ughedzor
ՏեքստՍեպտեմբեր 5/2023

Ուղեձոր. լքված տներով գյուղը

Դատարկված գյուղերի հետքերով հասնում ենք Ուղեձոր: Երևանից 160 կմ հեռու՝ Վայոց ձորի այս գյուղում մշտական բնակչություն չկա 90-ականներից սկսած։ Չորս կողմից արոտավայրերով շրջապատված Ուղեձորում մի քանի խարխուլ տներ են ու 16-րդ դարից պահպանված մի գերեզմանատուն։ Գյուղի անունն առաջացել է ուղիղ և ձոր բառերի միավորումից։ Գարնան վերջից մինչև աշնան կեսերը Զառիթափից, Մալիշկայից և հարևան մյուս գյուղերից մարդիկ գալիս են այստեղ՝ անասնապահությամբ զբաղվելու։

7.jpg

Վիգեն Բայադյանի ընտանիքը Ուղեձոր է եկել Զառիթափից։ Վիգենը գրեթե ամեն օր գնում է սունկ հավաքելու, հավաքածը մայրուղում է վաճառում՝ կիլոգրամը 3000 դրամով։ Մեզ ցույց է տալիս այդ օրվա հավաքածն ու ասում՝ Ուղեձորում կես մետրանոց սնկեր են աճում. «Դեռ չկան, բայց մի ամսից կլինեն»։

5.jpg
Ուղեձորի սարերում աճող սնկերը
6.jpg

Վիգենը, մայրն ու հայրը երեք տասնամյակ՝ ամեն գարնան գալիս են Ուղեձոր։ Ուղեձորում լավ արոտավայրեր կան անասնապահության համար։

Վիգենի մայրը՝ Լուսինեն, ցույց է տալիս դեռ չթոռոմած, խնամքով իրար վրա դարսած ավելուկը՝ առավոտյան է հավաքել։ Կանանցով գնում են մոտակա դաշտերը, ուտելի կանաչիները հավաքում, չորացնում կամ պահածոյացնում են, իսկ ամիսներ անց իրենց հետ տանում են՝ ամեն մեկն իր գյուղ։

4.jpg
Չորացող ավելուկ

Լուսինեն Եղեգնաձորում բանկային գործ է սովորել։ Իր մասնագիտությամբ աշխատանք, բնականաբար, չի գտնել, ամուսնացել է, սկսել անասնապահությամբ զբաղվել։ Ո՛չ Զառիթափում, ո՛չ հարևան գյուղերում աշխատատեղ չկա․ «Անասուն պահելով ենք ապրում՝ կաթը, պանիրը վաճառում ենք, անասունը մորթում»,— ասում է Լուսինեն։ Շաբաթը մի քանի անգամ մեքենա է գալիս, կաթը հավաքում, տանում։ Ասում են՝ անցյալ տարի մեկ լիտրի արժեքը 200-210 դրամ էր, հիմա 150-ով են տանում։

«Ջուր ես առնում, 200 դրամից էժան չի, կաթն ուզում են 150-ով մթերել։ Բա արժե՞ էդքան չարչարանքը, օգուտ ունի՞»,— տրտնջում է 43-ամյա Լուսինե Բայադյանը։

9.jpg
Լուսինե Բայադյանը

Հարևան տանը ապրում են Մխիթարն ու մայրը՝ 73-ամյա Կիման։ Քարուքանդ ճանապարհից են բողոքում։ Մխիթարն ասում է՝ գյուղը մայրուղուն կապող ճանապարհը, մի քիչ կարգի բերելու համար, գյուղացիներով են գումար հավաքել։ Քիչումիչ կարկատել են, որ գոնե գալ-գնալ լինի, թե չէ՝ առաջ նույնիսկ «վիլիս չէր մտնում» Ուղեձոր։

3.jpg
Ձախից՝ Լուսինե Բայադյանը, աջից՝ Կիմա տատը

Կիմա տատը հիշում է, որ տարիներ առաջ մոտ 60 տնտեսություն էր գալիս Ուղեձոր, հիմա հազիվ՝ 18-ը։ Չեն գալիս, որովհետև ապրելու հասարակ պայմաններ չկան. գյուղում գազ չկա, ջուրը միայն ամռան ամիսներին է լինում, բայց շոգից քչանում, ցամաքում է։ Երեկոներն այնքան ցուրտ են, որ նույնիսկ ամռանը վառարան են վառում։ Ձմռանը մայրուղի տանող ճանապարհն ամբողջությամբ փակվում է։

Ուղեձորում շատ դռներ կողպված են, լուսամուտներից ներս երևում է տների հիմանական գույքը՝ երկաթյա ժանգոտած մահճակալները, լամպը, վառարանը, փայտե սեղան-աթոռը։ 30 տարում ո՛չ նոր տուն է կառուցվել, ո՛չ էլ եղածներն են վերանորոգվել։ Նախկինում Ուղեձորում ադրբեջանցիներ են բնակվել։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գնացել են։ Դժվարանցանելի ճանապարհի, տարրական ենթակառուցվածքների բացակայության պատճառով գյուղը չի վերաբնակեցվել։

Ուղեձորի տները տերեր չունեն, բայց ամեն եկող ընտանիք իր տունն ունի։

«Ուղղակի որ սեփական ըլնի, մարդու սիրտը տաք կըլնի իրա տան վրա, իրա տունը կսարքի, կմնա»,— ասում է Լուսնեի ամուսինը՝ Հայկ Բայադյանը։

8.jpg
Հայկ Բայադյանը՝ Ուղեձորի իր տանը

Լուսինեի պատմելով՝ անցած տարի բոլոր եկողների անուն-ազգանունները գրել, ստորագրություններով ներկայացրել են քաղաքապետարան՝ տների սեփականաշնորհման համար։

Դեռ մայիսին Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը մեզ ասաց, որ Ուղեձորում ապրողներ կան, ամեն մեկն իր տունն ունի։ Տները դեռ չեն սեփականաշնորհել, բայց գործընթացն սկսել են։

11.jpg

Վայքի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ Ռոման Մկրտչյանը հաստատեց, որ օգոստոսի վերջի դրությամբ սեփականաշնորհման 20-21 դիմում են ստացել։ Խնդիր ունեն. կադաստրային նախկին քարտեզները թերի են, և իրենք զրոյից պետք է չափագրեն Ուղեձորը։ Այս ամիսների ընթացքում 10 տուն չափագրել են, պլանավորում են մեկ ամսում ավարտել մնացած մասը։ Չափագրումից հետո սեփականաշնորհման իրավունք կտան՝ համաձայն օրենսդրական այն կարգավորման, որով մինչև 2001թ. կառուցված և սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթերը չպահպանած շինությունները և հողամասերը տրվում են այն անձանց, որոնք տիրապետում են դրանց։

«Ուղեձորում՝ առանց սեփականության վկայականների, մարդիկ երեսուն տարի՝ բացառությամբ ձմռան ամիսների, շահագործել են այդ տները։ Թեև սեփականաշնորհման վկայական չունեն, բայց շատերի անձնագրերում՝ որպես գրանցման հասցե, նշված է հենց Ուղեձորի տան հասցեն»,— ասում է Ռոման Մկրտչյանը։

Հարցնում ենք՝ եթե նույն տան սեփականաշնորհման համար երկու քաղաքացի դիմի, վեճն ինչպե՞ս է լուծվելու։

— Այս հարցն ուզելով չէ։ Օրինակ՝ ես, եթե ուզենամ Ուղեձորում տուն վերցնել, չեմ կարողանա։ Իրավական մասից զատ՝ այս հարցը բանավոր էլ է կարգավորվում։ Մարդիկ 30 տարի ապրել են, եթե հարցնում ես՝ սա ո՞ւմ տունն է, ասում են՝ էսինչի տունն է։

— Արցախից տեղահանվածները, եթե ցանկանան, չեն կարողանա՞ տուն ձեռք բերել։

— Այնտեղ ազատ տուն չկա, տները տերեր ունեն։ Եթե սեփականաշնորհումն ավարտելուց հետո մնան ազատ տներ, դրանք կհաշվառվեն համայնքի բալանսում և, ըստ կարիքի, կորոշենք՝ ում հատկացնել։

— Արցախից տեղահանվածներին առաջնահերթություն կտրվի՞։

— Իմ կարծիքով՝ իրենց առաջնահերթություն պետք է տալ, բայց դա իմ կարծիքով։

Առաջին կադաստրային գրանցման աշխատանքները կատարվում են անվճար։

Լոգոներ.png

Նյութում արտահայտված կարծիքները հեղինակային են և կարող են չհամընկնել Հայաստանում ԵՄ գրասենյակի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և DT Global-ի տեսակետների հետ։

Հեղինակներ՝

Ուսանողներ

Անուշ

Մկրտչյան

Ուսանողներ

Ժաննա

Բեքիրյան

Ուսանողներ

Էմիլյա

Հոսյան

Ուսանողներ

Արեն

Նազարյան

Դասախոս՝

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան