gudemnis
Ֆոտո պատմությունՓետրվար 26/2025
  • armenian
  • english

Լինում է, չի լինում՝ մի գյուղ է լինում. Գուդեմնիս

Լինում է, չի լինում՝ Գուդեմնիս անունով մի սիրուն գյուղ է լինում՝ Սյունյաց աշխարհում, Մեղրի համայնքում։ Անհայտ է, թե որտեղից է հայտնվել Գուդեմնիսը, երբ ու ինչու, բայց նա կա։ Հայտնի է, որ 20-րդ դարասկզբին այստեղ 600-ից ավելի մարդ է ապրել, զբաղվել են այգեգործությամբ, դաշտավարությամբ ու անասնապահությամբ։ Ասում են՝ ներկայիս Գուդեմնիս, Կուրիս, Վահրավար գյուղերը մի ժամանակ Կաքավաբերդ են կոչվել։ 1913-14 ուսումնական տարում Գուդեմնիսում գործող Կաքավաբերդի երկսեռ ծխական քառամյա դպրոցը 96 աշակերտ է ունեցել։ («Արաքս» ժողովրդական պատգամավորների Մեղրու շրջանային խորհրդի պաշտոնաթերթ, 18 սեպտեմբեր, 1991թ.)

Մի խոսքով, եղել է ժամանակ, երբ Գուդեմնիսում կյանքը եռացել է։ Բայց տարիների ընթացքում գյուղը մարել է այնքան, որ այսօր 21 գրանցված բնակիչ է մնացել, որոնցից միայն երկուսը՝ մարդ ու կին են ձմեռում Գուդեմնիսում։

zoom
zoom

Օրերից մի արևոտ ու պայծառ օր՝ ձմեռնամուտին, երևանցի կապուտաչյա մի աղջիկ՝ Լիլիթը, իր բանուգործով գնում է այս Գուդեմնիս գյուղը։ Լիլիթը լրագրող է, բանուգործը գրել-մրելն է, նկարել-մկարելը։

Ոտքը գյուղ է դնում Լիլիթն ու տեսնում 3 տուն, երկուսը՝ կանգուն, երրորդը՝ կիսաքանդ։ Կանգուններից մեկը 17-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին է, մյուսը՝ 21-րդ դարի բուժկետ-ակումբ-գրադարանը, բայց այնպիսի մի վիճակում, ոնց որ էլի 17-րդ դարի լինի։

zoom
zoom
zoom
zoom

Լիլիթը գյուղի ծուռումուռ փողոցները չափչփում է, տասը փակ դուռ է անցնում մինչև մի սպիտակ տուն է տեսնում։ Մտածում է՝ կա-չկա սա Գուդեմնիսի միակ մշտական բնակիչների տունն է։ Ուրախանում է, դուռը ծեծում, ներս մտնում, թե՝ եկել եմ, որ եկել եմ. ձեր հեքիաթը պատմեք, լսեմ, ես էլ գնամ աշխարհին պատմեմ։

zoom

70-ն անց ամուսինները աղուհացով ներս են հրավիրում Լիլիթին, բայց հենց իմանում են՝ լրագրող է, հրաժարվում են իրենց պատմությունը պատմել ու նկարվել.

zoom

— Ոչ կնկարվենք, ոչ էլ կպատմենք, մենք ձեզ՝ լրագրողներիդ, լավ ենք ճանաչում. մի բան լսում եք, ուրիշ բան ասում։

Ոնց համոզում է Լիլիթը, թե ես ձեր իմացած լրագրողներից չեմ, մերն ուրիշ է՝ չի ստացվում։

zoom

Ճարը կտրած ու նեղսրտած դուրս է գալիս սպիտակ տնից, էս կողմն է մարդ փնտրում՝ չկա, էն կողմն է փնտրում՝ չկա։ Աջուձախ անելով մի տասը կողպած դարպաս է անցնում ու հասնում է տանուտերի՝ գյուղապետի տուն։ Գյուղապետը ոնց որ մեր հայտնի էպոսից դուրս եկած լինի՝ լայնաթիկունք, բարձրահասակ, ամուր ձեռքերով։ Միաժամանակ թե՛ Դավիթն է, թե՛ Ձենով Օհանը՝ Դավիթ Օհանջանյանը։ Բայց արի ու տես, որ նա էլ վախ ունի՝ չի նկարվում։ Լավ է՝ գոնե համաձայնում է խոսել։

— Մարդիկ ինչո՞ւ են թողել-գնացել Գուդեմնիսից։

— Կես դար առաջ, երբ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործվեց, աշխատատեղեր բացվեցին, մարդիկ էլ գնացին աշխատանքի հետևից։ Հիմա գյուղի ամեն 5 տնից մեկն է բաց, այն էլ՝ գարունից աշուն։ Մնացածը կողպեքը կախել, իջել են քաղաք։

— Ինչո՞ւ չեն մնում Գուդեմնիսում։

— Գյուղում պայմաններ կան՝ ճանապարհ, լուսավորություն, խմելու ու ոռոգման ջուր, ամռան սեզոնին, երբ մարդիկ գալիս են իրենց ամառանոցները, տրանսպորտն էլ է աշխատում, բայց ամբողջ օրը ի՞նչ անեն էս գյուղում, փեչը վառեն, կողքը նստե՞ն. զբաղվելու բան չկա։

zoom

Բայց պարզվում է՝ մարդիկ էլ կան՝ ասում են՝ էստեղի մաքուր օդը թողնեմ, գնամ Ագարակ, Մեղրի, ի՞նչ անեմ։ Մեկը հենց Զինա Սահակյանը։

zoom
Մնամ Ագարակում, տունուտեղս փչանա՞

Զինա տատը Լիլիթին տեսնում է, ուրախանում, էնպե՜ս է դիմավորում՝ կարծես նստած նրա ճանապարհին էր նայում։

Նիհար, ցածրահասակ, բայց խրոխտ ձայնով ժիր կին է Զինան՝ կյանքի տասներորդ տասնամյակի սկզբին։

zoom

Մի ճութ խաղող է տալիս Լիլիթի ձեռքն ու սկսում է իր մեծ, երկհարկանի տան սենյակներով ման տալ ու պատրոնին (սկեսրոջը) գովել, որ այդ տունուտեղն է դրել։

zoom
«Տես՝ պատրոնս ինչ տուն է սարքել»

Մենակ է ապրում Զինան ու տան ամենափոքր սենյակն է իրենը։ Մահճակալի դիմաց նկարներ են։

— Ովքե՞ր են էս մարդիկ։

Վերևինը ամուսինս է, բանակում նկարվել, ուղարկել է, ձախ կողմինն էլ է ինքը։

— Իսկ աղջիկն ո՞վ է։

— Իմ կյանքը խորտակողը էս երեխան է։ Պուճուր տղայիս աղջիկն է, 10-րդ դասարանում մահացավ ինֆեկցիայից։ Գերազանցիկ էր… Անունը Մարիամ… Իր նման երեխա չկար։

zoom

Զինա տատը երկու տղա, երկու աղջիկ ունի, 8 թոռ ու 2 ծոռ։ Բոլորը Ագարակում ու Մեղրիում են ապրում, շուտ-շուտ են իրեն հյուր գալիս։

zoom
«Նիկոլայ ցարի ժամանակվա արծաթ գոտի ունեի, պատրոնիս հոր գոտին էր՝ վրան աստղեր, վագրեր։ Տարել եմ, մատանիներ եմ սարքել տվել, երեխեքիս մեջ բաժանել եմ, մեկն էլ ինձ եմ պահել»,— պատմում է Զինան։

Զինայի ուժն առաջվանը չէ, թոնրի մեջ հաց վաղուց չի թխել, բայց այգին իր ձեռքով է մշակում, հավաքում, բերքը երեխեքին ու թոռներին բաժանում։

zoom
Զինայի անբաժան ընկերը՝ Սոնիկը։

Զինան Գուդեմնիսում է ծնվել, մեծացել, կոլխոզում է աշխատել, այգիներում հունձ է արել, կալ ծեծել։ 20 տարեկանում ամուսնացել է, ամուսնու հետ տեղափոխվել Ագարակ։ Հետո հոգնել են քաղաքի գործերից, վերադարձել են Գուդեմնիս, այգեգործությամբ ու անասնապահությամբ են զբաղվել։

zoom

8 տարի առաջ ամուսինը լույսի ճամփան բռնեց, իրեն թողեց մենակ։ Զինան վաճառեց անասուններն ու էլ չձմեռեց գյուղում։ Հենց առաջին փաթիլն իջնում է Գուդեմնիսի հողին՝ Զինան զանգում է որդուն, որ գա, տանի իր տուն՝ Ագարակ՝ ձմեռելու։

Մինչ գնալը, Զինա տատը որոշեց Լիլիթին երեք կարմիր խնձոր տալ։

Բայց հիշեց հեքիաթն ու միտքը փոխեց. մեկը պահեց իրեն՝ ասողին, մյուս երկուսը տվեց Լիլիթին ու պատվիրեց.

— Մեկը հենց հիմա կծիր ու հիշիր Գուդեմնիսի համն ու հոտը, մյուսն էլ, երբ գնաս աշխարհին պատմես դեռ շնչող Գուդեմնիսի մասին, այդժամ կուտես։

zoom

Այս նախագիծն իրականացվել է CFLI-ի աջակցությամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի (CFLI) պաշտոնական քաղաքականության կամ դիրքորոշման հետ։

zoom
Կանադական.png

Հեղինակ՝

Ուսանողներ

Լիլիթ

Մարգարյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան

Թիմ

Ժաննա

Բեքիրյան