yerevan-watch-factory
Ֆոտո պատմությունՓետրվար 15/2024

Ինչ էր տկտկացնում «Ժամագործի» զարթուցիչը կես դար առաջ

Երևանի Կռուպսկայա 13 հասցեում 1943-ին հիմնադրվեց Երևանի ժամացույցի գործարանը։ Գործարանն աշխատեց մոտ կես դար, արտադրեց միլիոնավոր ժամացույցներ ու զարթուցիչներ, հայտնի դարձավ Խորհրդային Միության բոլոր անկյուններում, նաև՝ արտասահմանում։ 1961-ի (ըստ Հայկական սովետական հանրագիտարանի՝ 1957-ի) Ժամացույցի գործարանի ձեռքի ժամացույցի արտադրամասի բազայի վրա հիմնվել է Երևանի գեղարվեստական ժամացույցների գործարանը, որը մասնաճյուղեր ուներ Թալինի շրջանի Մաստարա (1968) և Անիի շրջանի Սառնաղբյուր (1971) գյուղերում։ 1976-ին ժամացույց արտադրող ձեռնարկություններն ընդգրկվեցին Երևանի «Սևանի» արտադրական միավորման մեջ։

IMG_0800_11zon.jpeg
Լուսանկարներում՝ Հայկ Բիանջյանի արխիվը

90-ականներին փողոցի անունը փոխվեց՝ Կռուպսկայան դարձավ Սոսե։ Հետխորհրդային շրջանի տնտեսական դժվարություններին գործարանը չդիմացավ. ժամանակն այստեղ աստիճանաբար դանդաղեց ու, ի վերջո, կանգ առավ։ Երբեմնի արտադրական հսկայից այսօր մնացել է լքված ու կիսավեր մի շինություն։

IMG_4530_11zon.jpeg

Ինչպիսին է եղել ժամացույցի գործարանը, աշխատանքային ինչ միջավայր է տիրել գործարանում, ինչպես են խրախուսել լավ աշխատողին ու պարսավել վատին. այս ամենի մասին մենք իմացանք պատահաբար՝ գործարանի «Ժամագործ» թերթից։ 1967-1969 թվականներին տպագրված թերթերի տրցակը գտանք գործարանի տարածքում կուտակված աղբի մեջ։

Մեր ուսանող Անժելա Աղամյանը Ժամացույցի գործարանում

Մենք հայտնաբերեցինք նոր բառեր ու հապավումներ, ձևակերպումներ, որ չէինք լսել ու մտածեցինք կիսվել ձեզ հետ «Ժամագործի» տարբեր համարների մի քանի հոդվածների հատվածներով։ Մեջբերումները ներկայացնում ենք առանց խմբագրումների։

S06_11zon.jpeg

Երևանյան զարթուցիչները արտասահմանում (14.01.1969, համար 1)

Մեր ինժեներների ու բանվորների ստեղծագործ միտքը շարունակ պրպտում է, նոր ուղիներ արտադրության ավելի կատարելագործման համար։ Անցյալ տարի գործարանի նորարարները պատվով կատարեցին ստանձնած պարտավորությունները։ 1968-ին նրանք ռացգյուտբյուրո (ռացիոնալիզատորական գյուտարարական բյուրո, այստեղ ուղարկվում էին նորարարական առաջարկները — հեղ.) են ներկայացրել 105 առաջարկություն, որոնցից 51-ը ներդրվել է արտադրության մեջ և երկրին տվել 51 հազար ռուբլու տնտեսական օգուտ։

Նորարարական առաջարկությունների հոսքը շարունակվում է։ Ռացգյուտբյուրոյի ինժեներ ընկ. Վ. Մանուսաջյանը մեր թղթակցին պատմեց.

Գլխավոր կոնստրուկտորի բաժնի պետի տեղակալ Աշոտ Մկրտչյանը առաջարկել է զարթուցիչի փոշեարգելակը և զանգը փոխարինել պոլիստիրոլե կափարիչով, որը հնարավորություն կընձեռի տնտեսել մեծ քանակությամբ մետաղ և բացի դրանից մի շարք գործողություններ կկրճատվեն։

S04_11zon.jpeg
26.08.1969, համար 25

Մի նամակի հետքերով (11.07.1969, համար 20)

«Հարգելի խմբագրություն,

Ժողովներում, խորհրդակցություններում շատ է խոսվում աշխատանքային կարգապահության ամրապնդման, աշխատանքի արտադրողականության և արտադրության կուլտուրայի բարձրացման մասին։ Բայց միայն խոսելը քիչ է։ Պետք է գործն այնպես կազմակերպել, որ աշխատանքային ժամանակն իզուր չվատնվի, աշխատանքն արդյունավետ լինի։

Եթե բանվորը մի քանի րոպե ուշանում է աշխատանքից, նա կշտամբանքի է արժանանում։ Ինչ խոսք, այդպես էլ պետք է լինի։

Բայց ահա նա ժամանակին տեղում է և ժամերով ման է գալիս դատարկ արկղը, որպեսզի դետալները տեղավորի։ Սա արդեն մեր՝ մամլման արտադրամասում «բնական» երևույթ է. ավելի շուտ խրոնիկական հիվանդություն, որի պատճառով տհաճ խոսակցություն և վեճ է առաջանում արտադրամասում։

Մինչև ե՞րբ պետք է մամլման արտադրամասի բանվորները դռնեդուռ ընկնեն չարաբաստիկ արկղների համար»։

Այս նամակի հեղինակներն են մամլման արտադրամասի բանվորներ՝ Վ. Եփրեմյանը, Կ. Մուրադյանը, Շ. Մեսրոպյանը։

S03_11zon.jpeg
21.10.1969, համար 31

Բուֆետապանները փոխվում են, բայց վիճակը մնում է անփոփոխ (17.05.1969, համար 13)

Ընթացիկ տարվա անցած ժամանակամիջոցում գործարանի բուֆետում փոխվել է երեք բուֆետապան, սակայն վիճակը մնացել է անփոփոխ։

Ամառ լինի, թե ձմեռ, նույն ճաշատեսակներն են, նույն պատճառաբանությունները. բազայում ինչ-որ կա, այն ենք բերում։ Հատկապես շատ են տրտնջում երկրորդ հերթափոխի աշխատողները։ Եվ նրանք իրավացի են։ Մայիսի 7-ին, երբ գործարանի շչակն ազդարարեց աշխատանքի ընդմիջման ժամը, մենք բուֆետումն էինք։

Ընդամենը մի քանի մարդ հնարավորություն ունեցավ մի բան ուտելու։ Զարմանալի է, բայց նույնիսկ հաց չկար բուֆետում։ Բանվորները հնարավորություն չունեին ստանալու իրենց հասանելիք մածունը, կաթը։ Թթվասերը այնքան թթված էր, որ բոլորը ետ վերադարձրին, թեև բուֆետապան Ռ. Հովհաննիսյանը հավաստիացնում էր, որ նույն օրն է ստացել պահեստից։

Մամլման արտադրամասի բանվորներ Հայաստան Հունանյանը և Վալերի Հակոբյանը տանջվում էին, որ բացեն պահածոյի տուփը։ Բուֆետում միայն մեկ այդպիսի բացիչ կա, այն էլ առանց կոթի։

Հաճախորդները տեսնելով, որ բաժակներ չկան, անցել են շշերից խմելու «առաջավոր մեթոդին»։

Թեև բուֆետում կշեռք կա, բայց բուֆետապանը գործում է աչքաչափով։ Դա շատ ձեռնտու է։ Ձեռքի վարժ շարժումով նա հացը բաժանում է չորս մասի և ամեն մի բաժինը վաճառում 10 կոպեկով։ Ի՞նչ կա որ, ամեն մի հացից 10 կոպեկ շահույթ է մնում նրան։

Հենց այդ նույն օրը մամլման արտադրամասի բանվորուհիներ Էմման, Սենիկը, Օվսաննան և Արաքսյան աղմուկ-աղաղակ էին բարձրացրել բուֆետում, թե ինչո՞ւ հաց չկա, մթերքներ չկան, վիրավորեցին նույնիսկ բուֆետպանին։ Երբ նրանց ասացինք, որ դրա փոխարեն դուք ձեր դիտողությունները գրեք բողոքի գրքում, միաբերան ասացին «ի՞նչ է, մենք կլյաուզնի՞կ ենք»։ Մի՞թե արդարացի բողոքը զրպարտանք է։

Ի դեպ պետք է նշել, որ երկրորդ հերթափոխում բացակայում է բանվորական վերահսկողությունը հասարակական սննդի նկատմամբ։

Գործարհկոմը (Գործարանային արհեստակցական կոմիտե — հեղ.) և ճաշարանի դիրեկցիան պետք է դիմեն վճռական միջոցների հասարակական սնունդը օրինակելիորեն կազմակերպելու համար։

Վ․ Մռավյան

S02_11zon.jpeg
27.11.1969, համար 34

«Ժամագործը» հիշում է թե ազնիվ մարդկանց, թե գողերին ու սպեկուլյանտներին։

Քարաբաղնիս (09.04․1969, համար 9)
«Սամվել Քեշիշօղլյանի նախաձեռնությունը»

Գործիքային արտադրամասի բանվոր Սամվել Վազգենի Քեշիշօղլյանը որոշել է տիրապետել ժամացույցի արտադրության բոլոր գործողություններին։

Գործարանում դրա համար հարմարություններ չգտնելով, նա ֆիլիալ է բացել տանը։ Սակայն մարտի 20-ին պահակախմբի աշխատողները խանգարել են նրան, վերցնելով մարմնի վրա թաքցրած ժամացույցի մոտ 200 մասեր։

Արտադրամասի կոմերիտական կազմակերպությունը երևի շուտով կքննարկի կոմերիտական Սամվել Քեշիշօղլյանի «նախաձեռնության» մասսայականացման հարցը։

Այսպիսի դեպքում արժի քարաբաղնիս։

Լ. Մուշեղյան

Չարչիները ամաչում են… (27.02.1969, համար 5)

Տարբեր մարդիկ են նրանք, աշխատում են գործարանի տարբեր արտադրամասերում, տեղամասերում, բաժիններում, բայց իրենց երկրորդ «մասնագիտությամբ» հանդես են գալիս միևնույն մեթոդներով։

Եթե խոսքը տղամարդու հագուստի մասին է՝ ամուսնունն է (եթե ամուսին ունի), եղբորը կամ հորը։

Մանկականի դեպքում ՝

— Տղայիս համար էի գնել, ափսոս փոքր է (կամ՝ մեծ է)…

— Աղջկաս համար գնեցի…

Եվ այսպես, կգտնվի մեկը, որ ամուսին, հայր, եղբայր, քույր, երեխաներ, մի խոսքով դրանցից մեկն ու մեկը չունի։

Իսկ եթե չունեն էլ, փույթ չէ։

— Ապագա ամուսնուս համար,— կասի մեկը։

Մյուսը վճռել է տղա ունենալ, մեկ այլը՝ աղջիկ է սիրում…

Ու գնել են ընտիր նվերներ, որոնցից, ավա՜ղ, ափսոսանքով պետք է հրաժարվեն՝ տուրք տալով մեկ այլ «սիրո», որը եթե մեկնաբանենք կնշանակի անաշխատ եղանակով, սպեկուլյացիայով փող «վաստակել»։

Որպես կանոն այս կարգի մարդիկ ճարտար լեզու ունեն և, իհարկե, ճարպիկ են, կարողանում են վաճառասեղանի տակից ձեռք բերել ընտիր ապրանքներ։

Աշխատանքային ընկերներին խաբելն ամոթ է։ Դրա համար էլ նրանք այնքան են պահանջում, որքան վճարել են վաճառասեղանի տակից գնելով։ Չհավատալ դրան չի կարելի, քանի որ երդվում են երեխաների, եղբոր կամ քրոջ, ամուսնու, ծնողների արևով, պապերի գերեզմանով։

— Թե սուտ եմ ասում, երեխաներիս երեսը չտեսնեմ,— ասում է մեկը։

— Հարևանս կրկնակի էր վճարում,— հավատացնում է մյուսը,— բայց ես վճռեցի պակաս գնով ընկերոջս տամ, շատ լավ ապրանք է, չի ճարվում։

«Չարչիներից» պրծնելու ելքը ոմանք գտնում են նրանց բերած ապրանքները գնելով, իսկ շատերն էլ վրդովվում են, որ գործարանն այդ մարդիկ ցանկանում են դարձնել սև շուկա։

Այսպիսի տգեղ երևույթի հետ չի կարելի հաշտվել։ Վերջերս պահակակետի աշխատողները «ներմուծվող» ապրանքների մի մեծ կույտ դիզեցին։ Խոսեցինք նրանց տերերի հետ։

Ինչեր ասես, որ չեն հնարում, որպեսզի քողարկեն իրենց իսկական դեմքը։ Բայց ի վերջո բոլորն էլ թախանձագին աղաչում են իրենց անունները չտալ, ոմանց աչքերին նույնիսկ արցունք է երևում։

— Խնդրում ենք, մի խայտառակեք մեզ,— ասում են խմբովի։

Կարիք կա՞ բացատրելու, որ բացի իրենցից ոչ ոք նրանց անունն արատավորելու նպատակ չունի և որպես հավաստումն այդ բանի ոչ մեկի անունն այս անգամ չենք տալիս, հավատալով, որ մեր կոլեկտիվում նման տգեղ երևույթ այլևս չի կրկնվի։

S05_11zon.jpeg
11.07.1969, համար 20

Գործարանում ոչ միայն կոլեկտիվն էր ընկերական, այլև դատարանները։

Աշխուժացել են ընկերական դատարանների աշխատանքը
(17.05.1969, համար 13)

Մայիսի 13-ին գործարհկոմի նիստում լսվեց և քննարկվեց գործարանի ընկերական դատարանի նախագահ Ջ. Աթանասյանի զեկուցումը 1968 թ. և 1969 թ. 1-ին եռամսյակի կատարած աշխատանքների մասին։

Զեկուցողը նշեց, որ գործարանի միայն մամլման, ավտոմատ, մեխանիկական և հավաքման No 1 արտադրամասերում են ստեղծված եղել ընկերական դատարանները։

Հաշվետու ժամանակամիջոցում ընկերական դատարանը լսել է մի շարք գործեր։ 1969 թ. 1-ին եռամսյակում մեխանիկական արտադրամասի ընկերական դատարանը լսել է իրենց աշխատակիցներ Մ. Փոլադյանի և Ա. Մինասյանի հարցը։ Ընկերական դատարանի որոշմամբ նրանցից առաջինին մեկ ամիս, իսկ մյուսին՝ 15 օր ժամկետով տեղափոխել են օժանդակ բանվորի աշխատանքի։

Գործարհկոմը ընկերական դատարանի նախագահ Ջ. Աթանասյանին հանձնարարեց մինչև մայիսի 20-ը կազմակերպել ընկերական դատարաններ նաև հավաքման No 2, պտտման արտադրամասերում և ստուգման-փորձարկման կայանում, ինչպես նաև հարց հարուցվեց գործարանի ադմինիստրացիայի առջև, որպեսզի աշխատանքային կարգապահության խախտման յուրաքանչյուր դեպք հանձնվի ընկերական դատարանի քննարկմանը։

S07_11zon.jpeg
21.01.1969, համար 2

Աշխատելուց բացի, գործարանի աշխատակիցները չեն մոռացել իրենց ուրախ ժամանցի մասին՝ ցերեկույթներ, էքսկուրսիաներ, քայլարշավներ։ Ամենակարևորը չեն մոռացել այս մասին պատմել «Ժամագործում»։

Հետաքրքիր ցերեկույթ (11.08.1969, համար 23)

Հետաքրքիր է անցնում երեխաների առօրյան Նելսոն Ստեփանյանի անունը կրող բակային ճամբարում, որը տեղավորված է մեր գործարանի մոտ գտնվող պուրակում:

Հուլիսի 5-ին արտակարգ եռուզեռ էր տիրում N 34 գրադարանում: Այստեղ կազմակերպվել էր ցերեկույթ` ի պատիվ Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի:

«Լենինի հայ զինակիցները» թեմայով զեկուցում կարդաց ճամբարի ավագ ջոկատավար, Երևանի Մանկավարժական ինստիտուտի ուսանողուհի՝ Գ. Ղազարյանը, որին երեխաները լսեցին մեծ հետաքրքրությամբ: Ուսանելի շատ բան տվեց այդ զեկուցումը: Երեխաները հետաքրքիր մանրամասներ իմացան հայ բոցաշունչ հեղինակներ՝ Ստ. Շահումյանի, Ս. Սպանդարյանի, Ս. Տեր-Պետրոսյանի (Կամո), Ալ. Մյասնիկյանի և ուրիշների մասին, որոնք անձամբ ճանաչել են մեր առաջնորդին. նրա հետ միասին են պայքարել մեծ գործի համար: Հայ շատ զինակիցներ է ունեցել Վ. Ի. Լենինը,— վերջում ասաց զեկուցողը, որոնք իրենց լուսավոր կյանքը նվիրեցին նրա գաղափարների հաղթանակին:

Ճամբարականներին ողջույնի խոսք ասաց գրադարանի վարիչ ընկ. Ասլանյանը, նրանց ցանկանալով երջանիկ ապագա և հաջողություն ուսման մեջ:

Վերջում տրվեց ինքնագործունեության համերգ:

Կ. Հովհաննիսյան

Հետիոտն արշավ (03.09.1969, համար 26)

N5 արտադրամասի կոմերիտականները միշտ էլ հաճելի և բովանդակալից են կազմակերպում իրենց կիրակնօրյա հանգիստը:

Այս անգամ էլ մենք շատ ուրախացանք, երբ կոմերիտմիության (կոմունիստական երիտասարդական միություն — հեղ.) քարտուղար Լաուրա Հակոբյանը մեզ հայտնեց կազմակերպվելիք հետիոտն արշավի մասին, որը նվիրվելու էր Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյակին:

Օգոստոսի 23-ին էր, դեռ արևը չծագած, թվով 26 կոմերիտականներ, դուրս եկան արշավի Գառնի-Գեղարդ երթուղիով:

Ժպտում էր բնությունը, այն իր գիրկն էր կանչում բոլորին: Թեև մենք ընտրել էինք ոչ հարթ ճանապարհ, հանդիպում էինք անանցանելի բարձունքների, բայց հաղթահարում էինք այդ դժվարությունները:

Երբ հասանք տեղ, սկսեցինք ճաշի պատրաստություն տեսնել, վրաններ խփեցինք: Անմիջապես գործի անցան Սարգիսը, Հենրիկը, Հակոբը: Չմոռանամ ասել, որ գործի մեջ էլ նրանք առաջինն էին:

Բնության գրկում մենք աշխատում էինք մեր հանգիստն անցկացնել որքան կարելի է լավ ու հետաքրքիր: Մեզանից յուրաքանչյուրն աշխատում էր որևէ մի գործով, երգով ու պարով արժանանալ ընդհանուրի ուշադրությանը:

Հատկապես իրենց երգ ու պարով մեզ շատ ուրախացրին Կլարան ու Վարդուշը: Հաջորդ օրը մենք շարունակեցինք մեր արշավը: Եղանք Գառնիի և Գեղարդի վանքերում:

Շատ բան իմացանք, մենք այս հետաքրքիր արշավի ժամանակ, իսկ ամենակարևորը, երկօրյա արշավի ընթացքում մենք շատ մտերմացանք միմյանց:

Արդեն մթնել էր, երբ մենք քաղաք վերադարձանք գոհ սրտով և մեծ տպավորություններով:

Կ. Մկրտչյան

Դեպի նորանոր հաջողություններ (30.12.1969, համար 37)

Թանկագին ժամագործնե՛ր:

Գործարանի դիրեկցիան, կուսակցական բյուրոն, գործարհկոմը, ԼԿԵՄ կոմիտեն (Լենինյան կոմունիստական երիտասարդական միություն — հեղ.) ջերմորեն շնորհավորում են Ձեզ Նոր տարվա առթիվ, ցանկանում հետագա բեղմնավոր աշխատանք, քաջառողջություն և երջանկություն:

Գործարանի կոլեկտիվն անձնվեր աշխատանքով է նշանավորել պատմության գիրկը գնացող 1969 թվականը: Ուժերի մեծ լարում է պահանջել երեք միլիոն ժամացույցի թողարկման համար, դժվարություններ շատ են եղել, սակայն մեր ժամագործները դրանք հաղթահարել են, պատվով կատարել արտադրանքի իրացման տարեկան առաջադրանքը:

Խաղաղ ստեղծագործ աշխատանքի տարի էր 1969 թվականը: Այն նշանավորվեց մեծ Լենինի ծննդյան 100-ամյակի պատվին ծավալված սոցիալիստական մրցության հետագա թափով, աշխատանքային նորանոր խիզախումներով:

S01_11zon.jpeg

Հեղինակներ՝

Ուսանողներ

Անժելա

Աղամյան

Ուսանողներ

Էմմա

Վարդանյան

Ուսանողներ

Անի

Հարությունյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Վահան

Ստեփանյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան