yerevan-victory-park
Ֆոտո պատմությունՓետրվար 13/2023

Սև ու սպիտակ Մոնումենտ

1930-ականների վերջին, Երևանի մաքուր օդն ապահովելու համար, որոշվեց կառուցել արհեստական անտառ՝ քաղաքային այգի Արաբկիրում։ Հայրենական մեծ պատերազմից հետո այն վերանվանվեց «Հաղթանակ» զբոսայգի, կամ ինչպես բոլորն են ասում՝ «Մոնումենտ»: Մոնումենտ անվան պատճառը 1950-ին այգում տեղադրված Ստալինի արձանն էր: «Մոնումենտ» անվանումը այնքան սիրվեց, որ հետագայում սկսեցին այդպես անվանել ոչ միայն զբոսայգին, այլև ողջ թաղամասը:

Մայր Հայաստանի արձանից ձախ թեքվելով՝ հայտնվում ենք ատրակցիոնների անվերջանալի շարքում՝ կենգուրուներ, փղեր, կարապներ։ Հիշում ենք, թե ինչպես էինք մանկության տարիներին վայելում դրանք։ Հիմա այգում շարժ գրեթե չկա։ «Ուրախ ժամանց» ընկերության տնօրեն Վահրամ Ներսիսյանը մեր առջև բացում է Մոնումենտի լուսանկարների արխիվը՝ 23 ալբոմ։ Տարիների ընթացքում ալբոմները խունացել են, սոսնձի հետքեր են երևում։ Մոնումենտի լուսանկարների արխիվը պատկանում է Ումրիկյանների ընտանքին։

Սիփան Սիմոնյանն այգու ամենահին աշխատողներից է։ Պատմում է, որ Հակոբ Ումրիկյանը այգին հիմնադրել է 1951-ին։ Աշխատել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի Մշակույթի տանը։ Լավ աշխատանքի համար է տնօրեն նշանակվել։ Հակոբ Ումրիկյանի օրոք այգին դարձել է երևանցիների ու հյուրերի սիրելի վայրերից մեկը։ Նրա մահից հետո՝ 1995 թվականին, տնօրեն է նշանակվել որդին՝ Թորոսը։ Թորոսը սեղանի թենիսի չեմպիոն էր։ Հաճախ էր գնում–գալիս հոր մոտ, շատ բան էր սովորել, գիտեր՝ ինչպես այգին ավելի հրապուրիչ դարձնել։ Թորոսն իրականացրեց ներդրումային ծրագրեր և բարեկարգեց այգու տարածքը։

den-soyuznix-respublikn-azerbaijanskoy-sssr-4.jpg
Զբոսայգին, 1972 թվական
kultmijocarum1978-6.jpg
Զբոսայգին, 1972 թվական

1955-1956 թվականներին այգում տեղադրվում է առաջին կարուսելը՝ «Ճոճվող նավակը»։

Մոնումենտի կոլաժ.png
taterakantonahades1972-8.jpg
Զբոսայգին, 1972-1975-ական թվականներ

1959-ին բացվեց «Արագիլ» ռեստորանը։ «Արագիլը» Երևանի ամենահայտնի վայրերից էր, որտեղ երեկոները կենդանի երաժշտություն էր հնչում։ Ժամանակի հիթերից մեկը՝ «Մամ ջան, մամ ջան»–ը «Արագիլի» մշտական երգացանկում էր։


12.jpg
20210405_142006.jpg

Ռեստորանային համալիրի ճարտարապետը Ռաֆայել Իսրայելյանն է։ «Արագիլը» սպիտակ քարից է։ Ներսի պատերի վրա վերջին տարիներին գրաֆիտիներ են հայտնվել: «Ջահելներ են գալիս, ինչ ուզում՝ անում, գնում են»,— ասում է տարածքում հանդիպած տարեց մի մարդ։

Երբ ռեստորանի կառուցումը մոտ է եղել ավարտին, վերևներում որոշել են փոխել անունը՝ «Արագիլի» փոխարեն «Մոսկվա» դնել։ Իսրայելյանը տեսնելով, թե ինչպես են փոխում անվան տառերը, զայրացել և տեսակցություն է խնդրել Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարուբյանից: Երկու օր անց ռեստորանի ճակատին դարձյալ «Արագիլ» էր:

Այն ժամանակ սա բացառիկ երևույթ էր: Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի մասին ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Ցոլակ Ազիզյանը գրում է. «Շատ ուրախացավ, երբ «Արագիլ» ռեստորանը կառուցվեց։ Երբեմն ժամանակ էինք անցկացնում այնտեղ՝ ընտանիքով, ընկերների ու բարեկամների հետ։ Շենքի մասին երբեք չէր խոսում, բայց հիանում էր այնտեղից երևացող Երևանով ու Արարատով։

Երբ նստած էինք լինում կամարների տակ, առաջարկում էր գնալ Արարատը նայելու աջ մասում կառուցված տաղավարից, որ հատկապես կառուցված էր այդ լեռը վայելելու համար»։

DSCF0391.jpg

Ռաֆայել Իսրայելյանի թոռը՝ Արամ Ղանալանյանը չի տեսել պապին, բայց մեծացել է նրա մասին պատմություններով, հուշերով։ Մեզ հետ զրույցում պատմում է․ «Պապս, Լենինգրադում ակադեմիան ավարտելուց հետո, որոշել է հաստատվել Հայաստանում։ 1936-ին գալիս է Երևան և մեծ ներդրում է ունենում հայրենիքի կայացման գործում։ Պապս շատ հետաքրքիր էր պատկերացնում Երևանը։ Եթե Կասկադի կամ Հրազդանի կիրճի էսքիզներն իրագործվեին, շատ յուրօրինակ վայրեր կունենայինք»։

Սովետական տարիներին դժվար էր պահպանել հայ ճարտարապետության դիմագիծը, բայց, Արամի խոսքով, իր պապը հաջողել է դա անել։ Օրինակներից մեկն էլ «Արագիլ» ռեստորանն է։ «Մոնումենտը բացառիկ թանգարանային շինություններից է, որի ճարտարապետական հորինվածքն ու կերպարը ավելի բարձր արժեք են ներկայացնում, քան բուն էքսպոզիցիան»,— ասում է Արամը։

Գուրգեն պապը՝ Մոնումենտի ուրախությունը

Այգին իր «շոումենն» ուներ՝ Գուրգեն պապին։ Նա մրցումներ էր կազմակերպում երեխաների համար, որոնք պարաններ էին քաշում, թելից օղակներ էին շարում։ Հավաքված հանդիսատեսին Գուրգեն պապին բաժանում էր երկու խմբի ու խաղի ավարտին ծափերով որոշում էր հաղթողին, ում ատրակցիոնի տոմս էր նվիրում։

Գուրգեն պապ.png
Գուրգեն պապին
zbosaygi-1979-6.jpg
Զբոսայգին, 1976-1979-ականներ

Մոնումենտի «Կապուտակ Սևանը»

«Արևիկ» արհեստական լիճը շատ նման է Սևանին։ Նախագծի հեղինակը ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Հակոբյանն է։ Լիճը սկսել են կառուցել 1958-ին, շահագործման հանձնվել է 1961-ին: Ամենախոր հատվածը 8,5 մ է: Լիճը նախատեսված էր նաև լողալու համար, և շրջակայքում հերթապահում էին փրկարարներ, որոնք, հիմնականում, ֆիզկուլտ ինստիտուտի շրջանավարտներ էին։

taterakantonahades1972-6.jpg
1977 թվական, Մոնումենտի լիճը
haxtanak1977-5.jpg

Համլետ Զաքարյանն այգու հին աշխատողներից է։ Ավարտել է Պոլիտեխնիկական համալսարանը։ Գործընկերներն ասում են՝ ճիշտ մարդու մոտ եք եկել, Համոն ամեն ինչ հիշում է։ Պատմում է, որ ուսանողական տարիներին Պոլիտեխնիկից ուսանողներին բերում էին Մոնումենտ՝ լճի տարածքում ֆիզկուլտուրա անելու, նաև մրցույթներ էին կազմակերպվում:

zbosaygi-1979-7.jpg
1979 թվական

«Ժամանակին լիճը մաքուր էր, տարին երկու անգամ մաքրվում էր։ 1988-ին ես էլ եմ այստեղ ֆիզկուլտ արել։ Բայց վատ ուսանող եմ եղել. լճում չեմ լողացել»,— պատմում է Համլետը։

Լճի մասին պատմում է նաև Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնի դոցենտ Սամվել Խաչատրյանը: Նա հիշում է, որ 1970-1980-երին բուհերը ֆիզկուլտուրայի ամենշաբաթյա դասերն անցկացնում էին քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Հաղթանակի զբոսայգում։ Կազմակերպվում էին փոփոխական ինտեսիվության տևական վազքեր, ուսանողները ստուգարք էին հանձնում՝ վազելով 500 մետր։ «Մեր համալսարանը այստեղ վազքի երկու բաց առաջնություն է կազմակերպել՝ ԽՍՀՄ երկրների մասնակցությամբ։ Մեծ առաջնություն էր»,— հիշում է Սամվել Խաչատրյանը։

Լճի ջուրը պարբերաբար փոխվում էր ու քլորացվում: Սակայն այդ ջուրը օգտագործվում էր նաեւ ոռոգման համար, իսկ քլորի առկայությունը վատ էր անդրադառնում ծառերի վրա: 1969-ից արգելվեց քլորի օգտագործումը ջրում, և լճում լողալն աստիճանաբար դարձավ անհնար։

erevanskaya-zima-1975-7.jpg
1977 թվականի ձմեռ, Մոնումենտի լիճը
erevanskaya-zima-1975-13.jpg
1977 թվականի ձմեռ, Մոնումենտի լիճը

Այդ տարիներին մեկ ժամ նավակ վարելն արժեցել է 1 ռուբլի: Լիճը մշտապես լցված է եղել ջրով՝ բացառությամբ 1983-1985-երին, երբ այգին փակվել էր վերակառուցման նպատակով։ Լճի հետևի մասում թենիսի կորտն ու վոլեյբոլի հրապարակն էին, իսկ կողքին երկու տաղավար կար՝ խորտկարան և սրճարան,— պատմում է Համլետը ու հավելում,— «Հակոբ Ումրիկյանին նվիրված շատրվանն էլ այդ շրջանում չկար, դրա փոխարեն եղևնի էր։ Արմատները մեծացան, քարերը հեռացան իրարից, ստիպված ապամոնտաժեցինք։ Շատրվանի տարածք լարախաղաց էր գալիս շաբաթ–կիրակի օրերին։ Ձողը ձեռքին հեծանիվ էր քշում՝ առանց անվտանգություն ապահովող որևէ միջոցի»։

«Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիրը շահագործման է հանձնվել 1950-ի նոյեմբերի 29-ին։ Նույն օրն այգում բացվել է Ստալինի արձանը։ Պատվանդանի նախագիծը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանինն էր։ 17 մետրանոց պղնձե արձանի հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովն էր։ 1962-ին Ստալինի արձանն ապամոնտաժվեց։ Պատվանդանը հինգ տարի մնաց դատարկ։ 1967-ին Ստալինի արձանի տեղում տեղադրվեց Արա Հարությունյանի «Մայր Հայաստան» արձանը։ 1970-ին հուշահամալիրի շենքում բացվեց Հայրենական Մեծ պատերազմին Հայաստանի մասնակցությանը նվիրված թանգարանը։ 1995-ին այն վերանվանվեց ու դարձավ «Մայր Հայաստան» զինվորական թանգարան, որ գործում է մինչ այսօր՝ Պաշտպանության նախարարության ենթակայությամբ։

erevanskaya-zima-1975-6.jpg
1975 թվականի ձմեռ, «Մայր Հայաստան» արձանի տարածք
kultmijocarum19778.jpg
Մշակութային միջոցառում, 1977 թվական

Երևանի քաղաքապետի որոշումներով «Հաղթանակ» զբոսայգուց վարձակալական իրավունքով տարածքներ են տրամադրվել 24 իրավաբանական և ֆիզիկական անձանց: Հիմա այգին մի քանի մասի է բաժանված, օրինակ՝ կարուսելների տարածքը պատկանում է «Ուրախ ժամանց» ընկերությանը, այգու տարածքում գտնվող արհեստական լիճն էլ՝ Երևանի քաղաքապետարանին:

«Ուրախ ժամանցի» սեփականատերը Գոռ Ումրիկյանն է՝ Հակոբ Ումրիկյանի թոռը։ Հենց Գոռ Ումրիկյանին ենք մենք շնորհակալ՝ բացառիկ արխիվային լուսանկարները մեզ տրամադրելու համար։

Հեղինակներ՝

Ուսանողներ

Շուշան

Փափազյան

Ուսանողներ

Նելլի

Ղուկասյան

Ուսանողներ

Էլիզաբեթ

Թովմասյան

Ուսանողներ

Անահիտ

Սարգսյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Վահան

Ստեփանյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան