petrol-stations-copy
Long ReadՀուլիս 22/2021

Երևանում բենզալցակայանների 97 տոկոսը գործում է խախտումներով

Երևանի 189 բենզալցակայանից միայն 6-ն են համապատասխանել քաղաքաշինական և հրդեհային անվտանգության չափորոշիչներին՝ ըստ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրականացրած 2019-2020թթ. հետազոտության։

Հակահրդեհային կանոնները պահպանելը հանրային առողջության հարց է, քանի որ բենզալցակայանում հրդեհի բռնկման կամ պայթյունի դեպքում կարող են տուժել հարակից շենք-շինությունների բնակիչները, ինչպես նաև երթևեկելի գոտում գտնվող մեքենաներն ու հետիոտները։

Ո՞ւմ են պատկանում խախտումներով կառուցված բենզալցակայանները

Բենզինի բիզնեսում, ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ հիմա ներգրավված են խոշոր գործարարներ, նախկին և ներկա պաշտոնյաներ։ Ուսումնասիրել ենք անվտանգության նորմերը խախտած բենզալցակայանների 5 խոշոր ցանցերի սեփականատերերին։

«Ռան-Օյլ» ՍՊԸ

Գործարար Խաչատուր Սուքիասյանը, ով նաև նորընտիր Ազգային ժողովում ՔՊ պատգամավորական ցանկում է, այս տարի գնել է «Ռան-օյլ» ընկերությունը՝ իր ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնի» միջոցով։ Այս մասին պաշտոնապես հայտնել է նաև ընկերության մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը։

«Ռան-օյլ» բենզալցակայաններից մեկում տալիս են «Մեգա թրեյդ» ՍՊԸ-ի ՀԴՄ կտրոն, որի մասնակիցներից է Տիգրան Բադալյանը։ Վերջինս նաև բաժնետեր է եղել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ Կապիտալ» ՍՊԸ-ում։

«Սիփիէս օիլ քորփորեյշն» ՍՊԸ, «Սիփիէս օիլ» ՍՊԸ

«Սիփիէս օիլ քորփորեյշն» ՍՊԸ-ն հիմնադրել է ռուսական հատուկ ծառայությունների նախկին գեներալ Աշոտ Սալազարյանը՝ 2012 թվականին։ 2013-ից ընկերության բաժնետեր է դարձել Արթուր Դանիելյանը, իսկ 2019-ից Սալազարյանը կրկին դարձել է ընկերության միակ բաժնետերն ու գործադիր մարմնի ղեկավարը։ Սալազարյանը 2017 թվականին հիմնադրել է «Սիփիէս օիլ» ՍՊԸ-ն, որի բոլոր բաժնետոմսերը երկու տարի անց ձեռք է բերել Արթուր Դանիելյանը։

«Սիփիէս օիլ» ընկերությունը 2020 թվականին Հայաստանում բենզինի խոշոր ներկրողներից է։ Տեսչական մարմինը Երևանում մոնիտորինգ է անցկացրել այս ցանցի 38 բենզալցակայանում, որից 37-ում հայտնաբերվել են շինարարական նորմերի խախտումներ։ Այս պահին, ըստ ընկերության պաշտոնական կայքի, քաղաքում գործում է 28 բենզալցակայան։

«Սիփիէս օիլ» բենզալցակայանների ցանցում չեն պահպանել հարակից շենք-շինություններից առնվազն 25մ հեռավորությունը, բենզինի լցարկիչները տեղադրված են եղել հենց ճանապարհի վրա կամ փողոցի մայթերին, իսկ արտաքին հրդեհաշիջումն ապահոված չի եղել անվտանգության նորմերին համապատասխան և այլն։

«Սիփիէս օիլ»-ի 37 բենզալցակայաններից միայն մեկն է տուգանվել՝ 50 հազար դրամի չափով։

«Կամօյլ» ՍՊԸ ​

«Կամօյլ» ՍՊԸ-ն հիմնադրել է Կամո Մելքոնյանը` 2002 թվականին, որը ընկերության միակ բաժնետերն է և գործադիր տնօրենը։ Ըստ տեսչականի՝ այս ՍՊԸ-ն Երևանի տարածքում ունի 22 բենզալցակայան, որոնք հիմնականում բենզին են վաճառում «Մաքս օյլ» բրենդի անվան տակ։

Տեսչական մարմինը «Կամօյլ» ՍՊԸ ցանցի բոլոր 22 կետերում հայտնաբերել է խախտումներ։ Տուգանվել են միայն 3-ը՝ 25 հազարական դրամի չափով։

Բենզալցակայնից մինչև հարակից շենք շինություն չի պահպանվել առնվազն 25մ հեռավորությունը, բենզինի լցարկիչները տեղադրված են հենց ճանապարհի վրա կամ փողոցի մայթերին, իսկ արտաքին հրդեհաշիջումն ապահոված չէ անվտանգության նորմերին համապատասխան։

Կամո Մելքոնյանը ՀՀԿ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանի (2003-2007, 2007-2011) բիզնես գործընկերն է։ Նա ղեկավարում է «Մաքս Օյլ» ՍՊԸ-ն, որի սեփականատերը Հարություն Փամբուկյանն է։ «Մաքս օյլ» ընկերությունը Հայաստան է ներկրում բենզին, դիզվառելիք և վառելիք ռեակտիվ շարժիչների համար։ Նրանց կապում են նաև մի քանի այլ ընկերություններ և գործող անձինք (տես՝ վիզուալ 2-ը):

«ՖԼԵՇ» ՍՊԸ ​

Ֆլեշ ՍՊԸ-ն» 2020 թվականին Հայաստանում բենզին ներկրող խոշոր ընկերություններից մեկն է, որը հիմնադրել է 1995 թվականին գործարար Բարսեղ Բեգլարյանը։ Վերջինս Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմներից է։

2019-ից ընկերության բաժնետերերն են հենց ինքը՝ Բեգլարյանը (84.2%) և որդին՝ Սանասար Բեգլարյանը (15.8%)։ Բարսեղ Բեգլարյանին է պատկանում նաև «Ֆլեշ պետրոլ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2017 թվականին։

«Ֆլեշ» ՍՊԸ-ի բոլոր 23 բենզալցակայաններում խախտվել են քաղաքաշինական և անվտանգության նորմերը՝ ըստ տեսչականի մոնիտորինգի։ Տուգանվել է միայն 7 բենզալցակայան՝ 25 - 35 հազար դրամի չափով։ Եւս 5 բենզալցակայանի տրվել է խախտումները վերացնելու կարգադրագիր։

Հայտնաբերված խախտումները. բենզինի լցարկիչները տեղադրված են եղել հենց ճանապարհի վրա կամ մայթերին, չի պահպանվել հարակից շենք-շինություններից առնվազն 25 մ հեռավորությունը, իսկ արտաքին հրդեհաշիջումն ապահոված չի եղել անվտանգության նորմերին համապատասխան։

«Տիտան Պետրոլ» և «Տիտան օիլ» ​

«Տիտան Պետրոլ» ՍՊԸ-ն հիմնադրել են Արթուր Տոգրամաջյանը և Ազատ Նավասարդյանը՝ 2011 թվականին։ 2014թ-ին ընկերությունից դուրս է եկել Ազատ Նավասարդյանը և նրա 50 տոկոս բաժնեմասին տիրապետել է Վարդան Օնանյանը՝ մինչև 2019 թ-ը։ Այժմ միակ բաժնետերը և գործադիր մարմնի ղեկավարը Արթուր Տոգրամաջյանն է։

Արթուր Տոգրամաջյանը մինչև 2019 թվականը եղել է նաև «Տիտան օիլ» ընկերության 50 տոկոս բաժնետերեր, բայց այժմ ընկերության 100 տոկոսը պատկանում է Վարդան Օնանյանին։

Տիգրան Մեծ 36/1 հասցեում գործող «Տիտան օիլ» բենզալցակայանի տարածքի սեփականատերը «Փուրթոյան» ՍՊԸ-ն է, որը հիմնադրել է գործարար Արմեն Պուրտոյանը։ Վերջինս 2007-2012 թվականներին եղել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր։

Տեսչական մարմնի հետազոտության արդյունքում պարզվել է, որ «Տիտան օիլ» ցանցի 8 բենզալցակայաններից 5-ում խախտվել են հրդեհային անվտանգության նորմերը։ Այս բենզալցակայաններից որևէ մեկը չի տուգանվել։

Հայտնաբերված խախտումներն են. լցարկիչից մինչև ճանապարհ թույլատրելի միջտարածությունը պահպանված չէ, կուտակիչից մինչև հարակից շենք-շինություն թույլատրելի տարածությունը պահպանված չէ, արտաքին հրդեհաշիջման սարքեր չկան և այլն։

Ներկա և նախկին պաշտոնյաներին փոխկապակցված այլ բենզալցակայաններ

Բացի վերոնշյալ բենզալցակայանների խոշոր ցանցերից, Երևանում գործում են նաև խախտումներ թույլ տված բենզալցման կայաններ, որոնք կապվում են նախկին և ներկա պաշտոնյաների հետ։

«ԴԵՐԺԱՎԱ-Ս» ՓԲԸ​

«Դերժավա-Ս» ՓԲԸ-ն 1995 թվականին հիմնադրել է գործարար, ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը։ 2005 թվականից ընկերության գործադիր տնօրենը Ստանիսլավ Հովակիմյանն է։ Ընկերության կայքից տեղեկանում ենք, որ այն ներկայացնում է ավելի քան 50 անուն ապրանքանիշեր։ Իսակովի պողոտայում գտնվող նախկին ՀՀԿ-ական պատգամավորի բենզալցակայանում 2019-2020 թթ. հայտնաբերվել է 4 խախտում:

«ՊԼԱՏԻՆԻՈՒՄ ԿԱՐԳՈ» ՍՊԸ


«Պլատինիում Կարգո» ՍՊԸ-ն 1999 թվականի հունվարին հիմնադրել են Գագիկ Մեխակյանը, Արայիկ Մեխակյանը և Ռուզաննա Վերդոյանը։ Այժմ ընկերության միակ բաժնետերը և գործադիր տնօրենը Գագիկ Մեխակյանն է, որը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչյա Մեխակյանի հայրն է։ Դատավորի հորը պատկանող բենզալցակայանը գտնվում է Նոր-Նորքի զանգվածում։ Այստեղ 2019-2020 թթ. տեսչական մարմինը հայտնաբերել է 3 խախտում:

«ՌԱՖԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ» ՍՊԸ

«Ռաֆիկ Հայրապետյան» ՍՊԸ-ն 1995-ին հիմնադրել է Ռաֆիկ Հայրապետյանը՝ ՀՀԿ նախկին պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայրը։ Ավանի Աճառյան 39 հասցեում գտնվող այս բենզալցակայանում 2019-2020 թթ. տեսչական մարմինը հետազոտություն չի իրականացրել:

«ԷԼՖ ԳՐՈՒՊ» ՍՊԸ

«ԷԼՖ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն 2017 թվականին համահիմնադրել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի նախկին պետի տեղակալ Սարգիս Համբարձումյանը։ Նրա հայրը՝ Գագիկ Համբարձումյանը 2014-2018 թթ-ին եղել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ։ Այժմ ընկերության բաժնետերերը 50 տոկոս բաժնետերը Սարգիս Համբարձումյանն է։ Կողբացի և Արամ փողոցների խաչմերուկում գտնվող այս բենզալցակայանում 2019-2020 թթ.-ին տեսչական մարմինը հայտնաբերել է 8 խախտում:

«Մարիամ» ՍՊԸ և «Էլիտ-Օիլ» ՍՊԸ​

«Մարիամ» ՍՊԸ-ն 1996 թ-ին հիմնադրել են Արթուր և Մարտին Բաղդասարյանները։ 1999-ից ընկերության սեփականատեր է դարձել Արթուր Բաղդասարյանի եղբայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը։ Բաղդասարյաններին է պատկանում նաև 2020 թ-ին հիմնադրված «Էլիտ-Օիլ» ՍՊԸ-ն, որի սեփականատերը Մարտին Բաղդասարյանն է, իսկ տնօրենը՝ Գագիկ Բաղդասարյանը։ «Մարիամ» ՍՊԸ-ն և «Էլիտ-օիլ»-ը գործում են միևնույն փողոցում՝ Հալաբյան 67 և 67/1 հասցեներում։ 2019-2020 թթ.-ին տեսչական մարմինը «Մարիամ» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանում հայտնաբերել է 6 խախտում։

«Գոռնան» ՍՊԸ​

«Գոռնան» ՍՊԸ-ն 2000թ.-ին հիմնադրել է Արայիկ Ավագյանը, որը Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Սամվել Ասատրյանի խնամին է։ Բագրատունյաց փողոցի վրա գտնվող այս բենզալցակայանում 2019-2020 թթ.-ին տեսչական մարմինը հայտնաբերել է 1 խախտում։

Մեր հետազոտության ընթացքում շրջել ենք Երևանում ու հավաքել գործող բենզալցակայանների կոորդինատները։ Ուղղորդվել ենք տեսչական մարմնի տված հասցեներով, բայց նաև գտել ենք բենզալցակայաններ, որոնք չկային ցուցակում կամ չէին համապատասխանում մեր ունեցած տվյալների հետ։

annaalina-1.png

Ինչո՞ւ են խախտումով բենզալցակայանները շարունակում աշխատել

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը հավաստում է, որ մինչև 2014 թվականը բենզալցակայանները կառուցվում էին ԽՍՀՄ շինարարական նորմերով, որոնք հարմարեցված չէին տեղական պահանջներին։ Ներկայիս նորմերը սահմանում են կառուցապատման այնպիսի չափորոշիչներ, որոնք կնվազեցնեն հետիոտնի և տրանսպորտի տեղաշարժի խոչընդոտները։ Կարևորվել է նաև անվտանգության կղզյակների առկայությունը՝ ճանապարհների եզրերից և բնակելի հատվածներից որոշակի հեռավորության ապահովմամբ։

«Ես վստահաբար ասում եմ, որ տեսչական մարմնի ստեղծումից հետո (2018թ.-խմբ.) որևէ լցակայան առանց կանոնները պահպանելու չի կառուցվել, դա երաշխավորում եմ»,- պնդում է տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը։
Ներկայիս նորմերն, իհարկե, հանրային անվտանգության և առողջության կատարյալ երաշխիք են թվում, սակայն մնում են թղթի վրա։ Մինչև 2018 թվականը կառուցված բենզալցակայանները շարունակում են խախտումներով աշխատել։ Այդ բենզալցակայանները փակելու իրավական կարգավորում դեռ չկա, սակայն, տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը հուսադրում է, որ աշխատում են այդ ուղղությամբ։

Քաղաքաշինական և անվտանգության կանոնները չպահպանած բենզալցակայանի բիզնես գործունեությունը դադարեցնելը, ըստ Շախբազյանի, կարող է հանգեցնել մի շարք դատական գործերի և փոխհատուցման պահանջների։

infogram-small-size-170x1024.png

Մենք նաև այցելեցինք տեսչական մարմնի ստուգած բենզալցակայաններից մեկը, որը կառուցված է քաղաքի կենտրոնում՝ համայնքին պատկանող այգու հարևանությամբ։ Այստեղ պահպանված չէ մոտակա շինություններից սահմանված հեռավորությունը, էլեկտրալարերը մոնտաժված չեն՝ հրդեհային անվտանգության կանոններին համապատասխան։

Բենզալցակայանի տնօրեն Հրաչյա Սահակյանից և սեփականատեր Սարգիս Համբարձումյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք տեղյակ են ոլորտում կատարվող փոփոխություններից։ Վերջինս պատասխանեց, որ ինքը դեռ 90-ականներին կառուցված այդ բենզալցակայանը գնել է մի քանի տարի առաջ։ Սեփականատերը պնդեց, որ տեսչական մարմնի ստուգումներից հետո վերացրել են առկա խախտումները։ Մեր այցելության պահին տեղադրված էին հրդեհաշիջման սարքեր, սակայն էլեկտրալարերը նույն վիճակում էին։ Մեր հարցին, եթե բենզալցակայանի գործունեությունը դադարեցնելու պահանջ դրվի, ի՞նչ քայլեր կձեռնարկեն, Սարգիս Համբարձումյանը պատասխանեց, որ «օրենքը հետադարձ ուժ չունի, կդիմենք դատարան՝ որոշումը բողոքարկելու նպատակով»։

Տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հետ խոսեցինք նաև այս դեպքի մասին։ «Ամեն հինգ տարին մեկ տվյալ համայնքը առևտրի թույլտվություն է տալիս տնտեսվարողներին։ Նման դեպքում կկատարենք առևտրային լիցենզիայի փոփոխություններ, փոփոխության դեպքում կասենք առանց տեսչական մարմնի տված եզրակացության չենք տալիս թույլտվություն և այն [բենզալցակայանը-խմբ] կփակվի»,- նշեց Շախբազյանը։

Երևանում գործող 8 բենզալցակայանները, որոնք թույլ են տվել 9 և ավելի շինարարական նորմերի խախտումներ

cps2.png

Կառավարությունը մեղմացնում է ներկայիս նորմերը. մի շարք բենզալցակայաններ կհայտնվեն «չխախտողների» ցանկում

Հաշվի առնելով բենզալցակայաններում իրականացված հետազոտությունների արդյունքները՝ տեսչական մարմինը դիմել է վարչապետին՝ նորմատիվ իրավական ակտերն ավելի մեղմացնելու առաջարկությամբ։

Հետք Մեդիա Գործարանը կառավարությունից հետաքրքրվեց, թե ինչ են որոշել՝ առաջարկության վերաբերյալ։ Կառավարությունից հայտնեցին, որ անհրաժեշտությունից ելնելով՝ նախատեսում են արդիականացնել բենզալցակայանների անվտանգության և շինարարական նորմերը, ինչի արդյունքում «մի շարք բենզալցակայաններ ինքնաբերաբար կարող են հայտնվել սահմանված նորմերով գործունեություն ծավալող տնտեսավարողների շարքում»։

Սա նշանակում է, որ ոչ թե տնտեսվարողներն են ենթարկվելու անվտանգության նորմերին, այլ նորմերն են համապատասխանեցվելու տնտեսվարողի շահերին։

«Նոր շուկայական պայմաններում դժվարացել է համադրել նորմերն ու շուկայի պահանջները»,- ասում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Քաղաքաշինության ամբիոնի վարիչ Զարուհի Մամյանը։ Նա նշում է, որ տենտեսական զարգացման այժմյան տեմպի պայմաններում վերահսկողական քաղաքականությունը պետք է ավելի ճկուն լինի։ Միևնույն ժամանակ, քաղաքաշինության ամբիոնի վարիչը համարում է, որ որոշակի նորմեր փոփոխման ենթակա չեն. «բնակելի շենքի մոտ բենզալցակայան չի կարելի կառուցել, որովհետև անվտանգ չէ, դրանք որոշակի հեռավորություն պետք է ունենան»։

Բենզալցակայան, որտեղ խախտում չի արձանագրվել

5-ամսյա մեր հետաքննության ընթացքում պարզ դարձավ, որ գործարար-պաշտոնյա տնտեսվարողների շահը բոլոր ժամանակներում գերակա է հանրային առողջությանը և անվտանգությանը։ Տեղի են ունենում նորմերի փոփոխություններ, իրավական ակտերի մշակումներ, կառավարության նիստեր, բայց այդ ամենը մնում է թղթի վրա։ Իսկ այդ ընթացքում մենք շարունակում ենք ապրել հրդեհավտանգ և չվերահսկվող բենզալցակայանների կողքին։

Հեղինակներ՝

Ուսանողներ

Լուսինե

Վարդանյան

Ուսանողներ

Սուսինա

Խաչատրյան

Ուսանողներ

Աննա

Արզումանյան

Ուսանողներ

Միլենա

Բարսեղյան

Ուսանողներ

Լիլի

Պետրոսյան

Ուսանողներ

Հրանուշ

Դերմոյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան

Դասախոսներ

Կատյա

Մամյան

Թիմ՝

Թիմ

Անի

Հովհաննիսյան