labor_rights_inspection
ՏեքստՄարտ 22/2022

Աշխատանքային իրավունքների մի շարք խախտումներ են հայտնաբերվել սուպերմարկետներում. տեսչական մարմին

Հետք Մեդիա Գործարանը շարունակում է հետևել աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ հետաքննության արդյունքներին։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, հիմք ընդունելով մեր հետաքննությունը, հունվարին վարչական վարույթ էր հարուցել և իրականացնում էր ստուգումներ «Էվրիկա Գրուպ», «ՍԱՍ Գրուպ», «Նոր Զովք» և «Երևան Սիթի» սուպերմարկետներում։

Վարչական վարույթի ընթացքում տեսչական մարմինն արձանագրել է մի շարք խախտումներ, որոնք վերաբերում են աշխատանքային պայմանագրին, աշխատաժամանակին, ընդմիջմանը, արձակուրդին, աշխատավարձին, հավելավճարներին, վերջնահաշվարկին, արձակուրդին և այլն։

Ստորև մեջբերում ենք Տեսչական մարմնի արձանագրած իրավախախտումները՝

  1. առկա են աշխատանքային պայմանագրեր, որոնց բովանդակությունը չի համապատասխանում աշխատանքային պայմանագրի բովանդակությանն օրենքով ներկայացված պահանջներին, մասնավորապես՝ աշխատանքային պայմանագրերում չեն նշվում աշխատողներին սահմանված կարգով տրվող հավելումների չափը,
  2. չի սահմանվում աշխատողների աշխատաժամանակի ռեժիմը՝ աշխատաժամանակի և հանգստի ժամանակի բաշխումը (փոփոխությունները) օրվա, շաբաթվա կամ հաշվետու ժամանակահատվածի ընթացքում, ամենօրյա աշխատանքի (հերթափոխի) ու ընդմիջման սկիզբը և ավարտը,
  3. չի իրականացվում աշխատողների օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակի ստույգ հաշվառում, որով հնարավոր կլինի պարզել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 17-րդ գլխով սահմանված նորմերի պահանջների կատարումը,
  4. արձանագրվել են աշխատավարձը մինչև հաջորդ ամսվա 15-ը չվճարելու դեպքեր,
  5. արձանագրվել են աշխատանքային օրվա (հերթափոխի) կեսի ավարտից հետո հանգստանալու ու սնվելու համար աշխատողներին կես ժամից ոչ պակաս տևողությամբ ընդմիջում չտրամադրելու, ինչպես նաև՝ այդ ընդմիջումը աշխատողների հայեցողությամբ օգտագործելու իրավունքի իրացումը չապահովելու դեպքեր,
  6. ամենամյա արձակուրդը չի տրամադրվում տվյալ աշխատանքային տարում, իսկ տեղափոխված ամենամյա արձակուրդը, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը,
  7. ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումը չի իրականացվում ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդը սկսելուց երեք օր առաջ, իսկ նշված դեպքերում ամենամյա արձակուրդը չի երկարաձգվել այնքան օրով, որքան օրով երկարաձգվել է աշխատավարձի վճարումը,
  8. աշխատանքային պայմանագրերի լուծման կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ սահմանված օրը աշխատողների հետ չի կատարվում վերջնահաշվարկ,
  9. արձանագրվել են դեպքեր, երբ հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքի համար աշխատողներին չի վճարվել աշխատավարձ ժամային (օրական) դրույքաչափի առնվազն կրկնակի չափով,
  10. աշխատավարձի վճարումը սահմանված ժամկետների խախտումով կատարելու դեպքում աշխատավարձի վճարման կետանցված օրերի համար աշխատողներին չի վճարվում տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ բոլոր տնտեսվարողներին ներկայացվել են խախտումները վերացնելու համար կարգադրագրեր։ Տեսչական մարմինն առայժմ զերծ է մնում հայտնել, թե որ խախտումն ինչ սուպերմարկետում է հայտնաբերվել։

Տնտեսվարողները կարգադրագրերը ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում կարող են բողոքարկել տեսչական մարմնի արձանագրությունը։ Այս ժամկետից հետո ընկերությունները հնարավոր է տուգանվեն խախտումների համար։

Թիմ՝

Թիմ

Հետաքննող

թիմ