ Հայաստանի կառավարությանը դրդեց ժամանակավորապես արգելել թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան։
Արգելքը գործել է մեկ տարի՝ 2020-ի դեկտեմբերի 31-ից։
Թեև այս արգելքը բնույթով տնտեսական էր, սակայն ուներ առաջին հերթին քաղաքական դրդապատճառ. հրաժարվել առևտրից մի երկրի հետ, որը սպառազինում է թշնամուն։
Հայաստանը Թուրքիայի արտահանման կազմում 1%-ն էլ չի զբաղեցնում, հետևաբար արգելքի հետևանքով թուրքական տնտեսությունը չէր տուժելու։
2016-ի քառօրյայից հետո թուրքական ապրանքների ներմուծումը արգելելու հարցը պարբերաբար եղել է հանրային քննարկման թեմա։ Այն կառավարության որոշում դարձավ միայն 2020-ի հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի օրերին։
2021-ին, ըստ պաշտոնական վիճակագրության, Թուրքիայից Հայաստան ներմուծվել է 73 մլն դոլարի ապրանք։ Հիմնականում՝ հումք, որը օգտագործել են հայկական տեղական արտադրողները։ Դրանց ներմուծումն արգելված չէր։ 2021-ին, 2020-ի համեմատ, ներմուծումը Թուրքիայից նվազել է երեք անգամ։
2022-ից թուրքական ապրանքների ներմուծման արգելքը չերկարաձգվեց։ Ներմուծումը նորից դարձավ ազատ։
Հայկական արտադրանքի բարդ մրցակցությունը թուրքականի հետ
2021-ին, երբ գործում էր թուրքական ապրանքների ներմուծման արգելքը, որոշ հայ արտադրողներ կարողացան օգուտներ քաղել։ Հիգիենիկ պարագաներ արտադրող «Սովթ Պապիրուս» ընկերության տնօրեն Տիգրան Կարապետյանն ասում է, որ այդ ընթացքում իրենց արտադրության և վաճառքի ծավալները ավելացել էին։
«Նախկինում սպառողը գնել է մեծ մասամբ թուրքականը, իսկ արգելքի պայմաններում թուրքական տեսականին պակասել է, և հայկականն են գնել։ Մեր սպառողները, հասկացան, որ հայկական արտադրությունը կարևորել է պետք», - ասում է Տիգրան Կարապետյանը։
Նա նկատում է, որ ներկրման արգելքի պայմաններում ևս թուրքական ապրանք է բերվել Հայաստան, բայց իրենց հաջողվել է արտադրությունն ընդլայնել։
Թուրքիայից ներկրվող ապրանքների արգելքի ժամանակահատվածը հաջորդեց 2020-ին, երբ, համավարակով պայմանավորված, միջազգային առևտրային ճանապարհները դեռ մասամբ փակ էին։ Հումքի ձեռքբերումը այդ ժամանակ արտադրողների համար դարձել էր լուրջ խնդիր։ Սա ստիպել է «Սովթ Պապիրուս» ընկերությանը փոխել բիզնեսի ռազմավարությունը։
«2020-ին մենք օգտվում էինք միայն ռուսական հումքից։ Քովիդի ժամանակ ռուսական գործարաններում պարտաճանաչությունը կաղում էր, և նրանցից կախման մեջ լինելու պատճառով ունեցանք հումքի մեծ պակաս։ Հենց այդ ժամանակ որոշեցինք, որ պետք է դիվերսիֆիկացնենք մեր հումքի ձեռքբերման աղբյուրները։ Արտադրանքի հումքը այսօր ներկրում ենք Չինաստանից, Իրանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, շատ քիչ մաս՝ ԵԱՏՄ շուկայից և մոտ 20%-ը՝ Թուրքիայից», - նշում է «Սովթ Պապիրուսի» տնօրենը։
Չերրի լոլիկներ աճեցնող «Գարդման Արգո» ջերմոցային տնտեսությունը գործունեությունը սկսել է 2021 թվականին՝ թուրքական ապրանքների ներկրման արգելքի ժամանակ։ Տնօրեն Հայկ Մաղաքյանը համեմատում է բիզնեսի վիճակը այդ ժամանակ և այսօր։
«Երբ արգելքը կար և ձմեռ էր, մրցակցությունը միայն տեղական շուկայում էր։ Դա հնարավորություն էր տալիս ձմռան ծախսերը (գազ, հոսանք և այլն) լիարժեք կոմպենսացնել ապրանքի գնով։ Երբ թուրքական ապրանքների ներկրման արգելքը վերացավ, դրանց գների պատճառով շահույթ ձևավորելը և տնտեսության ծախսերը հոգալը դժվարացան»։
Հայկ Մաղաքյանը մտավախություն ունի, որ նման պայմաններում շատ ջերմոցներ, գուցե նաև իրենցը, հայտնվեն փակվելու վտանգի առաջ, քանի որ դժվար է մրցակցել թուրքական ապրանքի հետ։
Հայաստանը մեծ քանակությամբ լոլիկ է ներկրում Թուրքիայից, որտեղ ապրանքի ինքնարժեքը շատ ավելի ցածր է, քան Հայաստանում: Դրան նպաստում են կլիման, էներգակիրների էժանությունը, պետական սուբսիդավորումները, արտադրական մեծ ծավալները։ Բացի այդ, Թուրքիայի տեղական արտադրողները պետությունից աջակցություն են ստանում արտահանման սուբսիդավորման տեսքով։
«Արդյունքում, ապրանքները, որոնք հասնում են Հայաստան ու վաճառվում այստեղ, տեղական արտադրողի՝ շահույթ ստանալու բոլոր հույսերն ու հիմքերը կտրում, վերացնում են», - նշում է «Գարդման Արգոյի» տնօրենը։
Դեռ 2021-ի արգելքից առաջ «Լենտեքս» ընկերությունը ջանքեր է գործադրել հայկական շուկայում թուրքական տեքստիլի հետ մրցակցելու համար։ Նրանք փորձել են գին-որակ հարաբերակցությամբ հավասարվել և հնարավորության դեպքում՝ գերազանցել թուրքականին։
«Թուրքական ապրանքների արգելքը նպաստեց դրան։ Տեղական արտադրողները մի քանի անգամ նկատելի բարձրացրին իրենց ցուցանիշները», - ասում է ընկերության վաճառքի բաժնի տնօրեն Ազգանուշ Վարդանյանը։
Արգելքը գործելու ընթացքում որոշ հայ արտադրողներ իրենց արտադրությունն ընդլայնել են, բայց թուրքական ապրանքները մեր շուկայից դուրս չեն եկել։ Դրանց պահանջարկը կա նաև այսօր, ինչը դժվար մրցակցություն է ստեղծում տեղական արտադրանքի համար։
Գին-որակ հարաբերակցությամբ հաղթում է թուրքականը
Տնտեսագետ Արմեն Քթոյանը նկատում է, որ թուրքական ապրանքը գին-որակ չափանիշներով հաճախ հաղթում է հայկականին։
Հայկական մրցակցային շուկայում կան նաև ռուսական և չինական ապրանքներ, սակայն թուրքականի դիրքերն ավելի ամուր են։
«Թուրքիան մեծ տնտեսություն ունի, կարողանում է մասշտաբ ապահովել և դրա հաշվին ունենալ ցածր ինքնարժեք», - ասում է Արմեն Քթոյանը։
Տնտեսագետի գնահատմամբ՝ մեկամյա արգելքը թեպետ նկատելիորեն կրճատեց թուրքական արտադրանքի ներկրման ծավալը, սակայն ժամանակը շատ քիչ էր տեղական արտադրության ծավալը մեծացնելու համար։
«Ներմուծվող թուրքական ապրանքների մի մասը փոխարինվեց ներմուծմամբ այլ ուղղություններով։ Օրինակ՝ Իրանից կամ Ռուսաստանից ներմուծումը դարձավ բավականին ձեռնտու, նաև՝ ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված։ Այսինքն, մի ուղղությամբ ներմուծում չունենալը դեռ չի նշանակում, որ արտադրությունը պետք է զարգանա, դա ընդամենը մեկ նախադրյալ է։ Անհրաժեշտ են շատ այլ նախադրյալներ, որոնք, ըստ էության, առկա չեն եղել», - նկատում է տնտեսագետը։
Որպեսզի հայկական արտադրանքը կարողանա մրցակցել թուրքական և առհասարակ՝ ներմուծված արտադրանքի հետ, ըստ Արմեն Քթոյանի, պետությունն ու բիզնեսը պետք է փոխեն իրենց ռազմավարությունը։ Անհրաժեշտ են նոր շուկաներ, նոր տեխնոլոգիական լուծումներ, պետք է փոխել բիզնեսը վարելու մշակույթը և պետություն-բիզնես հարաբերություններում խորքային համագործակցության մեթոդներ կիրառել։
Արտադրողներն էլ պետական աջակցություն են ակնկալում։
«Գարդման Արգո» ջերմոցային տնտեսության ղեկավար Հայկ Մաղաքյանի կարծիքով՝ պետությունը պետք է ծախսատար սեզոններին տեղական արտադրողի համար ներմուծման քվոտաներ սահմանի և սահմանափակի նույնանման արտադրանքի ներկրումը։ Կարող է նաև սահմանել այնպիսի մաքսային համակարգ, որի միջոցով ներմուծված ապրանքի գինը կհավասարեցնի տեղական ապրանքի գնին և կվերացնի անհավասար մրցակցությունը։
Կառավարությունն այս խնդրում իր դիրքորոշումն ունի։ Թուրքական ապրանքների արգելքը չերկարաձգելը Էկոնոմիկայի նախարարությունը պայմանավորեց գնաճով։ Ըստ էության՝ թուրքականին փոխարինելու եկած տեղական ապրանքներն ավելի թանկ էին, այլ երկրներից ներմուծվածները՝ նույնպես։ Այսինքն, թուրքական ապրանքների ներմուծման սահմանափակումը գնաճի է հանգեցնում։
2021-ի վերջին Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրեց, թե թուրքական ապրանքների ներմուծման արգելքը դրական և բացասական ինչպիսի հետևանքներ է ունեցել. «Դրական հետևանքներից են մի շարք նոր հիմնված կամ ընդլայնված արտադրությունները թեթև արդյունաբերության, շինանյութերի և կահույքի արտադրության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում, սակայն էմբարգոյի (արգելքի սահմանում,- հեղ.) գլխավոր բացասական հետևանքը էական ազդեցությունն է գնաճի վրա, ինչը դրսևորվել է հատկապես լայն սպառման մի շարք ապրանքախմբերի պարագայում»։
Նախարարությունը տեղական արտադրողներին առաջարկում է օգտվել արտահանման արտոնյալ պայմաններից և վարկային այն ծրագրերից, որոնցում պետական սուբսիդավորման տարրեր կան։ Սակայն, տվյալները ցույց են տալիս, որ դա խնդիրը չի լուծում։
Այն մնում է արդիական՝ հայկական շուկան ողողված է թուրքական ապրանքներով, իսկ տեղական արտադրողները մրցունակ չեն։
Նավթամթերքից մինչև միրգ-բանջարեղեն. ի՞նչ է Հայաստանը ներկրում Թուրքիայից
Հայաստանը Թուրքիայից ներկրում է 400-500 անուն ապրանք։ 2022 թվականին ներմուծված ապրանքների առաջին տասնյակը գլխավորում է նավթամթերքը (բենզին, նավթ, դիզելային վառելիք, յուղ): Տասնյակում տեղ են գտել նաև հագուստը, տրիկոտաժե պաստառները, ցիտրուսային պտուղները և այլն։
Իսկ Հայաստանից Թուրքիա արտահանվող ապրանքների ծավալը շատ փոքր է։ Մասնավորապես, վերջին 10 տարում, բացառությամբ 2022-ի, Հայաստանից Թուրքիա տարեկան արտահանվել է առավելագույնը 3.7 մլն դոլարի ապրանք։
2022-ին արտահանվել է 61 մլն դոլարի ապրանք, ինչը պայմանավորված էր Հայաստանից Թուրքիա ոսկու արտահանմամբ։
Գլխավոր նկարը՝ Լենա Սահակյանի
Հեղինակներ՝
Ուսանողներ
Մարիա
Խաչատրյան
Ուսանողներ
Լենա
Սահակյան
Դասախոս՝
Դասախոսներ
Սեդա
Հերգնյան