Ի՞նչ ենք շնչում. Երևանի օդի մոնիթորինգի մեթոդները թերի են
Հայաստանում օդի աղտոտվածության մոնիթորինգի ցուցանիշները և նմուշառման մեթոդները չեն համապատասխանում միջազգայնորեն սահմանված չափանիշներին, ինչի պատճառով այդ թվերը համադրելի չեն այլ երկրների ցուցանիշների հետ։ Բացի այդ՝ մոնիթորինգի մասշտաբը բավարար չէ Երևանում մթնոլորտային օդի որակական հատկանիշների ամբողջական պատկերը ստանալու համար։
Երևանի մի քանի հատվածներում 1980-ականներից մնացած օդի որակի ստուգման 5 դիտակայաններ կան։ Դրանք տեղադրված են Կենտրոն (2), Նոր Նորք, Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջաններում։
Այս անշարժ կայաններում ամեն օր դիտարկվում է մթնոլորտային օդի որակը։ Շաբաթը մեկ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն ամփոփում է դիտակայաններից ստացված ցուցանիշները։
Մոնիթորինգի միջոցով որոշվում է փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի և գետնամերձ օզոնի պարունակությունն օդի մեջ։ Դիտարկվող ցուցանիշներից հիմնականում փոշին է նորմայից ավել լինում։
Եթե 5 տարի առաջ օդի վատ որակով Հայաստանում առանձնանում էր Ալավերդին, ապա վերջին երկու տարիներին, ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» ամփոփագրերի, աղտոտվածության ամենաբարձր մակարդակը դիտվում է Երևանում։
Կա մթնոլորտային օդի մոնիթորինգի երեք եղանակ․
1) Ակտիվ նմուշառում.
Երևանում գործում է նման 5 դիտակայան։ Մեթոդը ճշգրիտ է, սակայն թույլ չի տալիս այս պահի տվյալը ստանալ, կամ հասկանալ, թե օրվա որ պահին է աղտոտվածության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել։ Ստացվում է ամբողջ օրվա համար միջին կոնցենտրացիայի մեկ թիվ։
2) Պասիվ նմուշառում.
Երևանում գործում է նման 45 կետ, որոնց մի մասը շարժական է։ Դրանք ավելի քիչ տարածք են զբաղեցնում, մեթոդը պակաս ծախսատար է։ Հնարավոր է լինում արդյունք ստանալ շաբաթական կտրվածքով։
3) Ավտոմատ նմուշառում.
Հայաստանում չի իրականացվում։
Հնարավորություն է տալիս որոշելու աղտոտվածության՝ տվյալ պահի մակարդակը՝ նաև թույլ տալով կանխատեսումներ անել։ Եթե նախորդ մեթոդների դեպքում 2-3 ցուցանիշ է երևում, ապա ավտոմատի դեպքում միջազգային չափորոշիչներին համապատասխան տարբեր արդյունքներ կարելի է ստանալ։ Օրինակ՝ փոշու մասնիկների խտությունը (PM2.5), որը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցի, բոլոր երկրները պետք է չափեն։ Հայաստանում պետական մոնիթորինգի մեթոդներով այս ցուցանիշը չի որոշվում։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանի խոսքով՝ Հայաստանում գործող մեթոդները ճշգրտության խնդիր չունեն, սակայն ստացված արդյունքները ժամանակավրեպ են դառնում։ Նույնն է, թե օրվա կամ շաբաթվա վերջում հայտարարվեն, թե որտեղ են տեղումներ եղել։
Քաղաքում աղտոտվածության ճշգրիտ պատկերը ստանալու համար անհրաժեշտ է կիրառել նմուշառման բոլոր եղանակները։
«Միջազգային պահանջն էլ է դա, որ մենք պարտադիր ունենանք այդ ավտոմատ դիտակայանները, որ կարողանանք դրանք միացնել միջազգային հարթակներին ևս։ Այսօր մեր իրականացրած պետական մոնիթորինգի ոչ մի կայան միացված չէ դրանց»,— նշեց Շահնազարյանը։
Նման պայմաններում մեզ մոտ ստացված թվերը հնարավոր չի լինում համադրել այլ երկրների ցուցանիշների հետ։ Մեր հարևան բոլոր երկրները, Շահնազարյանի խոսքով, արդեն անցում են կատարել ավտոմատ սարքավորումներով մոնիթորինգի իրականացմանը, ինչն ավելի է մեծացնում մեթոդների արդիականացման անհրաժեշտությունը․ օրական միջին կոնցենտրացիան ժամային ցուցանիշների հետ համեմատելի չէ։
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, չունենալով մեր ստացած տվյալները, ցուցանիշները վերցնում է արբանյակային հետազոտություններից, տարբեր հիվանդություններ վերագրում է օդի աղտոտվածությանը։ Ստացվում է, որ Հայաստանում փոշուց մահացությունների թիվը բավականին մեծ է։ Հնարավոր է նաև, որ դա ճիշտ է, բայց քանի դեռ մենք չունենք փաստացի տվյալներ, չենք կարող վիճարկել այդ հրապարակումները»,— բացատրում է Գայանե Շահնազարյանը։
Հիդրոօդերևութաբանական տարբեր միջազգային հարթակներ Երևանի օդի աղտոտվածության մակարդակը վտանգավոր են համարում․ ներկայացված ինդեքսները նախորդ տարվա սեպտեմբերին վկայում էին տարածաշրջանում վատագույն որակական հատկանիշների մասին։ Շվեյցարական IQAir-ը, որը համագործակցում է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի, Greenpeace-ի, ՄԱԿ-ի մարդկային բնակավայրերի և բնապահպանական այլ ծրագրերի հետ, տվյալներ է ստանում Հայաստանի 4 դիտակետերից։ Դրանք գտնվում են Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում, Ծիծեռնակաբերդի խճուղում, Հյուսիսային պողոտայում և Բաղրամյան պողոտայում՝ Սիրահարների այգում։ Սենսորային այս սարքերը թանկարժեք չեն՝ մոտ 300 դոլար։ Դրանց մի մասը նախատեսված է սենյակային օդի մոնիթորինգի համար։ Ցանկացած մարդ կարող է գնել սարքն ու միացնել համակարգին։
Գայանե Շահնազարյանի խոսքով՝ բացի սենսորային սարքերից, ցուցանիշները փոխանցվում են նաև արբանյակային պատկերների միջոցով։ Ըստ նրա՝ այս մեթոդներով ստացված թվերը ճշգրիտ համարել չի կարելի։
«Տեխնիկական խնդիրներ կան։ Եղանակային պայմանների ազդեցությամբ տվյալները փոփոխվում են։ Օրինակ՝ խոնավությունը վերագրում է CO-ին (շմոլ գազ), դրա համար խոնավ օրերին շմոլ գազի խտությունը բարձր է ցույց տալիս»,— պարզաբանում է Շահնազարյանը։
2022-ի օգոստոսից ավտոմատ տարբերակով օդի մոնիթորինգ իրականացնում է Երևանի քաղաքապետարանը։ Քաղաքապետարանի բնապահպանության վարչության գլխավոր էկոլոգ Գորիկ Ավետիսյանը նշում է, որ մոնիթորինգը խորհրդատվական բնույթ է կրում. նպատակը տրանսպորտային նոր երթուղիների բնապահպանական ռիսկերի գնահատումն է։ Սենսորային 5 սարքերը տեղադրվել են Տիգրան Մեծի պողոտայում, Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկում, Ամերիկյան փողոցում, երկուսը` Արշակունյաց պողոտայում։
Սենսորային այս սարքերով Երևանի օդում չափվում է ազոտի երկօքսիդի (NO2), փոշու տարանջատված մասնիկների (PM2.5, PM10) քանակը։
Սարքերը Ասիական զարգացման բանկի աջակցությամբ «Երևանի քաղաքային տրանսպորտի կայուն զարգացման ներդրումային ծրագրի» շրջանակում տեղադրել է Clarity ընկերությունը, որը կայաններ ունի աշխարհի շուրջ 70 երկրներում։ Քարտեզի միջոցով կարելի է տեսնել կայաններից ստացված ցուցանիշները։
Քաղաքապետարանը նախատեսում է մոնիթորինգի արդյունքները հասանելի դարձնել նաև yerevan.am կայքում, որպեսզի ցանկացած պահի հնարավոր լինի տեսնել, թե քաղաքի որ հատվածում ինչպիսին է օդի որակը։ Այս պահին, սակայն, տվյալների չափաբերման խնդիր կա, ինչի պատճառով ստացված արդյունքները դեռևս վերջնական չեն։
«Ազոտի երկօքսիդը մեզ մոտ որոշ ժամանակ բացասական ցուցանիշ էր ցույց տալիս։ Մենք այդտեղից հասկացանք, որ տվյալները կարգաբերման խնդիր ունեն, իրենց գրեցինք։ Կազմակերպությունը ամերիկյան ինչ-որ մոդելով ճշգրտեց տվյալներն իրենց մոտից։ Հիմա տվյալները արդեն դրական են գալիս, բայց ամեն դեպքում հնարավոր է, որ կարգաբերելուց հետո էլի փոփոխվեն»,— բացատրեց Գորիկ Ավետիսյանը։
Տվյալները ճշգրտելու համար ռեֆերենս կայան է անհրաժեշտ։ Դա առավել բարձր ճշգրտությամբ աշխատող սարք է և, միացվելով քաղաքում տեղադրված սենսորային սարքերին, կկարգաբերի ստացված թվերն ու թույլ կտա ավելի հստակ պատկեր ստանալ։ Քաղաքապետարանի գնած սենսորային սարքերից մեկը տեղադրված է Կենտրոնի՝ Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկում գտնվող անշարժ դիտակայանի հարևանությամբ։ Ծրագրով նախատեսված է եղել հենց այդ կայանը օգտագործել որպես չափաբերման ռեֆերենս կայան, սակայն, մեթոդների տարբերությամբ պայմանավորված, հնարավոր չի եղել համադրել ստացված ցուցանիշները։
Իրանի հետ համագործակցության շրջանակում մարտի սկզբին նախատեսված էր հանդիպում ունենալ այդ երկրի փորձագետների հետ։ Պետք է քննարկվեր նաև Թեհրանի ռեֆերենս կայանը ժամանակավոր Երևան բերելու հարցը։ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունից տեղեկացանք, որ փորձագետների այցն անորոշ ժամանակով հետաձգվել է։
Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալությունը (Umweltbundesamt) 2022 թվականին հետազոտություն է կատարել Հայաստանում օդի մոնիթորինգի իրականացման արդիականացման վերաբերյալ։ Նրանց հետազոտության համաձայն՝ ավտոմատ նմուշառման նոր դիտակայան կառուցելու համար անհրաժեշտ է մոտ 150-300 հազար եվրո՝ կախված կայանի հագեցվածությունից։ Գործակալությունը առաջարկել է Երևանում առնվազն 4-6 նման կայան ստեղծել․ ըստ ԵՄ չափորոշիչների՝ այս քանակը համապատասխանում է 1-1.5 միլիոն բնակչություն ունեցող քաղաքներին։ Հետազոտության արդյունքներով՝ առաջարկվում է չափել փոշու տարանջատված մասնիկների (PM2.5, PM10), ազոտի երկօքսիդի (NO2), գետնամերձ օզոնի (O3), ծծմբի երկօքսիդի (SO2) կոնցենտրացիաները։
Գայանե Շահնազարյանի խոսքով՝ Երևանի աշխարհագրական դիրքով ու ռելիեֆով պայմանավորված, օդային հոսանքների տարբերություններ կան, և Երևանի բոլոր վարչական շրջաններում պատկերը տեսնելու համար առնվազն 13 նման դիտակայան է անհրաժեշտ։
«Հիմա շինարարության և այլ ոլորտներում խիստ հանձնարարականներ են իջեցված, որ հնարավորինս խախտումներ չլինեն, որպեսզի օդի աղտոտվածությունը գոնե այդ մասով հնարավոր լինի նորմայի մեջ պահել։ Մենք էլ դրան զուգահեռ անընդհատ հաղորդում ենք, թե որքանով փոխվեց իրավիճակը իրենց գործողությունների արդյունքում»,— ընդգծեց Գայանե Շահնազարյանը։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից պետական մարմիններին պարբերաբար տեղեկացնում են, որ ճշգրիտ չափումների համար նոր համալրումներ են անհրաժեշտ։ Հույս ունեն, որ մոտ ապագայում հնարավոր կլինի անցում կատարել ավտոմատ սարքավորումներով չափումների։ Այդ հույսը, սակայն, դեռ ֆինանսապես հիմնավորված չէ։ Շահնազարյանի ասելով՝ այսօր, եթե անգամ պետական դրամաշնորհ էլ տրվի, խնդիրը չի լուծվի։ Նաև միջազգային ֆինանսավորում է անհրաժեշտ, որպեսզի համատեղ ջանքերով հնարավոր լինի աստիճանաբար զարգացնել մեթոդները և տվյալներն աշխարհին ներկայացնել ընդունելի ստանդարտներով։
Գլխավոր լուսանկարը՝ Աստղիկ Հովհաննեսովի
Հեղինակ՝
Ուսանողներ
Նարե
Պետրոսյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան
Դասախոսներ
Էդիկ
Բաղդասարյան
Դասախոսներ
Տիրայր
Մուրադյան
Թիմ՝
Թիմ
Հարություն
Մանսուրյան