Արա Ղազարյան
«Էթիկա և մեդիա օրենսդրություն» առարկայի դասախոս
Կենսագրություն
Ես իրավաբան եմ, փաստաբան, աշխատում եմ իմ հիմնադրած փաստաբանական գրասենյակում որպես տնօրեն։ Բացի փաստաբանությունից, նաև կատարում եմ հետազոտական աշխատանքներ տարբեր կազմակերպությունների համար։
Նաև դասավանդում եմ իրավաբանների տարբեր մասնագիտական խմբերին՝ փաստաբաններին, դատավորներին, դատախազներին ու քննիչներին։ Դասավանդման հիմնական առարկան մարդու իրավունքների տարբեր ոլորտներն են։ Վերջին տարիներին Եվրոպայի խորհրդի հրավերով անցկացրել եմ դասընացներ Եվրոպայի խորհրդի տարբեր երկրներում։
Իմ գործունեության հիմնական ոլորտը Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է։ Այս դատարանում ներկայացրել եմ ու շահել եմ բազմաթիվ գանգատներ 2002 թվականից, որոնք վերաբերել են արտահայտվելու ազատության, արդար դատավարության, կրոնական ազատության, անձնական ազատության, հավաքների ազատության, խտրականությունից զերծ մնալու, խոշտանգումների արգելքի իրավունքներին։
Լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների դատական պաշտպանությամբ զբաղվում եմ վաղուց, կարելի է ասել 2002 թվականից։ Ազգային և միջազգային դատական ատյաններում ներկայացրել եմ մի քանի տասնյակ գործեր, որոնք վերաբերել են լրագրողական ազատությունների միջամտության տարբեր եղանակներին՝ ֆիզիկական բռնությանը, լրագրողական աղբյուրների պաշտպանությանը, վիրավորանքի ու զրպարտության հիմքերով հայցապահանջներին, հեղինակային իրավունքին, արտակարգ դրության պայմաններում լրագրողական իրավունքների սահմանափակումներին, անօրինական գաղտնալսումներին, լրագրողական տարածքի խուզարկությանը և լրագրողական առարկաների առգրավմանը, ատելության խոսքին, պետական ու ծառայողական գաղտնիքի տարածմանը, տեղեկատվության մատչելիությանը և այլ իրավահարաբերությունների։
Նաև լրագրողական երկու ինքնակարգավորման մարմինների՝ «Դիտորդ»-ի և «Տեղեկատվական վեճերի խորհրդի» անդամ եմ։ Այս երկու նախաձեռնությունների շրջանակներում իմ գործընկերների հետ զբաղվում ենք լրագրողական ու տեղեկատվական տարբեր վեճերի կարգավորմամբ, ինչպես նաև այլ նախաձեռնություններով, օրինակ՝ վարքագծի, էթիկական, մասնագիտական տարբեր ուղեցույցների, ձեռնարկների, կանոնակարգերի մշակմամբ ու տարածմամբ։
Միշտ ուրախ եմ լրագրողների հետ աշխատելու համար։ Լրագրողները հասարակական հատուկ առաքելություն ունեն և նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությունը բխում է հասարակական ընդհանուր շահից։