anush-avanesyan
ՏեքստՓետրվար 29/2024
  • armenian
  • english

Ստեփանակերտից՝ Գառնի, ուսուցչից՝ գորգագործ պարտադրված փոխակերպումներ

Ստեփանակերտցի Անուշի վերջին ամիսներն անցնում են նույն անշեղ ճանապարհով․ Գառնիի հյուրատնից մի քանի փողոց վերև՝ ծնողների մոտ, հետո էլի մի քանի փողոց՝ և «Գառնիի ձեռարվեստի կենտրոն»։ Վերջին կանգառում Անուշը 2 ամսում գորգագործություն է սովորել։ Բարձի երեսից էր սկսել, հիմա արդեն փոքր գորգեր է գործում։

«Ստեղծագործելիս հիմնականում բնությունից եմ ոգեշնչվում, բայց արագ էլ ձանձրանում եմ։ Դրա համար զուգահեռ մի քանի բան եմ գործում՝ մեկից մյուսին անցնելով։ Սկսածս պարտադիր ավարտում եմ»,— պատմում է 38-ամյա Անուշ Ավանեսյանը։

DSCF3426 .jpg
Գառնիի փողոցներում հաճախ կարելի է հանդիպել Անուշին՝ դազգահով ու գունավոր թելերով
DSCF337.jpg

Անուշն ու ամուսինը՝ Վլադիսլավը, նրանց 2 երեխաներն ու կատուն գրեթե կես տարի ապրում են Հմայակ Բաբայանի հյուրատանը։ Նա Վլադիսլավի ընկերն է։ Առաջին անգամ այստեղ եկել են 2020-ին՝ 44-օրյա պատերազմի օրերին։

DSC04032.jpg
Գառնիի ժամանակավոր տանը Անուշի ձեռագործ աշխատանքներն են՝ բերված Արցախից․ Մեծ պահքի խորհրդանիշներ Ուտիսն ու Ակլատիզը

«Սկզբում մեր ամուսինները մտերմացան, հետո՝ ես ու Լիլիթը։ Կապը պահում էինք, շրջափակման ընթացքում խոսում էինք, հետո, երբ իմացան, որ գալիս ենք Հայաստան, մեզ հրավիրեցին իրենց հյուրատուն։ Մենք ուզում ենք վճարել, բայց իրենք չեն համաձայնում»,— ժպտում է Անուշը։

Իրենց սիրով են ընդունել, ոչ մի պահանջ կամ պարտադրանք տանտիրոջ կողմից չի եղել, բայց իրենք մտածում են սեփական ծածկ ունենալու մասին։

«Ուզում եմ ապագա տանս բակում թոնիր լինի, բայց ես լավաշ չեմ թխի»,— կատակում է Անուշը:

DSCF3282 copy.jpg
Անուշը և Վլադիսլավը սեփական թոնիր դեռ չունեն, հյուրատան լավաշն են ճաշակում

Ստեփանակերտից սեպտեմբերի 29-ին են դուրս եկել, երեք օրից հասել են Գառնի։ Չորս մեքենայով են եկել Հայաստան, թվում է՝ շատ բան են կարողացել բերել, բայց մի քանի սերնդի ապրած-վաստակածը ոչ մի մեքենայում չէր տեղավորվի։ Անուշը Արցախում թողած տատիկի հին կարի մեքենայի և հորեղբոր ֆոտոխցիկի համար է ափսոսում։

12 տարի Անուշը Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում հայոց լեզու և գրականություն է դասավանդել։ Ամուսինը՝ Վլադիսլավ Գասպարյանը, սակրավոր է եղել «Հալո Թրասթ» կազմակերպությունում։

DSCF3563.jpg
Գորգագործ Անուշի նոր աշխատավայրը՝ «Գառնիի ձեռարվեստի կենտրոնը»: Գործելիս սովորաբար աուդիոգիրք է լսում։
DSCF3500.jpg

Կյանքը Հայաստանում Անուշն սկսել է «Գառնիի ձեռարվեստի կենտրոնում»՝ նոր մասնագիտություն սովորելով։ Դասընթացի հայտարարություն է տեսել, դիմել է, 2 ամսում գորգագործություն է սովորել։ Գործել սկսել է դեկտեմբերին, նույն ամսում էլ վաճառել է առաջին աշխատանքը։ Ֆիքսված աշխատավարձ չունի։ Հասույթը կախված է գորգի չափից և նախշի տեսակից` հիմնականում տատանվում է 5-20 հազարի սահմանում։

IMG_3331.jpg
Կառլ Ուլբրիխտը և Անուշը արվեստանոցի բակում
Լուսանկարը՝ Անուշի անձնական արխիվից

«Գառնիի ձեռարվեստի կենտրոնում» այժմ երեք արցախցի է ուսանում։ Կենտրոնը 2019-ին հիմնադրել է բրիտանացի Կառլ Ուլբրիխտը։

DSCF3458.jpg
Գորգի ծնունդը՝ անգույն թելերից մինչև հայկական նախշեր
DSCF3529.jpg

Կյանքի նոր պայմաններին ամենադժվարը ընտանիքի հինգերորդ անդամը՝ Միկին է հարմարվում։ Կատուն մարդամոտ չէ, անծանոթի տեսնելիս միանգամից մտնում է բազմոցի ծածկոցի տակ։

DSCF3196.jpg
Անուշը, դուստրը՝ Աստղիկը, և Միկին

Դազգահն էլ իր տեղը չի գտնում. ամեն օր Անուշը վերցնում է դազգահը, թելերը ու ոտքով ծնողների տուն է գնում։ Դազգահը ուղղահայաց դնում է պատուհանի մոտ, արդեն գործված հատվածը ամրացնում է թղթով, իսկ մերկ հատվածը ծածկում է՝ թելը դազգահի շուրջ հորիզոնական պտտելով։

DSCF3304.jpg
Անուշի ու քրոջ զրույցի հիմնական թեման արցախյան հիշողություններն են

Անուշի փոքր քույրը՝ Գոհարը, ասեղնագործում է։

DSCF3412.jpg
Շունը՝ Ռոկին, գնահատում է քույրերի աշխատանքը

«Դիզայներ էի ուզում դառնալ, բայց Արցախում այդ մասնագիտությամբ չէի կարող աշխատել, ոլորտը զարգացած չէր, իսկ ես իմ կյանքն Արցախից դուրս չէի պատկերացնում։ Հաշվապահ դարձա, տասը տարի աշխատել եմ ԿԳՄՍՆ-ում։ Բայց հիմա չպատկերացրածս իրականություն է դարձել»,— պատմում է Գոհարը։

Գոհարն Արցախում վերջին օրերին վիրավոր շուն է գտել, բուժել, բերել Հայաստան և հանձնել որդեգրման։

«Հասկացա, որ չէի կարող հետս չբերել, ամբողջ կյանքում խղճիս կծանրանար։ Ես կծկված էի նստել մեքենայում, որ շունը տեղավորվեր»,— հիշում է նա։

Ավտոմեքենայում են եղել նաև ծնողների շները՝ Մոլլին և Ռոկին։

DSCF3314.jpg
Անուշի գործած էջանիշները պահում են Մ. Ս. Խարիտոնովի «Գիրք դատարանների և դատավորների մասին» գրքի 194-195 էջերը

«Գործում եմ հիմնականում արվեստանոցում կամ ծնողներիս տանը։ Այստեղ միջավայրն առավել ներշնչող է: Գործում եմ, որ հանգստանամ, մոռանամ անցյալը։ Եթե գործելիս էլ մտածեմ Արցախի մասին, կլացեմ, ու աշխատանքս կփչանա»,— ասում է Անուշը։

DSC04259.jpg
Անուշի հայրը հիշում է Ստեփանակերտում թողած իրենց տունը, որ 100 տարի առաջ իր պապն է կառուցել։

Անուշի հայրական տունը Ստեփանակերտում է։ Այժմ ծնողներն էլ են Գառնիում ապրում՝ բարեկամներից մեկի ամառանոցում։ Մայրը՝ Անահիտ Խաչիյանը, 40 տարի հայոց լեզու է դասավանդել։

«Առաջին պատերազմի տարիներին, երբ 8-9 տարեկան էի, ամանորյա մանդարինը գանձ էր, գտնելը՝ հրաշք, բայց մամաս, չգիտեմ՝ ինչպես, գտնում էր։ Շրջափակման օրերին ես իմ երեխաների համար չկարողացա նույնն անել»,— սրտնեղում է Անուշը։

աթլետ.png
Փայտե աթլետը՝ Արցախից․ Անուշի հայրը Հայաստանում էլ շարունակում է աշխատել փայտի հետ

Անուշի հայրը՝ Արթուր Ավանեսյանը, մարմնամարզիկ է եղել, սպորտի վաստակավոր գործիչ, քանդակագործ։ Երկար տարիներ Արցախի ԿԳՄՍՆ-ի սպորտի բաժնում է աշխատել։

«Եղբորիցս հետո մեր տանը ծանր ռոք սիրող միայն ես եմ մնացել»,— ասում է նա։

DSC04281.jpg
Անուշի հորեղբոր՝ Գառնիկ Ավանեսյանի կիթառը

Անուշի հորեղբայրը՝ Գառնիկը, Արցախյան շարժման սկիզբը վավերագրել էր լուսանկարներով։ Նա զոհվել է 1990-ի օգոստոսի մեկին՝ ավիաաղետի հետևանքով՝ Ստեփանակերտ դեղորայք տեղափոխելիս։

Հայաստան գալուց Գառնիկի լուսանկարների ալբոմը ընտանիքը թաքցրել է մեքենայի հետևի նստատեղի տակ, որ անցակետում չգտնեն։

DSCF3204.jpg
Գառնիկ Ավանեսյանի լուսանկարների ալբոմը. պատառիկներ անցյալից

«Հորեղբայրս ռոք երաժիշտ էր, դասընկերներով «Արցախ» բենդ էին հիմնել, սոլո-կիթառիստ էր։ Ֆրանսիայում կարիերան շարունակելու առաջարկ էր ստացել։

Ջինսե ու կաշվե շալվարներ էր հագնում, ռոքը նորություն էր Արցախի համար, Ստեփանակերտում իր նմանը չկար»,— պատմում է Անուշը։

DSC04104.jpg
Բոլորին ինքն էր նկարում, իրեն, տեսնես, ո՞վ է նկարել՝ ասում է Անուշը հորեղբոր մասին

Գորգագործությանը զուգահեռ Անուշն անգլերեն է սովորում, ուզում է ռեժիսուրա ուսումնասիրել։ Անուշի մեծ ընտանիքում ամեն մեկն իր ձևով է փորձում կյանքը շարունակել. նոր՝ հայաստանյան կյանք սկսել։ Գառնին սիրել են, բայց մտքերը, հույզերն ու հույսերը հայկական Արցախի շուրջ են։

«Այս պայմաններում Արցախ չենք վերադառնա, ի՞նչ է՝ իմ երեխաները պետք է Ադրբեջանի քաղաքացի դառնա՞ն, որդիս պետք է ադրբեջանական բանակում ծառայի ու Հայաստանի վրա կրակի՞։ Բացի դա, ներքին շատ վտանգներ կլինեն՝ խաղաղության ու համակեցության քողի տակ ամեն ինչ կանեն մեզ հետ»,— վրդովվում է Անուշը։

«Բայց ես հավատում եմ, որ վերադառնալու ենք հայկական Արցախ։ Թեկուզ տատիկ ժամանակ՝ տեսնելու եմ այդ օրը»,— եզրափակում է Գոհարը։

Արցախում Անուշը տնից աշխատավայր 25-30 րոպեում է հասել. ոչ տրանսպորտից է օգտվել, ոչ էլ ամուսնու ավտոմեքենայից՝ քայլել է։ Գառնիում պահում է հին սովորությունը։

DSCF3576.jpg
Անուշի ամենօրյա ճանապարհը՝ արվեստանոցից տուն

Սույն նյութը պատրաստվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA), ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի (CERF) և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։ Նյութում արտահայտված կարծիքները հեղինակային են և կարող են չհամընկնել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, CERF-ի կամ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեսակետին։

ԱՄՆ, ՄԱԿ.png

Հեղինակներ՝

Ուսանողներ

Միլենա

Ավետիսյան

Ուսանողներ

Լիլիթ

Գրիգորյան

Դասախոս՝

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան

Թիմ

Ժաննա

Բեքիրյան