Երևանը մենք ենք
Ալբերտ Ավագյան, 15 տարեկան
Սովորում է պետական մանկավարժական համալսարանի վարժարանում, աշխատում՝ «Զանգակ» գրատանը, խորհրդատու-վաճառող է։ Հետաքրքրվում է թարգմանությամբ և գրքերով։
Հագուստի տարբերվող ոճը պայմանավորված է ինքնարտահայտման մեծ ցանկությամբ և գույների համադրությունը սիրելով։ Ասում է, որ մեծ դժվարությամբ է ընտրում, թե ինչ է հագնելու։ Ընտրված հագուստն ու գույներն իր տրամադրության արտահայտությունն են. ձգտում է խուսափել մոխրագույնից։
Մարիաննա Մանուկյան, 15 տարեկան
Երաժիշտ է։ Նվագում է ջութակ և կոնտրոբաս։ Նաև երգում է, սովորում Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի առաջին կուրսում։ Պատրաստվում է մեկնել Գերմանիա՝ ուսումը շարունակելու։ Ասում է, որ սիրում է միշտ հագնվել կանացի և գեղեցիկ։
Էլեն Դանիելյան, 19 տարեկան
Սովորում է միաժամանակ Երևանի Պետական Համալսարանում և Հետք Մեդիա Գործարանում։ Ասում է, որ սկսել է կյանքն այլևս չպլանավորել։ «Երբ ասում են էս քարացած արտահայտությունը՝ ես այն չեմ հագնում ինչ նորաոճ ա, այլ այն՝ ինչ ինձ դուր է գալիս, համաձայն չեմ, որովհետև անկախ մարդկանց կամքից էն թրենդները, որ հաստատվում են աշխարհում,հետո՝ արդեն Հայաստանում էլ, դառնում են նորմա»,- ասում է Էլենը։
Ալեքսանդրա Սարոյան, 14 տարեկան
«Այբ» դպրոցի աշակերտ է։ Հետաքրքրված է նկարչությամբ և սիրում է վառ, տրամադրությունը բարձրացնող գույներ։ Սովորաբար ընտրում է այնպիսի հագուստ, որն իր համար և հարմարավետ է, և գունեղ, և հետաքրքիր։
Անի Արզումանյան, 20 տարեկան
Սովորում է Հայ-Ռուսական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Շուտով ավարտում է։ Որպես հումորիստ՝ վարում է տարբեր միջոցառումներ: 5 տարի անց պատկերացնում է, որ կդառնա կայացած հումորիստ-դերասան։ Անին չի համարում, որ իր ոճը տարբերվող է։ Ասում է, որ ամենօրյա հագուստն ընտրելիս՝ կարևորում է, թե որտեղ է գնալու և համապատասխանեցնում է հանդերձանքն այդ վայրին։
Մարիամ Կոսյան, 14 տարեկան
Դպրոցական է։ Հետաքրքրված է նկարչությամբ։ 5 տարի հետո իրեն տեսնում է Հայաստանում՝ կրթությունը շարունակելիս։ Netflix-ի սերիալները դիտելուց հետո է հագուստի նման ոճ ընտրել։ Ասում է, որ ամենօրյա հագուստի ընտրության մեջ դեր է խաղում նաև Pinterest-ը։
Դուգլաս Գալոյան, 17 տարեկան
Սովորում է Գյումրու «Ֆոտոն» վարժարանում։ Շուտով ավարտելու է ավագ դպրոցը։ Պատրաստվում է ընդունվել Հայաստանի Ամերիկյան Համալսարան։ Մոտ ապագայում իրեն տեսնում է ՏՏ ոլորտում, որևէ բեկումնային ծրագրի վրա աշխատելիս՝ որպես նախագծի հեղինակ։ Ասում է, որ հագնում է այն, ինչ ուզում է՝ իր տրամադրությանը համապատասխան։
Ինգա Աբովյան, 20 տարեկան
Գրաֆիկ դիզայներ է։ Սովորում է պոլիտեխնիկական համալսարանի համակարգչային գրաֆիկա բաժնում։ Չորրորդ կուրսի ուսանող է։ Աշխատում է X-Art LLC ընկերությունում և «Պլատինում Ինկ» տպարանում։
Նպատակ ունի բացել դիզայնի դպրոց, որը, համագործակցելով հայկական և միջազգային համալսարանների հետ, կզարգացնի դիզայներական և ստեղծագործական միջավայրը Հայաստանում։
Կարծում է, որ մարդու խառնվածքը մեծ ազդեցություն ունի հագուստի ընտրության հարցում։ Շատ է սիրում ամերիկյան street ոճը, իսկ ամենօրյա հագուստի մեջ առաջնային է համարում հարմարավետությունը։
Մարիամ Թերզյան, 26 տարեկան
Զբաղվում է լուսանկարչությամբ, հատկապես շատ է սիրում վավերագրական լուսանկարչությունը։ Սովորում է Հետք Մեդիա Գործարանում։ Աշխատում է որպես ապրանքի լուսանկարիչ (product photographer)։ Նպատակ ունի դառնալ Magnum-ի կամ NatGeo-ի թղթակից կամ գուցե Հայաստանում որևէ դոկումենտալ լուսանկարչական գործակալության հիմնադիր։ «Ավելի շատ հարմար, քան սիրուն» սկզբունքով է առաջնորդվում։ Սովորաբար հագնում է այդ պահին ձեռքի տակ եղած մաքուր հագուստը, հատուկ ընտրություն չի կատարում։
Օֆելյա Եսայան, 18 տարեկան
Հայաստանի Ամերիկյան Համալսարանի առաջին կուրսի ուսանող է։ Սովորում է բիզնեսի բաժնում։ Ունի նաև շատ այլ նախասիրություններ՝ վիդեո նկարել, լուսանկարել և մշակել դրանք։ Ասում է, որ 5 տարի հետո իրեն տեսնում է նպատակների իրագործման կես ճանապարհն անցած, ներքին անհամաձայնությունները հաղթահարած ու միայն առաջ շարժվելիս։ Հագուստ ընտրելիս՝ չի վախենում ռիսկի դիմել։ Գլխում ունի տարբեր հագուստի համադրություններ, ու երբ ժամանակ է գտնում, փորձում է իրագործել մտքում եղածը։ «Մեկ-մեկ հաջող է ստացվում, մեկ-մեկ՝ տարօրինակ»,- ասում է Օֆելյան։ Ամենօրյա հագուստ ընտրելը նրա համար բարդ գործ է, երբեմն կես ժամից ավել հայելու դիմաց է կանգնում, ինչի արդյունքում ամեն տեղից ուշանում է։
Ռոզի Հայրապետյան, 12 տարեկան
Սովորում է «Արեգնազան» դպրոցում, ցանկանում է մոդել դառնալ։ Երազում է մեկնել ԱՄՆ և սկսել մոդելային կարիերա։
Սուսինա Խաչատրյան, 22 տարեկան
Լրագրող է։ Սովորում է Մանկավարժական համալսարանի հեռուստառադիոլրագրության բաժնի մագիստրատուրայում և Հետք մեդիա գործարանում։ ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հաջողության բանաձև» կրթական հաղորդաշարի լրագրող-հաղորդավարն է։ Ասում է, որ լինում են օրեր, երբ առավոտյան շատ արագ հագնում է այն, ինչ «ընկնում» է ձեռքը, իսկ որոշ օրերի հատուկ ժամանակ է տրամադրում հագուստի ընտրությանը։
Հեղինակ՝
Ուսանողներ
Հայկ
Մանթաշյան
Դասախոս՝
Դասախոսներ
Վահան
Ստեփանյան