2018-ի ԱԺ արտահերթ ընտրությունների տարածական վերլուծություն

 

2018 թվականի դեկտեմբերին Հայաստանում տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք հաջորդել են ապրիլ և մայիս ամիսների իրադարձություններին։ Ընտրությունները արժանացել են միջազգային դիտորդների բարձր գնահատականների։ Ընտրությունների նվազագույն շեմը հաղթահարել են Իմ Քայլը դաշինքը (70․4 %), Բարգավաճ Հայաստան կուսակցությունը (8․26 %) և Լուսավոր Հայաստան կուսակցությունը (6.37 %)։ Չնայած ապրիլ-մայիսյան ոգևորությանը` դեկտեմբերին կայացած ընտրություններում ընտրողների ակտիվությունը ընդամենը 48 տոկոս է եղել։ Համեմատության համար հարկ է նշել, որ 2012 և 2017 թվականներին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների ակտիվությունը եղել է շուրջ 60 տոկոս։ 

 

2018 թվականի ընտրությունների մասնակցության ակտիվության ցուցանիշի տարածական պատկերումը կատարվել է Աշխարհագրական Տեղեկատվական Համակարգի (այսուհետ՝ GIS) միջոցով։ 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից հավաքագրվել է տարածքային ընտրական տեղամասերի տվյալները (տեղադիրքեր և քվեարկության վերջնարդյունքներ)։ Հավաքագրված տվյալները վերլուծվել և վիզուալիզացվել են GIS համակարգում։ 

 

2018 թվականի խորհրդարանական ընտրություններին 2,593,140 գրանցված ընտրողից մասնակցել է 1,260,847 մարդ։ Ընտրողների առավել ցածր ակտիվություն նկատվել է Երևանում և Արմավիրի մարզում։ Ցածր ակտիվություն է գրանցվել նաև Թալինի, Անիի, Գավառի, Մարտունու, Տաշիրի և Ամասիայի շրջաններում։ Մասնակցության ակտիվությունն ունի ցրված բնույթ և առավել նկատելի է Գորիսի, Կապանի, Քաջարանի, Մեղրու, Ճամբարակի, Վայքի և Ապարանի շրջաններում։ Կութ, Խնձորեսկ և Ագարակ բնակավայրերում դիտվել է 90 տոկոս և ավել մասնակցություն։

2018 թվականի ԱԺ ընտրությունների մասնակցության ակտիվության ցուցանիշ (%)

Ընտրությունների նվազագույն շեմը հաղթահարած կուսակցություններ

Իմ քայլը դաշինքի ստացած քվեների և մասնակցության ընդհանուր ակտիվության քարտեզների համադրումից երևում է, որ որոշ շրջաններում Իմ քայլը դաշինքի ստացած քվեները հակադարձ համեմատական են մասնակցության ակտիվությանը։ Մասնավորապես, նման համադրություններ ակնհայտ երևում են Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերի որոշ շրջաններում։

Իմ քայլը դաշինքի ստացած քվեները (%)
2018 թվականի ԱԺ ընտրությունների մասնակցության ակտիվության ցուցանիշ (%)

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը առավել թվով քվեներ ստացել է Կոտայքի մարզում, ինչպես նաև Արմավիրի, Արագածոտնի և Շիրակի մարզերում։

Բարգավաճ Հայաստան կուսակցության ստացած քվեները (%)
2018 թվականի ԱԺ ընտրությունների մասնակցության ակտիվության ցուցանիշ (%)

 

Լուսավոր Հայաստան կուսակցությունը նվազ քվեներ ստացել է Տավուշի, Կոտայքի և Արարատի մարզերում, ինչպես նաև Գեղարքունիք մարզի հյուսիսային հատվածներում։ Հատկանշական է, որ կուսակցությունն առավել քանակով քվեներ ստացել է հանրապետության այն հատվածներում, որտեղ գրանցվել է մասնակցության բարձր ցուցանիշ։ 

Լուսավոր Հայաստան կուսակցության ստացած քվեները (%)
2018 թվականի ԱԺ ընտրությունների մասնակցության ակտիվության ցուցանիշ (%)

Ընտրությունների նվազագույն շեմը չեն հաղթահարել Հայաստանի հանրապետական կուսակցությունը (4.67 %), Հայ հեղափոխական դաշնակցությունը (3.89 %) և Քաղաքացու որոշում ՍԴԿ-ն (0.68 %)։ Ըստ ՀՅԴ ստացած քվեների քարտեզի կուսակցությունն ունի աջակցություն հանրապետության ամբողջ տարածքում։ ՔՈ կուսակցության վերաբերյալ քարտեզում արտահատված է ստացած քվեների տեղային բնույթը։

ՀՀԿ ստացած քվեները (%)
ՔՈ ստացած քվեները (%)
ՀՅԴ ստացած քվեները (%)

 

GIS համակարգում նվազագույն շեմը հաղթահարած կուսակցությունների քվեների բաշխումը ներկայացված է նաև եռառանցք գրաֆիկական պատկերի միջոցով, ինչը փոխկապակցված է տարածական տվյալների հետ։ Քվեների բաշխումը ցույց տվող գրաֆիկական պատկերում առավել թվով ընտրատեղամասեր կուտակված են Իմ քայլը դաշինքի առանցքի մոտ, առանձին ընտրատեղամասեր գտնվում են ԲՀԿ կամ ԼՀԿ առանցքի մոտ։ Գրաֆիկական պատկերում առանձնացված կետերը տարածականորեն համընկնում են Կոտայքի մարզի Առինջ գյուղի (ԲՀԿ) և Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի (ԼՀԿ) հետ։ 


 

Այսպիսով, GIS համակարգը թույլ է տալիս տարածականորեն պատկերել երևույթները՝ դրանք դարձնելով առավել մատչելի և առանձնացնել տեղային ազդեցության գոտիները։ GIS-ը կարող է օգտագործվել նաև առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների լուսաբանման համար։

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: