vrtanes-bishop-abrahamyan-interview
ՏեքստՆոյեմբեր 3/2023

«Սկզբում մեր սիրտն Արցախի հետ էր, բայց հետո գնաց նյութական գանձերի հետևից». Արցախի թեմի առաջնորդ

Արցախի թեմի հոգևոր առաջնորդները 44-օրյա պատերազմից հետո դուրս են եկել Արցախից: Պարգև Սրբազանը 2020 թվականի նոյեմբերին սրտի կաթված էր ստացել և տեղափոխվել ԱՄՆ՝ վիրահատության: 2021-ի հունվարին թեմի առաջնորդ էր նշանակվել Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Նա էլ շրջափակման հինգերորդ ամսին՝ այս տարվա ապրիլին, եկել էր Երևան՝ վիրահատության, և այլևս չէր կարողացել վերադառնալ: Սեպտեմբերի 19-ի հարձակման, Արցախի շուրջ ճակատագրական զարգացումների մասին Արցախի թեմի առաջին և վերջին հոգևոր առաջնորդները իրար հետ չեն խոսել:

— Սրբազան հայր, Երևան էիք եկել վիրահատության նպատակով։ Հիմա ինչպե՞ս եք:

— Արդեն լավ: Այն, ինչը սպառնում էր առողջությանս, արդեն չկա:

— Տխուր զուգադիպությամբ՝ ծանր պահերին հոգևոր հոտն Արցախում առանց հովիվ է եղել։

— Ոչ, ես այդպես չեմ համարում: Լիարժեք պահպանել եմ կապն իմ թեմի հետ: Արագ ստեղծել էի հանձախումբ, որը կատարում էր իմ հեռակա հանձնարարությունները, իրենք էլ էին տեղում որոշումներ ընդունում և ինձ զեկուցում: Մայիսին արդեն իմ առողջական վիճակը կարգավորվել էր, և ես փորձում էի վերադառնալ: Ինձ խոստացել էին, որ ինչ ճանապարհով դուրս եմ եկել, դրանով էլ վերադառնալու եմ, բայց չստացվեց: Դիմել եմ ռուս խաղաղապահներին, ռուսական դիվանագիտական խողովակներին, Արցախի ղեկավարությանը, Կարմիր խաչին, Մայր Աթոռն էլ ամեն ինչ անում էր, բայց ապարդյուն: Դե, պարզ է՝ որ կողմն էր անհնարին դարձնում:

— Շրջափակման ընթացքում արցախցիները դիմակայում էին հումանիտար ճգնաժամին, և թվում էր՝ էլի կդիմանան, սակայն եղան սեպտեմբերի 19-ը, հայտնի զարգացումները։ Արցախից դուրս գալիս Դուք կանխատեսո՞ւմ էիք այսպիսի ավարտ։

— Մենք մտածում էինք, որ հրաշք տեղի կունենար՝ մեր հայրենիքի դռները կբացվեն, և Արցախը կդառնա լիարժեք: Ցավոք, կամ մեր աղոթքներն էին տկար, կամ էլ մենք իրավունք չունեինք աղոթելու նման հրաշալի հայրենիքի համար: Ոչ թե Արցախն ընկավ, այլ մենք ընկանք։ Արցախը կա, և մենք պետք է ոտքի կանգնենք, ստեղծենք կուռ առաքելություն՝ կարճ ժամանակում հետ բերելու մեր հայրենիքը: Պետք է առաջնահերթ խոստովանենք, որ սխալ ենք եղել, ձախողվել ենք, չենք ունեցել կարևոր առաքելության զգացումը մեր սրտերում:

— Արցախի կորստի վերջին փուլը եղավ հանրապետության լուծարման մասին հրամանագիրը։ Իսկ ո՞րն էր սկիզբը, ե՞րբ եւ ինչպե՞ս սկսվեց Արցախի անկումը:

— Արցախն ազատագրվեց ոչ թե որովհետև այն ժամանակվա ազատագրողներն ավելի խելացի էին, ավելի լավ էին կռվում, այլ պայքարն ազնիվ սիրով էր ողողված։ Աստված էլ տեսավ մարդկանց սրտերը և հաղթանակ տվեց, բայց մարդիկ չգնահատեցին դա, հպարտացան, գոռոզացան: Եվ նրանք, ովքեր ազատագրեցին Արցախը, կառուցեցին ավելի հզոր պարիսպներ ոչ թե մեր հայրենիքի, այլ իրենց առանձնատների համար: Սա էր կործանարարը: Մենք չհասկացանք՝ ինչ հավիտենական գանձի հետ գործ ունեինք: Իսկ Սուրբ գիրքն ասում է՝ որտեղ ձեր գանձն է, այնտեղ ձեր սիրտն է: Սկզբում մեր սիրտը մեր գանձի հետ էր, բայց հետո մեր սիրտը գնաց եսակենտրոն, նյութական գանձերի կողմը: Իսկ այդ ամբողջ 30 տարիների ընթացքում թշնամին հաղթանակի ծրագիր էր մշակում: Մենք չգիտակցեցինք, որ նման հաջողությունը պետության կյանքում կարող է մեկ անգամ լինել, և հաղթանակի դափնին դրեցինք մեր գլխին: Դրա համար Արցախի կորուստը սկսվեց հաղթանակից:

— Տարիների ընթացքում արժեքային անկում ունեցա՞նք:

— Իհարկե: Եթե քեզ տրված նկարելու շնորհն ամբողջապես վերագրում ես քեզ, ամեն ինչ կարող է կորել: Պետք է շնորհակալ լինես և գնահատես՝ որտեղից եկավ այդ հրաշքը:

— Միտումնավո՞ր արվեցին սխալները, թե՞ մոլորություն էր:

— Պատասխանատվություն ունի նաև հոգևորականությունը, որ ժամանակին չբռնեց զավակների ձեռքը, մտավորականությունը, որը կրկին չբռնեց ձեռքը և դարձավ կցորդ ու օգտվեց այդ ճոխ սեղաններից: Սա շարունակվում է մինչև այսօր։

— Դուք դիմել էիք ռուս խաղաղապահներին՝ որ վերահսկեն Արցախի հոգեւոր համալիրները՝ Ադրբեջանի հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար: Արձագանք ստացե՞լ եք:

— Ռուսական կողմը իմ խնդրանքը և մեր եկեղեցիների ու վանքերի ցուցակը փոխացնել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարին։ Նրանք վստահեցրել են, որ համապատասխան ծառայություն կապահովեն, որ դրանք լինեն անվտանգ, չթալանվեն և չպղծվեն:

— Կարելի՞ է ապավինել այդ խոսքին, եթե հաշվի առնենք, որ Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչը վերածվել է մզկիթի, եւ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը պղծել է շատ հոգևոր համալիրներ։

— Անշուշտ, ոչ, բայց մենք որևէ լծակ չունենք: Ես միայն կարող էի խնդրել, մնացածը կարձանագրվի:

— Ի՞նչ են կարողացել իրենց հետ դուրս բերել հոգևորականները վանական համալիրներից:

— Հոգևորականները դուրս են բերել միայն Սուրբ սեղանի վրա եղած սրբությունները, այլ բան անհնարին կլիներ, որովհետև իրենք իրենց ընտանիքների հետ եկել են փոքր մեքենաներով, ուրիշ բան չէին կարող վերցնել:

— Անձամբ Դուք Երեւան գալիս Ձեզ հետ որեւէ սրբություն վերցրե՞լ էիք:

— Ես ուղղակի կարճ ժամկետով գնացել էի վիրահատության, իմ սրտում անգամ նման բանի կասկած չկար: Ես իմ գլխում խենթի հավատքով այնպիսի ծրագրեր էի գծում: Ես կիրակնօրյա դպրոցների ցանց էի ստեղծել, Հայորդաց տներ բացել, թեմապատկան հող էի գնել տնտեսության համար, եկեղեցիներ էի նորոգում, եկեղեցական ռադիոալիք էի բացել: Առհասարակ, Արցախում ոչ մեկը չէր մտածում այս ավարտի մասին, մարդիկ մինչև վերջ տուն էին կառուցում, ես իմ հայրական տունն էի նորոգում։

— Քանի՞ հոգեւորական է եկել Հայաստան, եւ ի՞նչ աստիճաններ ունեն նրանք: Հնարավո՞ր է, որ առաքելությունը շարունակեն տարբեր թեմերում:

— 15 հոգևորական է եկել՝ 2 Հայր սուրբ՝ Գանձասարի և Դադիվանքի վանահայրերը, և քահանաներ: Իրենք, անշուշտ, պետք է իրենց առաքելությունը շարունակեն այլ թեմերում, գործընթացը կարգավորվում է:

— Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ իշխանության և եկեղեցու միջև կա ընդգծված հակասություն։ Եկեղեցին քննադատում է իշխանության գործելակերպը, իշխանությունն էլ մեղադրում է եկեղեցուն քաղաքականությանը խառնվելու համար: Ձեր կարծիքով` կողմերից ո՞րը պետք է ընդառաջ գնա, որ խզումը վերանա։

— Եթե երկիրը փլուզվում է, եկեղեցին ինչպե՞ս կարող է չահազանգել․ թե ինչպես է դա մեկնաբանվում՝ այլ հարց է: Քաղաքականությունն այլ է, եկեղեցու դիրքշորումը՝ այլ: Այդ զգայուն կառույցը՝ եկեղեցին, որը հազարամյակների պատմություն ունի, լավ է զգում վտանգը: Եթե եկեղեցին զգում է վտանգը, դա նույնն է, թե մարդու սիրտը զգա: Եկեղեցին ահազանգ է հնչեցնում, և ոչ թե որևէ իշխանության կամ ինչ-որ թևի սիրում: Ցավոք, եկեղեցին ճիշտ էր. մենք կորցրինք Արցախը: Եվ հիմա նորից է եկեղեցին ահազանգում, որ վտանգված է հայրենիքը: Եթե հոգևոր ես, ուրեմն, պետք է լսես հայրական հորդորը: Աստված մի արասցե, եթե Երևանի վրա հարձակում լինի, քանի՞ ապաստարան ունենք մենք, ի՞նչ ենք կարողանալու անել: Մենք ոչ մի նոր արհավիրքի պատրաստ չենք: Երբ անձրև է գալիս, տաք ենք, չէ՞, հագնում, բայց հիմա մերկ ենք: Ազգը քանի՞ անգամ պետք է ցեղասպանություն ապրի, որ համապարփակ ծրագիր ունենա, քանի՞ պատերազմ պետք է ունենա, որ ապաստարան կառուցի: Մենք մեր անվտանգությունը չենք կարողանում պաշտպանել, սպասում ենք Եվրոպայից կամ Ռուսաստանից մեզ օգնեն: Անգլիական նավերը Արարատը չեն բարձրանում, ոչինչ չի փոխվել:

— Սամվել Շահրամանյանի նշանակումը միանշանակ չէր ընդունվել, այսօր էլ շատ գործիչներ նշում են, որ նոր նախագահի նշանակումը եղավ Ադրբեջանի հարձակման պատճառ։ Անձամբ Դուք ինչպե՞ս եք վերաբերվել նրա նշանակմանը։

— Ես չեմ կիսում այս տեսակետը: Ադրբեջանն ուներ հստակ ծրագիր և հասավ դրան: Կլիներ Սամվել Շահրամանյանը, թե այլ մարդ՝ էական չէ, նույնը կլիներ, եթե նաև իշխանություն չլիներ:

— Նշանակումից հետո խոսե՞լ եք նրա հետ։

— Խոսել եմ արդեն Երևանում, հասկացել եմ, թե ինչ լուր ունի մեր նախկին նախագահներից, որովհետև անկախ ամեն ինչից՝ նրանք մեր խորհրդանիշներն են: Ես ոգևորվեցի, երբ իմացա, որ նախագահներն ասել էին՝ մինչև վերջին հայը դուրս չգա, մենք դուրս չենք գա։ Սա նշանակում է՝ իրենք իրենց բարձունքում էին:

— Մենք անդադար կարող ենք նշել հանգամանքներ, մատնացույց անել մեղավորների, որոնց պատճառով կորցրինք Արցախը։ Բայց, ի վերջո, ովքե՞ր են հիմնական պատասխանատուները, որոնք պետք է կանգնեն դատարանի առջև, որովհետև խոսքը մի ամբողջ հանրապետության լուծարման մասին է:

— Անուններ չկան, բոլորս ենք մեղավոր: Ամեն մարդ իր խղճի առջև է պատասխանատու և պետք է պատասխան տա Աստծո դատաստանի առջև: Սա ավելի դաժան է և հզոր, քան դատարանը: Ով իր առաքելության մեջ չէ, ուրեմն, սատանայի առաքելության մեջ է, եթե ես իմ հոգևորականի դերից շեղվում եմ, ուրեմն, սատանայի առաքելության մեջ եմ, եթե նախագահ եմ, շեղվում եմ՝ ուրեմն սատանայի դերի մեջ եմ:

— Ինչ-որ երաշխիքների դեպքում հնարավոր համարո՞ւմ եք արցախցիների վերադարձն Արցախ եւ կյանքն Ադրբեջանի տիրապետության ներքո:

— Բացառվում է, չկա նման երաշխիք: Թող դա գիտակցեն սպիտակ դրոշով եկող եվրոպացիները, ռուսները: Էլ ի՞նչ է պետք՝ հասկանալու համար, որ դա անհնարին է: Հիմա մարդիկ իրար չեն ներում, ուր մնաց մենք թշնամուն ներենք, որ ինքը՝ քոչվոր, մեզ տեղահան արեց մեր բնօրրանից: Պետք է գնանք մեր հողում իրենց ենթակայությամբ ապրե՞նք: Ես իմ տանը պետք է գլուխս կա՞խ ապրեմ:

— Ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի թեմի պահպանումը: Ի՞նչ ձեւաչափով այն պետք է գործի, եթե հաշվի առնենք, որ թեմի մաս կազմող հոգեւոր կենտրոններն այլեւս թշնամու տիրապետության ներքո են:

— Ես հույս ունեմ և կարծում եմ, որ պետք է պահպանվի: Կպահպանվի այնքանով, որքանով Վեհափառը նպատակահարմար կգտնի:

— Եթե թեմը շարունակի գործել, կարող ենք ասել, որ Դուք վերջին առաջնորդը չեք լինի, այսինքն՝ հետո փոխարինող, շարունակող կունենաք:

— Չեմ կարող ասել, բայց թեմի գոյությունը թույլ կտա ինչ-որ չափով պայքարել մեր հոգևոր ժառանգության պահպանման համար: Հնարավոր է՝ նաև ուխտագնացություններ կազմակերպվեն, պատարագներ մատուցվեն: Ամեն ինչ պետք է փորձենք, որ մեր կարոտը սկզբնական շրջանում այսպես կարողանանք առնել:

— Սրբազան հայր, անփոխարինելի ի՞նչ թողեցինք Արցախում:

— Չկա ավելի մեծ սրբությունը, քան հայրենիքն է: Ամեն ինչ կկառուցենք, նյութական ամեն ինչ կստեղծենք, բայց հոգևոր հայրենիք չենք գտնի: Մենք մեր սրտում չպետք է կորցնենք Արցախը, և արցախցին չպետք է կորցնի իր դիմագիծը, որտեղ էլ լինի:

— Կվերադառնա՞ք Արցախ:

— Հիասթափությունը կործանող երևույթ է: Արցախի հանդեպ սերը չպետք է դադարի, և որքան շատ լինի սերը, այնքան արագ կվերադառնանք: Ազգը պետք է ապագայի ծրագիր ունենա։ Պետք է քաջություն ունենանք, որ մեր հպարտ վիճակից իջնենք, խոնարհվենք ու առաջ գնանք: Արցախ մենք կվերադառնանք սիրով: Արցախը միշտ մնալու է․ իմ սիրտն այդպես է զգում:

Էջմիածնից բացի՝ Վրթանես եպիսկոպոսը հաճախ լինում է Երևանում՝ պատերազմից հետո այստեղ գործող Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում:

«Ես այստեղ համարում եմ, որ Արցախում եմ՝ Հադրութում եմ»,— ասում է Արցախի թեմի առաջնորդը։

Կենտրոնում գործում է մոտ 30 խմբակ՝ գորգագործության, ուլունքագործության, բրուտագործության, ասեղնագործության, ասեղնագործ-գորգի, ազգային գուլպայի, պարի, դհոլի, նկարչության, մաքրամեի, գոբելենի և այլն: Կենտրոնում աշխատում է 18 ուսուցիչ, կենտրոն հաճախում է շուրջ 320 աշակերտ՝ Արցախի տարբեր շրջաններից տեղահանված երեխաներ:

Արցախում կենտրոնը պաշտոնապես սկսել է գործել 1936 թվականին՝ նախկին պիոներիայի տան վերանվանումից հետո: Կենտրոնի մասնաճյուղերում այժմ հիմնականում Հայաստանում ստեղծված աշխատանքներն են․ Հադրութում ստեղծվածները դուրս չեն բերվել։

Հեղինակ՝

Ուսանողներ

Լիլիթ

Գրիգորյան

Դասախոս՝

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան