Long ReadՀունիս 23/2021

Որտեղ ում են ընտրել. ԱԺ ընտրությունների տարածական վերլուծություն

Օգտվելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներից՝ աշխարհագրական տեղեկատվական համակարգի միջոցով վերլուծել ենք քաղաքական ուժերի ստացած քվեները՝ ըստ Հայաստանի մարզերի։

2021 թվականի ԱԺ ընտրություններում մասնակցության առավել բարձր ցուցանիշ է նկատվել Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում։ Ընտրությանը ավելի քիչ են մասնակցել Շիրակի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերի բնակիչները։

turnout_elections_2021-1024x850.jpeg
Մասնակցության ընդհանուր ակտիվություն 2021

Հատկանշական է, որ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ հատվածներում, որտեղ վերջին շրջանում Ադրբեջանի հետ սահմանային խնդիրներ են ի հայտ եկել, նկատվում է ընտրություններին մասնակցության ցուցանիշի աճ՝ 2018 թվականի համեմատությամբ։

Երբ 2021 թվականի մասնակցության տարածական պատկերը համեմատում ենք 2018 թվականի ԱԺ ընտրությունների ակտիվության հետ, երևում է, որ նշված երկու մարզերի բնակիչներն այս տարի ավելի ակտիվ են մասնակցել ընտրություններին, քան նախորդ ԱԺ ընտրություններին։

Քարտեզում մոխրագույնը ցույց է տալիս բոլոր այն հատվածները, որտեղ 2018-ի համեմատ ընտրողների ակտիվության նվազում է դիտվում, իսկ կարմիրը նկարագրում է նույն թվականի հետ համեմատությամբ աճ գրանցած բնակավայրերը։

2018-2021-turnout-elections-1024x850.jpeg
Մասնակցության ակտիվության 2018 և 2021թթ համեմատական

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ շրջաններում, որտեղ 2018 թվականի համեմատ 2021 թվականին նկատվում է մասնակցության ցուցանիշի աճ, հիմնականում քվեարկել են «Հայաստան» դաշինքի օգտին։ Նույն պատկերը նկատվում է նաև Սյունիքում՝ Գորիսից հարավ ընկած հատվածում։ Գեղարքունիքի մարզի արևմտյան հատվածում, որտեղ մասնակցության ակտիվությունը ցածր է եղել, ՔՊ-ն առավել շատ քվեներ է ստացել։ Վերջինս բարձր թվով քվեներ ստացել է նաև Սյունիքի մարզի հյուսիսային հատվածում՝ Սիսիանի շրջանում, որտեղ մասնակցության ակտիվության ցուցանիշը զիջել է Սյունիքի հարավային հատվածին։ Ստացվում է, որ կոնֆլիկտային գոտու վերածված սահմանամերձ Գեղարքունիքում մարդիկ իրենց ճակատագիրը վստահում են «Հայաստան դաշինքին», իսկ Սիսիանում, որտեղ նույնպես ադրբեջանական զորքի առաջխաղացում է նկատվում, ընտրում են «Քաղաքացիական պայմանագրին»։

CC_turnout_2021-768x637.jpeg
«Քաղաքացիական պայմանագրի» ստացած քվեները 2021 թվականին
ARM_turnout_2021-768x637.jpeg
«Հայաստան» դաշինքի ստացած քվեները 2021թվականին

«Քաղաքացիական պայմանագիրը» ամենաշատ քվեները ստացել է այն մարզերից, որտեղ ընտրությունների ցածր մասնակցություն է եղել։ «Հայաստան» դաշինքը քվեների մեծամասնությունը ստացել է այն հատվածներից, որտեղ բարձր մասնակցություն է գրանցվել։

QP gif (1).gif
ARM_turnoutVSvotes (1).gif

Ի դեպ՝ 2018 թվականին «Իմ քայլը» դաշինքը նույնպես հիմնականում առավել բարձր թվով քվեներ ստացել էր Հայաստանի այն շրջաններում, որտեղ մասնակցության ցուցանիշը համեմատաբար ցածր է եղել։ Նախորդ ընտրությունների վերլուծությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Հայաստան» դաշինքի ստացած քվեների հարաբերակցությունը առավել հստակ ցույց տալու նպատակով՝ երկու քաղաքական ուժերի ստացած քվեները պատկերել ենք առանձին քարտեզների վրա՝ նույն սանդղակով։ Երբ այս երկու քարտեզները համադրում ենք, ակնհայտ է դառնում, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տոկոսային առումով Հայաստանի ամբողջ տարածքում հիմականում ավելի շատ քվեներ է ստացել, քան «Հայաստան» դաշինքը։ Բացառություն են կազմում Գեղարքունիքի մարզի սահմանամերձ հատվածը և Սյունիքի մարզի հարավային և սահմանամերձ հատվածները։

«Պատիվ ունեմ» դաշինք

«Պատիվ ունեմ» դաշինքը երրորդ քաղաքական ուժն է, որն անցել է խորհրդարան՝ հավաքելով քվեների 5․23 տոկոսը։ Քանի որ «Պատիվ ունեմ»-ը գրեթե նույն քաղաքական թիմով է հանդես գալիս, ինչ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), համեմատել ենք 2018 թվականի ընտրություններում ՀՀԿ-ի ստացած քվեների տարածական պատկերը 2021 թվականին «Պատիվ ունեմ» դաշինքի ստացած քվեների հետ։

«Պատիվ ունեմ» դաշինքն այս տարի ավելի շատ քվեներ է ստացել Շիրակի, Արագածոտնի, Արարատի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում։ 2018 թվականի ՀՀԿ ստացած քվեների հետ համեմատելիս՝ երևում է, որ «Պատիվ ուենեմ» դաշինքի ստացած քվեների թիվը նվազել է Սյունիքի և Լոռու մարզերում։

ՊՈՒՀՀԿ-2021-2018-768x637.jpeg
«Պատիվ ունեմ» և ՀՀԿ 2021-2018 համեմատությունը

Ընտրություններում նվազագույն շեմը հաղթահարած կուսակցությունների քվեների բաշխումը ներկայացնում ենք նաև եռառանցք գրաֆիկական պատկերի միջոցով։ Պատկերում երևացող կետերն ընտրատեղամասերն են։ Դրանք դիրքավորված են երեք քաղաքական ուժերի միջև՝ ըստ տվյալ ընտրատեղամասում քվեների բաշխվածության։

Ինչպես երևում է պատկերից, 2021 թվականին քվեները բևեռացված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Հայաստան» դաշինքի առանցքների շուրջ։ Այնինչ, եթե դիտարկենք 2018 թվականի նույն եռառանցք պատկերը, կտեսնենք, որ քվեները հիմնականում բևեռացված էին «Իմ քայլի» շուրջ։

3D_scatt_2021-768x395.png
3D_scatt_2018-768x395.png

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս ընտրություններին չկարողացավ հաղթահարել նվազագույն անցողիկ շեմը՝ հավաքելով ձայների ընդամենը 3․96 տոկոսը։ Ստորև ներկայացված տարածաական պատկերում 2018 և 2021 թվականներին «Բարգավաճ Հայաստան» կուսկացության հավաքած ձայների հարաբերակցությունն է։

Մոխրագույնով նշված են այն հատվածները, որտեղ ԲՀԿ-ին տրված քվեները 2018-ի համեմատ նվազել են, իսկ կարմիրը ցույց է տալիս նույն տարվա համեմատ ստացած ձայների աճը։

ԲՀԿ-2021-2018-copy-768x637.jpg
ԲՀԿ ստացած քվեների 2018-2021 համեմատական

Ինչպես երևում է պատկերից, ԲՀԿ-ն Հայաստանի գրեթե ողջ տարածքով ձայների կորուստ է ունեցել՝ նախորդ ԱԺ ընտրությունների համեմատ։ Հատկանշական է, որ Կոտայքի մարզում ԲՀԿ-ի օգտին 2021 թվականին հիմնականում ավելի քիչ են քվեարկել, քան 2018 թվականին։

Այն թեկնածուները, որոնք շատ ձայներ են ապահովել ԲՀԿ-ին 2018-ի ընտրություններում, այս տարի ընդգրկված չեն եղել կուսակցության համամասնական ցուցակում։ Այն տեղամասերում, որտեղ ԲՀԿ-ի «ձայն բերող» թեկնածուներն այս տարի չեն առաջադրվել, գրանցվել է կուսակցության քվեների անկում։

Հեղինակներ՝

Ուսանողներ

Սոնա

Ներսեսյան

Ուսանողներ

Հրանուշ

Դերմոյան

Դասախոս՝

Դասախոսներ

Ստեփան

Խաչատրյան