Կողպված ու աղտոտված նկուղներում ինչպե՞ս է պատսպարվելու Երևանը

44-օրյա պատերազմի օրերին Երևանի վարչական շրջանների որոշ շենքերի մուտքերին հայտնվեցին ապաստարանների տեղակայման վերաբերյալ բնակչությանն իրազեկող տեղեկատվական թերթիկներ, որոնց մի մասը, սակայն, որևէ տեղեկություն չէր պարունակում։ Մասնավորապես, ապաստարանի տեղակայման հասցեի տողը դատարկ էր, այսինքն, տեղակատվական թերթիկը զուտ ձևական բնույթ էր կրում։ 

Իհարկե, ոչ բոլոր տեղեկատվական թերթիկներն էին դատարկ. դրանց մեծ մասի վրա որպես պատսպարվելու վայր նշված էր «շենքի նկուղ»։ Նշված շենքերի նկուղները, սակայն, կամ կողպված էին կամ այնքան աղտոտված, որ այնտեղ հնարավոր չէր պատսպարվել։

2020-ի հոկտեմբերին, երբ Հայաստանում ռազմական դրություն էր, Հետք Մեդիա Գործարանի թիմը շրջում էր Երևանի 10 վարչական շրջաններում (Ավան, Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն, Կենտրոն, Էրեբունի, Նոր-Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն)՝ պարզելու, թե արդյոք բնակիչները տեղյակ են, թե որտեղ և ինչպես պետք է պատսպարվեն հրթիռակոծության կամ հրետակոծության դեպքում։ 

Պարզ պատահական ընտրանքով այցելում էինք 10 բնակարան՝ ամեն վարչական շրջանից և հարցում անցկացնում։ Ընդհանուր առմամբ՝ մեր հարցմանը մասնակցել է Երևանի 100 բնակիչ։ 

Հարցված բնակիչների կեսը չգիտի, թե որն է իր բնակավայրին ամենամոտ գտնվող ապաստարանը, իսկ մյուս կեսը պատասխանել է, որ դրանք ամենայն հավանականությամբ շենքերի նկուղներն են։ 

26 հոգի նշել է, որ նկուղների կամ այսպես կոչված ապաստարանների դռները փակ են կամ դրանք վերածվել են աղբանոցների, հետևապես այնտեղ հնարավոր չէ երկար մնալ։ Շենքերի առաջին հարկի բնակիչները մեծ մասամբ ունեին իրենց «սեփական» նկուղը, որտեղ տեղավորում են պահածոներ. «Բացիչս կվերցնեմ ու կիջնեմ նկուղ»,- այսպես է պատասխանել բնակիչներից մեկը հարցին, թե տագնապի ազդանշանի դեպքում ինչպես է պատսպարվելու։ 

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսումնական ձեռնարկում նշվում է, որ ապաստարանները պետք է պատրաստ լինեն երկու օր անընդմեջ մարդկանց կեցությունը ապահովել։ Թաքստոցը պետք է ունենա նախամուտքեր և օդազտիչ, օդամղիչ սարքավորումներ, ջերմային և լուսային սարքեր, մահճակալներ, ջրամատակարարման և կոյուղու համակարգեր։

Պաշտպանական կառույցների մուտքին փակցվում են ցուցատախտակներ, իսկ դեպի այդ կառույցներ տանող ուղիներում՝ ցուցանշաններ։ Պաշտպանական կառույցներում պատսպարումն իրականացվում է քաղաքացիական պաշտպանության ազդանշաններով։ Օրինակ՝ «Օդային տագնապ» ազդանշանի միջոցով։  

«Ավելի լավ է ռմբակոծությունից մահանալ, քան ժանտախտից» ,- ասում է հարցմանը մասնակցած բնակիչներից մեկը՝ փորձելով նկարագրել իրենց շենքի նկուղի անբարվոք պայմանները։ 

Հարցվածներից 86-ը պնդում են, որ ապաստարանները կամ շենքերի նկուղներն ապահովված չեն առաջին անհրաժեշտության պարագաներով (ջուր, տաք ծածկոցներ, սնունդ):  

Դեռ 44-օրյա պատերազմի ընթացքում տեղեկատվության հարցումներ էինք ուղարկել Երևանի քաղաքապետարան և 12 վարչական շրջաններ՝ պարզելու, թե արդյոք մայրաքաղաքում կան բավարար չափով ապաստարաններ, տեղեկացվա՞ծ են արդյոք բնակիչները դրանց գտնվելու վայրի և օգտվելու կանոնների վերաբերյալ։ Թե քաղաքապետարանից և թե վարչական շրջաններից չտրամադրեցին լիարժեք տեղեկատվություն՝ «հաշվի առնելով այն հանգամանքը, որ հետաքրքրող տեղեկատվությունը կարող է պարունակել գաղտնի տվյալներ»,- նշվում էր գերատեսչությունների պատասխաններում։ 

Երևանի բնակչության խտությունը 4824 մարդ է ամեն կիլոմետր քառակուսու համար։ Հատկապես Կենտրոն վարչական շրջանի նկուղային հարկերը վերածվել են ռեստորանների, կարի արհեստանոցների, խանութների կամ դրանց համար նախատեսված պահեստների։ 

Քաղաքում շատ են նաև խորհրդային տարիներին կառուցված բազմահարկ շենքերը, որոնց նկուղներն ու թաքստոցները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց։ Մեր հարցմանը մասնակցած բնակիչներից մեկն ասում է, որ արտակարգ իրավիճակում ստիպված է տանը մնալ, որովհետև հաշմանդամություն ունեցող հարազատ ունի, որին նկուղ իջեցնել հնարավոր չէ: 

Իրավիճակն այլ է նորակառույց շենքերի դեպքում, այստեղ կան ստորգետնյա ավտոտնակներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են ծառայել որպես պաշտպանական վայրեր: 

Աննա Մեխակյան, Սյուզաննա Պետրոսյան

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: