armenia_georgia_economic_comparison
Ինֆոգրաֆիկա / ԱնիմացիաՆոյեմբեր 19/2021
  • armenian
  • english

Մի տնից չենք, մի օրի ենք. Հայաստանի և Վրաստանի զարգացման ուղիները

Անկախ պետություն ստեղծելու ճանապարհին՝ Հայաստանն ու Վրաստանը շարժվեցին տնտեսական և աշխարհաքաղաքական տարբեր ուղիներով, բայց հակառակ բևեռների ընտրությունն էականորեն չփոխեց այս երկրների քաղաքացիների կյանքի որակը։ Այդ մասին են վկայում օտարերկրյա ներդրումների հոսքերը, Վրաստանի և Հայաստանի առևտրային հարաբերությունները մյուս երկրների հետ, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) արժեքը, աղքատության ցուցանիշները, արտաքին պարտքը և այլն։

Մեկ շաբաթ վրացու և հայի կյանքից

Վրաստանից Գեորգիի և Հայաստանից Լիլիթի կյանքի մեկ շաբաթը ներկայացնելով՝ կփորձենք պատկերավոր ցույց տալ երկու երկրների քաղաքացիների կենսամակարդակը: Բոլոր տվյալները վերցված են Վրաստանի և Հայաստանի պետական վիճակագրական կոմիտեներից, ինչպես նաև Numbeo-ից, որը համարվում է տարբեր երկրներում կյանքի արժեքի վերաբերյալ տվյալների խոշորագույն շտեմարան։

Givi-charachter-first-pose.svg
Lilit-first-charachter.svg

Գեորգին 26 տարեկան է, ապրում է Թբիլիսիում, աշխատում է գանձապահ՝ տեխնիկայի խանութում։ Նրա աշխատավարձը ամսական 1.190 լարի է ($381)։ Վրաստանում դա համարժեք է միջին աշխատավարձին։

Լիլիթը 25 տարեկան է, ապրում է Երևանում, աշխատում է բանկային ոլորտում։ Նրա աշխատավարձը համարժեք է Հայաստանում միջին աշխատավարձին՝ ամսական կազմելով 190.000 դրամ (397$)։

Bus-.gif
dram-2.svg
bus-tech-payment-.gif

Լիլիթի տնից դեպի աշխատավայր քայլելու ճանապարհ է, բայց այդ օրն անձրևային եղանակի պատճառով նա օգտվեց հանրային տրանսպորտից։

Ուղեվարձը՝ 100 դրամ (0.21$):

Գեորգիի աշխատավայրը մի քանի կանգառ հեռու է իր տնից, նա այնտեղ հասնում է ավտոբուսով։ Ուղեվարձը՝ 0.50 թեթրի (0.16$):

Givi-shopping.svg
Lilit-Supermarket.svg

Վաղ առավոտյան Գեորգին գնում է խանութ՝ մի քանի գնումներ անելու։

Ծախսում է 15 լարի (4.8$):

Բնավորության համաձայն՝ Լիլիթը հաջորդ օրվա նախաճաշի առևտուրն անում է երեկոյան։ Գնումների ծախսը կազմում է 2400 դրամ (3.3$):

communal-payment-1.gif
Givis-pursue.svg

Տուն հասնելուն պես՝ Լիլիթը հեռախոսի հավելվածում ծանուցում է ստանում։ Ժամանակն է վճարել էլեկտրականության, գազի և ջրի վարձը։ Վճարման համար Լիլիթի քարտից պակասում է 33.000 դրամ (69$)։

Գեորգին տուն հասնելու ճանապարհին բնակարանի կոմունալ վարձերն է վճարում (էլեկտրականություն, գազ, ջուր)՝ ծախսելով 176 լարի (56.5$):

sushi-.gif
caffe-scene-Recovered.svg

Քանի որ վրացիներն էլ պակաս հյուրասեր չեն, Գեորգին որոշեց ընկերներին կիրակի օրը հրավիրել չինական ռեստորան։ Հաշիվը կազմեց 120 լարի (38.4$)։

Լիլիթը սիրում է ֆասթֆուդ։ Ուրբաթ օրն իր գործընկերների հետ գնացին ճաշելու։ Հայկական հյուրասիրությամբ՝ Լիլիթը փակեց հաշիվը, որը կազմել էր 15.000 դրամ (31.5$)։

shoe-label.gif
jeans-final-svg.svg

Երևանում անձրևը շարունակվում էր։ Լիլիթը որոշեց փակ կոշիկ գնել, որն արժեր 22.400 դրամ (48.5$):

Աշխատանքից հետո Գեորգին տան ճանապարհին նկատեց վերջերս բացված բրենդային հագուստի խանութն ու որոշեց ներս մտնել։ Հանդերձարանում գրեթե ամբողջ տեսականին փորձելուց հետո, Գեորգին վերջապես որոշեց գնել մի տաբատ՝ 150 լարի (48$) արժողությամբ։

new.gif
gym.svg

Շաբաթ օրերին Գեորգին չի աշխատում: Կեսօրին նամակ ստացավ ընկերներից՝ մարզասրահի մեկամսյա փաթեթ գնելու առաջարկով։ Արժեքը՝ 110 լարի (35$):

Լիլիթն արդեն մի քանի ամիս է՝ այցելում է մարզասրահ։ Նրա ամսական փաթեթն արդեն վերջանում էր։ Նոր աբոնեմենտն արժեցավ 26.900 դրամ (56$):

Օգտվելով մոտավորապես նույն ծառայություններից՝ մեկ շաբաթվա ընթացքում Գեորգին ծախսեց 571 լարի (181$), որը կազմում է իր աշխատավարձի 48 տոկոսը, իսկ Լիլիթը՝ 99.700 դրամ (209$), որը կազմում է իր աշխատավարձի 52 տոկոսը։

Հիմա դիտարկենք, թե աշխարհաքաղաքական և տնտեսական ինչ ուղղությամբ շարժվեցին Գեորգիի և Լիլիթի երկրները՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, և վերլուծենք մի քանի տնտեսական ցուցանիշներ։

Հայաստանն ու Վրաստանը անկախացումից հետո. Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք

Բոլոր երկրների տնտեսական զարգացման կարևոր նախադրյալներից է աշխարհաքաղաքական դիրքավորումը։ Անկախացումից ի վեր՝ Հայաստանը փորձում է հավասարակշռել իր հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի հետ, իսկ Վրաստանը, վարդերի հեղափոխությունից հետո, ակնհայտորեն վարում է արևմտամետ քաղաքականություն։ Այդ մասին վկայում են փաստերը և տվյալները։

Փաստեր

Խորհրդային միության փլուզումից հետո, հետսովետական տարածաշրջանում ստեղծվեց Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ)՝ նախկին Խորհրդային երկրների միջև տնտեսական կապերն ամրապնդելու նպատակով։ Հայաստանն ԱՊՀ անդամ դարձավ 1991 թվականին և մինչ օրս անդամակցում է։ Վրաստանն ԱՊՀ-ին միացավ ավելի ուշ՝ 1993 թվականին և դուրս եկավ 2008 թվականի օգոստոսին։ Համաձայն Վրաստանի Արտաքին Գործերի Նախարարության հայտարարության՝ այդ քայլի գլխավոր պատճառը Ռուսաստանի ռազմական ագրեսիան էր Վրաստանի դեմ։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ստեղծվել է 1992 թվականին Ռուսաստանում։ Հայաստանը և Վրաստանը միացել են ՀԱՊԿ-ին 1994 թվականին, բայց Վրաստանը 1999-ից արդեն ՀԱՊԿ-ի անդամ չէ։

2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միություն մտնելու, իսկ այնուհետև՝ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) կազմավորմանը մասնակցելու մտադրության մասին: 2015-ից Հայաստանը ԵՏՄ անդամ է։

Տվյալներ. Օտարերկրյա ներդրումներ

Վերջին երկու տասնամյակների ընթացքում դեպի Հայաստան օտարերկրյա ներդրումների հոսքում ակնհայտ երևում է, որ Ռուսաստանից Հայաստան ներդրումները գերակշռում են։ Ռուսական ներդրումների ամենամեծ ծավալը (714 մլն դոլար) արվել է 2008 թվականին և կազմում է այդ տարվա ներդրումների 71%-ը։ Չնայած Ռուսաստանի գերակշռող ներդրումներին՝ 2009-2011 թվականներին Եվրամիության ներդրումները Հայաստանում նույնպես աճել են։

Հիշեցնենք, որ 2008-ը Հայաստանում ներքաղաքական խժդժությունների տարի էր. բողոքի ցույցերի հետևանքով զոհվեց 10 քաղաքացի։ Իշխանության ղեկն անցավ գործող վարչապետ Սերժ Սարգսյանին։ Վերջինս փորձում էր վարել փոխլրացնող քաղաքականություն և հավասարակշռել հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի միջև։

Վրաստանում պատկերն այլ է. ակտիվ ներդրումներ կատարող երկրների ցանկը շատ ավելի բազմազան է։ Բացի ԱՄՆ-ից և ԵՄ-ից, այստեղ ներդրումներ է կատարել նաև Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Նիդեռլանդները և այլն։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանից Վրաստան արվող ներդրումները նշված ժամանակահատվածում մշտապես կազմել են բոլոր ներդրումների միջինում 5%-ը։

Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական գրասենյակի տվյալների՝ 2003 թվականից, երբ իշխանության եկավ Միխայիլ Սահակաշվիլին և արտահայտեց հստակ արևմտյան դիրքորոշում, Վրաստանում զգալիորեն արագացավ օտարերկրյա ներդրումների աճի տեմպը։

Ընդհանուր առմամբ, օտարերկրյա ներդրումները հետխորհրդային երկրների տնտեսական զարգացման համար կարևոր նշանակություն ունեն։

Համաշխարհային բանկի տվյալները նույնպես հաստատում են, որ Վրաստանի և Հայաստանի համախառն ներքին արդյունքի ձևավորման մեջ օտարերկրյա ներդրումները զգալի տեղ են զբաղեցրել։ Վրաստանում ամենաբարձր տոկոսը գրանցվել է 2007 թվականին (18.6%)։

Վերջին տասը տարիների պատկերից երևում է, որ Հայաստանում օտարերկրյա ներդրումների բաղադրիչը ՀՆԱ-ի ձևավորման մեջ նվազում է։ Վրաստանում, սակայն, նկատվում է ոչ թե նվազման, այլ աճի միտում։

Տվյալներ. Առևտրային հարաբերություններ

Տնտեսության զարգացման մյուս կարևոր բաղադրիչը միջազգային առևտրային հարաբերություններն են։ Այժմ տեսնենք, թե Հայաստանն ու Վրաստանը որ երկրների հետ են համագործակցել 90-ականների վերջից մինչև 2019թ.:


Համաշխարհային բանկի տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի ամենամեծ արտահանման ծավալները սկսած 2009-ից ուղղված են եղել դեպի Ռուսաստան։

2019 թվականին դեպի Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 720 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը տվյալ տարվա ամբողջ արտահանման 27%-ն է։

Ներմուծման ծավալներով Ռուսաստանը նույնպես առաջատար դիրք է զբաղեցրել։ 2019-ին գրանցվել է Ռուսաստանից Հայաստան ներմուծման ամենաբարձր ցուցանիշը՝ մոտ 1,5 մլրդ. դոլար, որը կազմում է ամբողջ ներմուծման ծավալի 29%-ը։

Ռուսաստանից Հայաստան ներմուծման կազմում գերակշռողը գազն է։ 2007թ.-ին Ռուսաստանից ներմուծման ծավալների աճը հավանաբար կապված է բնական գազի ներմուծման աճի հետ: «Գազպրոմ Արմենիայի» տվյալներով՝ 2007 թվականի առաջին կիսամյակում Հայաստան բնական գազի ներկրման ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 22,15%-ով։

Վրաստանում պատկերն այլ է. դեպի Ռուսաստան արտահանման ծավալը կտրուկ նվազել է 2005-2009թթ-ին, ինչն այդ տարիների արտաքին քաղաքական փոփոխությունների հետևանք է։ Վերջին տարիներին Ռուսաստանը կրկին իր դիրքերը բարելավել է։ 2019 թ-ին Վրաստանից արտահանման առաջատար հինգ ուղղություններն են եղել Ադրբեջանը (ընդհանուր արտահանման 13,4%-ը), Ռուսաստանը (13,08%), Հայաստանը (11,4%), Բուլղարիան (7,5%) և Ուկրաինան (6,6%)։ Այդ տարի Վրաստանի արտահանման ամբողջ ծավալը կազմել է 4 մլրդ ԱՄՆ դոլար։

2019-ին Վրաստանի ներմուծման ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 9 միլիարդ դոլար։

Վրաստանն ամենաշատը ներկրել է Թուրքիայից (ներմուծման ծավալի 17%), Ռուսաստանից (10%), Չինաստանից (9%), ԱՄՆ-ից (7%) և Ադրբեջանից (7,8%)։

2014 թվականին Թուրքիայից Վրաստան ներկրման ծավալների ամենամեծ արժեքն է գրանցվել. 1,7 մլրդ. դոլար, որը կազմում էր տվյալ տարվա ներմուծման ծավալների 20%-ը։ Ռուսաստանից Վրաստան ներմուծման ծավալների կտրուկ անկում է նկատվել 2007-2009 թվականներին՝ պայմանավորված ռուս-վրացական հարաբերությունների սրմամբ և պատերազմով։

Վրաստանի և Հայաստանի արտահանումն ու ներմուծումը պատկերող առևտրի հաշվեկշռից երևում է, որ 1999-2019թթ-ին երկու երկրներն էլ ավելի շատ ներմուծել են, քան արտահանել։

Հայաստանի և Վրաստանի արտահանման ու ներմուծման պատկերը 1999-2003 թվականներին գրեթե նույնն է եղել։ 2004 թվականից սկսած Վրաստանը, իր ներմուծման և արտահանման ծավալներով, զգալիորեն գերազանցել է Հայաստանին:

Ի՞նչ են պատմում տվյալները մարդկանց կյանքի որակի մասին

Վերոնշյալ ցուցանիշները վկայում են, որ Հայաստանն ու Վրաստանը, չնայած պատմական և մշակութային նմանություններին, վերջին երեք տասնամյակում ընթացել են տնտեսական և աշխարհաքաղաքական տարբեր ուղիներով։ Դրա արդյունքում, սակայն, երկու երկրների բնակչության կենսամակարդակն էականորեն չի տարբերվում։

Համաշխարհային բանկի տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի և Վրաստանի բնակչության շնչային ՀՆԱ-ի ցուցանիշներն էապես աճել են ԽՍՀՄ-ի անկումից հետո։ Միայն 2008 թվականին այդ ցուցանիշը նվազել է՝ Համաշխարհային տնտեսական ճգնաժամով պայմանավորված։

Վրաստանին հաջողվեց հինգ տարվա ընթացքում դուրս հանել երկրի տնտեսությունը ճգնաժամից և 2014 թ-ին կարողացավ հասնել տվյալ ժամանակահատվածում շնչային ՀՆԱ-ի ամենաբարձր ցուցանիշին (4,739 դոլար)։ Մինչդեռ Հայաստանը նույն ժամանակահատվածում կարողացավ միայն վերականգնել այն ցուցանիշը, որը գրանցել էր նախքան ճգնաժամը։

2015-ին երկու երկրներում էլ ՀՆԱ-ի ցուցանիշի անկում է նկատվում՝ կապված 2014-2015 թվականներին Ռուսաստանում արժութային ճգնաժամի հետ։ Այս իրադարձությունները ցույց են տալիս նույն տարածաշրջանում գտնվող երկրների տնտեսական փոխկապակցվածությունը։

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աճի տվյալներն ուսումնասիրելիս երևում է, որ 2009-ին Հայաստանը տարածաշրջանում վատագույն ցուցանիշ է գրանցել (-14,1%) և, չնայած այդ հանգամանքին, մի քանի տարի անց շնչային ՀՆԱ-ի արագ աճի արդյունքում Հայաստանը գործնականում հավասարվել է Վրաստանին՝ հասնելով մոտ 4300 ԱՄՆ դոլարի։

Շնչային ՀՆԱ-ն համարելով Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների կենսամակարդակի հիմնական ցուցիչներից մեկը՝ չպետք է մոռանալ եկամուտների և հարստության անհավասար բաշխման գործակցի (Gini index) և աղքատության խորության գործակցի մասին։

Ջինիի ինդեքսը ցույց է տալիս հասարակության տնտեսական շերտավորման աստիճանը. որքան ինդեքսը մոտ է զրոյին, այնքան հավասարապես է բաշխված հարստությունը տվյալ երկրում։ Որքան ինդեքսը մոտ է մեկին (կամ 100%-ին), այնքան տվյալ երկրում հարստությունը կենտրոնացած է բնակչության որոշակի խմբերի ձեռքում։ Վրաստանում եկամուտների բաշխման անհավասարության գործակիցը միշտ ավելի մեծ է, քան Հայաստանում։

Աղքատության խորությունը կամ աղքատության ճեղքվածքի գործակիցը (poverty gap index) ցույց է տալիս բնակչության այն հատվածը, որն աղքատության շեմից ցածր է և համարվում է հավասարապես աղքատ։ Սա բնակչության այն շերտն է, որը չի վաստակում բավարար գումար՝ ապրուստի հիմնական կարիքներն ապահովելու համար:

Վրաստանում աղքատության ճեղվածքի գործակիցը 2011-ից հետո բարելավվել է և հաջորդ 4 տարիների ընթացքում հասել մոտ 4%-ի։

Հայաստանում էլ, սկսած 2001-ից, գործակիցն աստիճանաբար իջել է՝ 2008-ին հասնելով 2%-ի։ Դրանից հետո մինչև 2019 թվականը Հայաստանում կտրուկ վերելքներ և վայրէջքներ չեն նկատվել։

Երկրի տնտեսական վիճակի համար որոշիչ է նաեւ համախառն արտաքին պարտքի ծավալը, որը ներառում է ոչ միայն պետական պարտքը, այլեւ մասնավոր հատվածի արտաքին պարտքերը։ 2019 թվականին Հայաստանի համախառն արտաքին պարտքը կազմել է մոտ 5.7 մլրդ դոլար, Վրաստանինը՝ 6.4 մլրդ դոլար։

Համեմատելով այս երկրների համախառն արտաքին պարտքի ծավալները՝ անհրաժեշտ է նաև հաշվի առնել այնտեղ բնակվող մեկ շնչին ընկնող համախառն արտաքին պարտքի ծավալը։ Վրաստանում կուտակված պարտքի ծավալն ավելի մեծ է Հայաստանից՝ չնայած, որ անկախացումից հետո Վրաստանն ուներ զարգացման ավելի լայն հնարավորություններ (մուտք դեպի ծով, բաց սահմաններ, տնտեսական և դիվանագիտական հարաբերություններ բոլոր հարևանների հետ)։

Ի՞նչ եզրակացնել այս ամենից

ԽՍՀՄ փլուզումից հետո Վրաստանն և Հայաստանն ընտրեցին տնտեսական զարգացման տարբեր ուղիներ և հաստատվեցին աշխարհաքաղաքական տարբեր ճամբարներում, սակայն դա էապես չազդեց հասարակ բնակչության կյանքի որակի վրա։

Վրաստանն ակնհայտորեն իր զարգացման ուղին կապում է Արևմուտքի հետ, որի ապացույցն է օտարերկրյա ներդրումների հոսքում արևմտյան երկրների ներդրումների ճնշող մեծամասնությունը, ինչպես նաև արևմտյան ռազմատնտեսական և քաղաքական դաշինքներին անդամակցելը: Հայաստանն, իր հերթին, նույնպես փորձեր արեց կայուն հարաբերություններ զարգացնել Արևմուտքի հետ, սակայն հայ-ռուսական սերտ կապերի համատեղությամբ, այդ փորձերը էական արդյունքների չհասան։

Վերլուծելով վերջին երկու տասնամյակների տնտեսական ցուցանիշներն ու աշխարհաքաղաքական իրադարձությունները, եզրահանգում ենք, որ Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների կյանքի որակն այս պահին միմյանցից շատ չի տարբերվում՝ չնայած այդ երկրների հակառակ աշխարհաքաղաքական բևեռներում գտնվելուն։

Հիշու՞մ եք Գեորգիին և Լիլիթին, ում առօրյան նկարագրում էինք նյութի սկզբում։ Նրանք երկուսն էլ գրեթե նույն եկամուտներն ու ծախսերն ունեին և, կարելի է ասել, կիսում էին կյանքի նույն որակը։ Սոցիալ-տնտեսական ցուցանիշների ուսումնասիրությունը մեզ թույլ է տալիս նրանց օրինակն ընդհանրացնել Վրաստանի և Հայաստանի միջին վիճակագրական բնակիչների կյանքի որակի վրա։

Givi-charachter-first-pose.svg
Lilit-first-charachter.svg

Մեթոդաբանություն

Հայաստանի և Վրաստանի տնտեսական և սոցիալական ցուցանիշների տվյալների հիմնական աղբույրը Համաշխարհային բանկն է։ Մենք օգտագործել ենք այդ ռեսուրսը, քանի որ տվյալների հավաքագրման մեթոդաբանությունը նույնն է երկու երկրների համար։

Աղքատության խորության ինդեքսի տվյալները նույնպես վերցրել ենք Համաշխարհային բանկից, որն առանձնացնում է երեք տարբեր շերտեր՝ աղքատություն որոշելու համար։ Տնտեսագիտության փորձագետ Կառլեն Խաչատրյանը Հայաստանի և Վրաստանի պարագայում համեմատություն անելու համար ճիշտ համարեց ընտրել միջին շերտը՝ 3,2 դոլար, քանի որ երկուսն էլ համարվում են միջին եկամուտ ունեցող երկրներ։

Արտաքին պարտքի, օտարերկրյա ներդրումների հոսքի տվյալները վերցված են Հայաստանի և Վրաստանի պետական վիճակագրական ծառայություններից։

Պետք է նշել, որ 2020 թվականի տվյալները հիմնականում ներառված չեն հետազոտության մեջ, քանի որ COVID-19-ով պայմանավորված բոլոր երկրների տնտեսական ցուցանիշներում նշանակալի անկում կար։ Մեզ համար կարևոր էր ցույց տալ հիմնական միտումները վերջին տասնամյակների համատեքստում։


Նկարազարդող՝ Լիլի Պետրոսյան
Խորհրդատու՝ Կառլեն Խաչատրյան
Մենթոր՝ Օքսանա Ստավնիյչուկ
Շնորհակալություն Հրանուշ Դերմոյանին գաղափարի մշակման և տվյալների նախնական հավաքագրման փուլում օգնության համար։

Նյութը ստեղծվել է LAMPA Accelerator-ի շրջանակներում՝ Ղրղզստանի տվյալների դպրոցի աջակցությամբ։

Հեղինակ՝

Ուսանողներ

Միլենա

Բարսեղյան

Դասախոս՝

Դասախոսներ

Կատյա

Մամյան