Ես դասընկեր չունեմ. Սյունիքում 13 դպրոց ունի մինչև տասը աշակերտ

Լյուդվիգ Սահակյանը Սյունիքի մարզի Լծեն գյուղի միակ առաջին դասարանցին է։ Դասարանում, որը նախկինում որպես ննջասենյակ է ծառայել, այսօր Լյուդվիգը, նրա քույր Սաթենիկը ու Աշոտը սովորում են միաժամանակ, թեև վերջին երկուսը՝ երրորդ դասարանում։ 

Լյուդվիգ Սահակյանը

Ուսուցչուհու տված հանձնարարությունը Լյուդվիգը կատարում է անմիջապես ու սպասում, թե երբ նորից ընկեր Բունիաթյանը կվերադառնա իրեն։ Երրորդ դասարանցիների հետ հանձնարարությունը տևում է ավելի երկար, ու տղան, թվում է՝ սպասելուց ու մյուսների խոսակցությունները չհասկանալուց ձանձրացած, ձեռքերով անընդհատ տրորում է պլաստիրինի մի կտոր։

Լծենի հիմնական դպրոցի ներկայիս շենքը ի սկզբանե եղել է բնակելի տուն և պատկանել գյուղացիներից մեկին, 1980-ական թթ.-ին պետությունը այն ձեռք է բերել և տրամադրել դպրոցին։

Տան հյուրասենյակը` որպես մարզադահլիճ

Սիսիան համայնքի Լծեն գյուղի դպրոցը հիմնական է, այստեղ սովորում է հինգ աշակերտ։ Համաձայն ԿԳՄՍ նախարարի հրամանի՝ եթե դասարանում աշակերտների թիվը 17-ից քիչ է և չկան  բավարար ֆինանսական միջոցներ, ապա դպրոցը կարող է միավորել առավելագույնը 4 դասարան։ 

Այս սկզբունքով Լծենի հիմնական դպրոցի 9-րդ դասարանցի Հայկը և 5-րդ դասարանցի Դավիթը տարբեր առարկայական ծրագրերով սովորում են մեկ դասարանում։ 3-րդ դասարանցի Սաթենիկն ու Աշոտը և առաջին դասարանցի Լյուդվիգն էլ միասին կազմում են դպրոցի երկրորդ երկկազմ դասարանը։ Այս տարբերակով դասավանդելիս, կախված նաև աշակերտների քանակից, ուսուցիչների վարձատրությունը ևս տարբեր է, յուրաքանչյուր դասաժամի համար վարձավճարը մեկ լիարժեք վճարի կեսը կամ մեկ քառորդն է։

Այս տարի Սյունիքի մարզի 13 դպրոց ունի մինչև տասը աշակերտ։ Եթե 2011թ-ին այս դպրոցներում սովորողների ընդհանուր թիվը 129 էր, այսօր 86 է` հաշվի առնելով, որ նախորդ տարվա պատերազմի հետևանքով դպրոցներում ավելացել է Արցախից եկած 13 աշակերտ: 2020-ին Մեղրիի շրջանի Լիճք գյուղի դպրոցը  փակվել է՝ աշակերտ չունենալու պատճառով, այնինչ 2011-ին այս գյուղի դպրոցն ուներ 19 աշակերտ։ 

Դպրոցը միշտ չէ, որ այսքան սակավամարդ է եղել. 1960թ.-ին այն ունեցել է մոտ 160 աշակերտ, կից կառուցված են եղել այլ տեղերից եկած ուսուցիչների համար կացարաններ։ Հիմա գյուղում աշխատում են միայն տեղացի կամ առավելագույնը կից բնակավայրերից եկող ուսուցիչները։ 

Ժանետա Մանուկյանը, որ մոտ 3 տասնամյակ աշխատում է դպրոցում, դժվարանում է պատասխանել, թե, ի վերջո, ինչ մասնագետ է ինքը. դասավանդում է 12 առարկա՝ հայոց լեզու և գրականություն, աշխարհագրություն, ֆիզկուլտուրա, նախնական զինվորական պատրաստություն և այսպես էլի մի քանիսը։

Դավիթը (12տ.), Սաթենիկը (10տ.), Լյուդվիգը (7տ.)

«Տևական ժամանակ է ռուսերենի ուսուցիչ չունենք, ամեն տարի թերթին հայտարարություն ենք տալիս թափուր տեղի համար, բայց մի քանի ժամի համար ո՞ր մեկը կգա, էնքան որ ձևական գրում ենք էլի»,- ասում է տնօրենը։

Նրա ձևակերպմամբ՝ գյուղը ծերացող է, եթե 2010թ.-ին Լծենն ուներ 178 բնակիչ, ապա նախորդ տարվա տվյալներով՝ գյուղում ապրում է 52 մարդ։ Գյուղում համարյա ոչինչ չկա, անգամ հաց գնելու համար պետք է հասնել մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Շամբ գյուղ։ 

Տեղի դպրոցում գրեթե բոլորը բարեկամական կապ ունեն։ Սաթենիկը, Դավիթը ու Լյուդվիգը քույր ու եղբայր են, նրանց մայրը, որ հիմա ֆիզարձակուդում է, դասվար է։ Ընտանիքը 2019թ.-ին վերադարձել է գյուղ ու որոշել ապրել այնտեղ։ Աշոտ Մարգարյանը, Լուսինե Բունիաթյանի աշակերտը լինելուց զատ, նաև նրա որդին է։ Իններորդ դասարանում սովորող Հայկը, որ այս տարի ավարտեց դպրոցը ու կտեղափոխվի Սիսիան սովորելու, տնօրենի տղան է։

Լծենի դպրոցի տնօրեն Կարապետ Ամիրյանը։ Պատին փակցված է դպրոցի նախկին տնօրենի լուսանկարը։

«Հիմնական դպրոցն ավարտելուց հետո երեխաները գնում են Սիսիան՝ ուսումը շարունակելու։ Տղաս ու աղջիկս, էս տարի արդեն մյուս տղաս էլ կմիանա իրենց, սովորում են էնտեղ։ Մինչև իրենց ավարտելը դպրոցում սովորում էր հինգ աշակերտ, որից երեքը իմ զավակներն էին։ Ես ու կինս էլ դե աշխատում ենք էստեղ։ Խեղճ երեխեքը ամբողջ օրը հա՛մ դպրոցում, հա՛մ տանը մեզ էին տեսնում»,-ասում է Կարապետ Ամիրյանը, ներողություն խնդրում ու գնում հողամասը հերկելու համար տրակտորին վառելիք հասցնելու։

Դպրոցի բոլոր աշակերտները՝ բացի Հայկից

Լծենի դպրոցում հատակը տեղ-տեղ փոշոտ է, մշտական ջուր չկա, մաքրուհին տնից է ջուր բերում դպրոցը մաքրելու համար։ Զուգարանը մեկն է ու դրսում, իսկ ճաշարան չկա։ Գրքերի համար առանձին սենյակ նույնպես չկա, դրանք դրված են միջանցքի պահարաններում և պատուհանագոգերին։ Մարզադահլիճը տան հյուրասենյակն է՝ փայտե հատակով, պաստառապատ պատերով և ապակյա դռներով։ Սրահում թենիսի սեղան կա ու գնդակ, բայց տաք եղանակին երեխաները սիրում են դրսում խաղալ՝ հիմնականում պահմտոցի։ 

Դավիթ Սահակյանը

Դասվար Լուսինե Բունիաթյանը մասնագիտությամբ լրագրող է, ասում է, որ աշակերտների սոցիալականացումն իրականացվում է տարիքակիցների հետ շփման, կոնֆլիկտների և դրանց լուծման արդյունքում։ Եւ երբ աշակերտը տարիքակից համադասարանցիներ չի ունենում, կոնֆլիկտի մեջ է մտնում ուսուցչի հետ, ինչը դասվարը բնական է համարում։

Բնագիտական առարկաները դպրոցում դասավանդում է Էդիկ Թևանյանը։ Նա շաբաթական երկու օր աշխատում է Լծենի, իսկ երեք օր՝ Մուցքի հիմնական դպրոցում։ Սիսիանից Լծեն տրանսպորտ չկա, Թևանյանը գյուղ հասնելու համար մոտ հինգ կիլոմետր քայլում է։ Շատ հազվադեպ ճանապարհին մեքենա է հանդիպում և ուսուցչին հասցնում դպրոց։ Քիչ դասաժամեր ունենալու պատճառով Էդիկ Թևանյանը ճանապարհածախսի գումար չի ստանում։ Մուցքի դպրոց գնացող տրանսպորտ կա, բայց ձմռանը ճանապարհը փակվում է, ու ուսուցիչը նորից ստիպված է ոտքով գնալ։ 

Մուցքի հիմնական դպրոց

Մուցքի հիմնական դպրոցի ետնամասը

«Մեր գյուղը շատ լավն ա, ես էստեղ ծնվել եմ, էս դպրոցում էլ սովորել, մեր թվերին մի 100-ից ավելի աշակերտ կար»,— պատմում է Մուցքի հիմնական դպրոցի տնտեսվար 58-ամյա Համազասպ Մովսիսյանը։

Մուցքի դպրոցի տղաները. լեռների ետևում Նախիջևանն է

— Հարյուրից ավե՞լ, պատկերացնում ես, Մոսո, դպրոցում քայլելու տեղ չէր մնա,— ասում է Անուշավանը իր միակ դասընկերոջը՝ Մեսրոպին։

— Հա ի՞նչ, էդ նշանակում ա քեզնից բացի էլի դասարանցի կունենայի, էդ ժամանակ էլ ուզած-չուզած իմ ամենալավ ընկերը դու չէիր լինի,—ծիծաղում է Մեսրոպը։

— Լավ, Սլավիկ, դու հլը էն ասա ինչի՞ ես որոշել բժիշկ, ավելի ճիշտ անասնաբույժ դառնաս, հը՞ն։

— Հա ինչ, ասել եմ, բայց կարող ա ուրիշ բան դառնամ, օրինակ շինարար, հա ի՞նչ, հետո ի՞նչ,— բոլորը բացի Սլավիկից բարձր ծիծաղում են։

Դասամիջոցի ժամանակ Մուցքի դպրոցի հինգ տղաները՝ 7-րդ դասարանցի Անուշավանը, Մեսրոպը, հինգերորդ դասարանցի Ռաֆիկը, Նարեկն ու Սլավիկը ինչից ուզում՝ խոսում են. դպրոցում աղջիկ չկա, որ քաշվեն։ Զարուհին է երրորդ դասարանցի, այն էլ շուտ վերջացնում ու միանգամից տուն է գնում։

Մանե Մելքումյանն իր միակ աշակերտուհու՝ Զարուհի Հախվերդյանի հետ

7-րդ դասարանում ստուգողականի ժամ է, տղաները ուսուցչի մեջքի հետևում թաքուն իրարից արտագրում են։ Վերջում, երբ զանգը տալուն քիչ է մնում, ուսուցիչը ստիպված գրատախտակին մի քանի բան է գրում, իսկ աշակերտներն արագ-արագ արտագրում են։

Նախիջևանի սահմանին գտնվող այս գյուղի դպրոցում սովորում է վեց աշակերտ, վերջին տասը տարիներին պատկերը գրեթե նույնն է։ Դպրոցի շենքը, 1950թ.-ին երբ կառուցվել է, նախատեսված է եղել 100 աշակերտի համար, այսօր դասարաններից տասնմեկը կողպված է։

Արմենուհի Նազարյանը, որ կենսաբանության մասնագետ է, բայց դասավանդում է նաև ռուսերեն, դպրոցում աշխատում է 1993 թվականից։ Ասում է, որ այդ ժամանակ մեկ դասարանում ամենաքիչը ութ աշակերտ կար։

7ա դասարան, ստուգողականի ժամ

«Գյուղում հիմա էլ աշակերտներ կան, բայց էստեղի դպրոց ինչ-ինչ պատճառներով չեն բերում։ Երեխեքին, օրինակ, ուղարկում են Արմավիր, որ էնտեղ տատիկը տանի դպրոց, կամ տղամարդիկ մնում են գյուղում, կանայք երեխաներին վերցնում, գնում են Սիսիան՝ վարձով ապրելու»,— ասում է ուսուցչուհին։

Դպրոցի տնօրեն Կարեն Սարգսյանն ասում է, որ մարդկանց ոչ թե գյուղի սահմանամերձ լինելն է խանգարում, այլ՝ քաղաքից կտրվածությունը։ Եթե 2011թ.-ին գյուղի բնակչությունը 357 էր, ապա նախորդ տարվա տվյալով այն 211 է, նվազել է մոտ 40 տոկոսով։

Մուցքի դպրոցի տնօրեն Կարեն Սարգսյանը

«Տղաներին հարցնում եմ՝ ինչի՞ չեք ամուսնանում, ասում են՝ աղջիկները գյուղ չեն գալիս, ասում են՝ քաղաքում տուն առ, կամուսնանանք։ Իսկ տեղի աղջիկներն էլ ձգտում են գյուղում չամուսնանալ։ Որտեղի՞ց պիտի աշակերտներ լինեն, եթե բնական հավելաճ չկա»,— ասում է տնօրենը։

Միջանցքի ծայրի դասարանի դուռը հազվադեպ է բացվում. ոչ դուրս եկող կա, ոչ մտնող։ 3-րդ դասարանցի Զարուհու դասասենյակն է, այստեղ գրեթե միշտ ինքն է ու դասվարը՝ ընկեր Մելքումյանը։ Ի տարբերություն մյուս դասարանների՝ այս մեկը նորոգված է, պատերի ներկը թարմ է։ Արտասահմանցի բարեգործի ի և աշակերտուհու ընտանիքի միջոցներով է բարեկարգվել։

Զարուհի Հախվերդյան, 3-րդ դասարան

«Զարուհին երևի ինձ արդեն իր ծնողից չի տարբերում, ինչ դպրոց է եկել, ես ու ինքն ենք։ Սկզբից հարցնում էր՝ ընկեր Մելքումյան, ես ինչի դասընկերներ չունեմ, հետո բացատրեցի պատճառը, էլ չի ասում։ Ամեն առավոտ ժամը 7-ին տնից դուրս եմ գալիս, որ հասնեմ դասի։ Զարուհու մայրն ասում է՝ էլ ինչի եք գալիս ամեն օր, միանգամից աղջկաս տարեք ձեր տուն, էնտեղ պարապեք»,-ասում է Մանե Մելքումյանը։

Առաջիկա մի քանի տարին դպրոցն առանց աշակերտի չի մնա. նախադպրոցական տարիքի  երեխաներ կան, որոնք շուտով դպրոց պիտի գնան։ Հաջորդ տարի Զարուհու եղբայրը կգնա, հետո՝ քույրը, հետո՝ մյուս քույրը։

Բնագիտական առարկաների ուսուցիչ Էդիկ Թևանյանը

Դպրոցի շենքային պայմանները, ընդհանուր առմամբ, վատ չեն։ Խնայած միջոցների, պետության և «Սյունիք» հիմնադրամի աջակցությամբ՝ դպրոցում ժամանակ առ ժամանակ վերանորոգումներ են կատարում։ Այս պահին տանիքն են փոխում, սանհանգույցն են վերանորոգել, մուտքի դուռը փոխել։

Սյունիքի մինչև տասը աշակերտ ունեցող դպրոցներից չորսը կառուցման օրվանից չի նորոգվել, որոշները մասնակի են նորոգվել։ Այս դպրոցներում սանհանգույցները հիմնականում դրսում են, հաճախ դրանք տղաների և աղջիկների համար առանձնացված չեն։

«Սանհանգույց, սանհանգույց չորս հատ տախտակ ա մի հատ էլ փոս»,— ասում է Տավրուսի միջնակարգ դպրոցի տնօրեն Կամո Ավանեսյանը։

Գյուղերում կոյուղի մեծ մասամբ չկա։ Քաջարանի թիվ 6 հիմնական դպրոցի տնօրեն Սամվել Իվանյանն ասում է, որ ինչպես բոլորի, այդպես էլ իրենց դպրոցի կոյուղաջրերը թափվում են Ողջի գետը։

Այս դպրոցներից յուրաքանչյուրում կա մեկ, երկու, երբեմն էլ երեք համակարգիչ, հիմնականում ուսուցիչները և աշակերտները միասին են օգտվում դրանից։ Տնօրեններն ասում են, որ աշակերտները քիչ են, դրա համար էլ նոր համակարգիչներ չեն տալիս իրենց։ Այս բոլոր դպրոցներում ձմռան ամիսներին ջեռուցման միակ միջոցը փայտե վառարաններն են, որոնք մինչև մայիսի վերջ մնում են դասասենյակներում։

Ձախից աջ՝ Ռաֆայելը, Անուշավանը, Նարեկը, Սլավիկը և Մեսրոպը

Գյուղերում բնակչության թիվն ուղիղ համեմատական է աշակերտների թվին։  2011թ.-ին բոլոր այս 13 գյուղերում միասին ապրում էր 1950 մարդ, 2020-ին բնակչության թիվը նվազել է 450-ով։

Աղվանիի հիմնական դպրոց

Կապան համայնքի Աղվանի բնակավայրի դպրոցում սովորում են Գոհար, Արշակ Արմենյանները և Ալյոնա Վարդազարյանը։ Դպրոցի դասասենյակները, որ կարող են ընդունել մինչև վաթսուն աշակերտ, վերածվել են ամանորյա զարդարանքների պահեստի։ Մի քանիսն էլ կահավորված են այնպես, որ թվում է, թե աշակերտները դուրս են եկել դասամիջոցի ու ուր որ է վերադառնալու են։

Գոհար Արմենյան
Արշակ Արմենյան

«Դպրոցի պայմանները լավ են, միակ պակասող բանը աշակերտներն են։ 2001թ.-ին, երբ տնօրեն նշանակվեցի, ուսուցիչներ ունեինք Երևանից, Կապանից, ծաղկուն տարիներ էին, հետո կամաց-կամաց պասիվացավ։ Տրանսպորտը հանեցին, գնալ-գալու համար ճանապարհը նպաստավոր չի։ Չնայած ես հիմա որոշակի աշխուժություն տեսնում եմ գյուղում, հույս ունեմ կշարունակվի»,-ասում է դպրոցի տնօրեն Մարգո Մկրտչյանը։

Արշակ ու Գոհար Արմենյանները միայն երկուհոգանոց խաղեր են խաղում

Արշակն ու Գոհարը քույր ու եղբայր են՝ երրորդ և չորրորդ դասարան, սովորում են կոմպլեկտ դասարանում։ Միասին գալիս են, դասամիջոցներին շախմատ խաղում, միասին էլ տուն գնում։ Արշակը երազում է տղա դասարանցիներ ունենալ. գոնե մի երեք հոգի, որ կարողանան թիմով ֆուտբոլ խաղալ, շախմատից հոգնել է արդեն։

Վառարանները դասասենյակում են մնում մինչև մայիսի վերջ

Ալյոնա Վարդազարյանը դպրոցի միակ 9-րդ դասարանցին էր։ Վերջին զանգից առաջ սպասում էր, որ Կապանից եկող լիներ, իրեն զանգ բերեր՝ չնայած ոչ մի հատուկ արարողություն չէր լինելու. «Դե, երևի տնօրենը զանգ կկախի, կշնորհավորեն ու վերջ»,-ասում է նա։ Ավարտելուց հետո պատրաստվում է գնալ քրոջ մոտ՝ Երևան՝ քոլեջում սովորելու։ Դպրոցի չորս ուսուցիչներից երկուսը Ալյոնայի ծնողներն են՝ Արքայիկ Վարդազարյանը և Հերմինե Համբարձումյանը։ 

«Ես էլ եմ էս դպրոցն ավարտել, հետո գնացել Կապան, էնտեղ որ ուսուցիչը մի բան էր հարցնում, իմանայինք էլ՝ ամաչում էինք ասեինք, մեզ թվում էր՝ քաղաքի երեխեքը մեզնից շատ բան գիտեին։ Հիմա մեր աշակերտներինն է. ամեն ինչ անում ենք, որ գյուղի դպրոցից հետո մի ուրիշ տեղ գնան, հանկարծ չխեղճանան»,— ասում է Արքայիկ Վարդազարյանը։

Հաջորդ ուսումնական տարվա համար Աղվանիում առնվազն մեկ երեխա պետք է սկսի հաճախել դպրոց, նշանակում է, որ աշակերտների թիվը կպահպանվի։

«Առաջներում հաճախ էինք մյուս դպրոցների հետ մրցույթներ կազմակերպում, հաղթում, հիմա միայն մեզ համար ենք միջոցառումներ կազմակերպում, այսինքն՝ ամբողջ գյուղի։ Գյուղում խաչ է տեղադրվել, մի քանի օրից բացումն ենք անելու, երեխաները միջոցառում են պատրաստել, ամբողջ գյուղը պիտի գա»,— ասում է Մարգո Մկրտչյանը։

Տնօրենի համոզմամբ՝ եթե նույնիսկ քիչ թվով աշակերտներ ունենան, «դպրոցի վրա ձեռք բարձրացնելը կնշանակի գյուղի վրա են ձեռք բարձրացնում»։

Աղվանիի դպրոցի տնօրեն Մարգո Մկրտչյանը ցույց է տալիս դպրոցի նախորդ տարիների շարժի մատյանները

Դասերը վերջացան։ Ամբողջ դպրոցը՝ Գոհարը, Արմենը ու Ալյոնան, տուն են գնում, խոսում են, թե ինչ լավ կլինի, երբ արձակուրդները սկսվեն ու գյուղ ուրիշ երեխաներ էլ գան, քչով խաղալ չի լինում։

Սեպտեմբերին, երբ դասերը նորից սկսվեն, Գոհարն ու Արմենը կվերադառնան դպրոց, իսկ Ալյոնան կգնա Երևան ու կյանքում երբեք դասընկեր չունենալուց հետո, կտեսնի, թե, ի վերջո, ինչ է նշանակում դասարանում մենակ չլինել։

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: