yerevan-ramps
Լոնգ րիդՀուլիս 1/2026

20 մետրը՝ 10 րոպեում․ Երևանի անանցանելի անցումները

Անդրանիկի հետ հանդիպեցինք ապրիլին՝ Կոմիտասի շուկայի վերանորոգված գետնանցման մոտ։ Ես երբեք չեմ տեսել՝ ինչպես է սայլակով տեղաշարժվող անձն օգտվում իր համար նախատեսված սարքից։ Անդրանիկը սեղմում է կանչի կոճակը․ սարքը դանդաղ, դղրդոցով բարձրանում է։ Անդրանիկը սայլակով վերևի վերջին աստիճանի մոտ է, սարքը պետք է այդտեղ կանգնի ու սայլակն էլ պետք է տեղավորի հարթակի վրա։ Բայց սարքը գալիս ու կանգնում է վերևից երկրորդ աստիճանի մոտ․ Անդրանիկը անցորդներին է խնդրում օգնել։ Արդեն անցումի ներքևում ենք ու շարժվում ենք առաջ։ Անդրանիկը սկսում է մաքրել սարքի վրա հավաքված փոշին։ Մի տատիկ է մոտենում, ասում է՝ ինքն ու թոռն էլ մի օր փորձել են օգտվել սարքից․ առաջին ու վերջին անգամն էր։ Սարքից, որը պիտի տեղափոխեր սայլակով թոռնիկին, տարօրինակ ձայներ են դուրս եկել, գետնանցման առաստաղը շատ ցածր է եղել, վտանգավոր է թվացել, էլ չի օգտվում։ Առաստաղի ցածր հատվածում Անդրանիկն էլ մի փոքր կռանում է։ Ընդամենը 20 մետր երկարությամբ անցումը հաղթահարելու համար մեզնից պահանջվում է 10 րոպե։

zoom
Անդրանիկ Եսայանը

Անդրանիկը «Քայլ դեպի հասանելիություն» հասարակական կազմակերպության նախագահն է։ Նա մասնակցել է Երևանի ստորգետնյա անցումներում հորիզոնական սարքերի տեղադրման աշխատանքներին։ Դրանք նախատեսված են հաշմանդամություն ունեցող անձանց համար։

zoom
Կոմիտասի շուկայի գետնանցումը
zoom

Երևանում 41 ստորգետնյա անցում կա։ 2022-ի Երևան քաղաքի զարգացման ծրագրի համաձայն՝ այդ անցումների մեծ մասը բարեկարգ վիճակում է։ Որոշ անցումներ ունեն բազալտե թեքահարթակներ, որոշներն ընդհանրապես հարմարեցված չեն սայլակով տեղաշարժվող մարդկանց, իսկ ամբարձիչ հարթակներով անցումներն ընդամենը 10-ն են։ Ամբարձիչները ուղղահայաց շարժման համար նախատեսված էլեկտրական սարքեր են և, ի տարբերություն վերելակների, չունեն փակ խցիկ, տեղադրված են հենց աստիճանների վրա։

Այս սարքերի մեծ մասն արտադրել է հայկական «ՔայլՏեք» ընկերությունը։ Սարքերը 2023-ին քաղաքապետարանը ձեռք էր բերել մոտ 98 միլիոն դրամով։

zoom
Անհարմար ստորգետնյա անցումներ

«Մատչելի» տարբերակներ Երևանի գետնանցումների համար

Մարդկանց համար անհարմար ամբարձիչ հարթակները, պարզվեց, հարմար են, եթե դրանց վրա արկղեր ես շարում. այդպես վարվում են գետնանցումներում առևտուր անողները։ Անդրանիկի դիտարկմամբ՝ ամբարձիչ սարքերը արդեն վերանորոգման կարիք ունեն։

Թե որ գետնանցումներում պետք է տեղադրվեն ամբարձիչ հարթակները, քաղաքապետարանն է որոշում, մինչդեռ Անդրանիկ Եսայանը կարծում է, որ որոշ գետնանցումներ, որոնցում դրանց առկայությունը առավել կարևոր է, քաղաքապետարանը բաց է թողել։ Օրինակ՝ Խանջյան փողոցի (Վերնիսաժի մոտ) գետնանցումի թեքահարթակը բավականին կտրուկ է թեքվում ու նեղ է, իսկ մոտակա հետիոտնային անցումը մոտ մեկ կիլոմետր հեռու է։ Մինչդեռ մեր այցելած Կոմիտասի շուկայի անցման տարածքում ընդամենը 100 մետր հեռավորության վրա կա լուսացույցով կարգավորվող վերգետնյա անցում:

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ Գարեգին Գրիգորյանը նշում է, որ բնակիչները հարթակները ոչ պատշաճ և անբարեխիղճ կերպով են շահագործում, դրա պատճառով էլ երեք տարի առաջ տեղադրված սարքերը արդեն խնդիրներ ունեն։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի նախագահ Մուշեղ Հովսեփյանը և «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը պնդում են՝ հարթակները, անկախ դրանք շահագործելու ձևից, հարմար ու ապահով չեն սայլակով տեղաշարժվող մարդկանց համար։ Արմեն Ալավերդյանը բացատրում է, որ ստորգետնյա անցումները բոլորի համար մատչելի կլինեն, եթե վերելակները տեղադրվեն աստիճաններից առանձին, բայց դրանց կառուցման համար պետք են մեծ գումարներ ու երկար ժամանակ։

«Մատչելի» տարբերակը Երևանում բազալտե թեքահարթակների կառուցումն է, բայց դրանք էլ հաճախ ո՛չ մատչելի են, ո՛չ՝ ապահով։ Երբ անցյալ տարի Աբովյան-Կորյուն խաչմերուկում սկսեցին վերանորոգել ստորգետնյա անցումը, տարածքը երկար ժամանակ փոշու ու անհարմարության մեջ էր։ Կառուցելուց հետո պետք է հարմար դառնար բոլորին։ Մատչելիությունը փորձեցին ապահովել բազալտե թեքահարթակի միջոցով, բայց թեքահարթակը կտրուկ է ու շատ մոտ է խանութներից մեկին, որի դուռը բացվում է գրեթե թեքահարթակի վրա։ Եթե նույնիսկ հաջողվի կտրուկ թեքությամբ սայլակն իջեցնել ներքև, դիրքը փոխելու տեղ չի մնում, սայլակը հպվում է խանութին։

zoom
Կորյուն-Աբովյան խաչմերուկի գետնանցման վերանորոգված թեքահարթակը
zoom

Պարտավորված Հայաստանի Հանրապետությունը

Հայաստանի վավերացրած ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան ու Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքը պարտավորեցնում են մեր երկրին հանրային վայրերում հարմարություն ու մատչելիություն ապահովել բոլորի համար։

Քաղաքաշինության կոմիտեն էլ է սահմանել հստակ նորմեր՝ որտեղ ու ինչպես պետք է տեղադրվեն ստորգետնյա անցումները։ Համաձայն այդ նորմերի՝ գետնանցումները պետք է հարմար լինեն սայլակով տեղաշարժվող մարդկանց համար, և պետք է հաշվի առնվի կոնկրետ գետնանցման առանձնահատկությունները։ Երևանի գետնանցումների մեծ մասը կառուցվել է խորհրդային շրջանում՝ առանց ներառականությունը հաշվի առնելու, դրանք այսօր վերանորոգելիս բազմաթիվ տեխնիկական բարդություններ են առաջացնում։

Քաղաքաշինության կոմիտեն սահմանում է նաև, որ յուրաքանչյուր գետնանցումից առաջ պետք է տեղադրվեն տակտիլային սալիկներ, որոնք տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց կտեղեկացնեն՝ առջևում գետնանցում է։ Մեր այցելած գետնանցումները չունեն այդպիսի սալիկներ։

zoom
Ստորգետնյա անցումների ընդունելի մատչելիությունը՝ ըստ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Նարեկ Սարգսյանի 05/04/2018-ի հրամանի (վրիպակները՝ Քաղաքաշինության կոմիտեի)

Երբ 2023-ին Երևանի քաղաքապետարանը որոշեց տեղադրել վերելակները, այդ ժամանակ քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը նշել էր, որ սարքավորումների պահպանման համար տեսահսկողական սարքերի կարիք կլինի։ Քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան շինարարության ու բարեկարգման վարչությունից հայտնել են, որ վերելակներից բացի, տեսախցիկներ տեղադրելու պարտավորություն չի եղել։

2024-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել էր՝ ամբարձիչ հարթակները պետք է վերահսկվեն, իսկ գետնանցումը չպետք է դառնա կրպակների շարք։ Ընդգծումը մնաց գործակարգավարական նիստի արձանագրություններում, հիմա վերելակներով մի մայթից մյուսը անցնելու համար առնվազն 10 րոպե է անհրաժեշտ, եթե, իհարկե, սարքն աշխատում է, ու վրան «կրպակ» չի բացվել։

Քաղաքային իշխանությունները պարբերաբար քննարկում են «հավասար հնարավորություններ» երաշխավորող նախագծեր, սակայն իրականությունը մեր նկարագրած անցումներն են։ Հաշմանդամություն ունեցող հարյուրավոր քաղաքացիներ ամեն օր ստիպված են հաղթահարել գետնանցման առաստաղի ցածրությունը, ձեռքով կարգավորել խափանված սարքերը, երբեմն էլ՝ ուղղակի սպասել անցորդների օգնությանը։

Հեղինակ՝

Ուսանողներ

Անի

Խաչատրյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան

Դասախոսներ

Տիրայր

Մուրադյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան