Եթե սիրում ես գործդ, չես աշխատում ոչ մի օր
Արա Գալստյանը ավելի քան քառասուն տարի օրը սկսում է մարզադահլիճում։ Ռոբերտ Ադամյանը կես դարից ավելի նույն լսարանում քիմիա է դասավանդում։ Մելիք Բաղդասարյանը տասնամյակներ շարունակ լուսանկարներով է պատմում Հայաստանի պատմությունը։ Ռուզաննան դեռ շարունակում է կարել այն զգեստները, որոնց մասին երազել էր մանկուց, իսկ Ասատուրը նույնիսկ գիշերը մտածում է կիսատ մնացած կոշիկի մասին։
Այս մարդիկ տարբեր մասնագիտություն, բայց մեկ ընդհանրություն ունեն։ Մենք զրուցել ենք նրանց հետ՝ հասկանալու այն գաղտնիքը, որն օգնում է այս մարդկանց նույն գործին մնալ 40 կամ 50 տարի և շարունակել նույն ոգևորությամբ աշխատել։
Արա Գալստյան
Քառասուն տարուց ավելի՝ Արա Գալստյանն օրը սկսում է մարզադահլիճում։ Ֆիզկուլտինստիտուտից հետո սկսեց մարզել սաներին և դասախոսել։ Սպորտը նրա կյանքի անբաժանելի մասն է։

Նա երիտասարդներին սովորեցրել է լողալ և բասկետբոլ խաղալ, ղեկավարել է տարբեր թիմեր։ Տարիներ շարունակ աշխատել է հաշմանդամություն ունեցող անձանց հետ։
Մարզիչը համոզված է, որ սպորտը նախ առողջության ու ինքնազարգացման համար է, իսկ մրցանակները հետո են գալիս։
70 տարեկանում էլ Արա Գալստյանը աշխատում է եռանդով ու նվիրվածությամբ։
«Մարդը պետք է ընտրի՝ փո՞ղ է սիրում, թե՞ երջանկություն»,— ասում է նա՝ վստահ լինելով, որ սիրած գործն ընտրած մարդը միշտ էլ իր ճանապարհը կգտնի։
Ռոբերտ Ադամյան
1968-ից Ռոբերտ Ադամյանը Երևանի պետական համալսարանում է։ Սովորել է քիմիայի ֆակուլտետում, աշխատանքի անցել անօրգանական քիմիայի ամբիոնում․ այստեղ դասավանդում է ավելի քան կես դար։ Քիմիայի նկատմամբ հետաքրքրությունը ծնվել է դպրոցական տարիներին, երբ սկսել է ինքնուրույն ուսումնասիրել գիտությունը։ Մի շարք դասագրքերի հեղինակ է, որոնցով սովորում են ուսանողներ ու դպրոցականներ։

«Չեմ փոշմանել։ Եթե կյանքս նորից սկսեի, նույն ճանապարհը կընտրեի»,— ասում է Ռոբերտ Ադամյանը։ Տարիների ընթացքում խորացել է կապվածությունը ուսանողների հետ և հետաքրքրությունը քիմիայի նկատմամբ։
Մելիք Բաղդասարյան
Մելիք Բաղդասարյանի ընտանիքում լուսանկարչությունը ժառանգաբար է անցել հորից որդուն. Ընտանիքում բոլորը ժուռնալիստներ էին, ինքն էլ «վարակվեց», սկսեց զբաղվել լուսանկարչությամբ։
Թղթակցել է դեռ դպրոցական տարիներից «Երեկոյան Երևան»-ին, «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ»-ին և մինչ օրս փաստագրում է Հայաստանի պատմությունն ու առօրյան։
«Ես սա եմ ընտրել ու սիրել։ Չի եղել մի պահ, որ էլ չուզենամ զբաղվել լուսանկարչությամբ»։

Մելիքը ղեկավարում է «Ֆոտոլուր» գործակալությունը և վստահ է, որ ֆոտոն իր արժեքը չի կորցնի անգամ արհեստական բանականության ժամանակաշրջանում։
«AI-ն մի վայրկյանում սարքում է լուսանկար, բայց դա իրականը չի: Իսկ ես տալիս եմ իրականը:»
Ժապավենային լուսանկարչությունից մինչև թվային տեխնոլոգիաներ՝ նա տեսել է ոլորտի մեծ փոփոխությունները, սակայն համոզված է, որ լուսանկարի արժեքը նույնն է մնացել. «Ֆոտոն փաստ է, պատմություն է»։
«Ֆոտոլրագրությունը մասնագիտություն չէ, ապրելաձև է»,— ասում է Մելիք Բաղդասարյանը։
Մայիս Մխիթարյան
Հարցին՝ երբվանից է զբաղվում արվեստով, Մայիս Մխիթարյանը պատասխանում է՝ «մորս արգանդից»:
Ասում է՝ նկարիչը միայն չի նկարում, նա կտավին է փոխանցում է իր ներքին վիճակը։
Մայիսը համոզված է՝ ստեղծագործությունը մեկ մարդու գործ չէ, այլ համահեղինակություն։ Նկարելու ընթացքում մտովի զրուցում է երաժշտության ու մշակույթի մեծերի հետ։ Արվեստանոցում միշտ հնչում է այդ մեծերի երաժշտությունը։

Նա բազմաթիվ նկարների, թատերական ներկայացումների, պիեսների հեղինակ է։
«Ինձ ասում էին՝ մարդիկ Թիֆլիսից Փարիզ են գնում, դու՝ Երևան։ Բայց դա էր իմ ճակատագիրը՝ գալ և այստեղ շարունակել այն, ինչ սիրում եմ։ Չեմ կարող չնկարել։ Դա ընտրություն չէ, այլ իմ էությունը»,— ասում է նա։
Ռուզաննա Խաչատրյան
Մանկուց արաքայադստեր զգեստի մասին երազող Ռուզաննան հիմա ինքն է կարում այդ զգեստները։ Արդեն 40 տարի՝ մետրը, թելերն ու կտորները անբաժան են Ռուզաննայից։ Կարուձևը ոչ թե աշխատանք, այլ իրեն տրված շնորհ է համարում, որը պահանջում է համբերություն և սեր։

Ուսումնարանն ավարտելուց հետո աշխատել է ատելիեներում, կարի արտադրամասերում՝ երազելով ստեղծագործ միջավայրի մասին։
Գործն սկսում է աղոթքով, որ ընթացքը հաջող լինի։
Չնայած ֆինանսական դժվարություններին՝ նա չի հրաժարվել իր սիրելի զբաղմունքից, նոր ծրագրեր ու երազանքներ ունի։ Ռուզաննան համոզված է, որ եթե մարդը սիրով և ազնվությամբ է անում գործը, արդյունքը չի ուշանում։
«Եթե աշխատանքդ սիրում ես, այն երբեք բեռ չի դառնում»,— ասում է նա։
Ասատուր Նալբանդյան
Ասատուրը կոշկակար է շուրջ կես դար։
Կոշիկ կարել վարպետից է սովորել, հետո ինքն է վարպետացել ու իր վարպետին սովորեցրել առանց սոսնձի կոշիկ պատրաստել։

«Կոշիկը հոգուս մեջ է. տանն էլ, գիշերը քնելիս էլ մտածում եմ դազգահին մնացած կոշիկի մասին»,— ասում է նա։
Վստահ է՝ վարպետի ձեռքով կարված կոշիկը չի փոխարինվի մեքենայի կարածով։
71 տարեկան Ասատուրը համոզված է՝ սիրած աշխատանքը մարդուն ուժ և ապրելու ցանկություն է տալիս։
Հեղինակներ՝
Ուսանողներ
Ալբինա
Մանուկյան
Ուսանողներ
Ելենա
Հակոբյան
Ուսանողներ
Գուրգեն
Բարսեղյան
Ուսանողներ
Անժելա
Մարգարյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Վահան
Ստեփանյան
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան
Թիմ՝
Թիմ
Հարություն
Մանսուրյան