Վրաերթ

Վրաերթ

ամսական 4 մարդ մահանում է Երևանի փողոցներում վրաերթի հետևանքով

Երևանում ամեն ամիս մոտ 52 վրաերթի դեպք է գրանցվում, որոնցից 4-ը՝ մահվան ելքով։ Այս մասին են վկայում ոստիկանության տրամադրած 2019-ից  2020 թվականի հուլիս ամիսը ընդգրկող տվյալները։ 

 

Ըստ այդ տվյալների՝ նշված 19 ամիսների ընթացքում 988 վրաերթի դեպք է գրանցվել մայրաքաղաքում, որի հետևանքով տուժել է 1000 մարդ, իսկ 82-ը՝ մահացել։

Ինչպես կանխել վրաերթը

Հետք Մեդիա Գործարանի թիմը վրաերթի դեպքերը տեղակայել է քարտեզի վրա՝ հասկանալու, թե քաղաքի որ հատվածներում են տեղի ունեցել ամենաշատ դեպքերը։ 

 

Առանձնացրել, այցելել և դիտարկել ենք այն փողոցները, որտեղ ամենաշատ դեպքերն են գրանցվել։ Դիտարկման արդյունքում պարզել ենք, որ վրաերթերը տեղի են ունենում 4 հիմնական գործոնների հետևանքով. վարորդի անզգուշություն, հետիոտնի անզգուշություն, ենթակառուցվածքների բացակայություն, ենթակառուցվածքների բարելավման անհրաժեշտություն։

Քարտեզում տեղակայված են 2019 – 2020թ-ի հուլիսը տեղի ունեցած վրաերթի դեպքերը։ Որոշ դեպքեր չենք քարտեզագրել, քանի որ ոստիկանության տվյալներում հասցեն հստակ տեղորոշված չէր։ Մոտեցնելով ամեն փողոցի վրա, քարտեզի վրա կհայտնվեն հենց այդ փողոցում տեղի ունեցած վրաերթի դեպքերը՝ կետերի տեսքով։

Արշակունյաց - Ագաթանգեղոս խաչմերուկ

Արշակունյաց պողոտայում նշված ժամանակահատվածում տեղի է ունեցել 41  վրաերթի դեպք, 4-ը՝ մահվան ելքով։ Միայն Արշակունյաց-Ագաթանգեղոս խաչմերուկում գրանցվել է 10 վրաերթի դեպք։ Այս հատվածը դիտարկելիս առանձնացրել ենք 2 հիմնական գործոն, որոնք կարող են վրաերթի պատճառ դառնալ։ 

Արշակունյաց պողոտայում նշված ժամանակահատվածում տեղի է ունեցել 41  վրաերթի դեպք, 4-ը՝ մահվան ելքով։ Միայն Արշակունյաց-Ագաթանգեղոս խաչմերուկում գրանցվել է 10 վրաերթի դեպք։ Այս հատվածը դիտարկելիս առանձնացրել ենք 2 հիմնական գործոն, որոնք կարող են վրաերթի պատճառ դառնալ։


Արշակունյաց - Ագաթանգեղոս խաչմերուկ

Արշակունյաց - Մասիս խաչմերուկ

Արշակունյաց-Մասիս խաչմերուկում  2019-ից  մինչև 2020 թվականի hուլիս ամիսը գրանցվել է 5 վրաերթի դեպք։ Ըստ 2016 թվականի Yandex Street View պատկերի՝ այս հատվածը կահավորված չէր մեքենաների և հետիոտների համար նախատեսված լուսացույցով։ 2021 թվականի մայիսի դրությամբ խաչմերուկը կարգավորվում է հետիոտնային լուսացույցերով,  մեր դիտարկման պահին ակնառու խնդիր չենք արձանագրել։

Արշակունյաց - Մասիս խաչմերուկ

Կոմիտաս - Շիրվանզադեից մինչև Վրացական

Կոմիտասի պողոտան նույնպես Երևանի վթարաշատ փողոցներից է։ Վերջին երկու տարիների ընթացքում այստեղ գրանցվել է 34 վրաերթի դեպք՝ մահվան 2 ելքով։ Մենք դիտարկել ենք պողոտայի այն հատվածները, որտեղ ամենահաճախն են գրանցվում վրաերթի դեպքեր։

Կոմիտաս - Շիրվանզադեից մինչև Վրացական հատվածում տեղի է ունեցել 13 դեպք։ Ըստ մեր դիտարկման՝ «Լամբադա» կամրջից դեպի Կոմիտաս գնացող ճանապարհից նաև հնարավորություն կա թեքվելու աջ՝ Շիրվանզադե փողոց։ Չկա լուսացույց, չի կարգավորվում հետիոտնի անցումը, իսկ ծառերը փակում են վարորդի տեսադաշտը՝ թույլ չտալով տեսնել անցնող հետիոտնին։
Կոմիտաս - Շիրվանզադեից մինչև Վրացական

Բարեկամության էստակադայից դեպի Բաղրամյան փողոց

Այս հատվածում տեղի է ունեցել 11 դեպք։ Չնայած «Բարեկամություն» մետրոյի գետնանցումը հնրավորություն է տալիս հետիոտնին անվտանգ տեղաշարժվել, որոշ անցորդներ շարունակում են հատել փողոցը չթույլատրված հատվածով։ Բացի այդ, Բաղրամյան փողոցի «ՍԱՍ» սուպերմարկետի դիմացից հետիոտնը միանգամից հատում է փողոցը՝ անտեսելով այն հանգամանքը, որ մոտ 200 մետր հեռավորության վրա է գտնվում լուսացույցով կահավորված անցումը։

Բարեկամության էստակադայից դեպի Բաղրամյան փողոց

Խանջյան. Վերնիսաժից մինչև Տիգրան Մեծի պողոտա

Այս հատվածում տեղի է ունեցել 9 վրաերթի դեպք։ Վերնիսաժի հարևանությամբ կա գետնանցում։ Վերնիսաժից դեպի Տիգրան Մեծի պողոտա հատվածում կառուցված է նաև վերնանցում, որը սակայն,  երբեմն չի ծառայում իր նպատակին։ Մեր տեսախցիկը արձանագրել է իրավիճակներ, երբ հետիոտնը հատում է փողոցը անմիջապես վերնանցման կողքով։

Խանջյան/Վերնիսաժից մինչև Տիգրան Մեծի պողոտա

Աբովյան-Պուշկին խաչմերուկ

Աբովյան փողոցում տեղի է ունեցել 14 վրաերթի դեպք։ Մենք դիտարկել ենք Աբովյան -  Պուշկին խաչմերչուկը, որտեղ երկու տարվա ընթացքում գրանցվել է 3 դեպք։ Այս խաչմերուկի երեք կողմերը կահավորված են գծանշումային անցումներով, որոնք չեն կարգավորվում լուսացույցով։ Դիտարկման ընթացքում նկատեցինք, որ հետիոտնը մեխանիկորեն փողոցը հատում է խաչմերուկի այն հատվածով, որտեղ անցում գծանշված չէ։ Այս հատվածում ենթակառուցվածքները բարելավելու կարիք կա. լուսացույցային կահավորում, հավելյալ գծանշումներ։ Մանավանդ երեկոյան ժամերին Աբովյան-Պուշկին խաչմերուկը շատ ակտիվ է, իսկ մեքենաները հաճախ թույլատրվածից մի քանի անգամ արագ են վարում, ինչը կարող է ողբերգական ավարտ ունենալ։

Աբովյան - Պուշկին խաչմերուկ

Սեբաստիա - Տիչինա

Սեբաստիա փողոցում 2019-ից  2020 թվականների ընթացքում գրանցվել է 30 վրաերթի դեպք, որից 4-ը՝ մահվան ելքով։

Մենք դիտարկել ենք Սեբաստիա-Տիչինա խաչմերուկը, որտեղ տեղի է ունեցել 2 դեպք։

Այս հատվածում աջ կամ ձախ թեքվող մեքենաները հետիոտնային անցումի վրա հաճախ հատվում են կանաչ լույսով անցնող հետիոտնին։ Այս պարագայում ամբողջ պատասխանատվությունն ամբողջությամբ թողնված է վարորդի զգուշավորության վրա։


Սեբաստիա - Տիչինա խաչմերուկ

Սեբաստիա - Լենինգրադյան

Այս հատվածում տեղի է ունեցել վրաերթի 3 դեպք։ Կա գծանշված հետիոտնային անցում, որը կարգավորվում է լուսացույցով՝ հետիոտնին տալով 20 վայրկյան ժամանակ՝ փողոցը հատելու համար։ Միևնույն ժամանակ, Սեբաստիայից դեպի Լենինգրադյան թեքվող ճանապարհի աջ սեկցիան մշտապես  բաց է, ինչը նշանակում է, որ սեկցիայով աջ թեքվող մեքենաներն ու հետիոտնը կրկին հատվում են։

Սեբաստիա - Լենինգրադյան խաչմերուկ

Սեբաստիա - Մալաթիա

Այս հատվածում տեղի է ունեցել վրաերթի 8 դեպք։ Խաչմերուկը կահավորված է գծանշումային անցումով, սակայն հետիոտնի հիմնական հոսքը գալիս է «Երևան Սիթի»-ի մուտքի մոտից։ Սուպերմարկետի հաճախորդները փողոցը միանգամից հատում են սուպերմարկետի մուտքի մոտից, որտեղ հետիոտնային անցում չկա։

Մալաթիա-Սեբաստիա

Գայի պողոտա

Այս հատվածում 2019-ից  2020 թվականների ընթացքում գրանցվել է 19 վրաերթի դեպք, որից 2-ը՝ մահվան ելքով։ Մենք հատկապես դիտարկել ենք «Մեգա Մոլի» դիմացի ճանապարհային հատվածը, որտեղ մեր տեսախցիկը ֆիքսել է մարդկանց, որոնք հատում են փողոցը, չնայած  նրան, որ հետիոտնի համար նախատեսված անցում գծանշված չէ, այնինչ գետնանցումը գտնվում է մի քանի մետր դեպի ներքև։

Գայի պողոտա

Հետիոտնային անցումները հարմարեցված չեն տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար

 

Մեր դիտարկումների ընթացքում նկատել ենք, թե ինչպես են հաշմանդամություն ունեցող անձինք անցնում փողոցը՝ վտանգելով իրենց կյանքը։ Ձայնային ազդանշանով լուսացույցեր կան Երևանի մի քանի կենտրոնական փողոցներում միայն, այնինչ կույր անձինք ապրում են ոչ միայն կենտրոնում, այլ նաև արվարձաններում։ Բացի այդ, հետիոտնային անցումների մեծ մասը թեքահարթակ չունի։

Ինչպես կանխել վրաերթը

Քաղաքի գետնանցումներն ու վերնանցումները կահավորված չեն վերելակներով։ Հաճախ հենց վերնանցման տակ կարելի է տեսնել տարեց անձանց՝ փողոցը անթույլատրելի հատվածով հատելիս։ Պատճառներից մեկն էլ այն է, որ նրանք չեն կարողանում բարձրանալ և իջնել տասնյակ աստիճաններ՝ զուտ փողոցը հատելու համար։

Ճանապարհային ոստիկանությունը պետք է վիճակագրությունը վերլուծի

Փաստաբան Աշխեն Դաշյանն ասում է, որ բախումներ և վրաերթեր հաճախ գրանցվում են  ճանապարհային նշանների ոչ ճիշտ տեղադրված լինելու, բացակայելու կամ անտեսանելի լինելու պատճառով։ Փաստաբանը խնդրային է համարում նաև գծանշումների մաշվածությունը՝ թե հետիոտնային անցումների և թե մեքենաների համար նախատեսված գծանշումների պարագայում։ 


 

Ինչպես կանխել վրաերթը

«Վրաերթեր շատ են գրանցվում նաև այն դեպքերում, երբ հետիոտնի գծանշված անցումը և վարորդի համար նախատեսված կանգ գիծը միմյանց շատ մոտ են լինոմ։ Լինում են դեպքեր, երբ վարորդի համար սեկցիան բաց է և միևնույն ժամանակ հետիոտնի համար բացվում է լուսացույցը, բայց հետիոտնին արագ նկատելն ու մեքենան շատ արագ կանգնեցնելն արդեն անհնար է լինում, որովհետև շատ մոտ են լինում կանգ գիծը և հետիոտնային անցումը»,- նկարագրում է փաստաբան Դաշյանը։

Ինչպես կանխել վրաերթը

Ըստ փաստաբանի՝ վրաերթ առաջացնող մեկ այլ իրավիճակ է, երբ հետիոտնին ճանապարհ զիջող մեքենան չի միացնում վթարային ազդանշանները, և հետևի մեքենան, չիմանալով, որ մեքենայի դիմաց հետիոտն կա, փորձում է շրջանցել՝ առաջացնելով վթարային իրավիճակ։ 

Ինչպես կանխել վրաերթը

Ենթակառուցվածքների խնդիր նույնպես առանձնացնում է Աշխեն Դաշյանը՝ մասնավորապես լուսացույցերի վերաբերյալ։ Ըստ նրա՝ շատ թաղամասերում դեռ կան հին, խամրած գույներով լուսացույցեր, որոնք շփոթմունք են առաջացնում թե վարորդի, թե հետիոտնի համար։

Փաստաբանն ընդգծում է նաև, որ վրաերթերի դեպքերի զգալի մասը տեղի է ունենում հետիոտնի՝ անթույլատրելի հատվածից փողոցը հատելու և անուշադրության գործոնով պայմանավորված։ «Ամեն օր բախվում ենք դեպքերի, որ ակնհայտորեն մեղավորը հետիոտն է լինում։ Հաճախ կարող է պատահական հետիոտնը հայտնվի մեքենայի դիմաց՝ ամենաանսպասելի վայրում։ Իրենք նաև անկանխատեսելի են։ Իսկապես, հետիոտնի մասով, միանշանակ խնդիր կա։ Մենք այդպես էլ չսովորեցինք քաղաքավարի ձևով անցնել փողոցը»,- ասում է Աշխեն Դաշյանը։

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: