Ինչպես են պատգամավորները ծախսել իրենց գործունեության համար ավելացված գումարը
Այս տարվա սեպտեմբերից Ազգային ժողովի պատգամավորներն արդեն ստանում են աշխատավարձից զատ պատգամավորական ծախսերի համար տրվող 250 հազար դրամը։ Նշենք, որ սա աշխատավարձից առանձին գումար է, որը հատկացվում է պատգամավորին՝ մարզային այցերի, քաղաքացիների հետ հանդիպման, հյուրընկալության և այլ ծախսեր հոգալու համար:
Հիշեցնենք, որ օրենքի փոփոխությամբ նախկին 50 հազար դրամին ավելացվեց ևս 200 հազար դրամ, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները դժգոհում էին, որ 50 հազար դրամը չի բավարարում խորհրդարանի անդամներին լիարժեք գործունեություն ծավալելու համար։
Չնայած սրան՝ պատգամավորների մի մասը ԱԺ ընտրությունների ժամանակ բավականին շռայլ է գտնվել և նվիրաբերել է հարյուր հազարավոր և միլիոնավոր դրամներ իրենց կուսակցությանը/դաշինքին՝ նախընտրական քարոզարշավի ծախսերը հոգալու համար։
Ամենաշռայլը գտնվել են հենց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, որոնց նվիրատվության ընդհանուր արժեքը կազմել է 105,5 մլն դրամ։ Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում այս պատգամավորները թեկնածուների ցանկում էին։ ՔՊ ներկայիս 19 պատգամավոր ընտրությունների ժամանակ նվիրաբերել է 5 մլն. դրամ, 1 պատգամավոր՝ 4,5 մլն. դրամ, 10 պատգամավոր՝ 500 հազար դրամ, իսկ 8 հոգի՝ 50 – 500 հազար դրամ։
«Հայաստան» դաշինքի պատգամավորները նույնպես միլիոններ են նվիրաբերել իրենց քաղաքական ուժի նախընտրական քարոզարշավին. 9 հոգի նվիրաբերել է 5 մլն. դրամ, 2 հոգի՝ 3,5 մլն դրամ, 1 հոգի՝ 2,5 մլն դրամ։ Ընդհանուր առմամբ՝ 54,5 մլն դրամ։
«Պատիվ ունեմ» խմբակցությունից 2 պատգամավոր է նվիրատվություն արել. 4 մլն դրամ և 2 մլն 997 հազար դրամ։ Ընդհանուր առմամբ՝ մոտ 7 մլն դրամ։
Պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարն ավելացնելու նախագիծն օրինական ուժի մեջ է մտել սեպտեմբերի կեսից, և պատգամավորներից յուրաքանչյուրն արդեն ստացել է 170 հազար դրամ՝ կես ամսվա համար. հոկտեմբերից նրանք կստանան 250 հազար դրամ։
Թե ինչի վրա են ծախսում պատգամավորները պետական բյուջեից հատկացվող այս գումարը, հանրությունը չի կարող վերահսկել, քանի որ որևէ հաշվետվողական մեխանիզմ օրենքը չի սահմանում։ Միևնույն ժամանակ, պաշտոնյաների գործունեության հրապարակայնությունը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը հանրային ծառայության հիմնական սկզբունքներ են։
Այդ է պատճառը, որ Հետք Մեդիա Գործարանը և Ինֆոքոմը համատեղփորձեցին հասկանալ, թե որքանով են ԱԺ պատգամավորները պատրաստակամ ներկայացնել իրենց գործունեության համար հատկացվող հավելյալ գումարի ծախսերը։ Ինֆոքոմը գրավոր հարցմամբ է դիմել պատգամավորներին, իսկ Մեդիա Գործարանը հեռախոսազանգի միջոցով է փորձել կապ հաստատել։
107 պատգամավորից 40-ի հետ հնարավոր է եղել կապվել, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել մանրամասն ներկայացնել, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը, իսկ 6-ը տեղյակ էլ չեն եղել, որ գումար են ստացել, 13-ը խնդրել են ավելի ուշ կապվել, բայց հետո չեն պատասխանել մեր զանգերին, 2-ը հրաժարվել են մեկնաբանել։
Ինֆոքոմի հարցմանը գրավոր պատասխանել են 107 պատգամավորներից միայն 60-ը, որոնց մի մասը միմյանցից արտագրել են Ազգային ժողովի կանոնակարգից վերցված մի հատված՝ որպես հարցման պատասխան։
Ավելին, ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը Մեդիա Գործարանին նույնպես գրավոր է պատասխանել՝ ուղարկելով ճիշտ նույն հարցման պատասխանը, ինչ ուղարկել էր Ինֆոքոմի լրագրողին։ Մեդիա Գործարանի ուսանող-լրագրող Շուշանիկ Միսկարյանին ուղարկված փաստաթուղթը նույնիսկ հասցեագրված էր Ինֆոքոմի լրագրող Նարեկ Մարտիրոսյանին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի խոսքով՝ պատգամավորական գործունեության համար գումարի ավելացումն արդարացված է, քանի որ այն ծախսվում է պատգամավորի գործունեության ընթացքում ճանապարհածախսի վրա. «Սեպտեմբեր ամսին գնացել եմ Շնող, Ներքին Գետաշեն, Արգինա գյուղեր. այդ գումարը ծախսվում է նաև պատգամավորի իմիջի վրա, որպեսզի մենք երկրի ներսում, թե դրսում ներկայանալի լինենք»։
Ըստ ԿԸՀ տվյալների՝ ԱԺ ընտրությունների ժամանակ թեկնածու Հակոբ Ասլանյանը 500 հազար դրամ է նվիրաբերել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը՝ քարոզարշավի ծախսերը հոգալու համար։
ՔՊ խմբակցության պատգամավորների մեծ մասը պատասխանել են, որ ունեցել են այցելություններ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի և այլ մարզեր։ Պատգամավոր Մարիա Կարապետյանը, սակայն, նշեց, որ «ապացուցելի չէ», թե որքանով է ավելացված գումարն ավելի արդյունավետ դարձրել պատգամավորի գործունեությունը. «Գումարը բարձրացվել է, որ պատգամավորները անձնական միջոցներից չհոգան պատգամավորական ծախսերը։ Այստեղ սահմանը շատ լղոզված է, թե որն է իմ անձնական կարիքը և որն է իմ հանրային պաշտոնյա լինելուն ծառայում»,- պարզաբանեց Կարապետյանը։
Մարիա Կարապետյանը ընտրությունների ժամանակ 5 մլն դրամ է նվիրաբերել ՔՊ-ին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում։
ՔՊ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նույնպես նշում է, որ պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը չի առանձնացվում աշխատավարձից, և հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն չկա. «…հետևաբար դա ընդհանուր աշխատավարձ է և պատգամավորը ծախսում է իր գործունեության հետ կապված. կլինի մարզային այց, հյուրեր, խմբեր դիմավորել, ճանապարհել»,- մեկնաբանում է Տիգրանյանը, ով, սակայն, չի հիշում, թե սեպտեմբերին ինչ մարզային այցեր է ունեցել։
Հերիքնազ Տիգրանյանը 200 հազար դրամ է նվիրաբերել ՔՊ-ին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում։
ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը պարզաբանել է, որ 4 այց է կատարել հանրակրթական դպրոցներ՝ մատչելիության մոնիթորինգ իրականացնելու և մանկավարժների հետ հանդիպում ունենալու նպատակով։
«Պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար ստացել եմ 170 հազար դրամ, որին ավելացնելով 65 հազար դրամ՝ հոգացել եմ հատուկ կահավորված մեքենայի և վարորդի ծախսերը՝ իմ ամենօրյա գործունեությունն իրականացնելու համար (տեղաշարժվում եմ անվասայլակի օգնությամբ)»,- նշել է Զարուհի Բաթոյանը՝ գրավոր պատասխանում։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, ի տարբերություն Ասլանյանի, ոչ միայն արդարացված չի համարում օրենքի փոփոխությունը, այլև այն համարում է «ոչ բարոյական»։ Խամոյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրենց խմբակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենքի այս փոփոխությունը. «Գտնում ենք, որ պարգևավճարների և այս 250 հազարական դրամների ինստիտուտը արատավոր երևույթ է, որը ստացել է պատգամավորական ծախսեր ձևակերպումը»,- ասում է պատգամավորը։
«Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները միաձայն նշեցին, որ դիմել են Սահմանադրական դատարան՝ օրենքի փոփոխությունը վիճարկելու։ Միևնույն ժամանակ, խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը նշեց, որ պատգամավորներն ավելի շատ գումար են ծախսում հանդիպումների և գործուղումների ընթացքում. «Իսկ դուք գիտե՞ք, որ ինչ-որ կաֆելշիկ 10 օրում ստանում է ավելի շատ, քան այդ 250 հազար դրամն է։ Բենզինը տեսել ե՞ք քանի դրամ է դարձել, հիմա ես գնում եմ ինչ-որ մարզ, ես իմ բենզինով եմ գնում, ԱԺ-ն ինձ բենզին չի տալիս, ես չեմ հրապարակում ամեն անգամ, թե քանի լիտր բենզին եմ ծախսում մի տեղ գնալ-գալուց, բայց մեր խմբակցությունը դիմել է ՍԴ տեսնելու համար օրինական է այս օրենքի փոփոխությունը, թե ոչ»,- ասում է նա։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանըբացատրում է, որ գումարը ծախսել է Երևանի բոլոր վարչական շրջաններում և Լոռու, Արագածոտնի ու Արարատի մարզերում ունեցած հանդիպումների տրանսպորտային և կազմակերպչական ծախսերը հոգալու վրա։ Պատգամավորը պլանավորում է ամսական 250 հազար դրամը ծախսել կամ նման հանդիպումների կամ էլ բարեգործական նպատակներով։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանիօգնականը՝ Աննա Վարդանյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ պատգամավորը գումարը փոխանցելու է «Հայաստանի պաշտպանի վերականգնողական կենտրոն» հիմնադրամին։
Պատգամավորներից որոշները վստահ են, որ չեն ստացել գումար
Մեզ հետ զրուցած պատգամավորներից մի քանիսը վստահորեն պնդում էին, որ պատգամավորական ծախսերի համար նախատեսված հավելյալ գումարը չեն ստացել, իսկ որոշները տեղյակ չէին՝ ստացել են, թե ոչ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Գուրգեն Արսենյանն, օրինակ, նշում է, որ դեռ գումար չի ստացել, հավանաբար կստանա նոյեմբերին։ Միևնույն ժամանակ, Արսենյանը կարծում է, որ աշխատանքի արդյունավեությունը գումարի չափից կախված չէ. «Ի՞նչ կապ ունի պատգամավորը 50 հազար, թե՞ 250 հազար դրամ է ստանում։ Իմ կարծիքով պատգամավորի, դատավորի, դատախազի աշխատավարձերը, նաև ուսուցիչներինը պետք է սկսվի 1 մլն դրամից, որովհետև վտանգավոր կլինի, եթե պատգամավորն այլ ֆինանսական աղբյուրներ փնտրի անձնական կարիքների բավարարման կամ կենսամակարդակն ավելի լավը դարձնելու համար»,- բացատրում է Արսենյանը, ով եկամտի այլ բազմաթիվ աղբյուրներ ունի։ Վերջինս ԱԺ 2021 ընտրություններին 4.5 մլն դրամի նվիրատվություն է արել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ։
Իշխող կուսակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն էլ նշում է, որ չգիտի ավելացված գումարը ստացել է, թե ոչ. «Ուշադրություն չեմ դարձնում, չգիտեմ նաև երբ եմ ստանալու այդ 250 հազար դրամը»։
ՔՊ պատգամավոր Սեդրակ Թևոնյանը նույնպես «ուշադիր չի լինում», թե ինչքան գումար է ստանում. «Կարող է չեմ մասնակցում նիստերին, չի գալիս գումարը»,- ասում է նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի խոսքով պատգամավորի աշխատավարձը ստացել է, բայց քանի որ գումարը քարտի վրա է փոխանցվում, չգիտի որքան է կազմում մեկ հաստիքը, որպեսզի հասկանա այդ 250 հազար դրամը ներառված է, թե ոչ. «Շատ դժվար է իրականում դա պարզել, որ պահին կստանանք այդ գումարը, կորոշենք թե ինչ ենք անում դրա հետ»։ Արթուր Ղազինյանը 5 մլն դրամ է նվիրաբերել «Հայաստան» դաշինքին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ։
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, պատասխանելով մեր հարցմանը, հավաստիացրեց, որ պատգամավորներից յուրաքանչյուրը սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար ՀՀ դրամ` նշելով, որ արդեն նոյեմբերին պատգամավորները կստանան օրենքով սահմանված կարգով 250 հազար դրամը։
Պատգամավորներ, որ հրաժարվեցին պատասխանել
Պատգամավորներից 2-ը պատասխանել են հեռախոսազանգին և ասել, որ հրաժարվում են բացատրություն տալ թեմայի վերաբերյալ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը համարեց, որ սա կարևոր թեմա չէ և արդեն իսկ ամեն ինչ ասված է։ Պապոյանը 500 հազար դրամ նվիրատվություն է արել ՔՊ-ին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ։
Նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ հանդիմանեց՝ նշելով, որ ինքը հեռախոսով հարցազրույց չի տալիս. «ԱԺ-ում կմոտենաք, եթե ունենամ հնարավորություն, ձեր հարցերին կպատասխանեմ»։
Ավելի ուշ կպատասխանեն, բայց չեն պատասխանում
13 պատգամավոր խնդրեցին, որ ավելի ուշ կապվենք իրենց հետ, որովհետև այդ պահին հարմար չէ կամ զբաղված են։ Ավելի ուշ նրանց հեռախոսահամարները անջատված էին, անհասանելի կամ չէին պատասխանում զանգերին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն, օրինակ, նշեց, որ նիստի է և այս հարցը իր համար հրատապություն չի ներկայացնում։ Իսկ երբ խնդրեցինք ավելի ուշ մեկնաբանել, ասաց՝ կտեսնի, եթե հարմար լինի, կպատասխանի։
Նույն խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն ասաց, որ ծանր օր է ունեցել, հետո կապվենք։ Ավելի ուշ չպատասխանեց մեր զանգերին։
Ավելի ուշ խնդրել են կապվել նաև ՔՊ-ից Հռիփսիմե Գրիգորյանը (500 հազար դրամ է նվիրաբերել ՔՊ կուսակցությանը՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ), Բաբկեն Թունյանը, Հրաչյա Հակոբյանը (500 հազար դրամ է նվիրաբերել ՔՊ կուսակցությանը՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ) և Սերգեյ Մովսիսյանը, սակայն հետո հեռախոսազանգերին չեն պատասխանել։ Նույն խմբակցությունից Վաղարշակ Հակոբյանը (500 հազար դրամ է նվիրաբերել ՔՊ կուսակցությանը՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ) և Նազելի Բաղդասարյանը (5 մլն դրամ է նվիրաբերել ՔՊ կուսակցությանը՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ) խնդրել են հարցում ուղարկել, դեռ չեն պատասխանել հարցմանը։ Արսեն Թորոսյանը (500 հազար դրամ է նվիրաբերել ՔՊ կուսակցությանը՝ քարոզարշավի ժամանակ) նշեց, որ իր օգնականը կկապվի մեզ հետ, բայց կապ չի հաստատել։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Մանուկյանը և Արթուր Խաչատրյանը նույնպես նշել են, որ ավելի ուշ կմեկնաբանեն, սակայն չեն պատասխանել հեռախոսազանգերին։
Նույնը իրավիճակն է նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի (3 մլն դրամ է նվիրաբերել «Պատիվ ունեմ» դաշինքին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ) դեպքում։
Աժ 107 պատգամվորներից 67-ի հետ հեռախոսազանգի միջոցով կապվել չի հաջողվել, քանի որ վերջիններիս հեռախոսահամարները կամ անհասանելի են, կամ գոյություն չունեն կամ էլ մշտապես զբաղված են։
Հեղինակներ՝
Ուսանողներ
Լիլի
Պետրոսյան
Ուսանողներ
Շուշանիկ
Միսկարյան
Թիմ՝
Թիմ
Անի
Հովհաննիսյան