road_signs
ՏեքստՄայիս 2/2022

Շփոթեցնող գծանշումներ, չերևացող երթևեկության նշաններ. վարորդները դժգոհում են

Երևանի ճանապարհային նշանների և լուսացույցերի մի մասը տեսանելի չեն վարորդների համար։ Իսկ գծանշումները հաճախ շփոթեցնող են, քանի որ նորերը գծելիս՝ հները չեն մաքրում։ Վարորդները, չնկատելով ճանապարհային նշանը կամ գծանշումը, կատարում են խախտումներ և տուգանվում։ Նրանց մի մասն է միայն բողոքարկում վարչական ակտը, իսկ շատերը, համաձայն չլինելով, որոշում են չբողոքարկել և վճարել տուգանքը։

Կառավարության 2008 թվականի որոշման համաձայն՝ գծանշումները պետք է թարմացվեն բարենպաստ եղանակային պայմանների ժամանակ ոչ ավել քան վեց ամիսը մեկ։ Ձմռանը ճանապարհների գծանշումները մասամբ ջնջվում են, իսկ ինտենսիվ երթևեկությամբ փողոցներում` նույնիսկ անտեսանելի դառնում։ Գծանշումը թարմացնելիս կամ փոփոխելիս` այդ աշխատանքն իրականացնողները հին գծանշումները պետք է մաքրեն, քանի որ դրանք շփոթեցնում են վարորդներին՝ ստեղծելով վթարային իրավիճակներ և դրդելով անցանկալի խախտումների։

Հաղթանակի կամուրջ.png
Արգիշտի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածը

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում էր տարածել, որ Երևան քաղաքի Արգիշտի փողոցից դեպի Հաղթանակի կամուրջ հատվածը երթևեկության գոտիների փոփոխություն է կատարվել, սակայն հին կետագծերով գծանշումը չի մաքրվել։ «Նման դեպքերում երթևեկության մասնակիցների համար առաջանում են լրացուցիչ խոչընդոտներ, ինչն էլ կարող է պատճառ լինել իրավախախտումների կամ վթարային իրավիճակների առաջացման համար»,- նշվում էր ֆեյսբուքյան գրառման մեջ։

Գայի պողոտա.png
Գայի պողոտա և Թոթովենց-Նանսեն խաչմերուկը

Գայի պողոտայում արդեն մի քանի ամիս է, որ հնարավոր է երթևեկել չորս գոտիով։ Գայի պողոտա-Թոթովենց-Նանսեն խաչմերուկում հին գծանշումները չեն ջնջել, ավելացրել են նորերը, ու տվյալ հատվածում երթևեկության ընթացքը անհասկանալի է դարձել։

Շրջանային.png
Աբովյան-Մոսկովյան խաչմերուկը

Աբովյան-Մոսկովյան խաչմերուկում նոր գծանշում են գծել՝ առանց հինը ջնջելու։ Պարզ չէ՝ որ գծանշումն է նորը։

Բացի գծանշումներից՝ հաճախ բացակայում են նաև ճանապարհային նշանները։ Օրինակ՝ վարորդ Գրիգոր Մարտիրոսյանը նկատել է, որ Ծովակալ Իսակովի պողոտայի արագաչափից առաջ զգուշացնող նշանը բացակայում է։ Զգուշացնող նշանի բացակայությունն, ըստ Գրիգորի, մեծացնում է վարորդի տուգանվելու հավանականությունը. «Վարորդը, տեսնելով արագաչափի մասին զգուշացնող նշանը, մեքենայի արագությունը բնականաբար կիջեցնի ու չի տուգանվի», – ասում է Գրիգորը։

Ծովակալ Իսակովի.png
Իսակովի պողոտայի արագաչափը

Մաշտոց-Իսահակյան խաչմերուկում Հարութ Ազիբեկյանին 2021թ․-ի մայիսին տուգանել են չթույլատրված ուղղությամբ երթևեկելու համար։ Վարորդն ասում է, որ «ձախ կողմից թույլատրվում է երթևեկել միայն ձախ ուղղությամբ» նշանը տեսանելի հատվածում չէր տեղադրված, որի պատճառով էլ ուղիղ է երթևեկել ու տուգանվել։

Իսահակյան.png
Մաշտոց-Իսահակյան խաչմերուկը

Ըստ ՀՀ կառավարության որոշման՝ նշանները պետք է հեռվից տեսանելի լինեն և մոտենալիս հեշտ տարբերակվեն։

Սուրեն Խաչատրյանն էլ ասում է՝ Ագաթանգեղոս-Արշակունյաց խաչմերուկի լուսացույցը ցածր է տեղադրված և տեսանելի չէ վարորդներին։

«Եթե դիմացից մեծ մեքենա երթևեկի, բայց իր անցնելուց հետո միանգամից կարմիր լույս վառվի, հետևից եկող վարորդը չի տեսնի ու կերթևեկի կարմիր լույսի ժամանակ»,- բացատրում է նա։

Ագաթանգեղոս.png
Ագաթանգեղոս-Արշակունյաց խաչմերուկը

Վարորդն ասում է, որ Գարեգին Նժդեհ-Մայիսի 9 խաչմերուկում լուսացույցը ոչ միայն ցածր է տեղադրված, այլև ծառի ճյուղերը ծածկում են այն։ Սակայն լուսացույցի դիրքը համապատասխանում է ՀՀ կառավարության որոշմանը․ տեղադրված է 1.5-2 մետր բարձրության վրա:

Մայիսի 9.png
Գարեգին Նժդեհ-Մայիսի 9 խաչմերուկ

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի խոսքով՝ Հայաստանն անդամակցում է Ճանապարհային երթևեկության մասին կոնվենցիային, և կառավարության որոշումները պետք է համահունչ լինեն կոնվենցիայի կարգավորումներին։

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» իրավաբանական ծառայության ղեկավար Տիգրան Սարգսյանի հետ զրույցում պարզեցինք, որ քաղաքացիներից դժգոհություններ է ստանում հիմնականում գծանշումների ջնջված լինելու և ճանապարհային նշանների ոչ տեսանելի հատվածում տեղադրված լինելու պատճառով տուգանվելու դեպքերով։ Ըստ իրավաբանի՝ նշանները ոչ միայն պետք է տեղադրված լինեն լուսավոր հատվածում, այլ նաև արագ վերատեղադրվեն՝ ավտովթարի կամ քամու հետևանքով տեղաշարժվելու դեպքում։

Ըստ ճանապարհատրանսպորտային պատահարներով մասնագիտացված փաստաբան Սոս Քարամյանի՝ բազմաթիվ են արագաչափի մասին զգուշացնող նշանների՝ անտեսանելի հատվածում տեղադրված լինելու մասին դժգոհությունները։

«Երբ վարորդը տեսնում է, որ արագաչափի նախազգուշացնող նշան է առկա տվյալ հատվածում, ավելի զգոն է լինում երթևեկության մեջ, որովհետև որպես կանոն, արագաչափերը տեղադրվում են այն հատվածներում, որտեղ կարող է որևէ խոչընդոտ լինել, կամ ինչ-որ բնակելի հատված է»,- ասում է Քարամյանը։

Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Վարդանյանը հավաստիացնում է, որ Երևան քաղաքում արդեն շատ խաչմերուկներում ճանապարհային լուսացույցերը տեղադրվել են ճանապարհի վերևի մասում՝ խոչընդոտներով ծածկվելուց խուսափելու համար։

Ըստ պաշտոնյայի՝ Ճանապարհային ոստիկանությունը, հայտնաբերելով վատ տեսանելի ճանապարհային նշանները, դիմում է Երևանի քաղաքապետարան՝ փոխարինելու համար:

Հայկ Վարդանյանի խոսքով՝ քաղաքացիների կողմից բազմաթիվ դժգոհություններ են եղել գծանշումների վերաբերյալ։ Եղել են դեպքեր, որ գծանշումը թեև ջնջվել է, սակայն ուրվագիծը շփոթեցրել է վարորդներին։ Նման դեպքերում Վարդանյանը կոչ է անում քաղաքացիներին դիմել ՃՈ, և տվյալ վարչական ակտերը անվավեր կճանաչվեն։

Երևանի բոլոր փողոցներում 2021թ.-ին գծանշման աշխատանքներն իրականացրել է «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն։ Աշխատանքները իրականացնելու համար Ոստիկանությունն այս ընկերությանը հատկացրել է 467 մլն դրամ։ Մայրքաղաքում ճանապարհային նշանները տեղադրել է «Ավանգարդ էյ էմ» ՍՊԸ-ն, որին հատկացվել է 39 մլն դրամ։ Լուսացույցներն էլ տեղադրել է «Լոկատոր» ՓԲԸ-ն։ Ոստիկանությունն այդ աշխատանքները իրականացնելու համար հատկացրել է 258 մլն դրամ։

Մինչ 2021թ.-ը՝ լուսացույցերի, ճանապարհային նշանների տեղադրման և գծանշումների թարմացման աշխատանքների պատասխանատուն ոստիկանությունն էր։ 2022թ.-ի հունվարի 1-ից այս գործընթացով զբաղվում է Երևանի քաղաքապետարանը։

Քաղաքապետարանի հայտարարած գծանշումների մրցույթում հաղթել է «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն, Աշոտ Սահակյան Ա/Ձ-ն և «Ասկետ-16» ՍՊԸ-ն, որը 2019թ.-ին գծանշումներ է իրականացրել նաև Էջմիածնում:

Հեղինակներ՝

Ուսանողներ

Լիանա

Խաչատուրյան

Ուսանողներ

Հասմիկ

Ստեփանյան

Ուսանողներ

Քրիստինա

Ավանյան