tiktok_tashir
ՏեքստԴեկտեմբեր 2/2021

«TikTok»-յան արշավը՝ սննդային թունավորման լրջությունը քողարկելու միջոց

«TikTok» սոցիալական ցանցի հայկական տիրույթում (rec) վերջին շաբաթվա ընթացքում անընդհատ պտտվում են «Տաշիր Պիցցան» գովազդող տեսանյութեր։ Արշավում ընդգրկված են սոցիալական ցանցերի ազդեցիկ օգտատերեր (influencer) և շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Այս գովազդային արշավի միջոցով պիցցերիաների ցանցը փորձում է վերականգնել սննդային թունավորումների հետևանքով կորցրած համբավը։

Հիշեցնենք, որ 2021թ-ի նոյեմբերի 4-9 ընկած ժամանակահատվածում սուր աղիքային վարակ տարածվեց «Տաշիր Պիցցա»-ում սնված ավելի քան 170 քաղաքացու շրջանում, որոնք բուժում էին ստանում հիվանդանոցային պայմաններում։

«TikTok»-յան արշավը կարող էր դիտարկվել որպես սովորական գովազդային գործունեություն, եթե այն իրականացնող influencer-ների մի մասը հարցականի տակ չդնեին թունավորման փաստը։ Տեսանյութերից որոշները, լայն քննադատության արժանանալով, ջնջվել են համացանցից։ Դրանցից երեքը մեզ հաջողվել է պահպանել։

Տեսանյութերից մեկում «TikTok»-ի օգտատերը գտնվում է Հյուսիսային պողոտայի «Տաշիր Պիցցա»-ում և ասում է, որ փորձելու է այնտեղի ուտելիքը և «եթե 10 րոպեից չթունավորվանք, ուրեմն էդ լուրերը fake ա»։ Մեկ այլ օգտատեր մեծ ոգևորությամբ ուտում է «Տաշիր Պիցցա»-ից առաքված սնունդը և ասում. «Ճիշտ է, այս վերջին ժամանակահատվածում ահավոր քննադատության է արժանացել «Տաշիր Պիցցան», չգիտեմ, թե ինչի… «Տաշիրից» օգտվում եմ մեկ տարուց ավելի ա, բայց տենց դեպք երբեք չի գրանցվել»։ Երրորդը, մեղադրելով իր լսարանին, ասում է. «Նոր տարվան, որ ըդպես իրար վրա կուտեք, թունավորվիք, կերթաք պարկիք գը, հեչ շուխուր չեք քցե, տնաշեններ»։

«Տաշիր Պիցցա»-ի վարկանիշը վերականգնելու մղումներն այնքան հեռու գնացին, որ քննադատվեցին թունավորումից տուժածները և հանրային առողջության խնդիրները բարձրաձայնողները։

Սոցիալական ցանցերում տարածված այս ագրեսիվ արշավի վերաբերյալ փորձեցինք հարցեր ուղղել «Տաշիր Պիցցա» ՍՊԸ-ի մարքեթինգի բաժնի տնօրեն Արտակ Մաթևոսյանին։ Վերջինս նախ ասաց, որ քննարկում են ունեցել և որոշել այս պահին հարցազրույց չտալ։ Երբ նշեցինք, որ հարցերը վերաբերում են հենց գովազդին և մարքեթինգային քաղաքականությանը, Մաթևոսյանը համաձայնեց պատասխանել.

Որքա՞ն գումար եք ծախսել «Տաշիր պիցցայի» գովազդային արշավի վրա, որն իրականացվել է influencer-ների և շոու բիզնեսի ներկայացուցիչների միջոցով։

– Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել, ես որևէ թիվ չեմ կարող տրամադրել։

Դուք կիսո՞ւմ եք այդ գովազդների բովանդակության մեջ արտահայտած կարծիքը։

– Յուրաքանչյուրը յուրովի է իր տեսաուղերձը նկարել։ Ես նայել եմ այդ տեսանյութերի մեծ մասը։

Իսկ կիսո՞ւմ եք որոշ վիդեոներում արտահայտված մտքերը թունավորումների կեղծ լինելու մասին։

– Մեծ մասի մոտ մասնավոր նախաձեռնություն է եղել՝ վիդեոներ նկարելու։ Ես ինքս տիկտոկում գրանցված չեմ, դրա համար շատ բաներ չեմ տեսել։ Անկեղծ նման վիդեոներ չեմ տեսել։

Տեղյա՞կ եք, որ որոշ վիդեոներ, որոնք քննադատության առարկա են դարձել հասարակության կողմից, ջնջվել են։

– Ջնջվե՞լ են։ Ես դա էլ չեմ կարող ասել, երևի գցել են, ջնջել են, չեմ կարող ասել։ Գուցե «Տիկտոկը» «Ինստագրամի» նման է, որ սթորի են անում, 24 ժամ հետո ջնջվում է։ Թե ինչ է այս ամենը իրենից ներկայացնում, այդ մասով ձեռնպահ կմնամ։

Դուք ամեն դեպքում նախաձեռնե՞լ եք, որ influencer-ները գովազդեն ձեր սննդի ցանցը։

– Հա, շատ մարդիկ կան, որոնք իրենք են այդ նախաձեռնությունն իրականացրել, բայց մենք իրենց ոճ, ուղղություն, ուղղորդում չենք տվել։

Դուք տեղյա՞կ եք, թե հաճախորդներից ովքեր են թունավորվել ձեր պիցցերիաների ցանցից օգտվելիս, նրանց փոխհատուցում տվե՞լ եք։

– Ինչ վերաբերում է փոխհատուցմանը, մենք առայժմ, քանի որ մեղավոր կողմը հրապարակային հայտնի չէ, մենք դիտվում ենք տուժող կողմ։ Մենք հանդիպում և այլն, և այլն չենք արել, փոխհատուցման մասին խոսք գնալ չի կարող, քանի որ քրեական գործ է հարուցված։ Մենք իրենց հանդիպել չենք կարող, զուտ մարդկայնորեն ես կարող եմ զանգել հիվանդանոց, բժշկից իմանալ տուժածի որպիսությունը։ Երբ մեղավոր կողմը հայտնի լինի, այդ ժամանակ նա պարտավորված է փոխհատուցել։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) ստուգումներ է իրականացրել «Տաշիր Պիցցա» ցանցի մասնաճյուղերում։ Հայտնաբերվել են նորմերի անհամապատասխանություններ.

  1. «Կեսար» աղցանի համար թռչնի մսի կիսապատրաստվածքը և հավի խաշած միսը՝ ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշով,
  2. Հավի կրծքամիսը և հազարը (մարոլ)՝ սալմոնելաներ ցուցանիշներով,
  3. Տավարի աղացած միսը՝ լիստերիա մոնոցետեգենես ցուցանիշով:

Նոյեմբերի 18-ին աղիքային թունավորման դեպքեր գրանցվեցին նաև «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Բուրգըրի Անգուս ընդ Մոր» հասարակական սննդի կետից օգտված 13 քաղաքացու մոտ. նրանք բոլորը հոսպիտալացվել էին։

ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը Հետք Մեդիա Գործարանի հետ զրույցում ասաց, որ «Բուրգըրի Անգուս ընդ Մոր» սննդի կետի աշխատակիցների ձեռքերից և շփվող մակերեսներից հայտնաբերվել են ոսկեգույն ստաֆիլակոկ և աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, իսկ կիսաֆաբրիկատ տավարի մսից` սալմոնելա։

Մսամթերքում և գյուղմթերքում հայտնաբերված մանրէների տարածումը կանխարգելելու համար անհրաժեշտ է պարզել նաև այդ մթերքի սկզբնաղբյուրը։ Սննդամթերքի անվտանգության վարչության պետը նշեց, որ «Տաշիրի» հավի մսի մանրէներն առաջացել են պատրաստման եղանակից, իսկ հազարի «հետագծելիությունը ապահովել հնարավոր չի եղել, քանի որ մատակարարը ձեռք բերումն իրականացրել է շուկայից»,- պարզաբանում է վարչության պետը՝ ավելացնելով, որ աղտոտված բանջարեղենը չեն կարող դիտարկել 178 քաղաքացու աղիքային վարակի բռնկման հիմնական պատճառ։

«Բուրգըրի Անգուս ընդ Մոր» սննդի կետում մանրէների հետագծելիությունն ապահովելու նպատակով՝ խորը սառեցված անոսկր տավարի մսի, տավարի մսի, խոզաճարպի, հավի ազդրի նմուշառումներ են իրականացվել, որոնց լաբորատոր փորձաքննությամբ որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել: Սննդի այս կետում առկա հավի և տավարի մսի խճողակի ողջ խմբաքանակը, ըստ ՍԱՏՄ հայտարարության, ոչնչացվել է, իրականացվել են ախտահանման աշխատանքներ:

Screen-Shot-2021-12-02-at-19.06.42-768x408.png

Տեսչական մարմինը մարդկային ռեսուրսի պակաս ունի

Երևանում, ըստ Վահե Դանիելյանի, մոտ 20 տեսուչ է ստուգումներ իրականացնում։ Այնինչ մայրաքաղաքում հարյուրավոր ռեստորաններ և սննդի կետեր կան՝ չհաշված խանութները, սուպերմարկետներն ու սննդի վաճառքի այլ կետերը։ Բռնկումները կանխարգելելու նպատակով ՍԱՏՄ-ն իրականացնում է տարեկան պլանով նախատեսված այցեր, սակայն ըստ Վահե Դանիելյանի, մարդկային և մասնագիտական ռեսուրսի խիստ պակաս ունեն։ «Ամեն խանութի մոտ չի կարող հերթապահություն իրականացվել, բայց ամեն դեպքում մեր առօրյա պետական վերհսկողական միջոցառումները իրականացնելու համար ռեսուրսները էս պահին բավարար չեն»,- ասում է ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետը:

«Տաշիր Պիցցա»-ում քաղաքացիների թունավորման դեպքերով Քննչական կոմիտեում քննությունը շարունակվում է։ Նոր հանգամանքներ դեռևս չեն բացահայտվել։

Հեղինակներ՝

Ուսանողներ

Լիլիթ

Խլղաթյան

Ուսանողներ

Նելլի

Եղիազարյան

Թիմ՝

Թիմ

Անի

Հովհաննիսյան