citizenship-without-passport
Long ReadՀունվար 30/2023
  • armenian
  • english

Քաղաքացիություն՝ առանց անձնագրի. մի անօթևանի պատմություն

Զեյթունի շենքերից մեկի լքված նկուղում ապրում են երկու անօթևան, մեկն իրանահայ է, մյուսը՝ գերմանահայ Վահրամ Հովհաննիսյանն է։ Բետոնե հատակին երկու ներքնակներ են, սննդի և ծխախոտի մնացորդներ։ Սանհանգույց կա, բայց սանհանգույցում ոչ լույս կա, ոչ՝ ջուր։

Քաղաքացիություն՝ առանց անձնագրի.png

Վահրամը դժվարությամբ է քայլում։ Ասում է՝ չի սիրում նկուղում երկար մնալ․ «Դուրս եմ գալիս տաք արևին, չնայած հիվանդ եմ ու հազում եմ»։ Ամանորին Վահրամը ծանր թոքաբորբ է տարել, ինչի հետևանքով հիմա էլ հաճախ շնչարգելություն ունի։ Պատմում է, որ հիվանդության ծանր պահին շտապօգնություն է կանչել, եկել են, ներարկումներ արել, բայց հիվանդանոց չեն տեղափոխել՝ պատճառաբանելով, որ Վահրամը Հայաստանի քաղաքացի չէ։

Վահրամի հետ առաջին հանդիպումը նոյեմբերի 11-ին էր: Արդեն 9 ամիս դրսում էր ապրում՝ Հանրապետության հրապարակի այգում։ Ցուրտ և անձրևոտ օրերին գիշերում էր մետրոյի տարածքում: Ասում էր՝ գումար չի վերցնում. «Ես անտուն եմ, բայց հո մուրացկան չեմ»: Խոսքի մեջ օգտագործում էր գերմաներեն բառեր, զուգահեռներ էր տանում Հայաստանի և Գերմանիայի միջև:

Կյանքը թվերով (նոյեմբերի 11, մետրոյի Հանրապետության հրապարակ կայարան)

Վահրամն եմ, ծնվել եմ 1977-ին Երևանում, 3-րդ մասում:

1993-ին ավարտեցի Սախարովի №69 ռուսական դպրոցը։ Ողորմածիկ հերս պոլիտիկայով էր զբաղվում, խնդիրներ առաջացան, մեզ վերցրեց, գնացինք Գերմանիա:

Սկզբից ճամբարում էինք՝ ես, պապան, մաման, քույրս։ Ախպերս էլ էնտեղ ծնվեց: 29-30 տարվա պատմություն եմ ասում։ Մի 4-5 ամիս հետո մեզ դաբրո տվեցին, ու պետությունն էր վճարում ամեն ինչի համար, միչև լեզուն սովորեինք: Մի երկու տարի անցավ, ես հա՛մ դպրոց էի գնում, որ լեզու սովորեի, հա՛մ էլ հունական ռեստորանում աշխատում էի, աման էի լվանում, ամեն-ամեն ինչ անում էի: Ավտոդպրոցում դասընթացների գնացի, որ վարորդական իրավունք ստանամ: Հարևաններն իմացել էին։ Մի օր էլ կանչեցին, գնացի։ Տարիքով մի մարդ էր, ասաց՝ ինձ նոր ավտո եմ առնելու, էս՝ քեզ։ Օպել Կադետ էր, էն ժամանակ մոդնի ավտո էր։ 18 տարեկանում արդեն մեքենա և վարորդական իրավունք ունեի։ Պետությունն էլ գործիս տեղը գտավ՝ համարյա Շվեյցարիայի սահմանին։ Հյուրանոցը «Բոդենսե» էր կոչվում, Կոնստանց քաղաքում էր։ Գնացի, 3 տարի սովորեցի «Hotel and restaurant management» (հյուրանոցային և ռեստորանային մենեջմենթ) ու սկսեցի աշխատել․

2018-ին, երբ էս հեղափոխությունը եղավ, վերադարձա Հայաստան: Գերմանիայում ամուսնացել էի։ Կին ունեի, գերմանուհի էր, զավակ ունեի: Հյուրանոցում մենեջմենթով էի զբաղվում։ Մտածեցի՝ փոխվել ա Հայաստանը, գումարով հետ եկա: Ուզում էի տուրիզմով զբաղվել։ Հեղափոխությունից հետո Հայաստան եկողները շատացել էին, տուրիզմը զարգացել էր, բայց կորոնավիրուսը տարածվեց, իսկ գործընկերս գումարները վերցրեց, փախավ Ռուսաստան:

Խաբվելու և պատերազմի մասին

Մի քիչ գումար մնաց, հետո էս պատերազմը սկսեց։ Սեպտեմբերի 27-ին, կիրակի օրը, ես եկեղեցում էի։ Պատարագի ժամանակ իմացա ու որոշեցի կամավոր գնալ:

Գնացի վայենկոմատ։ Դե, անձնագիրս գերմանական է, ասին՝ «էս ի՞նչ ա, չես կարող գնալ։ Մենք տվյալները կվերցնենք ու, եթե պետք լինի, կասենք»:

Դուրս եկա, տղաների խումբ էր կանգնած, մահապարտների ջոկատ էր։ Հարցրին՝ լուրջ պատրա՞ստ ես գալ, ասի՝ հա։

Գնացինք։ 21 օր Հադրութում էի, Տող գյուղի մերձակայքում:

Անկեղծ ասած՝ չեմ կրակել, մագազին էի լցնում, կարտոֆիլ էի մաքրում, տղերքի համար ճաշ էի սարքում:

21-րդ օրը դեմի սարից կրակեցին մինամյոտով, ոտքերս վնասվեցին։ Ծնկներիցս ներքև ամբողջն ապակի էր։ Կանգնած էի, չէի ընկել, բայց բան չէի լսում։ Կանտուզիա ստացա:

Տղերքը բերին, հասցրին Էրեբունի հիվանդանոց, երկու ամիս բուժվեցի, դուրս եկա։

Ում դիմում եմ, ասում են՝ «ՀՀ քաղաքացի չես, ի՞նչ ես ուզում, գնա, ինքդ բուժվի»։

Ամեն ինչ ես եմ արել, տենց էլ մոտիս գումարը ծախսվեց, գնաց:

IMG_7214.jpg
Վահրամի գերմանական բժշկական ապահովագրության քարտը

2022 թվականի ապրիլին մնացի անօթևան: Էդ տունն էլ, որ ապրում էի, պայմանագրով էր։ Ծանոթ աղջկա անունով էի արել։ Որ տեսնում էին միայնակ տղա եմ՝ Գերմանիայից եկած ու գերմանական անձնագրով, ինձ տուն չէին տալիս։ Սկզբից 65.000 դրամ էի վճարում, հետո դարձրին 70.000՝ մեկ սենյականոցի համար։ Էդ տարվա սկզբին էլ, ռուսները որ եկան, տանտերը թե՝ «բարձրացնում ենք 100.000, ուզում ես՝ մնա, չէ՝ գնա»:

Բարեկամներիցս ում դիմել եմ, հանել են մի հազար դրամ տվել, ասել են՝ կներես, էսքանն ա: Հարուստ հորաքույր ունեմ։ Խնդրել եմ՝ գառաժ ունեք, գամ, մնամ, ասել ա՝ չեմ կարող, տղես կխոսա: Իսկ ստեղ (այգում) բարի մարդիկ շատ կան:

Դասընկերներ ունեի։ Որ նոր էի եկել, գումարներս բաժանում էի, հիմա, երբ ես եմ մոտենում, ասում են․ «Կներես, չեմ կարող օգնել»։

Վահրամը 06.07.2022-ին դիմել է Ոստիկանություն՝ Հայաստանի քաղաքացի ճանաչվելու և ՀՀ անձնագրով փաստաթղթավորվելու համար։ Պատասխանել են, որ նա ճանաչվել է ՀՀ քաղաքացի: Անձնագրային կենտրոնական բաժանմունքում նրան ասել են, որ փաստաթուղթ ստանալու համար պակասում է միայն զինվորական գրքույկը: Վահրամը պատմում է, որ գնացել է Երևանի №2 զինկոմիսարիատ, այնտեղ նրան ընդունարանից առաջ չեն թողել, դիմումը գրել է ընդունարանում, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացել:

Փաստաթղթերը (նոյեմբերի 11, մետրոյի Հանրապետության հրապարակ կայարան)

Հիմա ՀՀ քաղաքացիություն եմ ուզում ունենալ։ Գնացի վարչապետի գրասենյակ, լսեցին պատմությունս, լավ անձնակազմ էր, դիմումս ընդունեցին:

Ուղարկեցին Օվիր՝ պետի մոտ, տաքսու գումար էլ տվին, որ տրանսպորտ չնստեմ: Պետն ընդունեց, լրիվ թղթերը տվեց։ Քաղաքացիությունը լինի, որ գոնե թոշակ ստանամ, հանրակացարանում տեղ տան։ Պիտի վայենկոմատ էլ գնամ, որ վայեննի բիլետս հաստատեն:

Գնացել, դիմում եմ գրել, ասում են՝ 1-2 ամիս կտևի։ Գնում-գալիս եմ, էնտեղ նստած մայոր Ղազարյան կա, ասում ա՝ էս տեսքով մոտս մի՛ մտի։ Դուռը ծեծում, հարցնում եմ՝ կարելի՞ ա։ Ասում ա՝ էլի՞ դու էկար։

Ասում եմ՝ «Անօթևան եմ, կոստյում, գալստուկ ո՞նց առնեմ»։ Ներս չի թողում։ Դիմումը ընդունարանում եմ գրել:

Հեն ա, էս գիշեր իջել, մետրոյում եմ քնել։ Չի կարելի, բայց լավ ա գոնե ինձ ճանաչում են, օգնում են, թույլ են տվել քնեմ։

Ապրիլին, երբ եկա էս այգին, հեռախոս ունեի։ Առաջին օրերին դա էլ գողացան:

Այգում մարդկանց եմ օգնում։ Վերնիսաժում պապիկ կա աշխատող, նրա ծանր իրերն եմ տանում-բերում։ Խանութներին եմ օգնում, աղբն եմ թափում, գումար են տալիս։

Ախր, խնդիրը մենակ տուն-տեղը չի։ Շաբաթը մեկ գնում եմ վստրեչի բաղնիքում լողանում եմ, բայց հագուստիս հարցը մնում ա։ Ամառը գոնե էս այգու շատրվանների մեջ եմ լվանում, բա ձմե՞ռը… Ապաքինվել եմ ուզում, երկու օր նորմալ քնել եմ ուզում:

Գնացի 16 օր Նալբանդյանի այգում աշխատեցի։ Թութակներ, պավլիններ կային, փոքրիկ գազանանոցի նման բան էր, բայց մենակ թռչուններ էին: Տեղ էին տվել ապրելու, փոքր բուդկա էր։ Առավոտ 5-ից կերակրում էի, շներ էլ ունեին, իրենց էլ էի կերակրում, օրը՝ 2000 դրամ։ Ընթացքում обнаглели (լկտիացան), գործս ավարտում էի, ասում էին. «Արի, հիմա էլ այգին պետք ա ավլես, ավտոս պետք ա լվանաս»։ Գիտեն, որ անօթևան եմ, ի՞նչ կարամ անեմ՝ ոչ մի բան…

Ուզում էի աշխատանքս ավարտեի, գնայի մի քիչ քաղաքում ման գայի, մարդկանց հետ շփվեի, չէին թողում։ Ես էի ու կենդանիները, 16 օր աշխատեցի, դուրս եկա:

Էնքան ստորություններ կան, բայց լավ մարդկանց էլ եմ հանդիպել, նեգատիվով պատված չեմ:

ՀՀ Ոստիկանության պատասխանը Վահրամի հարցմանը.png
ՀՀ Ոստիկանության պատասխանը Վահրամի հարցմանը

Այրված իրերը (դեկտեմբերի 7, մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանի տարածքում)

Թույլ են տվել ինձ քնել մետրոյի աստիճանների մոտ, անկյունում, որ չերևամ։ Իրերս թողել էի աստիճանների հետևում: Երեկ ժամը չորսի կողմերը աշխատում էի այգում, կանաչապատմանն էի օգնում: Մետրոն, Եվրատեսիլի հետ կապված, փակ էր։ Մեկ էլ մի ոստիկան վազելով եկավ, ասում ա. «Վահրա՛մ, շուտ իջի ներքև»։ Իջա, տեսնեմ իրերս վառվում են:

DSC03115 Medium.png
DSC03125.jpg

Շորերս՝ 6 տոպրակ, այրվեցին, անձնագիրս, փաստաթղթերս չկան։ Հարցրի աշխատակիցներին. «տեսախցիկը էդտեղ ցույց տալի՞ս ա», ասեցին՝ չէ։ Չգիտեմ՝ ոնց ա այրվել, սիգարե՞տ են գցել, հատո՞ւկ են արել՝ չգիտեմ:

Իրերս Համլետ ձյաձյայի (շատրվանների աշխատակիցն է) մոտ էին, ինքը գնացել ա օպերացիայի, դրա համար բերել էի ստեղ:

Քրիստինան (աղջիկ է, որն օգնել է Վահրամին, սնունդ ու հագուստ է բերել) էր զանգել, ասեցի դեպքի մասին։ Իրա հեռախոսի մեջ կա իմ անձնագիրը, գնաց ամուսնու հետ Գերմանիայի դեսպանատուն, ասել էին՝ 180 եվրո արժի, թող վճարի, կվերականգնենք: Չեմ գտնում էնպիսի աշխատանք, որ հա՛մ ապրեմ, հա՛մ էկանոմիա անեմ, որ էդ փողը հավաքեմ, տամ ու գնամ: Վախի մեջ եմ ապրում։ Քնած եմ լինում, գալիս են խփում-բզում, թե բա՝ սիգարետ տուր:

Նկուղում

Լյուդմիլա անունով կին կա էստեղ, երկու հարյուր հազար դրամ վրես փող ա ծախսել, դեղորայք ա առել, տարավ ինձ հիվանդանոց ռենտգեն արեց, ջուր էր լցնում թիկունքիս: Դե գիշերները էդ կինը հո չի կարող գա, արդեն սովորեցի, ինքս ինձ մկանային էի անում: Էս դեղերի արդյունքում էլ ամբողջ մարմինս ցան ա:

IMG_7232.jpg

Շտապօգնությունն էլ չի տանում՝ ՀՀ քաղաքացի չեմ։ Ուր ասեք՝ զանգել բողոքել եմ, էդ կինը՝ Լյուդմիլան, անգամ ասում ա «что это за страна такая» (այս ինչ երկիր է), մեկ ա բոլորին, ուղղակի մեռի՜, մեռի՜: Ցավերի ժամանակ, /Շտապօգնությունը/ գալիս ա դեղ-մեղ սրսկում, բայց մի քանի դեպքից հետո ասեցին. «էլ մի զանգեք, հիվանդանոց դիմեք»: Է՜, ո՞նց դիմեմ, հնարավորություն չունեմ: Դեկտեմբերի 20-ից հետո վատ եմ, քայլել չէի կարողանում, տեսնեիք, կմտածեիք՝ հարբած եմ։ Չորեքթաթ եմ գնացել զուգարան:

Ելք կա՞

4-րդ գյուղում անօթանների կացարան կա, գնացի, ջուր չկար, ջրի կռիվ էր: Մեծահասակներ էին հիմնականում ու հոգեկան խնդիրներ ունեին: Դրսում կանգնած ծխում էի, մեկը կար, եկավ կախվեց ուսերիցս, ասում ա՝ «Կարեն, եկել ես ինձ տանե՞ս»։ Կարծում էր, թե ես իր տղեն եմ: Մի օր մնացի, ասեցի. «Կներեք, էլի, բայց պետք ա գնամ, չեմ կարող էստեղ մնալ»։ Տնօրենն ասաց. «Հա, մենք մտածել էինք, որ ավել չես մնա, գնա»:

Մի օր էլ չդիմացա, գնացի ապտեկայից քնաբեր առա ու սպիրտ։ Ասի՝ խմեմ ու քնեմ, ես էլ իմաստ չեմ տեսնում ապրելու։ Չեմ էլ ուզում գնամ մոստից գցվեմ։ Առավոտը վեր եմ կենում, երկու կոպեկ աշխատում, որ մի բան ուտեմ ու էլի քնեմ։ Ամեն օր նույնը։ Ես սովոր չեմ էս կյանքին։

Կինո կար՝ «День сурка» (Արջամկան օրը) էր կոչվում, ոնց որ էդ լինի։ Իմա՞ստը, ինչի՞ համար եմ ապրում: Մարդկանց հեշտ ա, կողքից խոսում են՝ ջահել տղա ես, քեզ կարգի բեր։ Որտե՞ղ ինձ կարգի բերեմ, ո՞ւր գնամ:

Չեմ էլ կարողանում ծանր աշխատանք անեմ, որ օրը մի 10.000 տան․ ոտքերս, ձեռքերս վնասված են։ Օֆիսում էլ, թարգմանություն անելու, ո՞վ ինձ սենց կընդունի:

Հետգրություն

Նոյեմբերի 11, 2022 (առաջին զրույցը Վահրամի հետ, Հանրապետության հրապարակի մոտ)

26-27 տարի մնացել եմ էնտեղ (Գերմանիայում), ստեղի հանդեպ կարոտ կա մեջս։ Միգուցե էնտեղ բուժումը ավելի լավ ա, բայց ստեղ ուրիշ ա։ Քայլում եմ այգով, ուրիշ ա մեր տերևների հոտը։ Էնտեղ էլ ա սիրուն, բայց արհեստական ա։ Լոլիկի եղածն ի՞նչ ա․ նայում ես, խանութում դրած ա, ո՛չ հոտ կա, ո՛չ՝ համ…

Դեկտեմբերի 7, 2022 (Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ)

Ձեզ չթվա՝ ամեն օր որոշումս փոխում եմ, բայց էստեղ ես ինձ ապահով չեմ զգում։ Ավելի լավ ա՝ գնամ (Գերմանիա):

Հունվարի 20, 2023 (Զեյթունի շենքերից մեկի նկուղի մոտ)

Վահրամին վերադարձրեցի իր փաստաթղթերը։ Միրգ էի տարել։ Թեթև ժպտաց, աչքերը լցվեցին, մոտեցավ, որ գրկի, դողում էր, դեռ հիվանդ էր: Ուզում էր անձնագրի հարցը լուծել, որ հանրակացարանում տեղ գտնի:

Հեղինակ՝

Ուսանողներ

Աստղիկ

Հովհաննեսով

Դասախոս՝

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան