Long ReadՀուլիս 28/2021

ԱՀԿ-ն կրկնակի է ներկայացրել Հայաստանում պատվաստվածների թիվը

Armenia-vaccinated-data.png

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել էր տարբեր երկրներում պատվաստված անձանց թիվը՝ հուլիսի 11-ի դրությամբ։ Ըստ այդ տվյալների՝ Հայաստանի բնակչության 8.8 տոկոսը (260 813 մարդ) ստացել էր պատվաստման առնվազն մեկ դեղաչափ, որից 2.4 տոկոսը (69 998 մարդ)՝ երկու դեղաչափ։ Այս տվյալները ԱՀԿ կայքում մնացին մինչև հուլիսի 26-ը։

Նույն օրվա դրությամբ` Առողջապահության նախարարության տվյալներումնշվում էր, որ Հայաստանի բնակչության 4.4 տոկոսն էր (131 080 մարդ) ստացել առնվազն մեկ դեղաչափ, որից 1.2 տոկոսը (36 520 մարդ)` երկրորդ դեղաչափ։

ԱՀԿ թվերը կրկնակի ավել են Հայաստանի առողջապահության նախարարության տվյալներից։ Այսինքն՝ միջազգային հարթակներում տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանի բնակչության 8.8 տոկոսը պատվաստված է։ Ի դեպ՝ այս տվյալները հրապարակվել էին նաև The New York Times-ում և Our World In Data-ում, որտեղից մեզ հայտնեցին, որ նկատել են թվերի անճշտությունն ու ուղղել։

Տվյալների անճշտության պատճառները հասկանալու համար կապ հաստատեցինք Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ։ Կենտրոնական գրասենյակից նախ պատասխանեցին, որ տվյալները ստանում են տարբեր պաշտոնական աղբյուրներից, իսկ կես ժամ անց կրկին գրեցին, որ իրենք նույնպես նկատել են անհամապատասխանություն տվյալների մեջ և կապ են հաստատել Հայաստանի կառավարության հետ` դրանք ճշգրտելու համար։

Փորձեցինք պարզել, թե որն է եղել ԱՀԿ և ԱՆ տվյալների անհամապատասխանության պատճառը։ Հուլիսի 21-ին Առողջապահության նախարարությանը գրավոր հարցրինք, թե ինչու են տեղական տվյալները տարբերվում միջազգայինից։ Նախարարությունից այսօր Հետք Մեդիա Գործարանին պատասխանեցին, որ պահանջված տեղեկատվությունը տրամադրելու համար անհրաժեշտ է լրացուցիչ 30 օր ժամանակ։

Հուլիսի 22-ին ԱՀԿ եվրոպական գրասենյակից նույն հարցին ի պատասխան հայտնեցին, որ պատասխանատու անձը գրասենյակում չէ, և մեզ հետ կապ կհաստատի հաջորդ շաբաթ։

Այսօր ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Անժելա Կժդրյանը գրավոր պատասխանեց. «ԱՀԿ-ն Եվրոպական տարածաշրջանի երկրներից և տարածքներից (այդ թվում՝ Հայաստանից) ԱՀԿ զեկուցվող և Եվրոպական վերահսկողության համակարգի (TESSy) հարթակի միջոցով (The European Surveillance System (TESSy) (europa.eu)) ստացվող տվյալները տեղադրում է ԱՀԿ Vaccine Programme Monitor հարթակում»։

Նշված համակարգում տվյալները մուտքագրվում են՝ հետևելով հստակ կարգավորումների։ Ստացվում է, որ սխալ է մուտքագրվել երեք թիվ. Հայաստանում պատվաստվածների ընդհանուր թիվը, 1 դեղաչափ ստացածների թիվը և 2 դեղաչափ ստացածների թիվը։

«Ցանկացած հայտնաբերված անհամապատասխանության ժամանակ ԱՀԿ-ն խորհրդակցում է տվյալ երկրի հետ և ըստ անհրաժեշտության վերանայում թվերը»,- նշվում է ԱՀԿ պաշտոնական պատասխանում:

ԱՀԿ-ից հարցրել էինք նաև, թե որն է Հայաստանի տվյալների անճշտության պատճառը, ինչին ի պատասխան՝ գրել են. «Ազգային մակարդակում տրամադրվող վիճակագրության հետ անհամապատասխանությունները կարող են առաջանալ մի քանի հնարավոր գործոնների պատճառով, այդ թվում՝ զեկույցի ներկայացման ժամկետի, հաշվարկման վերջնաժամկետի, տվյալների ներառման պարամետրերի, և այլն»։

Թե նշված գործոններից կոնկրետ որն էր Հայաստանում պատվաստումների թիվը կրկնապատկելու պատճառը, այդպես էլ չպարզվեց։ Հայաստանի առողջապահության նախարարությունը երկարացրեց մեր հարցմանը պատասխանելու ժամկետը, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընդհանրական մեկնաբանեց։

Ի դեպ, ԱՀԿ-ն հուլիսի 27-ին թարմացրել է տվյալները, սակայն դրանք նույնպես չեն համապատասխանում Առողջապահության նախարարության՝ հուլիսի 25-ի դրությամբ տվյալներին։ Ըստ ԱՀԿ-ի թարմացված տվյալների՝ Հայաստանում 132 382 մարդ ստացել է պատվաստման առնվազն մեկ դեղաչափ, որից 36 460 մարդ ստացել է երկու դեղաչափ։ Մինչդեռ Առողջապահության նախարարության հուլիսի 25-ի դրությամբ տվյալների համաձայն՝ կատարվել է 152 529 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 108 674, երկրորդ դեղաչափ` 43 855։

Հեղինակներ՝

Ուսանողներ

Հայկ

Մակիյան

Ուսանողներ

Հրանուշ

Դերմոյան

Դասախոս՝

Դասախոսներ

Կատյա

Մամյան