Ֆոտո պատմությունՀոկտեմբեր 23/2024

Իմ հասցեն իմ անունն է՝ Զոյա Շեգունց

Գորիսի հայտնի տոհմը

Զոյան Գորիսից է՝ Շեգունց տոհմից։ «Շեգունցները օրինապահ մարդիկ են, նրանցից ոչ ոք երբեք բանտի դուռը չի գնացել», հպարտանում է Զոյան։ Նրա հեղինակավոր պապի կարծիքը հաշվի են առել գյուղում՝ կարևոր հարցեր լուծելիս։

«Եթե գյուղից աղջիկ էին ուզում, գալիս իմ պապից էին կարծիք հարցնում։ Ասում էին՝ Հովսեփ, արժե՞ սրա աղջկան ուզել։ Պապս էր խորհուրդ տվողը»,– հիշում է զրուցակիցս։

Սեղանապետներ, քաղաքապետներ, ռայկոմի քարտուղար ու դպրոցի տնօրեն են եղել Շեգունցները։ Զոյան ուզել է իրենց տոհմի արժանավորների մասին մի գիրք գրել, բայց չի կողմնորոշվել․

«Միայն իմ հայրական տանը 8 մանկավարժի և 10 բժշկի դիպլոմ կա։ Ուզեցի գիրք գրել, բայց ո՞ր մեկի մասին պատմեմ․ շատանում են, է՛լ ֆինանսիստներ, է՛լ իրավաբաններ»։

Զոյա Շեգունց Large.jpeg

Զոյա Շեգունցն էլ պակաս հայտնի չէ։ Ասում է՝ Գորիսում ես հասցե չունեմ, իմ հասցեն իմ անունն է՝ Զոյա Շեգունց։

Թույլ չի տալիս իրեն «տիկին»-ով դիմել։ Ասում է՝ ես ամուսնացած չեմ, ինձ ասեք Զոյա Շեգունց։

Միակ կին պատգամավորը «ջախջախում է»

80-ամյա Զոյա Շեգունցը Գորիսի քաղսովետի պատգամավոր է եղել 1968, 1969, 1970 թվականներին, ղեկավարել է քաղսովետի գործկոմին կից մի քանի հանձնաժողովներ։

— 1993 թվականի սեպտեմբերի 13-ին ընտրվեցի Գորիսի ավագանու պատգամավոր, մեկը՝ վաթսունից։ 59-ը տղամարդ էին, ու մենակ ես էի կին։

— Դժվար չէ՞ր։

— Ինձ համար՝ չէ, իրենց համար էր դժվար։ Երբ ես վեր էի կենում, նրանք չգիտեին, որ անկյունը մտնեին։

— Ինչո՞ւ։

— Ջախջախում էի։

Խոսողը, երգողն ու ուտողը


Ընկերություն է անում բոլորի հետ, բայց անբաժան է Ջուլիետայից ու Ալվարդից, 50 տարվա ընկերներ են։ Եթե մի շաբաթ չհանդիպեն, 2-րդ շաբաթն անպայման պիտի տեսնվեն.

«Իրար հետ գնում հաց ենք ուտում, զրուցում ենք։ Օղուց չենք հրաժարվում, խմում էլ ենք, բայց առանց հարբելու։ Մենք 3 անբաժան ընկերուհիներ ենք, ու ամեն մեկս իր անելիքն ունի՝ ես խոսողն եմ, Ջուլիետը՝ երգողը, Ալվարդն էլ․ դե՜, Ալվարդն ուտել է շատ սիրում»։

462093569_554039587297258_7193012582798433297_n.jpg
Ձախից աջ՝ Լարիա Բադիրյանը, Ջուլիետա Բեգլարյանը և Զոյա Շեգունցը

Շեգունցը կարոտում է անցյալը, երբ մարդիկ անհոգ էին ու բարի։ Բայց ներկայից էլ չի դժգոհում։

«Մի քիչ էլ եղանակը ցրտի, ընկերներով հավաքվենք, գնանք խաշ ուտելու»,— ժպտում է Զոյան։

Հեղինակ՝

Ուսանողներ

Ասպրամ

Ավանեսյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Վահան

Ստեփանյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան