workers_rights
Long ReadՀունիս 22/2021

Մատուցողների անտեսված իրավունքները

Ես 5 տարի Երևանի 3 սրճարաններում աշխատել եմ մատուցող։

2014- ին ընդունվեցի համալսարան։ Ապրում էի վարձով։ Մորս աշխատավարձը չէր հերիքում, որոշեցի աշխատել որպես մատուցող։ Ուսանողներին աշխատանքի ընդունում էին հեշտությամբ։ Սկզբում կարծես թե ամեն ինչ լավ էր։

Մտածում էի՝ շատ փող կաշխատեմ ու կկարողանամ կարիքներս հոգալ։

17 տարեկան էի, Կասկադի փոքր սրճարաններից մեկում ընդունվեցի աշխատանքի։ Հաճախորդների մեծամասնությունն արտասահմանցիներ էին։ Աշխատանքս Ժամավճարով էր և մեկ ժամվա համար ստանում էի 300 դրամ։

Գործի գնում էի սիրով, քանի որ ամսվա վերջում, չնայած ֆիզիկական հոգնածությանը, կարողանում էի ինքս իմ տան վարձը տալ։ Գրանցված աշխատող չեմ եղել։ Դրա մասին չէի էլ մտածել մինչև մայրս ինձ չհարցրեց։ Տնօրենին երկու անգամ դիմեցի ինձ գրանցելու համար, բայց միշտ մի պատճառ գտնում էր ու թեման շրջանցում։ Առաջին անգամ նա ասաց, որ չորս ամսվա փորձաշրջանի մեջ եմ, դրանից հետո կորոշենք։ Մի քանի ամիս հետո ասաց, որ չեն կարող գրանցել, քանի որ ավել հարկ չեն ուզում վճարել։

Թեյավճարը երբեմն շատ էր, երբեմն՝ քիչ։ Թեյավճարը հավաքվում էր մենեջերի մոտ գտնվող տուփի մեջ, իսկ շաբաթվա վերջում յուրաքանչյուրին տրվում էր իրեն հասանելիք գումարը։

Առաջին անգամ անարդարության զգացում ունեցա, երբ ամերիկացի մի տարիքով մարդ 10 հազար դրամ թեյավճար թողեց ու ասաց, որ այդ գումարն իմն է, քանի որ իրեն լավ եմ սպասարկել։ Թեյավճարը գցեցի տուփի մեջ ու այդ ընթացքում մտածում էի, որ դրանից ինձ հասնելու էր ընդամենը 400 դրամ։ Տրամադրությունս ընկավ. անարդար էր։ Օրվա վերջում ինձ տուգանեցին, որովհետև պարզվել էր, որ այդ օրը ես չեմ ժպտացել հաճախորդներին։ Ես իսկապես այդ օրը չէի կարողանում ժպտալ։ Այդ սրճարանում աշխատեցի մոտ 2 տարի ու որոշեցի դուրս գալ՝ հույս ունենալով, որ ուրիշ սրճարանում ավելի լավ կլինի։

Մի քանի ամիս հետո աշխատանքի ընդունվեցի մեկ այլ ռեստորանում։ Այն համարվում էր «պրեստիժ տեղ», քանի որ հաճախորդների մեծ մասն ըստ սեփականատերերի՝ «Էլիտա» էին։

Աշխատավարձս 40 հազար դրամ էր, իսկ թեյավճարը՝ շաբաթական 25 հազար դրամը չէր գերազանցում։ Թեյավճարը նորից բաժանվում էր բոլոր մատուցողների ու մենեջերների միջև։ Աշխատում էի օրական 10 -12 ժամ։

Մատուցողներս չունեինք հանգստի սենյակ, սնունդն ինքներս էինք գնում։ Օրվա ընթացքում ընդմիջման համար նախատեսված էր 15 րոպե։ Ընդմիջման կարող էինք գնալ միայն այն ժամանակ, երբ սրահում շատ քիչ հաճախորդ կար։ Շաբաթվա մեջ միայն մեկ հանգստյան օր ունեինք։ Երբ մատուցողներից որևէ մեկը հիվանդանում էր, ինձ կանչում էին աշխատանքի ու սպառնում, որ եթե չգնամ, կհեռացնեն։ Մեզ երբեմն տարբեր պատճառներով տուգանում էին։ Օրինակ՝ ինձ երկու անգամ տուգանել են 10 րոպե ուշանալու համար։

Տնօրենը միշտ նկատողություն էր անում ու ասում, որ մազերս երկար են, գրավիչ չեն։ Մի անգամ որոշեցին ինձ 10 հազար դրամ պարգևավճար տալ։ Շատ էի ուրախացել, բայց վերջում պարզվեց, որ այդ գումարը նախատեսել էին մազերս կտրելու համար։

«Հաճախորդը միշտ ճիշտ է» կանոնը գործում էր բոլոր սրճարաններում, որտեղ աշխատել եմ։ Երբեմն հաճախորդները իրենց գռեհիկ էին պահում։ Տարբեր ռեպլիկներ էին թողնում, հրահանգներ տալիս։

Սրճարանում իրենց ժամանցն անցկացնող հաճախորդները հաճախ չեն էլ նկատում՝ ինչ դժվարություններ են թաքնված «մատուցողի ժպիտի» տակ։

Հետք Մեդիա Գործարան ընդունվելուց հետո որոշեցի փոքր ուսումնասիրություն անել ՝ ցույց տալու աշխատանքային իրավունքների խախտումները սպասարկման ոլորտում։

Պատահականության սկզբունքով ընտրեցի 30 մատուցողի և անանուն հարցում անցկացրի։ Հարցման բոլոր մասնակիցներն աշխատում են Երևանի կենտրոնում գտնվող տարբեր սրճարան/ռեստորաններում։

Screen Shot 2021-06-01 at 1.03.44 PM.pngДизайн-без-названия-2-1024x313.pngScreen Shot 2021-06-01 at 1.05.30 PM.pngScreen Shot 2021-06-01 at 1.05.43 PM.pngScreen Shot 2021-06-01 at 1.06.08 PM.png

Հարցվածներից բոլորը թողել են աշխատանքը` տարբեր միջադեպերի պատճառով։ Կարծիք կա, որ հաշվի մեջ ներառված 10% սպասարկման վճարից է կազմվում մատուցողի աշխատավարձը։ Իրականում, մատուցողի աշխատավարձը ձևավորվում է հիմնականում թեյավճարից։ Որոշ ընկերություններ վճարում են նաև ֆիքսված աշխատավարձ՝ մինչև 50 հազար դրամ։

«Երբեք ոչ մի տեղ ինձ պաշտպանված չեմ զգացել։ Երբ դիմում էի մենեջերին, որ արագ լուծի որևէ հարց, փոխանակ ինձ պաշտպաներ, գնում ու հաճախորդից ներողություն էր խնդրում, վերջում գալիս ու մեղադրում էր միայն ինձ», – պատմում է Լուսինեն։

«Երբեմն մենեջերներն ու տնօրինությունը կարող են այնպես խոսել քեզ հետ հաճախորդների ներկայությամբ, որ ամոթից ու անարդարությունից չգիտես ինչ անել։ Երկու քարի արանքում չես կարողանում որոշում կայացնել. դուրս գալ աշխատանքի՞ց, թե՞ շարունակել ճնշված աշխատել», – ասում է Դիանան։

Հեղինակ՝

Ուսանողներ

Լիլիթ

Ալեքսանյան

Դասախոս՝

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան