yerevan-clocks
ՏեքստՄայիս 2/2023

Երևանի փողոցներում ժամանակը կանգ է առել

Եթե ժամադրված եք Երևանի կենտրոնում, փողոցներում տեղադրված ժամացույցներով չարժե կողմնորոշվել․ դրանք տարբեր կազմակերպությունների համար ընդամենը գովազդակիր վահանակների դեր են կատարում՝ սովորաբար ժամացույցի անշարժ սլաքներով։

Դեռ 2017-ին, ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ֆեսբուքում հրապարակում էր արել քաղաքի չաշխատող ժամացույցների մասին։ Նա համեմատել էր իր ձեռքի ժամացույցի և կենտրոնի մայթերից մեկին տեղադրված ժամացույցի ցույց տված ժամանակը։ «Երևանի բազմաթիվ փողոցային ժամացույցներ սխալ ժամ են ցույց տալիս։ Եվ սա արդեն խրոնիկ բնույթ է կրում։ Երևանի քաղաքապետարանը պետք է շտկի այս վիճակը»,— գրել էր ապագա վարչապետ Փաշինյանը։

Էկրանակադր.png

Վեց տարում Երևանի 3 քաղաքապետ է փոխվել, և եթե 2017-ին ժամացույցները սխալ ժամ էին ցույց տալիս, ապա այժմ դրանք չեն աշխատում ընդհանրապես։

IMG_7982.png

Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ ժամացույցների տեղադրման համար ընտրվել են մայրաքաղաքի բանուկ հատվածները, որտեղ մարդկանց մեծ շարժ կա, և որտեղ ժամացույցները համահունչ են քաղաքի արտաքին ձևավորմանը: Իսկ ժամացույցների անխափան աշխատանքի և շահագործման համար պատասխանատու է սեփականատերը՝ «Արբա Մեդիա» ՍՊԸ-ն:

«Արբա Մեդիա» ՍՊԸ-ն կառուցապատման և ժամացույցներ տեղադրելու թույլտվությունը ստացել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ 2012-ի N7496 որոշմամբ։ Ընկերության տնօրենը Դավիթ Ազարյանն է, սեփականատերը՝ Սուսաննա Հարությունյանը։ Նրա որդին՝ Արազ Բաղդասարյանը, եղել է Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը։ Սուսաննա Հարությունյանը «Արբա Մեդիա» ՍՊԸ-ի 100% բաժնետերն է։

Արազ Նշանի Բաղդասարյանը քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի պաշտոնը զբաղեցրել է 7 տարի՝ 2011-ի օգոստոսի 8-ից մինչև 2018-ի սեպտեմբերի 18-ը։ Հենց այդ ընթացքում է նրա մոր՝ Սուսաննա Հարությունյանի հիմնած ընկերությունը դիմել քաղաքապետարան և ստացել մայրաքաղաքի կենտրոնական փողոցների մայթերին գովազդային վահանակներ դնելու իրավունքը։ Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ ժամացույցների անսարքությունը վերացնելու խնդրով նրանք բազմիցս դիմել են «Արբա Մեդիա» ՍՊԸ-ին։

«Արբա Մեդիա» ՍՊԸ-ի անունից մեզ պարզաբանումներ տվեց քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության նախկին պետ Արազ Բաղդասարյանը՝ ՍՊԸ–ի սեփականատիրոջ որդին։

«Ժամացույցներն օգտագործվում են արդեն 10 տարի, մաշվել են։ Հիմա դրանք փոխարինելու և արդիականացնելու խնդիր ունենք։ 2022-ին երկու անգամ դիմել ենք Երևանի քաղաքապետարան, արդիականացման թույլտվություն ենք խնդրել։ Երկու անգամ էլ պատասխան չենք ստացել»։

Նախկին պաշտոնյան նաև պատմեց, որ ժամացույցները փողոցներում տեղադրվել են որպես նոր, ոճային գովազդային վահանակներ։ Նա պարզաբանեց, թե ինչպես է ստացվել, որ հենց «Արբա Մեդիա» ՍՊԸ–ին է տրվել մայթերին գովազդային վահանակներ տեղադրելու իրավունքը։

«Ի սկզբանե որոշում էր կայացվել այն ժամանակ, որ մենք (արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը) չպետք է տրամադրենք գովազդային միջոցներ, այլ պիտի տրամադրենք միջոցներ՝ քաղաքի համար պրակտիկ նշանակություն ունեցող ինչ-որ բաներ ձեռք բերելու համար։ Ներդրումային ծրագրերի արդյունքում պարզվեց, որ պետք են ժամացույցներ քաղաքի այն ժամանակվա ոճի մեջ՝ որպես ձևավորման տարր, բայց քաղաքը պատրաստ չէր իր բյուջեից ներդրում կատարելու։ Մենք դիմել ենք տարբեր կազմակերպությունների, սակայն չենք գտել կազմակերպություն, որը պատրաստ կլիներ ներդրում անելու։ Վերջում էնպես ստացվեց, որ մենք ինքներս ներդրում արեցինք»,— ասաց Արազ Բաղդասարյանը։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ Արազ Բաղդասարյանը «ԱԴՎԵՐՍԻԹԻ» ՍՊԸ-ի 100% բաժնետերն է։ Այս կազմակերպությունը ևս գովազդի ծառայություն է մատուցում, գործունեությունը սկսել է 2015-ից։

Կենտրոնում տեղադրված ժամացույցների զբաղեցրած տարածքները «Արբա Մեդիա» ՍՊԸ-ին տրամադրվել են կառուցապատման իրավունքով՝ 20 տարի ժամկետով։ Ըստ քաղաքապետի՝ 2012-ի N7496 որոշման, հողատարածքների վարձակալության վճարը սահմանվել է հողամասերի կադաստրային արժեքի 40%-ի չափով։

Ժամացույցները, ինչպես նշեց Արազ Բաղդասարյանը, միակ գովազդային վահանակները չեն, որոնք այդ ժամանակահատվածում տեղադրվել և ստացել են «փոխհատուցում».

«Քաղաքում մեզ պետք էր ժամացույցներ տեղադրել, ներկայացրինք հաստատման։ Դրանից հետո որոշվեց, որ ներքևի հատվածում ներդնողները կարող են գովազդ տեղադրել և դրանով իրենց ներդրման վերադարձն ապահովել։ Նմանատիպ բաներ էլի են եղել այն ժամանակ։ Օրինակ՝ վերգետնյա անցումներ են կառուցվել․ գովազդային կազմակերպություններն անցումը կառուցել են ու դրա փոխարեն որոշ ժամանակ ազատվել են տուրքից։ Իսկ այս դեպքում տուրքից ազատելու խնդիր էլ չկար, ուղղակի իքս ժամանակով տրվել է գովազդ տեղադրելու իրավունք»։

Երևանի գովազդային ժամացույցները՝ առանց ժամ և առանց գովազդ

Քաղաքում տեղադրված գովազդային ժամացույցները 14-ն են, բոլորն էլ չեն աշխատում։ Դրանք ունեն հազիվ 20% զբաղվածություն․ այսինքն վահանակների միայն 20% է գովազդ կրում։ Ժամացույցների վահանակային հատվածը հիմնականում դատարկ է, կամ այդտեղ պարզապես հայտարարություններ են փակցված։ Արազ Բաղդասարյանի խոսքով՝ որպես գովազդային տարածք՝ ժամացույցների վահանակների մակերեսը փոքր է, դրա համար էլ գովազդատուներին չի գրավում։

Քաղաքում մեր շրջայցի ժամանակ 14 գովազդային ժամացույցներից միայն 8-ի վահանակներին գովազդ տեսանք։ Այդ ժամացույցները տեղադրված են Աբովյան փողոցում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, Աբովյան-Թումանյան խաչմերուկում, Աբովյան-Սայաթ Նովա խաչմերուկում՝ Սուրբ Աննա եկեղեցու դիմաց, Աբովյան-Մոսկովյան խաչմերուկում, Թումանյան փողոցում, Հյուսիսային պողոտա 3 հասցեում, Հանրապետության հրապարակում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի և «Կոնվերս Բանկ»-ի դիմաց։

Մյուս 6 ժամացույցների վահանակներին՝ քաղաքապետարանի դիմաց, Բաղրամյան 1, Թումանյան 3 հասցեներում, Կոնսերվատորիայի հարևանությամբ, «Կազիրյոկ» սրճարանի դիմաց, Մաշտոց-Իսահակյան խաչմերուկում, գովազդներ չկային։

2023-ի փետրվարի 2-ին վթարի հետևանքով վնասվեց Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում տեղադրված գովազդային ժամացույցը։

Նույն տեղում «Արբա Մեդիա» ՍՊԸ-ն տեղադրեց նոր լուծումներով մեկ ուրիշ ժամացույց։ Դրա նմանությամբ մյուս ժամացույցները ևս արդիականացնելու առաջարկով ընկերությունը դիմեց քաղաքապետարան։

«Նոր տեղադրված ժամացույցը էլեկտրոնային է և ցույց է տալիս նաև եղանակը։ Դիմել ենք քաղաքապետարան, սպասում ենք, որ համաձայնեն ու թույլտվություն տրամադրեն»,— ասաց Արազ Բաղդասարյանը։

IMG_1195 (1).png

Նոր ժամացույցը, եղանակ և ժամանակ ցույց տալուց բացի, իր ծավալում կրում է նաև տերմինալ, ինչը ենթադրում է լրացուցիչ եկամուտ՝ վահանակի սեփականատիրոջ համար։ Ժամացույցների վրա գովազդի տեղադրմամբ և սպասարկմամբ հունվարի 1-ից կզբաղվի «ԲԻ ԲԻ Գրուպ» գովազդային գործակալությունը։ Քաղաքապետարանի նախկին պաշտոնյա Արազ Բաղդասարյանն այս ընկերությունում խորհրդական է աշխատում։

«ԲԻ ԲԻ Գրուպի» տնօրեն Տաթևիկ Խաչատրյանը մեզ հայտնեց, որ նոր ժամացույցների հետ կապված գործողությունները դեռ ընթացքում են, վահանակներին դեռևս գովազդ չեն տեղադրում։

Լուսանկարները՝ Նարե Պետրոսյանի և Ժաննա Բեքիրյանի

Հեղինակ՝

Ուսանողներ

Էմմա

Միքայելյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան

Դասախոսներ

Տիրայր

Մուրադյան