water-supply-disconnection
Լոնգ րիդՍեպտեմբեր 28/2022

Հայաստանում ամեն օր վթարային ջրանջատումներ են լինում

«Մենք հրաշալի հասկանում ենք այն պատասխանատվությունը, որ կրում ենք վստահված գործի համար: Հավատացած եղեք, որ արվում է հնարավորը՝ համակարգը շարունակաբար զարգացնելու, բաժանորդների հարաճուն կարիքները բավարարելու և սպասարկման որակը բարելավելու համար: Չենք կասկածում, որ կհաջողենք մեր նախաձեռնություններում»։
— Վեոլիա Ջուր ընկերություն

Սպառողներն անընդհատ բողոքում են ջրամատակարարումից, նամակներ են հղում տարբեր գերատեսչությունների, լրատվամիջոցներում պարբերաբար հոդվածներ են հրապարակվում ոչ պատշաճ ջրամատակարարման մասին: Սոցիալական ցանցերում օգտատերերը գրառումներ են կատարում՝ հայտնելով իրենց շենքերում, բնակավայրերում ջրամատակարարման խափանումների մասին: Երևան քաղաքում և որոշ մարզային բնակավայրերում խմելու ջրի սպասարկումն իրականացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։

Հիմնվելով ընկերության պաշտոնական կայքում ջրանջատումների մասին հրապարակված հայտարարությունների վրա՝ փորձել ենք աշխարհագրական տեղեկատվական համակարգի միջոցով պարզել, թե նաև Հայաստանի որ մարզերում են հաճախ ջրանջատումներ լինում, իսկ Երևանի պարագայում՝որ թաղամասերում, փողոցներում և շենքերում։

Մեր ուսումնասիրության պահին կայքում տեղադրված էին 2021 թվականի սեպտեմբերից մինչև 2022 թվականի մարտ ամսվա տվյալները (վեց ամիս)։ Հայտարարությունից առանձնացրել ենք հրապարակման ամսաթվերը, ջրանջատման հասցեները, սկիզբն ու ավարտը։

Ելնելով ջրանջատումների քանակից՝ Երևանն առանձին ենք ուսումնասիրել: Ջրանջատման տվյալները դասակարգել ենք երեք խմբերում՝ ջրանջատումներ շենքերում, փողոցներում և թաղամասերում։

Ջրանջատումները Երևանում

zoom
Հայաստանում ամեն օր վթարային ջրանջատումներ են լինում 02.jpg

Երևանի բազմաբնակարան շենքերում ամեն օր ջրանջատումներ են լինում։ Դրանք հաճախակի են Սարի թաղում, Նար-Դոս փողոցի 4 հասցեում, Մովսես Խորենացի փողոցից մինչև Գլինկայի փողոց ընկած շենքերում, Բաշինջաղյան փողոցի շենքերում։

Ջրանջատումների հաճախանության պատկերը՝ ըստ բազմաբնակարան շենքերի

Շենքերի ջրանջատման մոտ 4500 դեպքից 3400-ը տևել է 1-10 ժամ։ Մոտ 690 ջրանջատում տևել է 24 ժամ։ Ջրանջատումների մեծ մասը եղել է ակտիվ ժամերին (07:00-ից 22։00)։

2060 ջրանջատման դեպք է գրանցվել ամբողջական փողոցներում: Ամենից շատ ջրանջատումներ եղել են Ռուբինյանց, Սասունցի Դավիթ, Տիգրան Մեծ, Սարի թաղի 2,3 փողոցներում:

Ջրանջատումների հաճախանության պատկերը՝ ըստ բազմաբնակարան փողոցների

Փողոցների ամբողջական ջրանջատումներից 1550-ը տևել է 2-10 ժամ։ Փողոցների 80%-ում ջրանջատումները ամեն օր հիմնականում ակտիվ ժամերին են։

Ըստ քարտեզի՝ ջրանջատումներ հիմնականում լինում են Դավթաշեն, Հարավարևմտյան, Նորաշեն, Սարի Թաղ թաղամասերում։ Սարի Թաղի բնակիչների խոսքով՝ ջրանջատումներն արդեն գրաֆիկի պես են. գիտեն, թե երբ են անջատելու, երբ՝ միացնելու: 15 տարի այդպես են ապրում:

«Վթարները շատ են մեր փողոցում, դրա համար էլ տեղյակ են պահում: Տենց շաբաթ չկա, որ երկու-երեք օր չանջատեն: Արդեն սովոր ենք, ի՞նչ անենք։ Գիտենք՝ որ ժամերին ա կտրվելու, ջուրը հավաքում ենք, սովորություն ա դարձել արդեն», — ասում է Սարի Թաղի 3-րդ փողոցի բնակիչ Մուրադ Հակոբյանը:

Ջրանջատումների հաճախանության պատկերը՝ ըստ Երևանի թաղամասերի

Երևանի թաղամասերում ջրանջատման դեպքերի գրեթե 50%-ը եռօրյա պարբերականությամբ է, իսկ 71%-ը՝ առնվազն 5-օրյա հաճախականությամբ։ 125 ջրանջատման դեպքից 77-ը տևել է 2-9 ժամ, 24 դեպքն էլ՝ 12 ժամ, ընդ որում՝ ակտիվ ժամերին։

zoom
Հայաստանում ամեն օր վթարային ջրանջատումներ են լինում 03.jpg

Ջրանջատումները մարզերում

Քանի որ մեր տեղեկատվության աղբյուրը «Վեոլիա Ջուր» ընկերության պաշտոնական կայքն է, ուստի մարզերում ջրանջատումների պատկերն արտացոլում է միայն այն բնակավայրերը, որոնց սպասարկում է տվյալ ընկերությունը։

Ջրանջատումները մարզերում 2021թ. սեպտեմբերից մինչև 2022թ. մարտ Երևանի համեմատ կազմում են ընդհանուրի գրեթե 35%-ը՝ մոտ 3500 դեպք։ Երևանից հետո ամենից շատ վթարային ջրանջատումներ գրանցվել են Կոտայքի, Սյունիքի և Լոռու մարզերում: Մարզերում ջրանջատումների մեծ մասը տևել է 3-10 ժամ։

zoom
Հայաստանում ամեն օր վթարային ջրանջատումներ են լինում 04.jpg

Կոտայքի մարզի ջրանջատումների մեծ մասը Աբովյան և Հրազդան քաղաքներում է եղել: Սյունիքի մարզում ջուրը հաճախ անջատել են Գորիսում, Սիսիանում, Կապանում: Լոռիում ջրանջատումների մեծ մասը Վանաձոր քաղաքում է գրանցվել։ Արմավիրի մարզում ջրանջատման դեպքերը շատ են եղել Արմավիրում: Արագածոտնում՝ Ապարան և Աշտարակ քաղաքներում։ Վայոց ձորի մարզում առաջին տեղում Եղեգնաձորն է, այնուհետև` Մալիշկա գյուղը։ Ջուրը, ըստ մեր տվյալների, քիչ են անջատում Գեղարքունիքում՝ Սևան քաղաքում, ապա՝ Վարդենիսում։

Ջրանջատումների տարածական պատկերը ներկայացված է նաև քարտեզի տեսքով։

Ջրանջատումների հաճախանության պատկերը՝ ըստ մարզերի (բացառությամբ Երևան քաղաքի)

«Վեոլիա ջուր» ընկերության հանրային կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանն ասում է՝ կայքում տեղադրում են կարճատև ջրանջատումների վերաբերյալ տեղեկությունները, իսկ երկարատև ջրանջատումների վերաբերյալ հայտարարությունն ուղարկում են ԶԼՄ-ներին, համայնքապետարաններին ու քաղաքապետարաններին։

«Մենք քաղաքացիներին բացատրում ենք, որ նրանք պետք է ուշադիր լինեն մեր հաղորդագրություններին։ Հաճախ սպառողները հարցնում են՝ ինչու՞ չեք զգուշացնում վթարների մասին նախապես։ Վթարը երբ տեղի է ունենում, մենք այդ ժամանակ էլ իմանում ենք։ Շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ վթարային իրավիճակ է, ջուրը արտահոսում է, տեղեկացնում ենք, նոր անջատում»,— ասում է Մուրադ Սարգսյանը։

Ըստ նրա՝ ջրամատակարարման համակարգը բավականին մաշված է, որի պատճառով էլ անընդհատ վթարներ են լինում ոչ միայն Երևանում, այլեւ հանրապետության ամբողջ տարածքում։

Հեղինակներ՝

Ուսանողներ

Սեդա

Առաքելյան

Ուսանողներ

Լիանա

Խաչատուրյան

Ուսանողներ

Մարգարիտա

Հարությունյան

Ուսանողներ

Եվա

Հարությունյան

Ուսանողներ

Քրիստինա

Ավանյան

Ուսանողներ

Գոհար

Արզումանյան