Փորձաքննված կարուսելի ընդհատված պտույտը
Զգուշացում՝ նյութում կան ազդեցիկ նկարներ
2022-ի նոյեմբերի 24-ին Աբաբի Յակոբը և եղբայրը՝ Աբաբի Վասիլին զբոսնում էին Երևանում։ Յակոբը Մոսկվայից մեկ օր առաջ էր եկել Երևան, հյուրընկալվել եղբոր ընտանիքին, իսկ Վասիլին վաղուց է ապրում Երևանում։
Եղբայրները որոշել էին «Լունապարկում» կարուսել նստել։ «Բիոռոբոտ» ատրակցիոնի մոտով անցնելիս՝ Յակոբը աշխատակցին հարցրել է՝ անվտա՞նգ է կարուսելը, կդիմանա՞ իր քաշին։ Աշխատակիցը դրական պատասխան է տվել՝ վստահեցնելով, որ ամեն ինչ կարգին է։
Կարուսելի գործարկումից 2 րոպե չանցած՝ Յակոբի նստաթոռը կոտրվել և հայտնվել է արգելապատնեշից մոտ 2 մետր հեռու։ Յակոբին գանգուղեղային վնասվածքով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ նա մնացել է 37 օր։ Բուժումը շարունակվել է «Նաիրի» բժշկական կենտրոնում։
Վասիլիի ասելով՝ եղբոր բուժման ծախսերը հոգացել է «Լունապարկը» շահագործող «ՍԿՈԲ» ՍՊԸ-ն։ Վճարել են նաև հյուրանոցում մնալու և ինքնաթիռի տոմսերի գումարը։
Յակոբը հիմա էլ առողջական խնդիրներ ունի։ Ըստ Վասիլիի՝ դեռ պետք են գլխի, աչքի, քթի վիրահատություններ։
Եղբայրները այժմ Հայաստանում չեն, բայց մտադիր են վերադառնալ՝ բուժումը շարունակելու։
Փոխհատուցման մասին զրուցեցինք «ՍԿՈԲ» ՍՊԸ-ի տնօրեն Վոլոդյա Վարդանյանի հետ։ «Իր բոլոր բուժումները, վիրահատությունները, հյուրանոց մնալը և այլն հոգացել է ընկերությունը։ Նա խնդիր չի ունեցել»,— ասաց տնօրենը։
Դեպքի հանգամանքները պարզելու համար ԱԻՆ–ում ստեղծվել է հանձնաժողով՝ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեխ. անվտանգության փորձագիտական լաբորատորիայի պետ Մարտին Ասլանյանի գլխավորությամբ։ Կատարվել է տեխնիկական քննություն:
«Աշխատանքի ընթացքում մոտավորապես 1 ու կես րոպե անց ատրակցիոնի հսկիչ օպերատորը ձայն է լսել, անջատել և հոսանքազրկել է ատրակցիոնը։ Մոտեցել, նկատել է, որ նստատեղերից մեկը իր ուղևորով հայտնվել է «Բիոռոբոտ» ատրակցիոնի արգելապատնեշից դուրս՝ մոտ 2 մետր հեռավորության վրա»,— գրված է հանձնաժողովի՝ 2022 թ. նոյեմբերի 28-ի փորձագիտական եզրակացության մեջ։
Կարուսելի կոտրվելու պատճառները՝ ըստ փորձագիտական եզրակացության.
Դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 412 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ընթանում է նախաքննություն, մեղադրյալ չկա:
ՔՕ 412-րդ հոդվածի առաջին մասը տարաբնույթ պատիժներ է սահմանում․
Հոդված 412. Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը
1) Իրացնելու նպատակով մարդու կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումք կամ ապրանք պատրաստելը, պահելը, փոխադրելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք իրացնելը կամ այդպիսի աշխատանք կատարելը կամ ծառայություն մատուցելը, եթե այդ արարքն անզգուշությամբ մարդու առողջությանը միջին կամ թեթև ծանրության վնաս է պատճառել՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:
Դատախազությունից փորձեցինք պարզել, թե 2018-2022 թվականներին նույն հոդվածի հատկանիշներով քանի վարույթ է նախաձեռնվել: Պատասխանեցին․ «Ատրակցիոնների շահագործման ընթացքում անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի կամ նախաձեռնված վարույթների վերաբերյալ առանձին հաշվառում չի իրականացվում»:
Արտադրական վտանգավոր օբյեկտներ համարվող կարուսելները գրանցվում են ԱԻՆ–ի կողմից վարվող արտադրական վտանգավոր օբյեկտների (ԱՎՕ) ռեեստրում և ենթարկվում են տեխնիկական անվտանգության փորձաքննության։
2022-ի նոյեմբերի 21-ի դրությամբ ԱՎՕ ռեեստրում գրանցված է Երևանի 135 կարուսել։ Տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքում դրական եզրակացություն է տրվել դրանցից 97-ին։
ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային» ՊՈԱԿ-ը 2022-ի ընթացքում իրականացրել է Հայաստանում շահագործվող 82 կարուսելների տեխնիկական անվտանգության փորձաքննություն: Դրանցից 36-ը, որոնք գործարկվում են «Մանկական երկաթուղի» և «Հաղթանակ» զբոսայգիներում, համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ։
Երևանի՝ փորձաքննություն անցած ատրակցիոնների վերաբերյալ եզրակացությունները ստանալու համար դիմեցինք Արտակարգ իրավիճակների նախարարություն։
ԱԻՆ-ը դրանք չտրամադրեց։ Հղում անելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետին՝ ասացին․ «Այդ կարուսելների տեխանվտանգության փորձաքննության եզրակացությունները պարունակում են փորձագետի անձնական տվյալներ»։
ԱՎՕ համարվող կարուսելների տեխնիկական անվտանգության փորձաքննություններ իրականացնում են նաև մասնավոր կազմակերպությունները։ Իմանալու համար, թե որոնք ենք այդ նպատակով հավատարմագրված մասնավոր կազմակերպությունները, հարցում ուղարկեցինք Էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ: Պատասխանեցին․
«ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Կարուսելների անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1351-Ն որոշմամբ սահմանված պահանջների համաձայն՝ կարուսելների տեխնիկական անվտանգության փորձաքննություն կարող է իրականացնել հավատարմագրված «Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտ» ՍՊԸ-ի տեխնիկական հսկողություն իրականացնող մարմինը»:
Հենց այս «Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտ» ՍՊԸ-ն է «Լունապարկում» տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացրել։
«Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտ» ՍՊԸ-ի տնօրենը Վլադիմիր Հովսեփյանն է։ Եղել է «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, 2019-ի մայիսին հիմնադրել է «Տեխնիկական անվտանգության մասնագետների միություն» հասարակական կազմակերպությունը։
«Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2016-ի դեկտեմբերի 5-ին։ Ընկերության բաժնեմասերի 50%-ը պատկանել է նախկին ԱԻՆ նախարարի պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի հետ նույն հասցեում հաշվառված Լիլիթ Ավագյանին, մյուս 50%-ը՝ Ռոբերտ Կարապետյանին։ 2018-ի փետրվարի 28-ից բաժնեմասերի 50%-ը Լիլիթ Ավագյանից անցել է «Էվո» ՍՊԸ-ին։ Այս ՍՊԸ-ի բաժնետերերը նույնպես Լիլիթ Ավագյանը և Ռոբերտ Կարապետյանն են։
2022-ի հունիսի 20-ից «Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտ» ՍՊԸ-ի բաժնեմասերը ամբողջությամբ անցել են ընկերության տնօրեն Վլադիմիր Հովսեփյանի կնոջը՝ Ասյա Գևորգյանին։
«2022 թվականին նրանք («ՍԿՈԲ» ՍՊԸ) դիմել են մեր կազմակերպությանը, մայիսի 31-ին պայմանագիր ենք կնքել, փորձաքննությունը 2022 թ. ամռանը մենք ենք իրականացրել»,— ասաց Վլադիմիր Հովսեփյանը։
«Բիոռոբոտ» կարուսելի փորձաքննության մասին նա նշեց. «Փորձաքննության ժամանակ տրվել է դրական եզրակացություն։ Որ տեխնիկապես եղել է սարքին և անվտանգ՝ փաստ է։ Թե ինչն է եղել կոտրվելու պատճառը, ես չգիտեմ»։
Ըստ Վլադիմիր Հովսեփյանի՝ «Լունապարկի»՝ ԱՎՕ ռեեստրում գրանցված և փորձաքննության ենթակա 23 կարուսելներից 11-ը շահագործում է Սարգիս Պետրոսյան Ա/Ձ-ն, 12-ը՝ Արթուր Օհանջանյան Ա/Ձ-ն։ Փորձաքննող ՍՊԸ-ն երկու առանձին պայմանագիր է կնքել այս Ա/Ձ-ների հետ։ Կոտրված «Բիոռոբոտ» կարուսելը պատկանում է Արթուր Օհանջանյան Ա/Ձ-ին։
Վերջին անգամ տեխնիկական անվտանգության փաստաթղթային փորձաքննություն «Բիոռոբոտն» անցավ 2022-ի հունիսի 21-ին և ստացավ դրական եզրակացություն։ Հինգ ամիս անց կարուսելը կոտրվեց՝ լուրջ վնասելով Աբաբի Յակոբի առողջությունը։ Դեպքից ութ ամիս անց դեռ չկա հիմնավորված պատասխան տրամաբանական հարցին՝ արդյո՞ք կարուսելների փորձաքննության դրական եզրակացությունը դրանց անվտանգության երաշխիքն է։
Հեղինակներ՝
Ուսանողներ
Լուսինե
Հակոբյան
Ուսանողներ
Լուսինե
Հակոբյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան
Դասախոսներ
Էդիկ
Բաղդասարյան
Դասախոսներ
Տիրայր
Մուրադյան
Թիմ՝
Թիմ
Հարություն
Մանսուրյան