Դու էդտեղ՝ կրակի տակ, մենք ու՞ր գնանք
Վարդենիսի կենտրոնում գրեթե մարդ չկա, միայն մեկ–երկու տաքսու վարորդներ են կանգնած։ Ցուրտն ու դատարկությունը մնում են դրսում․ մենք մտնում ենք դեռ բակից մեզ ժպտացող Լիդայենց տուն։ Սկսվում է հաճելի զրույց, ասես տարիներով ծանոթ ենք եղել։ Վառարանի մոտ նստած է Նարեկը՝ Լիդայի որդին: Նա դիրքերից մի ժամ առաջ է իջել, երեք տարի է՝ պայմանագրային զինծառայող է։
Մեր՝ հյուրասենյակ մտնելուց հետո Նարեկը փորձում է դուրս գալ, խուսափում է զրույցից։
Հյուրասենյակ է մտնում Վարդանը՝ Լիդայի ամուսինը։ «Դու կռվող տղա ես, Նարեկ ջան, ինչ կռիվ եղավ՝ մասնակցեցիր, ինչո՞ւ չես ուզում խոսել»,— Նարեկին համոզում է հայրը։
Նարեկը լուռ է, Վարդանն է սկսում պատմել։
2016 թվականին, երբ սկսվեց քառօրյա պատերազմը, Նարեկը ժամկետային զինծառայող էր Արցախում, իսկ զորացրվելուց հետո պայմանագրային ծառայության է անցել։ Ինչ է պատրաստվում անել Նարեկը՝ ծնողները միշտ ուշացումով են իմացել, իրականացնելուց հետո։ Պայմանագրային ծառայության անցնելու մասին էլ չէր տեղեկացրել։ Հայրն ասում է, որ որդին ծառայությունից շատ չի խոսում․ «Ծնողի համար դժվար է տեղյակ չլինելն ու սպասելը, բայց իսկական զինվորականը հենց գաղտնապահ պիտի լինի»։
44-օրյա պատերազմի ժամանակ Նարեկն ու հարևան Սահակը Քարվաճառում են կռվել։ Օմարի ամենաթեժ կետերում են եղել։ Տուն են եկել միայն Օմարի անկումից հետո։ «Երկու ամիս առանց լողանալ, նորմալ հաց ուտել կռվել են, բայց ոչ ոք ոչ մի անգամ գոնե շնորհակալություն չի հայտնել»,— նեղսրտում է Վարդանը։
«Ընկերների դիակներն է հանել մարտի դաշտից։ Ինչեր ասես տեսել է, իր հեռախոսի նկարները նայեք՝ կխելագարվեք»,— պատմում է Վարդանը։ «Նկարները ջնջել եմ, էլ չկան»,— ցածրաձայն միջամտում է Նարեկն ու նորից լռում։ Աչքերը մի կետի հառած՝ ուշադիր լսում է հոր պատմածները։ Ասես իր պատմությունը չէ, որ լսում է, ու ինքն էլ մեզ պես ունկնդիր է։
Լիդան մեզ իր պատրաստած դեղձի, սալորի ու ծիրանի չրերը հյուրասիրելուց հետո միանում է զրույցին։ Ասում է՝ բանակից հետո երկու տարի պայքարում էր, որ որդին նորից ծառայության չանցնի, բայց ապարդյուն։
«Ինչո՞ւ նորից բանակ գնացիր»,— հարցնում եմ Նարեկին։
Լուռ է։ Թեթև կիսաժպիտ կա դեմքին։ Աչքերն ավելի են խոնարհվում։
«Ինքը հայրենասեր մարդ է, առանց ծառայության՝ կյանքը չի պատկերացնում»,— որդու փոխարեն պատասխանում է հայրը։
Նարեկը չի խոսում ո՛չ պատերազմի, ո՛չ իր մասին։ Զգացվում է, որ հոր ասած «հայրենասերն» էլ իր սրտով չէ։
Վարդանը շարունակում է պատմությունը։ Խոսում է արդեն սեպտեմբերի պատերազմից, որը պայթեց հենց իրենց քաղաքում։ Սեպտեմբերի լույս 13-ի գիշերը ամուսինները տանն են եղել, Նարեկը՝ դիրքերում։ Ձայներից վախեցած՝ դուրս են վազել, ու երբ հասկացել են, որ նորից պատերազմ է, միանգամից զանգել են որդուն։ Նա միայն մեկ բան է պահանջել՝ դուրս գալ Վարդենիսից։
«Ես ջղայնացա, ասի՝ դու էդտեղ՝ կրակի տակ, մենք ու՞ր գնանք։ Մինչև վերջ էստեղ ենք մնալու ու ոչ մի տեղ չենք գնալու։ Եթե մեռնելու ենք, հենց էստեղ կմեռնենք, մեր տան մեջ»,— հիշում է Վարդանը։
Պատերազմի օրերին Վարդենիսից դուրս չեն եկել նաև նրանց հարևանները՝ Արթուրն ու Խանումը։ Պատերազմի առաջին գիշերը հարևաները փողոցում են անցկացրել՝ որդիներից լուրի սպասումով, միմյանց սիրտ տալով։
Վարդանը մեզ ուղեկցում է նրանց տուն։
«Ձեր տուն հյուրեր եմ բերել»,— մեզ հետ ներս մտնելով ասում է Վարդանը։ «Շատ լավ ես արել»,— պատասխանում են ամուսիններն ու միանգամից անցնում սուրճի սեղան պատրաստելուն։
Որդիները՝ Սահակն ու Նաիրին, տեղափոխվել են Երևան, աշխատում են։ Սահակը, որը Վարդանի որդի Նարեկի հետ կիսել է պատերազմի դժվարությունները, վերջերս թողել է պայմանագրային ծառայությունը։ Խանումը նեղսրտում է՝ անշնորհակալ գործ է, չի գնահատվում։ «Մարդիկ ասում են՝ կռվել է, իր աշխատանքն է։ Բայց 120 հազար դրամի համար կյանքն էդպես վտանգե՞լ։ Միայն ընտրությունների ժամանակ են հիշում մեզ, որպես գլխաքանակ»,— ասում է մայրը։
Խանումն ու Արթուրը, ինչպես Վարդանն ու Լիդան, Վարդենիսից դուրս գալ չեն պատրաստվում։ Ասում են․ «Մեր հայրենիքն է ախր, ո՞ւր գնանք»։
Մեզ ճանապարհելիս Վարդանն իր այգին է ցույց տալիս։ Ափսոսում է, որ ամռանը չենք եկել։ Խոստանում ենք ամռանն էլ գալ։ Պայմանավորվում ենք՝ կգանք ու կնկարենք ծաղկած այգին։
Լուսանկարները՝ Անուշ Մկրտչյանի
Հեղինակ՝
Ուսանողներ
Արփինե
Հովհաննիսյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Կատյա
Մամյան
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան