Երևանի կոյուղին․ քաղաքի տակ ծխացող հրաբուխը
Երևանի տակ մի ուրիշ քաղաք կա, որ չի երևում։ Այս քաղաքում չկան երթևեկության կանոններ, բայց կան խցանումներ ու վթարներ՝ տարեկան մոտ 30.000։ Վթարների ու դրանց հետևանքների մասին հիշում ենք միայն այն ժամանակ, երբ գարշահոտությունը գետնի տակից հասնում է մեր քթին ու հիշեցնում իր գոյության մասին։
Երևանի կոյուղատար համակարգը մոտ 90 տարեկան է. անցած տասնամյակների ընթացքում չի փոխարինվել նորով կամ փոխարինվել է մասամբ․ միայն վթարի ու խիստ անհրաժեշտության դեպքում են հիշել այս համակարգի մասին։ Մինչդեռ մայրաքաղաքի հենարանը հենց այդ անլույս ու անտեսված գետնատակ քաղաքում է։ Տարեցտարի ավելի հաճախակի դարձող վթարները, բացի երևանցիների կյանքը պարալիզելուց, քայքայում են նաև քաղաքի հիմքերը։
Ե՞րբ և ինչպե՞ս է ստեղծվել Երևանի կոյուղատար համակարգը, ի՞նչ վիճակում է այսօր և թե ի՞նչ աղետի առաջ կարող ենք կանգնել վաղը՝ վերլուծել ենք այս հոդվածում։
Ինչ ենք պարզել
- Երևանի կոյուղատար համակարգը սպասարկում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
- 2016-ին է Կառավարությունը Երևանի կոյուղատար համակարգը 15 տարով վարձակալության հանձնել ֆրանսիական այդ ընկերությանը։
- 2023-2024 թվականներին Երևանում կոյուղատարերի ավելի քան 50 հազար վթար է գրանցել։
- Ներքաղաքային կոյուղատար համակարգի 1700 կմ-ից 70-ը շուտափույթ նորոգման կարիք ունի։
- 2020-2024 թթ․ Երևանի քաղաքապետարանը և «Վեոլիա Ջուր» ընկերությունը կառուցել/վերակառուցել են շուրջ 43,7 կմ կոյուղագիծ։
- Մի շարք հասցեների կոյուղաջրերը լցվում են Հրազդան և Գետառ գետերը։
«Վեոլիա Ջրի» տվյալները վերլուծելով պարզեցինք, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցի փողոցի 51 հասցեում միայն 2024-ին՝ 54 վթար է գրանցվել։ Սա հակառեկորդ է՝ անգամ երևանյան չափանիշներով։ Բակային ճանապարհի ասֆալտը երկու երանգ ունի։ Շենքի բնակիչների պատմելով՝ հին ասֆալտը քանդվել է անցած տարի՝ վթարված կոյուղատարը նորոգելու համար։

Այդ հասցեում իրար կողք երկու շենք կա։ Մեկը հին է, մեկն էլ վերջին տարիներին է շահագործման հանձնվել։ Երկուսի կոյուղատարերը հատվում են 51 շենքի բակում, միանում են հիմնական կոյուղու համակարգին։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը խողովակները և դիտահորերը փոխարինել է նորերով, բայց կոյուղատարի այդ հատվածը վերանորոգումից հետո էլ մի քանի անգամ խցանվել է։ Բացել են «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները։ Բնակիչների խոսքով՝ խողովակներից դուրս են բերվել կենցաղային իրեր. ձմերուկի, կարտոֆիլի կեղև, մանկական տակդիր, հագուստի կտորներ։
«Վեոլիա Ջուրը» բացում է խցանումներն ու մանրամասնում․
«Մեր մասնագետները կոյուղատարից հանում են ամեն ինչ, բացի կոյուղու համար նախատեսվածից։ Մեր բանվորական ուժն ու տեխնիկան նախատեսված չեն աղբ հեռացնելու համար»։

«Վեոլիա Ջրի» տվյալներով՝ Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցում խցանում բացելու ու վթարներ վերացնելու համար անցած տարի կիրառվել են գրեթե բոլոր հնարավոր միջոցները՝ փչող մեքենա, էքսկավատոր, ասֆալտի քանդում։ Բնակիչներից մեկը մեզ պատմեց, որ «Վեոլիա Ջրի» թեժ գծի օպերատորներն իրեն արդեն ձայնով գիտեն։ Այս նույն հասցեի առաջին հարկի բնակիչը պատմում է, որ վթարների դեպքում կեղտաջրերը հաճախ իր տուն են լցվում։

2023-2024-ին տարեկան մոտ 30 հազար վթար է գրանցել։ Սա՝ «Վեոլիա Ջրի» տվյալներով, բայց լինում են նաև դեպքեր, երբ բնակիչները խնդիրը լուծում են սեփական ուժերով՝ առանց «Վեոլիա Ջուր» զանգելու։ Ըստ ընկերության վերլուծության՝ վթարների մեծ մասը՝ մոտ 77%-ը, ձեռքով է բացվել, այսինքն չի կիրառվել որևէ տեխնիկա, բացվել է հատուկ հարմարանքով՝ ձեռքի աշխատանքով։

Երևանի կոյուղու պատմությունը
Երևանի կոյուղու պատմության մասին քիչ բան կա Ազգային արխիվում, գրքերում։ Հիշատակումներ կան պատմաբան Թաթիկ Հակոբյանի «Երևանի պատմություն․ 1879-1917 թթ․» գրքում։

Հեղինակը նշում է, որ Երևանում կոյուղի ունենալու հարցն առաջին անգամ բարձրացվել է 1904-ին՝ էլեկտրակայանի և մի քանի այլ խնդիրների հետ։ Սակայն, ի տարբերություն էլեկտրակայանի և ջրմուղի, որոնց մատուցած ծառայության համար բնակիչը ամսական վճարելու էր, կոյուղին եկամտաբեր չէր, և ձեռնտու չէր այն կառուցել պետության՝ քաղաքային ինքնավարության միջոցներով։ Այդ պատճառով էլ նախասովետական Երևանում կոյուղի չի կառուցվել։
Երևանի պատմության թանգարանի արխիվում «Կոյուղու նախագիծ․ 1926» անունով փաստաթուղթ կա։
Բնօրինակը՝ ռուսերեն ամբողջական փասստաթուղթը՝ այստեղ։
Հենց 1926-ին է առաջին անգամ կազմվել մայրաքաղաքում կոյուղի անցկացնելու նախագիծը, որի հեղինակն է ինժեներ Ս. Լիսիցյանը։ Նախատեսվում էր կոյուղու կառուցման համար քաղաքը բաժանել 2 գոտու։ Առաջինն ընդգրկելու էր խիտ, երկրորդը՝ քիչ բնակեցված շրջանները։ Այսինքն՝ այդ ժամանակ մենք ունեցել ենք առաջին կոյուղատար համակարգը։ Ըստ նախագծի՝ 1926-ին Երևանի բնակչությունը եղել է մոտ 61 հազար, կոյուղատար համակարգը կառուցվել է մոտ 152 հազար մարդու հաշվով, բայց հիմա՝ մեկ դար անց, սպասարկում է 1.1 մլն քաղաքացու։
Երևանում նոր շենքեր են կառուցվում։ Դրանց կոյուղատարերը միանում են հին ու մաշված համակարգին, առաջանում է թողունակության խնդիր, այսինքն՝ խողովակներով 7 անգամ ավելի կոյուղաջուր է գնում, քան նախատեսված էր։
Ազգային արխիվում, Երևանի պատմության թանգարանում, գրքերում և համացանցում մենք չգտանք տեղեկություն Երևանի կոյուղատար համակարգում կատարված հիմնավոր փոփոխության կամ համակարգի արդիականացման մասին։
Ո՞ւմն է կոյուղատար համակարգը․ ով ինչ պարտավորություն ունի
Երևանի կոյուղատար համակարգը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, կառավարումը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեինն է։ 2016-ին Ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի միջև կնքվել է պայմանագիր, և համակարգի սպասարկումը 15 տարով ստանձնել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը։ Սպասարկումն իրականացվում է 2017-ից։ Ըստ պայմանագրի՝ «Վեոլիա Ջուրը» պատասխանատու չէ ամբողջ կոյուղատար ցանցի համար, այլ միայն գլխավոր կոյուղատարից մինչև բնակելի հատվածի նկուղ գնացող խողովակի։ Նկուղից բնակարան գնացող խողովակները պատկանում են բազմաբնակարան շենքի բաժնային սեփականատերերին՝ դրանից բխող պարտավորություններով։
Մինչ 2017-ը Երևանի ջրամատակարարումը և ջրահեռացումը կազմակերպում էր «Երևան Ջուր» ՓԲԸ-ն։ Ըստ Ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջրի» միջև կնքված պայմանագրի՝ ընկերությունը պարտավորվում է վերացնել վթարները, իսկ հիմնանորոգումը նրա պարտավորություններից դուրս է։ Վթարի կամ անսարքության դեպքում վարձակալը՝ «Վեոլիա Ջուրը», պարտավոր է «ջանք չխնայելով» լուծել խնդիրը՝ նշված է պայմանագրում։

Ըստ պայմանագրի՝ ընկերությունը, վարձակալությանը հանձնված գույքը պահպանելուց բացի, պարտավոր է բարելավել դրա վիճակը։ Օրինակ՝ վարձակալության առաջին տարում պետք է կատարեր 1.5 մլրդ դրամ ներդրում, չորրորդ տարում՝ նվազագույնը 2.7 մլրդ։ Պայմանագրի գործողության վերջին չորս տարում ներդրման թիվը սահմանված է տարեկան 2.5 մլրդ։
«Վեոլիա Ջուրը» ներդրումային իր պարտավորությունների մի մասը չի կատարել, դրա վերաբերյալ կնքվել են հավելյալ համաձայնագրեր։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը պարտավորությունները չկատարելու համար տույժի չի ենթարկվել, որովհետև 2018-2021 թվականներին կառավարությունն էլ իր հերթին պատշաճ չի կատարել իր պարտավորությունները։ Ընկերության չկատարած պարտավորությունների մասին 2024-ին «Հետքը» հետաքննություն է հրապարակել։
Ջրային կոմիտեից փորձեցինք տեղեկանալ կոյուղատար համակարգի վիճակի մասին․ կա՞ գույքի մաշվածության որևէ հետազոտություն՝ արված վարձակալության հանձնելու պահին կամ դրան հաջորդած տարիներին։ Կոմիտեից պատասխանեցին, որ վարձակալության տալուց առաջ անկախ խորհրդատուն իրականացրել է վերագնահատում և վերագրանցում։ Երևանի ջրահեռացման ցանցի մաշվածության մասին որևէ տեղեկություն Ջրային կոմիտեն մեզ չտվեց, առաջարկեց դիմել «Վեոլիա Ջուր» ընկերությանը։ «Վեոլիա Ջրից» մեզ հայտնեցին՝ մոնիտորինգներ չեն անում, կոյուղու վատ վիճակի ցուցիչն իրենց համար վթարներն են. որ հասցեում վթարները շատ են լինում, այդ հասցեում էլ վերանորոգում են անում։ Նշեցին, որ 2024-ին 390 մլն դրամի աշխատանք են արել, կառուցել մոտ 2700 գծամետր պոլիէթիլենե երկշերտ խողովակաշար։
2024-ի հոկտեմբերի 16-ին Երևանի քաղաքապետարանի կայքում հրապարակված տեսանյութի համաձայն՝ Երևանի կոյուղատար ցանցի 80%-ը ենթակա է փոխարինման։

Գրավոր հարցմամբ փորձեցինք ճշտել, թե ի՞նչ ուսումնասիրության հիման վրա են քաղաքապետարանում նման եզրակացության եկել։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշեց, որ իրենք նկատի են ունեցել, որ համակարգի 80%-ը ոչ թե ամբողջական փոխարինման, այլ միջամտության կարիք ունի, օրինակ, դիտահորի կափարիչի փոխարինում, խողովակների մասնակի փոփոխում, կոյուղագծի տեղափոխում և այլն։ Որպես ցուցիչ ընդունել են բնակիչների ահազանգերը, շաբաթական 500-600 վթարները։ Ինչպես է վթարների թիվը կապված կոյուղատար ցանցի 80%-ի հաշվարկի հետ, պարզ չդարձավ՝ համակարգի վիճակի ուսումնասիրություն և գնահատում արված չէ։
Քաղաքապետարանից հայտնեցին, որ ոլորտի կարգավորումը գտնվում է Ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պատասխանատվության ներքո։ Սակայն հաշվի առնելով բնակիչների բազմաթիվ բողոքները և Երևան քաղաքի կոյուղատար համակարգի մաշվածությունը՝ Երևանի քաղաքապետարանի ծրագրերով 2023- 2024թթ. իրականացվել են 53 հասցեների կոյուղատար համակարգերի կառուցման և վերակառուցման աշխատանքներ, իսկ 2025-ի համար գնման ընթացակարգով պատվիրել են ևս 28 հասցեների կոյուղատար համակարգի նախագծանախահաշվային փաստաթղթեր։
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը 1997-ից քաղաքապետարանի բարձր օղակներում տարբեր պաշտոններ է զբաղեցնում, համակարգի լավատեղյակ մասնագետներից է։
«Ներքաղաքային կոյուղատար համակարգը մոտ 1700 կմ է (ըստ քաղաքապետարանի կայքում հրապարակված տեսանյութի՝ 1200 կմ), որից 23–ը՝ արտաքաղաքային»,— նշեց Արեյանը։
Մանրամասնեց՝ կոյուղատար համակարգը նախորդ դարում է կառուցվել՝ քաղաքային այլ միջավայրի ու պահանջարկի համար, այսօր մաշվել, քայքայվել է։
«Մաշվածության ամենամեծ ցուցիչը վթարներն են, խցանումներն ու արտահոսքը։ Այսօր կոյուղատար համակարգը գետնի տակ ծխացող ռումբ է»։
Կոյուղու ամենահին ու մաշված հատվածը, ըստ Արեյանի, Երևանի Կենտրոնում է։ Համեմատաբար նոր են Դավթաշենի, Նոր Նորքի, Աջափնյակի կոյուղագծերը՝ կառուցվել են նախորդ դարավերջին։ Արեշում, Մալաթիա-Սեբաստիայում, Շենգավիթում ավելի վաղ են կառուցվել։
Քաղաքապետի խորհրդականը երկու վտանգ է նշում՝ էկոլոգիական և սեյսմիկ, քանի որ կոյուղու և ջրագծի վթարվելու դեպքում պարունակության մի մասը գնում է գետնի տակ և քայքայում շենքի հիմքերը։
Կամո Արեյանը պատմում է, որ կոյուղու համակարգն արդիականացնելու համար վարկային առաջին համաձայնագիրը կնքվել է Երևանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի պաշտոնավարման ընթացքում։ Գումարն ամբողջությամբ ուղղվել է ջրամատակարարմանը։ Դրանից հետո էլի վարկային մի քանի համաձայնագիր է կնքվել, դրանց միայն մի մասն է ուղղվել կոյուղատար խողովակների փոփոխմանը կամ համակարգի կառուցմանը՝ հիմնականում Դավթաշենում և Նորագավիթում։
Արեյանի խոսքով՝ 2020-2024 թվականներին «Վեոլիա Ջուրը» և քաղաքապետարանը Երևանում 43,7 կմ կոյուղագիծ են կառուցել եւ վերակառուցել։ Քաղաքապետարանի միջոցներով՝ 35 կմ, «Վեոլիա Ջրի»՝ 8,7 կմ. պաշտոնյան ասում է՝ սա աննախադեպ է 1997-ից ի վեր։
«Սա, իհարկե, բավարար չէ։ Դա լուծեց անհետաձգելի համարվող խնդիրների միայն 1/100 մասը։ Ջրային կոմիտեի և «Վեոլիայի» հետ եկանք համաձայնության, որ կանենք գույքագրում՝ անհետաձգելի եւ հեռանկարային»։
Անհետաձգելի միջամտության կարիք ունեցող 343 հասցե կա հիմա, ինչը մոտավորապես 70 կմ-ի փոխարինում է նախատեսում։ Հստակ հաշվարկներ էլի չկան։ Կամո Արեյանի խոսքով շուրջ 7-8 մլրդ դրամ է անհրաժեշտ՝ միայն անհետաձգելի աշխատանքների համար։
Երևանում մի շարք հասցեներ կոյուղի չունեն՝ Դավթաշենի ձոր 1-ը, 2-ը, Ներքին Շենգավիթի փողոցներից մի քանիսը, Աղաբաբյան, Կաշեգործների, Կոտովսկի, Դոդոխյան փողոցները՝ Կամո Արեյանի տվյալներով։ Մոտ 13,000 հասցե ընդհանրապես կոյուղի չունի. այս հասցեների կոյուղատարը Հրազդան գետն է։
«Խառը-խշտիկ սիրուն տներ են սարքել, բոլորը հողը փորել են, կեղտաջուրը գնում է գետը։ Ոչ մեկը չունի կոյուղի։ Հիմա էնտեղ ճանապարհ ենք նախագծում, 2 տարբերակ է քաշվել, ես պիտի բարձրանամ քաղաքապետի մոտ, ասեմ՝ եթե այս ճանապարհը մենք կառուցում ենք, շանս ենք տալիս՝ կոյատարը գա, մտնի Եղվարդի խճուղի, այնուհետեւ՝ Չարենցավանի կալեկտոր»։
Կամո Արեյանն պնդում է.
«Համակարգը ներդրումների կարիք ունի, բայց ոչ համայնքն ունի այդքան միջոց, ոչ՝ պետությունը»։
Լուծումը նա տեսնում է վարկերի և դրամաշնորհների միջոցներով։
Երևանի կոյուղագծերը փոխելուն այլ հանգամանք էլ է խանգարում։ Կան գծեր, որոնք մնացել են նորակառույց շենքերի տակ։ Այդ հատվածների վթարների դեպքում, խողովակները դժվարհասանելի են, նորոգումը երկար է տևում։ Նորակառույցների տեղանքն ընտրելիս հաշվի չի առնվում կոյուղատար գծից շենքերի հեռավորությունը։ Արեյանն առաջարկում է, որ կառուցապատողը դառնա կոյուղագծերի կառուցման կամ վերակառուցման համաֆինանսավորող։ Այսինքն, եթե նորակառույցը կոյուղատարի վրա է նախատեսվում, կառուցողն ինքը խողովակները տեղափոխի իր շենքի տակից։
Կամո Արեյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ։
Ամփոփում
Կոյուղատար խողովակները հավաքվում են, կպնում իրար, հետո էլի առանձնանում՝ Երևանի տակ մի հսկա քաղաք դառնալով, որը մոտ մեկ դարի պատմություն ունի։ Տարիների ընթացքում շատ բան է փոխվել՝ կառուցվել են նոր թաղամասեր, բազմաբնակարան շենքեր, փողոցներ, իսկ ստորգետնյա քաղաքը քայքայվել է անուշադրությունից։ Արդյունքում՝ Երևանը գետնի տակ ծխացող հրաբխի վրա է, որը կարող է ժայթքել ցանկացած պահի։
Մաշված կոյուղագծերից դուրս է հոսում մեծ քանակի կոյուղաջուր, որը լցվում է բնակելի շենքերի նկուղներ։ Դա թուլացնում է շենքի հիմքերը, նվազեցնում դրանց սեյսմակայունությունը, դառնում փլուզումների պատճառ։
Կույուղաջրերը լցվում են նաև մշակվող այգիներ, գետեր, լճեր, բնակելի թաղամասեր՝ փչացնելով բնությունն ու մեր կյանքը։
Ստորգետնյա քաղաքը Երևանի կենսագործունեության կարևորագույն ենթակառուցվածքներից է՝ բոլոր իմաստներով։ Մեր մայրաքաղաքի արտաքին փայլը ու շքեղությունը չպետք է մոռանալ տան լուրջ ու աննկատելի գետնատակ խնդիրները։ Եթե դրանք այսօր չլուծվեն, վաղը քնած հրաբուխը կարող է ժայթքել՝ գարշահոտ խնդիրները լցնելով մեր տները։
Հեղինակներ՝
Ուսանողներ
Ժենյա
Գևորգյան
Ուսանողներ
Սիմոն
Հովհաննիսյան
Ուսանողներ
Անի
Ղևոնդյան
Ուսանողներ
Լիլիթ
Մարգարյան
Ուսանողներ
Հեղինե
Խալաթյան
Ուսանողներ
Անի
Ավետիսյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Էդիկ
Բաղդասարյան
Դասախոսներ
Տիրայր
Մուրադյան
Դասախոսներ
Վահան
Ստեփանյան
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան
Թիմ՝
Թիմ
Հարություն
Մանսուրյան