Սնանկություն. գործող բիզնես՝ չգործող մեխանիզմով, երբ մեկի կորուստը մյուսի շահույթն է
Սնանկության դատարանի առաջին կալանավորված դատավորը
2023-ի դեկտեմբերի 15-ին Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց դատավոր Տիգրան Փոլադյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությունը, հաջորդ օրը՝ դեկտեմբերի 16-ին, Փոլադյանը կալանավորվեց։ Դատավորը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։
Պատմությունը սկսվեց 2015-ին։ Ապակե տարաների արտադրությամբ Հայաստանում առաջատար համարվող գործարանում ֆինանսական ճգնաժամ առաջացավ։ Դրա հետևանքով գործարանի սեփականատեր «Գլաս Ուորըլդ Քամփնի» ընկերությունը չկարողացավ սպասարկել Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերության վարկը։ Վարկը տված «Օփթիլինգ հոլդինգս» ՍՊԸ-ն դիմեց դատարան՝ գործարանը շահագործող ընկերությանը սնանկ ճանաչելու նպատակով։ 2015-ին «Գլաս Ուորըլդ Քամփնին» սնանկ ճանաչվեց։ Սնանկության գործով կառավարիչ նշանակվեց Տիգրան Հարությունյանը (թե ինչ դեր ունեն սնանկության գործով կառավարիչները ամբողջ գործընթացում, կներայացնենք ներքևում)։ Սնանկ ճանաչելու որոշումից հետո կազմվել է պարտատերերի ցուցակ։
Այս գործը 8 տարի քննում էր նույն այն դատավոր Տիգրան Փոլադյանը, որին 2023-ին կալանավորեցին՝ կաշառք ստանալու մեղադրանքով։
Պարտապանը, դեմ լինելով սնանկ ճանաչվելուց հետո դատարանի կայացրած մի քանի որոշումներին, բողոքարկեց Վերաքննիչ դատարան, հետո՝ Վճռաբեկ, սակայն անարդյունք։ 2018-ին որոշումներն ուժի մեջ են մտել, և սկսվել է սնանկացած ընկերության գույքի վաճառքը։ Աճուրդի նպատակը վաճառված գույքի գումարով գործարանի կուտակած պարտքը մարելն էր։ Վաճառքի էր հանվել «Գլաս Ուորըլդ Քամփնիին» պատկանող գույքը, այդ թվում՝ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում գտնվող 10,6 հա մակերեսով հողամասը՝ շինություններով, որի մեկնարկային գինը՝ 350 մլն 468 հազար դրամ էր։
2019-ին Հայաստանում սկսեց գործել սնանկության դատարանը, որին էլ փոխանցվեց ապակյա տարաների գործարանի սնանկության այս գործը։ Դատավոր Տիգրան Փոլադյանն ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվեց սնանկության դատարան և շարունակեց քննությունը։
Սնանկ ճանաչվելուց 7 տարի անց՝ 2022-ին, աճուրդում հաղթեց «Բելգլաս» ՍՊԸ-ն։ Սակայն ընկերությունը սահմանված ժամկետում չկատարեց վճարումները, արդյունքում՝ աճուրդը համարվեց չկայացած։
Ըստ դատախազության՝ աճուրդում հաղթող ճանաչված «Բելգլաս» ՍՊԸ-ի սեփականատերերը գործարանի գույքը ձեռքբերելու նպատակով 2023-ին հանդիպել են իրենց ընկերոջը՝ հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանի փեսային՝ Կարապետ Գուլոյանին, որի կինը՝ Գայանե Ծառուկյանը, «Բելգլասի» 4 բաժնետերերից մեկն է։ Մյուս երեք բաժնետերերն են Արաշ Նոսրաթիալմանդարին, Գարեգին Մկրտչյանը և Անի Մելիքյանը։ Հանդիպման ժամանակ Կարապետ Գուլոյանը հիշել է, որ ծանոթ է այդ գործով զբաղվող սնանկության կառավարիչ Տիգրան Հարությունյանին և խոստացել է լուծել խնդիրը, այն է՝ վաճառել գույքը և բաժանել հասույթը։
Կարապետ Գուլոյանը հանդիպել է սնանկության կառավարչին՝ Տիգրան Հարությունյանին, նա էլ խոսել է գործը քննող դատավորի՝ Տիգրան Փոլադյանի հետ։ Հարությունյանը դատավորին սցենար է առաջարկել, ըստ որի՝ դատարանը պետք է չեղարկեր նախորդ աճուրդը ու նոր աճուրդ նշանակեր, իսկ «Բելգլասը» որը նախորդ աճուրդում հաղթել էր, բայց գումարը չէր վճարել, պիտի բողոքարկեր դատարանի որոշումը։ Դատավորը պիտի բավարարեր բողոքը, արդյունքում՝ «Բելգլասը» կվճարեր այն գումարը, որը նախորդ անգամ չէր կարողացել վճարել ու կգներ աճուրդի հանված լոտը։
Դատավոր Փոլադյանը դրա իրականացման համար ուզել է 150 հազար դոլար, որը պետք է փոխանցվեր մաս-մաս։ Թե ինչ մասնաբաժին պետք է ստանային գործի մյուս կողմերը, մեղադրական եզրակացությունը չի բացահայտում։
2023-ի դեկտեմբերի 12-ին Կարապետ Գուլոյանը Տիգրան Հարությունյանին տվել է 20 հազար դոլար կաշառք, որն էլ նույն օրը գումարը փոխանցել է դատավոր Փոլադյանին։ Կաշառքի դեպքը իրավապահները բացահայտել են, գործը քննվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։
Հակակոռուպցիոն քրեական դատարանի 2024-ի սեպտեմբերի 13-ի դատական նիստում մեղադրյալներից Արաշ Նոսրաթիալմանդարին, Գարեգին Մկրտչյանը և Կարապետ Գուլոյանը հայտարարեցին, որ կարծիք չունեն մեղադրական եզրակացության վերաբերյալ, իսկ սնանկության նախկին կառավարիչ Տիգրան Հարությունյանը չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը։ Լիազորությունները կասեցված դատավոր Տիգրան Փոլադյանին դատարանը որոշեց լսել հաջորդ նիստին։
Այս նախադեպը մեզ հուշեց ուսումնասիրել և հասկանալ՝ ինչպես է տեղի ունենում սնանկության գործընթացը Հայաստանում, որոնք են բացերը, և արդյոք թափանցիկ է սնանկացած ընկերությունների գույքի աճուրդային կարգով օտարման գործընթացը։
Սնանկության ճանապարհը
Սնանկության գործընթացը սկսվում է, երբ անձը ներկայացնում է կամավոր սնանկության դիմում, կամ երբ պարտատերն է ներկայացնում նրան սնանկ ճանաչելու միջնորդություն։
«Սնանկ ճանաչելու նպատակը պարտապանի և պարտատիրոջ հարաբերությունը հավասարակշռության բերելն է»,— ասում է սնանկության գործերով կառավարիչ Տիգրան Ստեփանյանը։
Դիմումը ստանալուց հետո դատարանը կարող է.
- անձին /կազմակերպությանը/ սնանկ ճանաչել,
- վերադարձնել կամ մերժել դիմումը։
Առաջին տարբերակի դեպքում գործին կցվում է սնանկության կառավարիչ, հրավիրվում է պարտատերերի ժողով և որոշվում է՝ ներկայացնե՞լ առողջացման ծրագիր, թե՞ ոչ։
Առողջացման ծրագիր կարող են ներկայացնել պարտատերերը կամ կառավարիչը։ Ծրագիրը հաստատելու համար անհրաժեշտ է պարտատերերի ժողովի համաձայնությունը։ 2023-ին սնանկ ճանաչված 2550 սուբյեկտից միայն 49-ին է ներկայացվել առողջացման ծրագիր, հաստատվել է դրանցից ընդամենը 20-ը։
Առողջացման ծրագրի չհաստատման դեպքում կառավարիչը սկսում է ցուցակագրել սնանկ ճանաչվածի գույքը։
«Այդ գույքը գնահատում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ, պարզվում է շուկայական արժեքը, դրվում է աճուրդի և վաճառվում։ Ընդ որում՝ գույքի սեփականատերն ունի առավելություն. կարող է գնել այդ գույքը՝ վճարելով հենց մեկնարկային գինը։ Սա արդար է, որովհետև միշտ էլ ցանկալի է մարդուն չզրկել իր գույքից»,— կարծում է Տիգրան Ստեփանյանը։
Վերջին տարիներին գնալով ավելանում է սնանկ ճանաչվածների թիվը։ Անցյալ տարի սնանկ է ճանաչվել 2550 անձ, նրանց 80%-ը ֆիզիկական անձինք են։
«Իրավաբանական և ֆիզիկական անձանց սնանկացումն ունի մի շարք առանձնահատկություններ։ Եթե սնանկության վարույթի շրջանակում իրավաբանական անձը կարող է լուծարվել, ֆիզիկական անձը, բնականաբար, չի կարող»,— նշում է սնանկության գործերով կառավարիչ Տիգրան Ստեփանյանը։
Վարկ վերցրած և այն սահմանված ժամկետում չմարած իրավաբանական անձինք բանկի հետ քննարկումների արդյունքում որոշ դեպքերում կարողանում են հետաձգել մարման ժամկետները։ Ֆիզիկական անձանց պարագայում այս սցենարը գրեթե չի գործում՝ ասում է Տիգրան Ստեփանյանը.
«Կարծում եմ՝ ֆիզիկական անձանց ավելի շատ է անհրաժեշտ պաշտպանություն։ Որովհետև իրավաբանական անձանց ղեկավարները, որպես կանոն, ֆինանսական գրագիտությամբ և բիզնես հոտառությամբ փորձառու բիզնեսմեններ են, բայց ֆիզիկական անձանց համար նույնն ասել չենք կարող»։
Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիայի նախագահ Արսեն Չիտչյանի խոսքով՝ առողջացման ծրագիր ներկայացնելու ամենակարևոր նախապայմանը ֆինանսն է։
«Հայաստանում ոչ մի բանկ չի ֆինանսավորի սնանկացող ընկերության։ Բանկերը գումար տալու համար գրավ են ուզում, իսկ սնանկացող ընկերությունների մեծ մասն այլևս գրավադրման գույք չունի»,— ասում է նա։
Արսեն Չիտչյանը բացառում է կառավարչի միջամտությունը աճուրդի գործընթացին։ Աճուրդը տեղի է ունենում օնլայն, և ցանկացած մարդ կարող է դիմում ներկայացնել, սնանկության հատուկ հաշվին փոխանցել կանխավճար՝ 5%, որը չի կարող անցնել 5 մլն դրամը, և մասնակցել աճուրդին։ Եթե աճուրդի մասնակիցը պարտվում է, նրա գումարը վերադարձվում է։
Անունը հանրայնացնել չցանկացող մի քաղաքացի մեզ այլ բան պատմեց։ Նա սեփական փորձով պնդում է, որ սնանկության գործընթացում ապօրինությունների ռիսկերը շատ են և սկսվում են դրանք գույքի գնահատման գործընթացից.
«Շատ հաճախ գնահատող կազմակերպությունները համագործակցում են կառավարիչների հետ և գույքը գնահատում այնպես, ինչպես հարմար է իրենց։ Օրինակ, երբ պետք է գնահատեին իմ խանութը, որը գտնվում էր Աբովյանում, գնահատողը չէր գտել հասցեն և գնահատել էր մեկ այլ խանութ։ Երբ դատարանում ասացի, որ գնահատված խանութն իմը չէ, դատավորը պատասխանեց, որ տարբերություն չկա, քանի որ երկուսն էլ Աբովյանում են։
Լինում է, որ գույքը միտումնավոր ցածր են գնահատում, որպեսզի այն ձեռք բերեն իրենց փոխկապակցված անձինք։ Երբեմն էլ բարձր են գնահատում, որպեսզի ավելի շատ տոկոսներ ստանան դրանց վաճառքից»։
Առաջին աճուրդի ժամանակ չվաճառված անշարժ գույքի գինն իջնում է 10%-ով, շարժականինը՝ 20%-ով։ Չվաճառված ոսկին կամ ադամանդն էժանանում են 2-3%-ով։
Ինչպես է վաճառվում աճուրդի դրված գույքը
Ենթադրենք՝ ուզում եք աճուրդի դրված գույք գնել, որտե՞ղ կփնտրեք։ Եթե սոցցանցերում փնտրեք, չեք գտնի։ Գերատեսչությունների կայքերում կամ որոնողական համակարգերում գրվող բանալի բառերն էլ չեն օգնի։
Սնանկացած իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ աճուրդի դրված գույքի մասին ինֆորմացիա հնարավոր է գտնել Արդարադատության նախարարության ստեղծած պաշտոնական հայտարարությունների Azdarar.am կայքում։ Եթե զինվեք համբերությամբ ու երկար փնտրեք, հնարավոր է հաջողեք, բայց քիչ հավանական է։ Ասենք, եթե բանալի բառերով՝ աճուրդ «Գլաս Ուորլդ Քամփնի», փորձեք գտնել ձեզ հետաքրքրող ինֆորմացիան, ապա կունենաք 105.153 արդյունք. տպավորություն է, որ աճուրդի հանված ապրանքը թաքցնում են պոտենցիալ գնորդից։
Մինչդեռ պետական այլ գերատեսչությունների կայքերում շարժական և անշարժ գույքի աճուրդների մասին հայտարությունները շատ արագ կգտնեք։ Պետական գույքի կառավարման կոմիտեի կայքում, օրինակ, կա առանձին բաժին աճուրդների համար։ Այստեղ յուրաքանչյուր հայտարարությանը կցված են վաճառվող գույքի նկարները։ Աճուրդների մասին հայտարարությունները տեղադրվում են նաև Կոմիտեի ֆեյսբուքյան էջում, ինչն ավելի է մեծացնում տեղեկատվության տարածման հավանականությունը։ Կոմիտեն նաև տեսանկարահանում է աճուրդները։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կայքում նույնպես համեմատաբար հեշտ է գտնել տեղեկատվություն աճուրդի հանված գույքի մասին։ Այստեղ ևս հայտարարությանը կցված են լուսանկարներ։
Azdarar.am-ի դժվար հասանելիությունը աճուրդի դրված անշարժ գույք գնելու գործընթացում միակ խոչընդոտը չէ։ Աճուրդներն անցկացվում են սնանկության կառավարիչների կոլեգիայի շենքում, որտեղ կարող են ներկա լինել միայն սնանկության կառավարիչը, հայտ ներկայացրած և կանխավճար փոխանցած անձինք։ Աճուրդը չի նկարահանվում։
Այսինքն, սնանկացած մարդկանց գույքը վաճառվում է նեղ շրջանակում և փակ դռների հետևում։
Սնանկության չգործող էլեկտրոնային համակարգը
2021-ի հունիսի 15-ին Արդարադատության նախարարությունը ավելի քան 172 մլն դրամի պայմանագիր կնքեց «Հարմոնիա» հիմնադրամի հետ՝ էլեկտրոնային սնանկության համակարգ ստեղծելու համար։ Ենթադրվում էր, որ համակարգը թափանցիկ ու բոլորին հասանելի կդարձնի սնանկության ընթացակարգը։ Արդարադատության նախարարությունից մեզ հայտնեցին, որ պայմանագրով նախատեսված աշխատանքն ավարտված է, և նախարարությունն ընդունել է այն:
Էլեկտրոնային սնանկության համակարգը, սակայն, չի գործում։ Նախարարության՝ մեզ ուղղված գրավոր բացատրությունը մեկնաբանության կարիք չունի. «Էլեկտրոնային սնանկության դատական մոդուլի և մյուս դատական համակարգերի պատշաճ գործարկման հիմնական խոչընդոտը գործող «Դատական համակարգ» («CAST») ծրագրի տեխնիկական խնդիրներն են: Վերջինս հնացած է, չունի սահուն փոխգործելիության ապահովման պատշաճ հնարավորություններ, զուգահեռաբար ջրի արտահոսքի հետևանքով վնասվել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ դատական դեպարտամենտի սերվերային ենթակառուցվածքը: Ներկայում մշակվում են խնդրի համակարգային հասցեագրմանն ուղղված լուծումներ»:
Արդարադատության նախարությունից նաև փոխանցեցին, որ Թվայնացման խորհրդի որոշմամբ՝ աշխատանքների ներկա փուլը «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի իրավասության տիրույթում է:
Այս տարի մարտի 26-ին Արդարադատության նախարար (հիմա արդեն՝ նախկին նախարար) Գրիգոր Մինասյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել էր, որ էլեկտրոնային սնանկության համակարգն արդեն փորձարկման փուլում է և շուտով կգործարկվի։ Այսօր՝ ավելի քան կես տարի անց, համակարգը դեռ չի գործում, հայտնի էլ չէ, թե երբ կգործարկվի։
Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարում» հիմնադրամի աջակցությամբ 2019-ին ՀՀ կառավարությունն ստանձնել էր սնանկության համակարգի շարունակական բարեփոխման պարտավորություն։ Այս համակարգի գործարկումը հենց այդ ծրագրի շրջանակում է։
Փաստորեն, Արդարադատության նախարությունը ծախսել է 172,8 մլն դրամ՝ ստեղծելու համար մի համակարգ, որը դեռ սնանկ է ու չի գործում՝ չհաշվարկված տեխնիկական խնդիրների պատճառով։ Բացառված չէ, որ համակարգի գործարկումից հետո կծագեն նոր խնդիրներ, որոնց լուծման համար կարիք կլինի հերթական կլորիկ գումարով մի նոր համակարգ մշակել՝ վերացնելու համար նախորդի թերությունները։ Մինչ այդ՝ սնանկության գործընթացը կմնա այն պղտոր ջուրը, որտեղ կարելի է միլիոններ լվանալ։
Սույն նյութը իրականացվել է «Ուսանողական լրագրողական հետաքննություններ» ծրագրի շրջանակում «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության կողմից՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Սույն նյութի մեջ արտահայտված կարծիքների և դիրքորոշումների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և նրա աշխատակիցների տեսակետների հետ պարտադիր չէ։
Հեղինակներ՝
Ուսանողներ
Արմեն
Ղազարյան
Ուսանողներ
Լիլիթ
Գրիգորյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Տիրայր
Մուրադյան
Դասախոսներ
Էդիկ
Բաղդասարյան
Դասախոսներ
Գարիկ
Հարությունյան
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան
Թիմ՝
Թիմ
Հարություն
Մանսուրյան