ajabaj
Ֆոտո պատմությունՆոյեմբեր 26/2024
  • armenian
  • english

8 հոգի, 10 տուն ու մի կարկատած կամուրջ․ Աջաբաջ

Ողջիի վտակ Գեղի գետի երկու ափերին Աջաբաջ գյուղն է. եղած-չեղածը՝ 10 տուն, մի կիսաքանդ եկեղեցի, մի քանի անասնագոմ։

Գյուղում մշտապես 4 ընտանիք է բնակվում՝ 8 մարդ:

zoom
DSC09909 copy.jpg
Աջաբաջը՝ ծակ տանիքներով, անպատուհան տներով

«Երեսուն տարի առաջ գյուղում ավելի շատ մարդ էր ապրում, մարզում կոմբինատների բացումից հետո, բնակիչների մեծ մասը տեղափոխվեց քաղաք՝ աշխատելու»,— ասում է գյուղի բնակիչ Քրիստինեն։

Խորհրդային շրջանում Սյունիքի մարզի Աջաբաջ գյուղում ադրբեջանցիներ են ապրել, 1988-ին ռազմական բախումների պատճառով հեռացել են։ Քրիստինեի սկեսուրն ու սկեսրայրը Կապանի Կավարտ գյուղում զբաղվել են անասնապահությամբ, հետո որոշել են գալ Աջաբաջ՝ խոտի առատության համար։ Տունը, որտեղ տեղավորվել են Սուրենի ծնողները, գյուղի նախկին դպրոցն է եղել։ Հիմա Սուրենն ու Քրիստինեն են ապրում այստեղ։

zoom
DSC00153.jpg
Նախկին դպրոցը, Քրիստինեի ու Սուրենի ներկայիս տունը՝ դրսից ու ներսից
zoom
DSC00151 2 copy.jpg

«Սա ադրբեջանցիների դպրոցն է եղել։ Մեծ սենյակներ էին, մենք ենք կիսել։ Պատից գրատախտակ էր կախված, դպրոցական սեղան, աթոռներ կային, երբ եկանք»,— պատմում է Քրիստինեն։

zoom
DSC00165 copy.jpg
Ալյուրն առնում, հացը տանն են թխում, հետո ալյուրի պարկը լվանում են, հյուսած ավելուկը մեջը դնում

Ամուսնու հետ Քրիստինեն ծանոթացել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ․

«90-ականներին, երբ գրադներով խփում էին Կապանին, վախից փախել, եկել էր բարեկամի տուն՝ Կավարտ, ես էլ տեսա, տարա մեր տուն, ու մնաց»,— ասում է Սուրենը։

zoom
DSC00201 copy.jpg
Քրիստինեն ու Սուրենը

Երբ ամուսնացան, Քրիստինեն 16 տարեկան էր, ամուսինը՝ 30։ Սուրենը Ռուսաստանում հարուստ անցյալը թողել, էստեղ էլ է ընտանիք կազմել, մեկ տղա ունեն.

«Ռուսաստանում էլ ընտանիք ունեմ, աղջիկս ավելի մեծ է, քան տղաս։ Առաջին կինս՝ Լիդան, 62 տարեկան է։ 90-ականների կռիվը երբ սկսեց, հետ եկա,— ասում է Սուրենն ու ծիծաղելով ավելացնում,— հիմա Լիդան Քրիստինեի հետ ավելի շատ է խոսում, քան՝ իմ»։

zoom
DSC001513 copy.jpg
«Ճագարիկ, ժպտա՝ նկարում են»

Սուրենն ու կինը Աջաբաջում հաստատվեցին Սուրենի ծնողների մահից հետո, հիմա նրանք են զբաղվում անասնապահությամբ և հողագործությամբ։ Նրանց միակ որդին ապրում է Կապանում։

Ամուսիններն աշխատանքի բաժանում են արել. Սուրենը կով է կթում, Քրիստինեն՝ կաթից պանիր պատրաստում։ Տնամերձ հողամասում լոբի, կարտոֆիլ, վարունգ են աճեցնում, ավելուկ հավաքում, շլորից թթու լավաշ սարքում։ Խոզեր, ճագարներ ունեն՝ մորթում, միսը վաճառում են․ որտեղից հնարավոր է, եկամուտ են ստանում։

zoom
DSC00018.jpg
«Միակ մինուսն էն է, որ ոչ մի տեղ չեմ աշխատում»,— դժգոհում է Քրիստինեն
zoom
DSC00041 copy.jpg

«Հիմա սրանք պիտի ծախեմ, ալյուր առնեմ, բերեմ, որ ձմռանն ապրենք։ Կապանում արդեն մեզ գիտեն, նախօրոք զանգում, ասում են՝ ինչից ինչքան են ուզում։ Օրինակ՝ լոբի են ուզել, կիլոն 2000 դրամ է։ Դրանով ոչ մի բան չես կարող հետ գցել, եթե դրսից օգնող չլինի»,— ասում է Քրիստինեն։

zoom
DSC00197 copy.jpg
Քրիստինեի ստացած բերք-բարիքը
zoom
DSC00176 copy.jpg

Գյուղի մշտական բնակիչներին Քաջարանի համայնքապետարանը ձմռան համար փայտ է տալիս։

«Էստեղ ամառ-ձմեռ ցուրտ է, 10մ3-ը ստացել ենք, մարզպետը խոստացել է ևս 10-ը տալ, որ հերիքի»,— պատմում է Քրիստինեն։

zoom
DSC00145 copy.jpg
«Էստեղ ամառ-ձմեռ ցուրտ է»

Գեղիի մյուս ափին ապրում են Աջաբաջի 8 բնակիչներից 6-ը՝ Արմենն ու Միշան՝ իրենց կանանց, Անդրանիկն էլ՝ հոր հետ։ Նրանց հետ հարևանություն անելու համար Քրիստինեն ու Սուրենը օրը մի քանի անգամ անցնում են գյուղի երկու մասերը կապող կարկատած կամրջով։

zoom
DSC00194 copy.jpg
Գեղի գետի վրայի խարխուլ կամուրջը

Անդրանիկը հոր հետ Աջաբաջում ոչխարներ է պահում։ Կինն ու երեխաները Կապանում են ապրում, ժամանակ առ ժամանակ գյուղ են գալիս։

zoom
DSC00186 copy.jpg
Աջաբաջի լքված տները
zoom
DSC00188 copy.jpg

Միշան անտառապահ է, հսկում է, որ որսագողություն չանեն։ Որդի ունի, էլի Կապանում է ապրում։

zoom
Screenshot 2024-11-26 at 13.02.31 copy.jpg
Անտառապահ Միշան իր օգնականին անուն է տվել՝ Մաթիլդա

Գյուղի մյուս «պաշտոնյան» Արմենն է՝ բնապահպանը.

«Ես իրավունք ունեմ գյուղ եկող մեքենաները կանգնեցնեմ, ստուգեմ։ Հսկում եմ, որ կենդանիներին չկրակեն, բնությունը չվնասեն»,— բացատրում է Արմենը։

Թե ո՞վ է իրեն այդ գործին դրել, չի կարողանում բացատրել։

zoom
DSC09943 copy.jpg
«Պիտի իմանամ՝ գյուղ եկողը ով է, ինչու է գալիս, կարող է՝ թուրք ռազվետկա է», պատմում է Արմենը

Աջաբաջն աշխարհին կապված է քարուքանդ ճանապարհով։ Այդ ճանապարհին ո՛չ գյուղի մասին հիշեցնող ցուցանակ կա, ո՛չ գնացող-եկող։

«Երկու տարի առաջ մեկն արտասահմանից եկել էր, առաջը կտրեցի․ պիտի իմանամ՝ գյուղ եկողը ով է, ինչու է գալիս, կարող է՝ թուրք ռազվետկա է։ Անգլերեն էր խոսում, բան չէինք հասկանում։ Տարա Կապան, թարգմանիչ բերեցին, պարզվեց՝ տուրիստ էր»,— պատմում է Արմենը՝ Աջաբաջի բացառիկ հյուրի մասին։

zoom
DSC00105 copy.jpg
Իրիկնամուտ է, դաշտից տուն դառնալու ժամը

Արմենի կինը ամսվա կեսը Աջաբաջում է, կեսը՝ տղաների մոտ՝ Կապանում։ Երբ կինը գյուղում չէ, ամբողջ գործն Արմենն է անում՝ կով կթել, պանիր սարքել, պահածո փակել։

zoom
DSC00247 copy.jpg
«Խոտը չորացել է, կաթը՝ քչացել»,— ասում է Արմենը

Գյուղում ապրելու տարրական պայմաններ չկան։ Ճանապարհը քարքարոտ է, հույս էլ չկա, թե կասֆալտապավի, համայնքային տրանսպորտ, գազ, խանութ, դպրոց, մանկապարտեզ չունեն։ Համայնքապետարանից խողովակներ են տվել, ամեն ընտանիք իր համար սարերից ջուր է բերել։

zoom
DSC00212 copy.jpg
Հայաստան-Ադրբեջան սահման տանող քարքարոտ, բայց լուսավորված ճանապարհն Աջաբաջով է անցնում

«Մեզ մոտ ձմռանը մեքենա չի գալիս, ճանապարհին երկու մետր ձյուն է նստում։ Մինչև ձմեռը՝ քաղաքից մի քանի ամսվա առևտուր ենք անում»,— ասում է Քրիստինեն։

Աջաբաջում ապրող 4 ընտանիքն էլ Կապանում տուն ունեն, երեխաներին ուղարկել են քաղաք, իրենք անասնապահությամբ են զբաղվում։

zoom
DSC09919 copy.jpg
Աջաբաջի եռանավ, բազիլիկ եկեղեցին, 17-րդ դար

«Էստեղ հարմարվել ենք, մեր ապրուստն էստեղ է։ Բայց տղաս գա, ի՞նչ անի, ինքը ջահել է, թող քաղաքում ապրի, կյանքը վայելի։ Մեզ համար է լավ, մաքուր օդ է, շառից, փորձանքից հեռու, ամեն ինչից առանձնացած»,— ասում է Սուրենը:

zoom
DSC09962 copy.jpg
Այն, ինչ մնացել է Աջաբաջի հասարակական տրանսպորտից

Սուրենի խոսքով՝ երեսուն տարում գյուղում բան չի փոխվել։ Համայնքի 2023-2025թթ․ զարգացման ծրագրով ոչինչ նախատեսված չէ Աջաբաջի համար։ Մյուս կողմից՝ Կառավարությունը արցախցիներին 5 մլն դրամ է առաջարկում՝ Աջաբաջում տուն սարքելու կամ գնելու համար։

Քրիստինեի պատմելով՝ արցախցիներ եկել են, տեսել են՝ ինչ կա-չկա, գնացել են՝ բնակության նոր, ավել հարմար պայմաններով հասցե գտնելու։

Սուրենին հարցրի՝ ի՞նչ կուզեք Ձեր գյուղում լինի։

— Անտենա։ Սպուտնիկ է, անտենա չունենք. մի քանի ռուսական ալիք է բռնում ու Հ1-ը։

— Ի՞նչ են ցույց տալիս Հ1-ով, երկրում ի՞նչ վիճակ է։

— Վատ է, խաղաղություն է մեզ պակասում։ Առաջխաղացում էլ կա՝ դպրոցները, մանկապարտեզները ռեմոնտ են անում։

— Ձեր նման մարդկանց մասին պատմո՞ւմ են։

— Էս առաջին անգամն է, որ մեզ մոտ լրագրողներ են գալիս։ Ես սենց բան չէի տեսել։


1991-ի Գերագույն խորհրդի որոշմամբ՝ Աջիբաջը վերանվանվել է Աջաբաջ։ Գյուղի անվան նշանակությունն ու բացատրությունը մեզ չհաջողվեց գտնել։ Ըստ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանի՝ գործածվել է միջնադարյան հայկական սկզբնաղբյուրներում։


Այս նախագիծն իրականացվել է CFLI-ի աջակցությամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի (CFLI) կամ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական քաղաքականության կամ դիրքորոշման հետ։

zoom
Կանադա.png

Հեղինակ՝

Ուսանողներ

Անի

Նավասարդյան

Դասախոս՝

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան

Թիմ

Ժաննա

Բեքիրյան

Թիմ

Անուշ

Մկրտչյան