forgotten-villages-of-armenia
Long ReadՍեպտեմբեր 26/2023

Հայաստանի մոռացված գյուղերը՝ որպես արցախահայության վերաբնակեցման հնարավոր լուծումներ

2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը արգելափակեց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ 10 ամիս տևած շրջափակման հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծվեց։

2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց պաշարված Արցախի դեմ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը։ Սեպտեմբերի 20-ին հրադադար կնքվեց՝ Արցախի Պաշտպանության բանակի կազմալուծման և զինաթափման պայմանով։ Բնակչությունը բռնի տեղահանվեց, և սկսվեց արցախահայության մեծ հոսք դեպի Հայաստան։ Սեպտեմբերի 26-ին ժամը 20:00-ի դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել տեղահանված ավելի քան 20 հազար անձ: Նույն օրվա տվյալներով նրանցից 532-ը տեղավորվել են Վայոց ձորի մարզում։

Միլենա Ավետիսյան Large.png

Հետք Մեդիա Գործարանի ուսանողների մի խումբ շրջափակման 6-րդ ամսում սկսեց ուսումնասիրել փոքրաթիվ բնակչություն ունեցող հայաստանյան գյուղերը։ Ծրագրի նպատակն էր «գույքագրել» Հայաստանի՝ 100–ից պակաս բնակիչ ունեցող գյուղերը, ներկայացնել այդ գյուղերի աշխարհագրությունը, ռեսուրսները, ենթակառուցվածքները, մարդկանց կյանքը, բնակչության դինամիկան և դրանց պատճառահետևանքային կապերը։ Փորձում էինք նաև հասկանալ՝ արդյոք դիտարկվո՞ւմ են այս գյուղերը արցախահայության հնարավոր վերաբնակեցման համար, և ինչ է արվում այդ ուղղությամբ։

Հայաստանում կա 953 գյուղ, որոնցից 122-ը՝ գրեթե 13%-ը, կա՛մ չունեն բնակչություն, կա՛մ ունեն 100-ից պակաս բնակիչ։

Map.jpg

Ծրագրի առաջին փուլն սկսեցինք Վայոց ձորից։ Մարզում կա 100-ից պակաս բնակիչ ունեցող կամ դատարկված 12 գյուղ. Վայք համայնքում՝ Կապույտ, Նոր Ազնաբերդ, Հորադիս, Ախտա, Ուղեձոր, Արենի համայնքում՝ Գնիշիկ, Մոզրով, Ամաղու, Եղեգիս համայնքում՝ Սևաժայռ, Արատես, Գետիկվանք, Կալասար։

Վայոց ձորի մարզ, Վայք համայնք

gyugh_3.jpg
Վայքում եղել ենք Ուղեձոր, Ախտա, Նոր Ազնաբերդ, Կապույտ, Գոմք գյուղերում։

Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանի խոսքով՝ իրենց մտահոգություններից մեկը խմելու ջրի խնդիրն է։ Աշխատանքներ արել են, բայց համայնքի սահմանափակ ֆինանսով պայմանավորված՝ խնդիրն ամբողջությամբ լուծված չէ։ Համայնքում գազիֆիկացված են Զառիթափ, Արին, Ազատեկ գյուղերը։ Այն գյուղերում, որտեղ չկա դպրոց կամ մանկապարտեզ, համայնքի տրամադրած տրանսպորտային միջոցով երեխաները գնում են հարևան գյուղեր։ 15 բնակավայր միավորող համայնքում շտապօգնության մեքենա կա միայն Վայքում։

Matevosyan without logo.jpg
Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը

Վայք համայնքի 2022-2026թթ․ զարգացման ծրագրում նշված է 2020-ի պատերազմից հետո Վայքում հաստատված 41 բնակչի մասին։ Վայքի համայնքապետը մայիսին մեզ հետ զրույցում մանրամասնում էր.

— Եկածները նախկինում մեր գյուղերի բնակիչներ են եղել, հետո տեղափոխվել են Արցախ, հիմա վերադարձել են Վայք։ Այս պահին ունենք ընտանիքներ Գոմք և Սերս գյուղերում։

— Որևէ աջակցություն ստանո՞ւմ են։

— Հա, իհարկե, գիտեմ, որ միշտ էլ աջակցություն ստացել են։

— Ո՞վ և ի՞նչ աջակցություն է տրամադրում։

— Վերջերս ինչ-որ հասարակական կազմակերպություն գումարի տեսքով քարտեր էր տրամադրում։

— Համայնքի կողմից որևէ բան տրամադրվե՞լ է։

— Եթե դիմել են, տրամադրվել է, իհարկե։

— Համայնքի բյուջեից ինչքա՞ն գումար է տրամադրվել։

— Համայնքի բյուջեից գումար չի տրամադրվել, բայց ինչ-որ մեկին խնդրել եմ, ինքն է տվել, կամ ես եմ տվել։

Համայնքապետի հետ մեր այս հարցազրույցից անցել էր 3 ամիս, ու քիչ բան էր փոխվել համայնքում։ Բայց արցախյան վերջին իրադարձություններն ազդեցին նաև Վայքի հանդարտ կյանքի վրա։

Համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Անուշ Ղազարյանը փոխանցեց, որ սեպտեմբերի 24-ի գիշերվանից տեղահանված արցախցիներ են գալիս Վայք, մարդկանց հոսքը շարունակվում է։ Նախ իրականացվում է նրանց հաշվառում, կարիքների գնահատում, այնուհետև տեղափոխվում են Վայքի, Ջերմուկի, Եղեգնաձորի հյուրանոցներ, հյուրատներ, առողջարաններ։ Համայնքապետարանից չհստակեցրին՝ քանի մարդ են ընդունել և քանիսին դեռ կարող են ընդունել։ Մեր ոչ պաշտոնական տեղեկություններով 400-500 մարդ է արդեն հաշվառվել Վայքում։

Հատված Անուշ Ղազարյանի հետ սեպտեմբերի 25-ի մեր զրույցից.

— Տեղահանվածներին առաջարկվե՞լ է տեղափոխվել, ապրել գյուղերում։

— Առաջարկել ենք, նույնիսկ անձնական տներ ենք առաջարկել, բայց հրաժարվել են։ Ուզում են քաղաքներում, Երևանին մոտ ապրել, ասում են՝ հազիվ պրծել եկել ենք, մեզ մի տարեք սահմանին մոտ։

— Ինչքա՞ն են հյուրանոցներում մնալու։

— Ոչինչ հիմա հստակ չէ, բոլորին կտեղավորենք, կսպասենք Կառավարության ցուցումներին։

— Մինչ այս համայնքում ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել։

— Հատուկ խումբ էր ձևավորվել, որն ուսումնասիրել է, թե որտեղ քանի մարդ է հնարավոր տեղավորել։ Մանրամասներ չեմ կարող հայտնել։

Գոմքի վարչական ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը սեպտեմբերի 25-ին ասաց, որ հրադադարի կնքումից հետո մինչև արցախցիների սեպտեմբերյան բռնի տարհանումը իրենք նախնական վերլուծություն են արել՝ Գոմքում կա 8, Կապույտում (մտնում է Գոմքի մեջ)՝ 9 տուն, որոնց տերերը բացակայում են, և իրենք կարող են դրանք տրամադրել արցախցիներին։ Երկու գյուղերում միասին կարող են տեղավորել մինչև 100 մարդ։ Կապույտի տները երկար տարիներ կողպված են, և Մխիթար Հովհաննիսյանի խոսքով՝ գուցե գույքի խնդիր լինի։ Գոմքի տներն արժեն 2-6 մլն դրամ։

27.jpg
Գոմքի վարչական ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը

Սեպտեմբերի 26-ին Մխիթար Հովհաննիսյանը հայտնեց, որ Արցախից բռնի տեղահանված երկու ընտանիք համաձայնել է տեղափոխվել Գոմք. «Այս պահին գույքով ապահովված է 4 տուն։ Հիմա արդեն գյուղում ցուրտ էլ է։ Անհրաժեշտության դեպքում երկու գյուղում միասին 18 տուն կարող ենք կարգի բերել և տրամադրել տեղահանվածներին»։

Մեր ուղևորության հիման վրա ներկայացնենք, թե ինչ կա Վայքի՝ 100-ից պակաս բնակիչ ունեցող կամ դատարկված գյուղերում, ինչ առաջնային խնդիրներ ունեն այստեղ ապրողները։

Ուղեձոր, Հորադիս, Ախտա գյուղերում պաշտոնական թվերով՝ բնակչություն չկա։

16.jpg

Ուղեձորում 90-ականներից մարդ չի ապրում, ամռան առատ խոտի պատճառով հարակից գյուղերից մինչև 20 տնտեսություն գալիս, անասնապահությամբ է զբաղվում։ Հովեկները Ուղեձորում չեն տնավորվում՝ տարրական ենթակառուցվածքների բացակայության պատճառով. ճանապարհը քարուքանդ է, գազ չկա, Արփայի վտակ Դարբ գետի ջուրը շոգից քչանում, ցամաքում է։ Ձմռանը մայրուղի տանող ճանապարհն ամբողջությամբ փակվում է։

26.jpg

Ուղեձորում 27 կանգուն տուն կա։ Այդ տները տեր չունեն, բայց ամեն եկող ընտանիք իր տունն ունի։ Վայքի համայնքապետարանից հայտնեցին, որ օգոստոսի վերջի դրությամբ սեփականաշնորհման 20-21 դիմում են ստացել։ Պլանավորում են մեկ ամսում չափագրման աշխատանքներն ավարտել։ Հետո սեփականության իրավունքի վկայական կտան այն մարդկանց, որոնք վերջին տարիների ընթացքում տիրապետել են տներին։

— Արցախից տեղահանվածները, եթե ցանկանան, չե՞ն կարող տուն ձեռք բերել։

— Այստեղ ազատ տուն չկա, տները տերեր ունեն։ Եթե սեփականաշնորհումն ավարտելուց հետո մնան ազատ տներ, դրանք կհաշվառվեն համայնքի բալանսում և, ըստ կարիքի, կորոշենք՝ ում հատկացնել։

— Արցախից տեղահանվածներին առաջնահերթություն կտրվի՞։

— Իմ կարծիքով՝ իրենց առաջնահերթություն պետք է տալ, բայց դա՝ իմ կարծիքով։


(Հատված սեպտեմբերի 2-ի հարցազրույցից)։

Կարդացեք նաև՝ Ուղեձոր. լքված տներով գյուղը

Ջրի բացակայության պատճառով, դեռ Խորհրդային տարիներին, Հորադիսը դատարկվել է։ Հիմա հարևան Ազատեկի բնակիչները որպես արոտավայր են օգտագործում։ Ճանապարհի դժվարանցանելիության պատճառով Հորադիս չհասանք։

Ախտան լավ անասնապահական գոտի է եղել, 90-ականներին, սողանքի պատճառով, Ախտայի բնակչությունը վերաբնակեցվել է հարակից գյուղերում։ Մենք հանդիպեցինք Ախտայի միակ մշտական բնակչին՝ Վոլոդյա Մնացականյանին։ 90-ականների սկզբին է հոր հետ Վայքից տեղափոխվել Ախտա։ Հեռանալու մտադրություն չունի, ավելին՝ ուզում է իր մեղվափեթակները 100-ի հասցնել։

28.jpg
Ախտայի միակ բնակիչ Վոլոդյա Մնացականյանի տունը

Վոլոդյայի մասին պատմող նյութը կհրապարակենք առաջիկայում։

Նոր Ազնաբերդի հիմնական բնակչությունը 90-ականներին՝ Արցախյան շարժման ժամանակ, Նախիջևանից եկած հայերն են։ Գյուղում փաստացի 68 մարդ է ապրում։ Ճանապարհը ասֆալտապատ է, ոռոգման, խմելու ջրի խնդիր գյուղում չկա։ Բայց գյուղը չունի դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն։ Երեխաները գնում են հարևան Խնձորուտ` համայնքապետարանի տրամադրած մեքենայով կամ ոտքով։ Գյուղապետի խոսքով՝ բնակչությունը նվազում է գյուղի սահմանամերձ լինելու, նաև՝ աշխատատեղ չլինելու պատճառով։

33.jpg
Map 2.jpg
Ինֆոգրաֆիկայում Հայաստանի՝ 100-ից պակաս բնակիչ ունեցող բնակավայրերը գոտիավորված են սահմանից մինչև 10 կմ, 10-20 կմ, 20 կմ-ից ավելի հեռավորությամբ։ Տեսանելի է, որ քիչ բնակչությամբ գյուղերը հիմնականում սահմանին մոտ են։

Կարդացեք նաև՝ Սահմանապահ ընտանիքը՝ տունը կորցնելու վտանգի առաջ

Կապույտում գրանցված է 27, մշտական ապրում է 3 մարդ։ Մյուսները միայն ամառն են անցկացնում Կապույտում, հետո իջնում են մոտակա գյուղեր։ Տուրիստներն ավելի շատ են լինում՝ գալիս են Կապույտի X-XV դարերի յուրահատուկ ժայռափոր խաչքարերը տեսնելու։

Ախտան ու Կապույտը Գոմք գյուղի կազմում են։

44-օրյա պատերազմից հետո Գոմք Արցախից տեղահանված 2 ընտանիք էր եկել, մեկը մնացել է։ Մելսիկ Դանիելյանը Մոշաթաղից է։ Գոմք եկել է կնոջ, 4 երեխաների և զոքանչի հետ։ Բերել են նաև անասուններին։ Բնակության համար ընտանիքին նախկին բուժկետի շենքն է հատկացվել։ Պետությունը 10 մլն դրամի սերտիֆիկատ է տրամադրել Մելսիկ Դանիելյանին, նույն արժողությամբ ևս մեկ սերտֆիկատ՝ նրա զոքանչ Զարիկ Նիկալայանին։ Ընտանիքը 20 մլն դրամով կարող է որևէ մարզում բնակարան գնել։ Գոմքում տները 4-5 միլիոն արժեն, ընտանիքն ուզում է Եղեգնաձորում տուն գնել։

40.jpg
Մելսիկ Դանիելյանը

Քաղաք տեղափոխվելու ձգտումը պայմանավորված է ենթակառուցվածքների բացակայությամբ, օրինակ՝ գյուղում չկա խանութ, Զառիթափից Գոմք տանող ճանապարհը (մոտ 7կմ ) քարուքանդ է, մեկ տուփ ծխախոտ գնելու համար պետք է Գոմքից հասնեն Զառիթափ։ Գոմք վարչական շրջանի ղեկավար Մխիթար Հովհաննիսյանի խոսքով՝ ճանապարհի խնդիրը հաջորդ տարի լուծված կլինի։ Գյուղում չկա մանկապարտեզ, բուժկետի շենքը վերանորոգված-կահավորված է, բայց բուժաշխատող չունեն, կառուցվող նոր դպրոցի աշխատանքները մոտ են ավարտին։ Ոռոգման, խմելու ջրի խնդիր գյուղում չկա։

29.jpg
Նախկին բուժկետը, որտեղ ապրում է Մելսիկ Դանիելյանի ընտանիքը
32.jpg

Համայնքում կաթի արտադրամաս չկա։ Համայնքապետ Մխիթար Մաթոսյանի խոսքով՝ եթե լինի, մարդիկ կաթն իրացնելու հնարավորություն կունենան, աշխատատեղ կլինի։ Տուրիզմը զարգացնելու նպատակով համայնքապետարանը համագործակցում է հյուրատների, միջազգային կազմակերպությունների հետ։

Մխիթար Հովհաննիսյանը ցավում է Արցախում տեղի ունեցած արհավիրքի համար, բայց նոր իրականության մեջ նաև հնարավորություն է տեսնում. մարդիկ կարող են գալ ու վերակենդանացնել լքված գյուղերը.

«Համ մեզ համար լավ կլինի, համ՝ իրենց։ Նոր դպրոց ենք կառուցում, երեխաները կշատանան, գյուղը կկենդանանա։ Իրենց համար գյուղում ապրելն ավելի հեշտ կլինի, քան քաղաքում»։

Գլխավոր լուսանկարը՝ Սեդա Գրիգորյանի

Շարունակելի…

EU, DT Global, UNFPA, USAEmbassy.png

Նյութում արտահայտված կարծիքները հեղինակային են և կարող են չհամընկնել Հայաստանում ԵՄ գրասենյակի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և DT Global-ի տեսակետների հետ։

Հեղինակներ՝

Ուսանողներ

Անուշ

Մկրտչյան

Ուսանողներ

Ժաննա

Բեքիրյան

Ուսանողներ

Էմիլյա

Հոսյան

Ուսանողներ

Արեն

Նազարյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Սարգիս

Խարազյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Դասախոսներ

Կատյա

Մամյան

Դասախոսներ

Ստեփան

Խաչատրյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան

Թիմ

Լիլիթ

Թարխանյան

Թիմ

Դաթո

Աբուլաձե