Նորակառույց բնակելի շենքերը՝ խցանումների հավելյալ պատճառ
Երևանում ամեն օր խցանումներ են լինում: Պատճառները տարբեր են՝ մեքենաների մեծ թիվ, հաճախակի ավտովթարներ, վարչական և բիզնեսհաստատությունների՝ հիմնականում Կենտրոն վարչական շրջանում տեղակայված լինելը և այլն։
Ըստ Յանդեքս քարտեզի բալային համակարգի՝ աշխատանքային օրերին քաղաքում խցանումները կտրուկ աճում են ժամը 07:00-ից։ Մեքենաների շարժն ամենախիտն առավոտյան ժամը 8:30-ից սկսած է, այնուհետև երթևեկությունը թեթևանում է, սակայն 17:30-19:00-ն ընկած ժամանակահատվածում շատ փողոցներ կրկին խցանվում են։
Ճարտարապետ Վրույր Քոչարյանի խոսքով՝ Երևանում ներկա դրությամբ խցանվում են թե՛ նեղ, թե՛ ամենալայն փողոցները։ Սակայն քաղաքաշինական տեսանկյունից անհնար է քաղաքում նոր ճանապարհային ցանց ստեղծել, քանի որ եղած բնակֆոնդը թույլ չի տալիս շինարարություն կատարել։
Երևանում երթևեկության ծանրաբեռնվածության վրա հավելյալ ազդեցություն է ունենում նոր բնակելի շենքերի և համալիրների կառուցումը։ Այս ազդեցությունը հաստատելու համար օգտագործել ենք Աշխարհագրական տեղեկատվական համակարգը (GIS), որի միջոցով քարտեզագրել ենք վերջին 5 տարիների ընթացքում Երևանի նորակառույցների տեղադիրքերը։

Տվյալների վերլուծության արդյունքում պարզել ենք, որ նորակառույցներն առավելապես կենտրոնացած են Արաբկիրում, Դավթաշենում, Քանաքեռ-Զեյթունում, Աջափնյակում և Ավանում։ Նորակառույցների պատճառով հատկապես կմեծանա ծանրաբեռնվածությունը Եղվարդի խճուղու, Կիևյան փողոցի, Մյասնիկյան ու Կոմիտասի պողոտաների վրա։ Կոմիտասի պողոտայի հարակից փողոցներում, օրինակ, կա 73 նորակառույց։ Հետևաբար, դա կարող է խցանումների հավելյալ պատճառ դառնալ։ Առանձնակի ծանրաբեռնված կլինեն Դավթաշենի ու Կիևյան կամուրջները, քանի որ վերջիններս միակ կապող օղակն են Դավթաշեն, Աջափնյակ թաղամասերի և Կենտրոն վարչական շրջանի միջև։ Ստորև ներկայացված քարտեզը ցույց է տալիս նորակառույցների կուտակումները և առավել ծանրաբեռնվող փողոցները Երևանում։
Ճարտարապետ Վրույր Քոչարյանը ևս կարծում է, որ առաջիկա տարիներին, հատկապես Արաբկիր համայնքում ճանապարհների գերծանրաբեռնվածությունը կավելանա։
«Արաբկիրում այս պահին մեծ ծավալի բնակարանաշինական նախագծեր են իրականացվում, որոնք 1-2 տարի անց բնակեցվելուց հետո շատ լուրջ խնդիր են ստեղծելու Արաբկիրում տեղաշարժվելու համար։ Մի քանի տարի հետո վարչական շրջանում լինելու է երթևեկության կատաստրոֆա, քանի որ այդտեղ բնակֆոնդի նվազագույնը 10-15% աճ է լինելու՝ հաշվի առնելով կառուցվող շենքերի քանակն ու ինտեսիվությունը»,— ասում է նա։

Ըստ ճարտարապետի՝ նույն պատկերն է լինելու նաև Դավթաշեն վարչական շրջանում, որտեղ ևս լայնածավալ բնակարանաշինական աշխատանքներ են տարվում։
«Մոտակա 5 տարիների ընթացքում հնարավոր է Դավթաշենի բնակչությունը կրկնապատկվի։ Այդ հսկայական հոսքը տեղափոխում է միայն Դավթաշենի կամուրջը և հատվում է արդեն իսկ ծանրաբեռնված Կոմիտասի երթևեկության հետ։ Պետք է մտածել երկրորդ կամուրջը Զովունիի տարածքում կառուցելու մասին, որը կմիացնի Զովունին Թբիլիսյան խճուղու ճանապարհին։ Եթե հիմա 4-5 տարվա կտրվածքով պլանները արագ չկազմվեն ու կամուրջը չկառուցվի, ճանապարհային գերծանրաբեռնվածության խնդիրը ավելի է մեծանալու»,— ասում է Վրույր Քոչարյանը։
Ինչ են մտածում առավել խիտ կառուցապատում ունեցող վարչական շրջանների բնակիչները.
Քաղաքաշինության կոմիտեի փորձագիտական կենտրոնի ինժեներ-շինարար Ռուսլան Խաչատրյանը նշում է, որ եթե քաղաքաշինության նորմերը պահպանվեն, ապա նոր շինարարության ընթացքում նմանատիպ խցանումներ չեն լինի։ Ըստ նրա՝ նորակառույցներն առանձին գոտիներ են, որոնք կառուցվում են կառուցապատման նորմերին համապատասխան։
Ե՛վ Խաչատրյանը, և՛ Քոչարյանը նկատում են, որ պետական որոշ հաստատություններ Կենտրոնից պետք է տեղափոխել քաղաքից դուրս կամ ծայրամասեր, որպեսզի պարտադիր չլինի ամեն օր սպասարկման համար քաղաքից կամ ծայրամասերից գալ Կենտրոն և կայանատեղի փնտրել։ Անհրաժեշտ է սահմանափակել նաև Երևանի փողոցներում կայանատեղիները, որ մարդիկ հնարավորինս խուսափեն մեքենայով Կենտրոն իջնելուց։
Կենտրոնացված կառուցապատումն առաջիկա տարիներին ավելի կծանրաբեռնի երթևեկությունը Երևանում, ինչն էլ, իր հերթին, կազդի բնակչության կյանքի որակի վրա։
Հեղինակներ՝
Ուսանողներ
Լուսինե
Գրիգորյան
Ուսանողներ
Լուսինե
Մանվելյան
Ուսանողներ
Անգին
Ծատուրյան
Ուսանողներ
Հասմիկ
Ստեփանյան
Ուսանողներ
Ռուզաննա
Աբրահամյան
Ուսանողներ
Սոնա
Հովսեփյան
Ուսանողներ
Զարուհի
Տոնիկյան