twins
Long ReadՄայիս 12/2023

Զույգագրություն․ մենք՝ ես-ի փոխարեն, և հակառակը

Սկիզբը՝ առաջին դեմքով․ Ջուլիետտա և Մարգարիտա. 19 տարեկան

Երկվորյակների մասին այս պատմությունը սկսեմ ինձնից, չէ, մեզնից։ Ես ու քույրս երկվորյակ ենք։ Երբ նայում եմ քրոջս՝ Մարգարիտայի դեմքին, ինձ եմ տեսնում՝ ասես, հայելու մեջ։ Ամեն ինչով ինձ նման քույր ունենալու հանգամանքը երբեմն նյարդայնացնում է։ Մենք նման ենք արտաքնով, բոլոր լուսանկարներում ունենք նույն հագուստը, նույն սանրվածքը։ Դա ո՛չ ինձ է դուր եկել, ո՛չ քրոջս։

Ջուլիետտան և Մարգարիտան
Ձախից՝ Ջուլիետտան, աջից՝ Մարգարիտան

Արտաքնով իրար կրկնում են միաձու երկվորյակները, որովհետև նրանք ունեն գեների նույն հավաքածուն։ Սա չի ենթադրում, որ երկվորյակները ներաշխարհով ու բնավորությամբ նույնպես պետք է նման լինեն։ Այս դեպքում գեներից բացի, կարևոր է նաև ծնողների և շրջապատի ազդեցությունը: Հոգեբան Տաթևիկ Աբրահամյանն ասում է, որ պարտադիր չէ՝ երկվորյակ երեխաներն ունենան նույն սովորույթները։ Նրանք սերտորեն կապված են իրար, սակայն դիտվում են «մեկ մարմին» շրջապատի ու, մասնավորապես, ծնողների կողմից։ «Ընդհանրապես, պարտադիր չէ, որ երկվորյակ երեխաներն ունենան նույն սանրվածքը կամ միանման հագնվեն»,– նշում է հոգեբանը։ Նրա խոսքով, երկվորյակներից յուրաքանչյուրն անհատականություն է, և մանկուց նրանց մեջ նույն հետաքրքրությունները զարգացնելը, նույն խմբակներ տանելը, միևնույն մարդկանց հետ շփվելը կարող է հոգեբանական խնդիրների պատճառ դառնալ։

Իմ ու քրոջս սենյակն ընդհանուր է։ Ինձ որքան հիշում եմ՝ մեզ համար ընդհանուր է ամեն ինչ՝ անձնական տարածք, հագուստ, պայուսակ, գիրք, բաժակ։ Երկուսս էլ սրանից գոհ չենք։ Ես ու քույրս հաճախ ենք խանգարում իրար։

«Սեփական տարածք» ունենալը ոչ միայն ցանկալի է, այլև պարտադիր։ Ինչպես նշում է Տաթևիկ Աբրահամյանը, առնվազն մեկ գրասեղանի չափով յուրաքանչյուր ոք պետք է ունենա անձնական տարածք։ Ըստ նրա, տարածքի բացակայությունը ոչ միայն խնդրահարույց է երկվորյակ երեխաների մոտ, այլև՝ մյուսների։ Սրա բացակայությունը կարող է հանգեցնել մի շարք հոգեբանական խնդիրների։ «Երկվորյակ երեխաներին առանձին տարածքներ հատկացնելը միայն դրականորեն կարող է ազդել նրանց հոգեկան աշխարհի վրա, քանի որ նրանցից յուրաքանչյուրը կարող է իր տարածքն օգտագործել այնպես, ինչպես ինքն է ցանկանում»,— ասում է հոգեբանը։

Ես ու քույրս մեր ընտանիքի միակ երկվորյակները չենք։ Երկվորյակ դուստրեր ունի նաև հորաքույրս՝ Ռուզաննան։ Նա պատմում է․ «Չգիտեինք, որ երկուսն ենք ունենալու։ Երբ ծնվեց առաջինը, բժիշկս ասաց, որ մեկն էլ կա։ Վախեցա՝ ոնց եմ մեծացնելու երկուսին միասին»։

«Զույգ պտղով հղի կանանց նկատմամբ հղիությունը վարող բժիշկը պետք է առանձնահատուկ ուշադիր լինի։ Զույգ պտղով մեծ մասամբ հղիանում են արհեստական բեղմնավորմամբ, ուստի, անհրաժեշտ է զույգերի մայրիկի հանդեպ լինել առավել ուշադիր՝ հետագա խնդիրներից խուսափելու համար», - ասում է մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Սուվարյանը։ Մասնագետն առանձնացնում է, չնայած ժամանակակից տեխնոլոգիաները զարգացել են և այժմ հնարավոր է պարզել հղիության բոլոր մանրամասները՝ մարտահրավերները գրեթե նույնն են, քանի որ կանայք մեծամասամբ հոգեբանորեն պատրաստ չեն լինում ոչ միայն հղիության ընցաքում, այլև՝ հետծննդաբերական շրջանում։

90-ականներին զույգ երեխաների խնամքը կազմակերպելը կրկնակի բարդ էր, Ռուզաննան էլ՝ անփորձ։ Կեսկատակ ասում է՝ իսկական մարտահրավեր էր։ Բարեբախտաբար, Տաթևն ու Օֆելյան չարաճճի չեն եղել, մայրը կարողացել է երկուսին էլ հավասար խնամել՝ ձեռքով օրորել է մեկի, ոտքով՝ մյուսի օրորոցը։

Օֆելյան և Տաթևը
Աջից՝ Օֆելյան, ձախից՝ Տաթևը

Երկվորյակների անհատականության ձևավորման գործընթացում տարբեր խաղալիքներ, հագուստ, գրքեր գնելուց բացի, ըստ մասնագետի, ընտանիքի ներսում չպետք է երեխաները «բաժանվեն» ծնողների միջև՝ լինելով մայրիկի կամ հայրիկի սիրելին։ «Երկվորյակ երեխաների դաստիարակության գործում կարևոր է հիշել, որ պետք չէ տարբերակված վերաբերմունք ցույց տալ, քանի որ դրանք կարող են դերերի բաժանել երեխաներին»,— ասում է Տաթև Աբրահամյանը։

Օֆելյան հիշում է, որ առաջին անգամ քրոջից բաժանվել է դպրոցում. «Ես բարձր առաջադիմություն ունեի, իսկ Տաթևը քառորդի վերջում հետ էր ընկել ծրագրից, և իրեն իջեցրել էին 3-րդ դասարան»։ Տաթևը եղել է քրոջ պաշտպանը։ «Երբ բակային խաղերի ժամանակ ինձ Օֆիկ էին կանչում, շատ էի նեղվում։ Տաթևն իր անունը սիրում էր, ես՝ չէ։ Համալսարանում էի սովորում, մի օր դիմեցի անձնագրային և դարձա Օֆելյա։ Անունս դրել են տատիկիս պատվին, ես չէի ուզում այլ անուն վերցնել, ուղղակի վերջավորությունն եմ փոխել»։ Օֆելյան բժիշկ է՝ քիթ–կոկորդ–ականջաբան, բնակվում է Ռուսաստանում։ Տաթևը մանկավարժ է։ Երկու տարի առաջ ընտանիքի հետ Արցախից տեղափոխվել է Երևան։

Տաթևը և Օֆելյան 2
Տաթևիկը՝ ձախից և Օֆելյան՝ աջից՝ Ջուլիետտայի և Մարգարիտայի հետ

Երկվորյակների կախվածության տարբեր դրսևորումներ կան։ Հաճախ նրանցից մեկը երկուսի փոխարեն իր վրա է վերցնում արտաքին աշխարհի հետ շփվելու պարտականությունները: Հոգեբան Տաթևիկ Աբրահամյանն ասում է․ «Երբ երկվորյակները անընդհատ միասին են նախադպրոցական տարիքում, սա խնդիրներ, կարծես, չի առաջացնում։ Խնդիրները հայտնվում են, երբ սկսում են հաճախել դպրոց, կամ սկսվում է դեռահասության շրջանը։ Հաճախ երկվորյակները առանց մեկը մյուսի չեն կարողանում շփվել շրջապատի հետ կամ կատարել ինչ-որ գործողություն։ Սա ավելի հասուն տարիքում լուրջ խնդիրների պատճառ կարող է դառնալ»։

Անխախտելի կապ. Էմիլ և Էմիլյա

Երկվորյակներ Էմիլն ու Էմիլյան ապրում են Գեղարքունիքի Վաղաշեն գյուղում, Դուխիկ տատի երեխաներն են։ Դուխիկ Վարդանյանը թերթում է ընտանեկան ալբոմն ու պատմում ամուսնու և 5 երեխաների մասին։ Ալբոմում Էմիլի ու Էմիլյայի նկարները առանձնացված են մյուս երեքի նկարներից։

56.18.png
Էմիլյան ցույց է տալիս ձախից եղբոր, աջից՝ իր լուսանկարը

Էմիլ-Էմիլյա զույգը այսօր 44 տարեկան է։ Ծնվել են 1979 թվականի հունվարի 27-ին։ Անունները վերցրել են «հատուկ գրքից»։ Դուխիկն ասում է, որ այդ գրքում գրանցում էին ժամանակի մոդայիկ անունները։ Հիշում է․ «Ամուսնուս եղբայրը եկավ ծննդատուն ու ասաց, որ անունների գրքում Էմիլ-Էմիլյա անուններն է կարդացել, դրանք պետք է դնենք։ Հակաճառելու մասին չեմ մտածել»։ Էմիլյան ու Էմիլը, դպրոցից սկսած, անընդհատ վիճել են քույրերի և եղբոր հետ։ «Մենք չէինք սիրում, որ սեղանի շուրջ մեզ հետ հաց էին ուտում նաև մյուսները։ Հաճախ միավորվում էինք ու նեղացնում նրանց։ Ընտանիքում աստիճանաբար սովորեցին իմ ու Էմիլի «միությանը»,— հիշում է Էմիլյան։

t 17.00.28.png
Ձախից՝ Էմիլյան, աջից՝ Էմիլը

Էմիլյան դպրոցում եղբոր համար վիճել է նույնիսկ ուսուցիչների հետ։ «Մի անգամ վատ ձեռագրի պատճառով ուսուցիչը Էմիլին պատժել էր։ Էմիլը սկսեց լացել։ Ես էլ լացեցի ու պահանջում էի Էմիլին հանգստացնել, թե չէ ձայնս չեմ կտրի»,— հիշում է Էմիլյան։ Դպրոց ընդունվելիս քույր ու եղբայր հայտնվել են տարբեր դասարաններում, բայց Դուխիկը տնօրենին խնդրել է երեխաներին չբաժանել։ Նկատում է․ «Անգամ բանակում են հաշվի առնում, որ զույգ են, դպրոցում ինչպե՞ս կարելի էր անտեսել»։ Էմիլը մենեջեր է, Էմիլյան՝ մանկավարժ։

Երբ երկվորյակները միասին են, նրանք «հարմարեցված են» միջավայրին։ Բաժանվելուց հետո մեկի մոտ, սովորաբար, առաջանում են կենցաղային, սոցիալական, շփման խնդիրներ՝ նույնիսկ ամենապարզ իրավիճակներում: Ըստ մասնագետի՝ երկվորյակների հետ շփվելիս պետք է շեշտադրել «ես»-ը՝ «մենք»-ի փոխարեն։ Տաթևիկ Աբրահամյան, հոգեբան,— «Պետք է խուսափել ցանկացած դերային բաշխումից, քանի որ դա կարող է հանգեցնել անառողջ հարաբերությունների։ Հասուն տարիքում երկվորյակների կապը ավելի զգայուն է դառնում։ Ավելի շատ են զգում միմյանց հետ շփվելու կարիքը։ Այս կապը կախվածության մեջ է պահում երկուսին էլ, չնայած նրանք ապրում են առանձին կյանքով»։

Հեռավորությունը չբաժանող հանգամանք․ Բաբկեն և Գագիկ

Գագիկը և Բաբկենը 87-ամյա Մովսես Մովսիսյանի երկվորյակ որդիներն են։ Միանգամից երկու որդի ունենալու մասին հայրն իմացել է նրանց ծնվելուց հետո․ երկվորյակների չէին սպասում։ Զույգ զավակներ ունենալը, մի կողմից մեծ երջանկություն է, մյուս կողմից՝ բարդ աշխատանք։ Նրանք հաճախ միասին էին հիվանդանում, բարդություններ էին առաջանում բուժման հետ կապված։ Նաև բարդություններ էին լինում ձմռանը, խնամքի հետ կապված՝ չկային տակդիրներ և լվացքը չորացնող մեքենաներ։ Տան ջեռուցումը վառարանով էր, մեկ սենյակում, ինչը ավելի էր բարդացնում երեխաների տեղաշարժվելը, որպեսզի չայրվեն։ Որպես ծնողներ մենք ունեցել ենք շատ բարդություններ նրանց մեծացնելիս, բայց դա արել ենք սիրով և հպարտությամբ։ Հատկապես շատ ուրախացել ենք, երբ նրանց միանման հագուստներ ենք հագցրել և զբոսանքի տարել։ Բոլորի հայացքները միշտ իրենց վրա էր,ինչից երեխաները շատ ոգևորվում էին, նույնիսկ առաջարկ ենք ստացել նրանց ֆիլմում նկարահանելու։

Բաբկենը հիշում է՝ բոլոր զինվորները իրենց ծնողներին էին նամակ գրում, ինքը՝ եղբորը՝ Գագիկին։ Գագիկն էլ, թե՝ մենք միասին էինք հիվանդանում ու ապաքինվում։

Ընտանեկան և ընկերական միջավայրում եղբայրներին կրճատ «Գագո-Բաբո» են ասել։

babken,gagik,.png
Աջից՝ Գագիկը, ձախից՝ Բաբկենը

Եղբայրները բաժանվել են, երբ Բաբկենը զորակոչվել է բանակ, իսկ հետո մշտական բնակություն հաստատել Գերմանիայում։ Այժմ երկվորյակները 57 տարեկան են։ «Երկար ժամանակ չէինք հարմարվում հեռավորությանն ու բաժանմանը։ Հիմա էլ, երբ ունենք մեր կյանքը, ընտանիքները, էլի միմյանց կարիք ենք զգում»,— ասում է Գագիկը։

Հոգեբան Տաթևիկ Աբրահամյանի խոսքով՝ երկվորյակներին հաճախ պետք է առանձնացնել, որպեսզի փոխադարձ կախվածություն չունենան։ Բայց կյանքի տարբեր փուլերում նրանք վարքագծային տարբեր դրսևորումներ են ունենում։ Ծերության շեմին կախվածությունն ավելի է մեծանում։ «Սովորաբար, պատկառելի տարիքում երկվորյակները զգում են աջակցության կարիք, և եթե նրանք բաժանված են, դա կարող է նույնիսկ ընկճախտի պատճառ դառնալ։ Միասին անցկացրած ժամանակը կարող է օգնել յուրաքանչյուրին՝ հիշելու, որ միայնակ չեն»։

Անհատ դառնալու ճանապարհին. Նելլի և Արևիկ

«Մենք ամեն ինչ ժամով ենք արել՝ թե՛ ուտելը, թե՛ քնելը։ Երկու երեխայի հետ այլ կերպ չես կարող։ Պետք է հստակ իմանաս՝ օրդ ինչպես կազմակերպել»,— պատմում է Ռոզան։ Նա երկվորյակ աղջիկներ ունի։

Երկվորյակների դաստիարակության հարցում, ըստ մասնագետի, կարևոր է հիշել, որ պետք չէ ստիպել երկուսին կատարել նույն գործողությունը։ ««Պետք է երկուսդ գնաք լվացվելու» ասելու փոխարեն ճիշտ է ասել՝ հիմա լվացվելու ժամն է։ Դա երեխաներին կսովորեցնի միմյանցից կախման մեջ չլինեն և կօգնի հետագայում խուսափել խնդիրներից»։

Նելլին ու Արևիկը սովորում են 6-րդ դասարանում։ Նրանցից բացի, դասարանում քույրիկների մի զույգ էլ կա։ Որպեսզի դասընկերներն ու ուսուցիչները աղջիկներին չխառնեն, նրանք դասարանում առանձին են նստում՝ տարբեր նստարանների։

DSC_4048-.png
Ձախից` Նելլին, աջից՝ Արևիկը

Մասնագետի դիտարկմամբ՝ դպրոցահասակ երկվորյակները հատկապես խոցելի են։ Դպրոցն անձի ձևավորման կարևոր փուլ է՝ ընտրում են սիրելի առարկա, մասնագիտություն, նախասիրություն և ծնողները պետք է չազդեն այդ ընտրության վրա՝ կողմնորոշելով երկվորյակներին դեպի նույն մասնագիտությունը, հետաքրքրությունները։ Հոգեբան Տաթևիկ Աբրահամյանն ասում է․ «Գերադասելի է, որ երեխաները դասարանում առանձնանան՝ նստեն տարբեր նստարանների, հաճախեն տարբեր խմբակներ։ Չնայած արտաքին նմանությանը, երեխաները առանձին անհատներ են և կարող են ունենալ տարբեր նախասիրություններ»։

Արևիկն ավելի կազմակերպված է, զիջող։ Նելլին աշխույժ է, ակտիվ ու կամակոր։ Աղջիկների սենյակն ընդհանուր է, բայց սենյակում ամեն մեկն ունի իր տարածքը և իրերը։ Ռոզան ասում է՝ ամեն ինչից երկու հատ ենք գնում։

Երկվորյակ ունենալը, նրա խոսքով, «առավելություն է»՝ երկու երեխա մեծացնում ես միանգամից։

Մայրը պատմում է, որ մանկապարտեզում երկուսին միանման է հագցրել։ Պատահել է՝ աղջիկներին տուն է բերել ու տեսել, որ Նելլիի հագուստը Արևիկին են հագցրել, Արևիկինը՝ Նելլիին։ Մայրն ասում է, որ ծնված ժամանակ երեխաները շատ տարբեր են եղել, բայց մեծանալով այնքան են իրար նմանվել, որ նույնիսկ ինքն է նրանց շփոթել։ «Մի անգամ Նելլին ստիպված երկու անգամ է լվացվել, որովհետև մինչև վերջ վստահ էի, որ Արևիկին եմ առաջինն ուղարկել լվացվելու»,— հիշում է մայրը։

«Ամեն ինչի համար կռվում ենք»,— ասում է Արևիկը։ Նելլին հակառակն է պնդում՝ չենք կռվում։ Արևիկը պարզաբանում է՝ միշտ կռվում ենք, բայց միշտ ես եմ հաշտվում։

Առանց տարբերություն դնելու․ Սոֆի և Լիա

Երկվորյակներից յուրաքանչյուրին պետք է դիմել անունով, ամեն մեկի հետ քննարկել իրեն հուզող հարցերը և տալ հանձնարարություններ: Անթույլատրելի է, որ երկվորյակները հուզական ամուր կապ ունենան ծնողներից միայն մեկի հետ: Ընտանիքի ներսում չպետք է լինի մայրիկի կամ հայրիկի սիրելի, քանի որ «սիրելիի» գոյությունը նշանակում է, որ կա նաև «մերժված»։

Արևիկ Հարությունյանը և Հակոբ Իսրայելյանը երկվորյակներ Սոֆիի և Լիայի ծնողներն են։ Երեխաները 2 տարեկան դեռ չկան։

Արևիկն ասում է՝ աղջիկները նոր են սկսել տարբերել, թե իրենցից ով է Լիան, ով՝ Սոֆին, բայց մեկ-մեկ էլի շփոթում են։ «Հայելու մեջ որ իրենց տեսնում են, մեկին թվում է, թե մյուսն է։ Լիան նայում է հայելուն ու ասում` «Վե, Վե»։ Ինքը Սոֆիին «Վե, Վե» է ասում։

DSC_4215.png
Աջից՝ Սոֆին, ձախից՝ Լիան

Երկվորյակների հայրը՝ Հակոբը, ասում է՝ չի կարողանում կենտրոնանալ երեխաներից միայն մեկի վրա, կիսել սերը․ «Միշտ մեղքի զգացում կա։ Եթե մեկին սիրում ես, մի բան ես սովորեցնում, միանգամից մտածում ես մյուսի մասին»։ Հայրը նկատել է, որ աղջիկների ակտիվությունը փոփոխվում է՝ «մի շաբաթ մեկն է դոմինանտ, հաջորդ շաբաթ՝ մյուսը»։

Հակոբը ծրագրավորող է, ալգորիթմ է կազմել, որ երեխաների գիշերային խնամքն ավելի հեշտ կազմակերպեն։ «Լիային միշտ պառկեցնում ենք մահճակալի ձախ կողմում, Սոֆիին՝ աջ։ Խնդիր առաջացավ այն ժամանակ, երբ հասկացանք, որ Արևը ձախն ու աջը չի տարբերում»,— կատակում է նա։

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ վերջին տասը տարում (2012-2022) յուրաքանչյուր 88-րդ ծննդաբերությամբ երկվորյակ է լույս աշխարհ եկել։

Հեղինակներ՝

Ուսանողներ

Շուշան

Փափազյան

Ուսանողներ

Ջուլիետտա

Հովհաննիսյան

Ուսանողներ

Սվետլանա

Մովսիսյան

Ուսանողներ

Աննա

Հարությունյան

Ուսանողներ

Անահիտ

Սարգսյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Դասախոսներ

Տիրայր

Մուրադյան